ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Յու­րա­քան­չ­յուր Էն­վեր փա­շա ու­նի իր Հա­կոբ Մել­քու­մո­վը»

«Յու­րա­քան­չ­յուր Էն­վեր փա­շա ու­նի իր Հա­կոբ Մել­քու­մո­վը»
24.04.2022 | 12:50

ԱՆՄԱՐ Է ՀԱՅՈՑ ՎՐԵԺԻ ՈԳԻՆ, ԱՄԵՆ ԷՆՎԵՐ ԱՆԽՈՒՍԱՓ ՈՒՆԻ ԻՐ ՀԱԿՈԲ ՄԵԼՔՈՒՄՈՎԸ

Հայոց Մեծ Եղեռնի 107-րդ տարելիցի առիթով Ուրուգվայում ցույց անող հայերին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «ողջունել» է՝ «Գորշ գայլերի» պայմանանշանը նշանը ցույց տալով։
Այս օղլիից առաջ Թուրքիայում Էնվեր փաշա կար՝ 1915-ը հղացած ու իրականացրած գազաններից մեկը, համատեղությամբ նաև Օսմանյան Թուրքիայի ռազմական գործերի նախարար։
Ինչ եղավ հետը՞։
Անխուսափելի՛ն։
Թուրքեստանի անապատ-ավազուտներում նրան գտավ սքանչելի հայորդի Յակով Արկադևիչ Մելքումով-Հակոբ Արշակի Մելքումյանն ու, հակառակ ճիվաղին ողջ բռնելու ու հանձնելու խորհրդային երկրի ռազմաքաղաքական ղեկավարության պահանջներին իր ձեռամբ արեց իր ազգի խոշորագույն դահճի դատաստանը։
Հ․Գ․ Նյութը վերատպելու գաղափարը Փիրուզա Մելիքսեթյանինն է, շարժառիթը՝ Եղեռնի ու հայաստանյան ներկայիս քաղաքական զարգացումների շուրջ մեր ունեցած այսօրվա զրույցը։

____

«Հայաստանում պաշտոնական մակարդակով չպատասխանեցին Բաքվի զորահանդեսում Ալիևի և Էրդողանի արտահայտած վիրավորանքներին։ Առնվազն ես տեղյակ չեմ, որ պատասխանել են։ Բայց մի բան կար, որին կցանկանայի անդրադառնալ։ Բաքվում շքերթին Էրդողանն ասաց, թե հիմա Էնվեր փաշայի հոգին փառավորվեց։
Գիտե՞ք, թե ով էր Էնվեր փաշան։
Նա երիտթուրքերի ռազմական նախարարն էր` հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը։
Սակայն արդյո՞ք գիտի Էրդողանը, թե ով սպանեց Էնվեր փաշային։
Նա սպանվեց ազգությամբ հայ, սովետական զինված ուժերի գնդապետ Հակոբ Մելքումովի ձեռամբ, որը ՈՒզբեկստանում կռվում էր բասմաչների դեմ, որոնց ղեկավարում էր Էնվեր փաշան։ Մելքումովը բոլոր հայերի անունից վրեժ լուծեց Էնվերից։ Այնպես որ պարոն Էրդողանը Էնվեր փաշայի հոգին կանչելուց առաջ թող հիշի, որ յուրաքանչյուր Էնվեր փաշա ունի իր Հակոբ Մելքումովը»։
Վլադիմիր ՍՈԼՈՎՅՈՎ

ԵԹԵ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ՄԵԿՆՎԵՐ ՈՒԺԱՔԱՄՎՈՂ ԱՐՑԱԽԻՆ...


Վերնագրային այս տողը վերցված է հայտնի հրապարակախոս, հեռուստավար Վլադիմիր Սոլովյովի բարձրաձայնումից, որն ամբողջությամբ մեջբերում եմ՝ անձի նկատմամբ հարգանքս ու խոնարհումս հավաստելով նաև նրա լուսանկարի զետեղումով։
Սոլովյովի` «ինչու՞ Հայաստանում պաշտոնական մակարդակով չպատասխանեցին Բաքվի զորահանդեսում Ալիևի և Էրդողանի արտահայտած վիրավորանքներին» հարցմանը հեռակա կարգով այսպես արձագանքեմ՝ չպատասխանեցին, քանզի ի՞նչ տրամաբությամբ պատասխանեին, երբ այդ պաշտոնական մակարդակով հնարավոր պատասխանողների սրտին չորս մատ յուղ էր նստել... հիացքից, ու թե չլիներ ժողովրդից ունեցած անասնական վախը, կարող է տոնախմբություն էլ կազմակերպեին՝ ի պատասխան ազերիթուրքական զորահանդեսի, որի իրականություն դառնալու հարցում ամեն ինչով նպաստեցին։
Ինչ տրամաբանությամբ եմ այսպես ասո՞ւմ։
Ամենապա՛րզ։


Ալիևն ու Էրդողանը հո Ադրբեջանին ու ադրբեջանցուն չէի՞ն վիրավորել, որ Հայաստանում պաշտոնական մակարդակով որևէ մեկի սիրտը ցավեր։ Եթե նման մակարդակով Հայաստանում նման սիրտ կամ նման սրտի տեր կար, պատերազմը չէր բերվի-հասցվի նման ողբերգական փուլով ավարտի... Ես էլ չեմ ասում, որ եթե ժամանակին օգնության ձեռք մեկնվեր ուժաքամվող Արցախին, եթե...
Սակայն ի՞նչ եթե, երբ նախքան պատերազմը գլխից մեծ կեղտեր կերած գյոռբագյոռը ոչ միայն չի սվաղում, փորձում գոնե մոռացության տալ ասածը, այլև ավելին, երկրին նման ողբերգության առաջ կանգնեցնելուց հետո էլ բարձրաձայնում է հոգեկան հիվանդության հետ աղերսվող, լպիրշությամբ սահմաններ չճանաչող «դարակազմիկ» միտքը, թե հիմա էլ է համոզված, որ Ղարաբաղի հարցի լուծումը պիտի գոհացնի կողմերից բոլորին՝ թե ադրբեջանական ժողովրդին, թե Ղարաբաղի ժողովրդին, թե Հայաստանի ժողովրդին՝ «մոռանալով», որ Ղարաբաղի ժողովուրդ ասվածը նույն հայ ժողովուրդն է։
Չէ՜, միամիտ չլինեք, սա՝ այսպես արտահայտվելը, իմացության պակաս չէ, սա նենգորեն Արցախից ու արցախցուց օտարվածության վկայություն է, թվացյալ խելագարության քողի տակ սեփական կեսից հրաժարվելու գիտակցված դիտավորություն, իհարկե, եթե մեջդ օտարի թունոտ արյունը չէ, հոգիդ էլ անվերադարձ չի վաճառված սադայելին։


Սակայն թողնենք լոկ բանական մարդուն դառը ցավ պատճառող այս դառը ճշմարտությունը, որը հոգեգարների համար ընդամենը լիրիկա է՝ ամբողջից ընդամենը մասհանում, որքան էլ այդ մասհանումը մասհանում է հայրենիքից, նրանից օտարում, զի ինչ ասես անտոհմ, անհայրենիք անասունին ու նրա նախիրը կազմածներին, այլասերված անբարոյականների այլասեռված զավակներին, բռնաբարության արդյունքում ցռտվածներին ու դրա համար շրջապատից մուռ հանողներին։

ԵՂԵԼ Է ԱՅԴՊԻՍԻ ՃԻՎԱՂ
Խոսքը Հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպողներից և իրականացնողներից մեկի՝ Էնվեր փաշայի մասին է։ Սույն հրեշը, որ իր ցեղային կազմավորման պատմության մեջ հիշատակվում է որպես պետական, ռազմական գործիչ, Օսմանյան Թուրքիայի ռազմական գործերի 1913-1918 թթ. նախարար ու երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարներից մեկը, 1915-1916 թթ. արևմտահայերի ջարդերի և տեղահանության գլխավոր կազմակերպիչ, սիրել է հպարտանալ՝ ասելով. «Առանց մի ասկյար (զինվոր) կորցնելու ես ոչնչացրի թուրքերի թշնամի հայերին»։


Մարդկության մեծագույն դահիճներից այս Իսմայիլ Էնվեր կոչեցյալը մեր նյութի հերոսի՝ Հակոբ Արշակի Մելքումյանի կամ ռուսական իրականությունում Յակով Արկադևիչ Մելքումով անունով հայտնի ռազմական գործչի կյանքում երկու անգամ է անմիջական ներկայություն եղել։ Առաջինը՝ Սարիղամիշի տակ, երբ այդ տեղանունով հայտնի օպերացիայի իրականացման ժամանակ (1914 թվականի դեկտեմբեր-1915 թվականի հունվար) մեր հերոսի ձեռքից Կովկասյան ճակատում թուրքական լայնածավալ հարձակումը գլխավորած վիժվածքը պրծել է շնորհիվ նրա, որ հայ ռազմիկին շփոթի է մատնել հրեշի թիկնազորի հայերեն խոսելը, իսկ հայերեն խոսել են, որովհետև թիկնազորը կազմածները հայեր են եղել։
Ազգությամբ արցախցի հայ ռազմիկին տևական ժամանակ տանջել է այն գաղափարը, թե այդ ինչպես է իր ազգի խոշորագույն թշնամիներից մեկին թյուրիմացության արդյունքում ձեռքից բաց թողել, մինչև որ ճակատագիրը նրան շնորհել է սխալն ուղղելու բացառիկ հնարավորությունը։


Մինչև նյութի հետագա շարադրանքին անցնելը, ցավով արձանագրենք, որ հաճախակի ենք մեր նվիրյալ հերոսի հիշատակման հետ համատեղելու թուրք դահճի անունը, սակայն այդպիսին է ժանրի կանոնը։
Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան Թուրքիայի կրած պարտությունից հետո 1918 թվականի նոյեմբերին Էնվերն ապաստան է գտնում Գերմանիայում՝ հաջողությամբ խուսափելով օսմանյան նոր իշխանությունների կողմից 1919 թվականին հեռակա կարգով մահվան դատապարտումից։ Առժամանակ ստվերում մնալուց հետո կյանքի ինչ-որ ժամանակահատված այս հրեշը կարողանում է համաշխարհային հեղափոխության մոլագարությանը տրված Ռուսաստանի քաղաքական իշխանության վերնախավին մոլորեցնել, հասնել վստահության։ Մոսկվայի որոշմամբ 1921 թվականի հոկտեմբերին նա մեկնում է Թուրքեստան, բասմաչներին Կարմիր բանակի կողմը քաշելու հանձնարարությամբ, ինչը սակայն տեղ հասնելուն պես միանգամայն այլ բովանդակային բանի է վերածվում. սկսում է գործել ընդդեմ Ռուսաստանի՝ փորձելով կյանքի կոչել, իրականացնել մեծ Թուրանի ստեղծման գաղափարը։ Խորհրդային իշխանությունը բնականաբար ցավով է ընդունում այս դավաճանությունն ու կայացնում նախկին դաշնակցին ու թշնամիների առաջնորդին ոչնչացնելու վճիռ։

ՊԱՏԺԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՉՀԱՆՁՆԵԼ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ
Շրջանցելով Յակով Արկադևիչ Մելքումով-Հակոբ Արշակի Մելքումյանի կյանքի զգալի հատված, անցում կատարենք 1919 թվականի վերջ, երբ նշանակվում է առաջին թուրքեստանյան դիվիզիայի առաջին հեծյալ բրիգադի հրամանատար, անմիջականորեն ներառվում բասմաչյան գնդերի ոչնչացման գործողություններին։ Նկատենք, որ այս գնդերի ոչնչացումը ժամանակային լայն ընդգրկում ունի, ձգվում է մինչև 1920-ական թվականների վերջ, սակայն մեզ հետաքրքրողը 1922 թվականի օգոստոսի 4-ն է, նրան նախորդած ժամանակային ոչ այնքան մեծ հատվածը։
Համացանցը Էնվեր փաշայի վնասազերծման հետ կապված ոչ այնքան իրարամերժ, որքան տարբեր մոտեցումներով պատմություններ ունի պահած, սակայն թույլ տվեք ինձ հիշողությամբ վերարտադրել այն պատմությունը, որը «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթում աշխատածս տարիներին անցել է ձեռքիս տակով, տպագրվել ու, ցավոք, տեղ չի գտել համացանցում, թեպետ անհրաժեշտության դեպքում կարող եմ վեր հանել արխիվիցս ու տրամադրել ըստ պատկանելվույն։


Համաձայն իմ հիշատակած հրապարակման, Հակոբ Մելքումյանը վկայում է, որ իր ղեկավարած օպերատիվ-մարտավարական խումբը 1922-ի ամռանն արդեն իսկ դուրս էր եկել Էնվեր փաշայի հետքի վրա, ու գնալով օղակը նրա շուրջ սեղմվում էր։ Նրա վկայմամբ, ինչը հավաստվում է նաև համացանցում եղած նյութերով, խորհրդային երկրի ղեկավարությունը շահագրգռված էր Էնվերին անպայմանորեն կենդանի գերի վերցնելով ու Մոսկվային ողջ վիճակում փոխանցելով։
Սույնի առիթով իրար են հաջորդել ինչպես Լենինի, այնպես էլ Տրոցկու ու Ստալինի հեռագրերը։ Մելքումյանի վկայմամբ՝ վերջին հեռագիրը եղել է բանակային իրենց միավորման հրամանատար Ոսկանյանցի կողմից (պիտի որ ազգանվան հարցում չսխալվեմ-Մ.Հ.), որտեղ եղել է կարճառոտ հիշեցում մեր ժողովրդի կյանքում Էնվերի ունեցած բացառիկ դերի մասին ու պահանջ՝ հեռագիրը կարդալուց հետո ոչնչացնել։


Մելքումյանը հավաստում է, որ հեռագրի ընթերցումից հետո իր համար պարզ է եղել, որ իր ռազմական ղեկավարն ու հայրենակիցը, հակառակ խորհրդային երկրի ռազմաքաղաքական ղեկավարների պահանջների, իրեն տվել է խիստ հստակ ցուցում-հանձնարարական՝ հայ ժողովրդի դահճի պատժի իրականացումը չհանձնել երրորդ անձի։ Այս ամենից հետո արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ բացառիկ պատասխանատվությամբ է Հակոբ Արշակի Մելքումյան-Յակով Արկադևիչ Մելքումով բարձրաստիճան սպան ի կատար ածել ճակատագրով իրեն վերապահված առաքելությունը։

ԱՅՈ, ԱՅՈ, ԴՈՒՔ ՉՍԽԱԼՎԵՑԻՔ
Այո, այո, Դուք շատ էլ ճիշտ լսեցիք՝ բարձրաստիճան սպան, որի մասին հայ պատմագրությունը անգամ մի ամփոփ ուսումնասիրություն չունի թողած, որ կարողանաս այդ ազնվական հայի գոնե զինվորական կոչումը հստակ նշել՝ գնդապե՞տ էր, թե՞ գեներալ։ Թեպետ Հակոբ Մելքումյանն ինչպես կարող էր մեր այս գեներալների կողքին նույնպես գեներալ լինել՝ Արցախի հո՞ղ էր դավադրաբար կամ հանցավոր ցուցումով հանձնել թշնամուն, որ մի հատ էլ ազգային հերոսի կոչում շնորհեին։
Երբ դու ուսադիրների տակ ապրող մարդ ես ու «Պատիվ ունեմ»-ն ընկալում ես սոսկ որպես ռուսական «честь имею»-ի հայերեն թարգմանություն, դու ոլորտի համար ընդամենը սինլքորի մեկն ես, ամենասովորական սալդաֆոն։ Մինչդեռ «Պատիվ ունեմ»-ի տակ մեծագույն իմաստ կա դրված։ Այդ «Պատիվ ունեմ»-ի գիտակցությունը խորությամբ ընկալածը, եթե ունեցել է իրեն վստահված հանձնարարությունը թյուրիմացաբար կամ անհնարինության պատճառով ձախողածի, պարտություն կրածի դժբախտություն գոնե իր խղճի առաջ այնքան ազնիվ է եղել, որ հարցի լուծումը վստահել է քունքին ուղղված ատրճանակին։


Կրկնում եմ՝ «Պատիվ ունեմ» հասկացության գիտակցությունը խորությամբ ընկալածը։
Վերջերս եմ ունեցել այս պատմությունը շարադրելու առիթը, սակայն հիմա ոչ պակաս տեղին կհնչի դրա հիշեցումը։ Հասկանալով, որ երկիրը հասցրել է կործանման եզրին, անվերադարձ տանուլ է տվել Ղրիմի պատերազմը, այդ պատերազմի ավարտից ուղիղ մի տարի առաջ, 1855 թվին, ռուս ցար Նիկոլայ Առաջինը բժշկից խնդրում է թույնի չափաբաժին ու հասարակ զինվորական շինելի մեջ, շարքային զինվորի համար ռազմական պայմանների համար նախատեսված մահճակալի վրա վերջ է տալիս իր կյանքին։


Սա արել է աշխարհի այն ժամանակների ամենախոշոր երկրի տիրակալը՝ քաջ հասկանալով, որ անպատիվ կյանքով ապրելն աշխարհի խոշորագույն ստորությունն է։
«Պատիվ ունեմ»-ի համար պիտի պատի՛վ ունենալ՝ նաև այնպիսի պարզունակ ճշմարտություն հասկանալով, որ «Յուրաքանչյուր Էնվեր փաշա ունի իր Հակոբ Մելքումովը»։


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 57033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ