Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ո՞Ւմ մտքում և ինչո՞ւ է առաջացել օդաչուներից «կամիկաձե» կերտելու գաղափարը

Ո՞Ւմ մտքում և ինչո՞ւ է  առաջացել օդաչուներից  «կամիկաձե»  կերտելու գաղափարը
18.11.2014 | 00:33

Վեց օր անցել է, սակայն չի հաջողվել անգամ դուրս բերել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խոցված հայկական ուղղաթիռի երեք օդաչուների դիակները: Սա ավելի խտացնում, ամբողջական է դարձնում ողբերգության պատկերը, մեզ հիշեցնում է այն մասին, որ պատերազմը ոչ միայն չի ավարտվել, այլև ամեն պահի կարող է վերսկսվել՝ իր մարդակուլ հետևանքները տարածելով ամբողջ տարածաշրջանում:
ՈՒղղաթիռի խորտակումը մի քանի հարց ծնեց, որոնցից շատերի պատասխանները պարտավոր ենք փնտրել երկրի ներսում, նաև մեր մեջ՝ գտնելու տեղի ունեցածի պատասխանատվությունը:
Ադրբեջանի ղեկավարության նենգության մասին խոսելն անգամ անիմաստ է:
Հարևան երկիրն ասիական բռնապետություն է, որը չի հարգում «խաղի կանոնները» անգամ իր ներսում՝ վերածվելով համակենտրոնացման ճամբարի, որտեղ ճնշվում, խեղդվում է այլակարծության ցանկացած դրսևորում: Այս համատեքստում նույնիսկ ավելորդ է խոսել ռացիոնալ մտածողություն ունեցող գործընկերոջ մասին, որը խաղաղության գործընթացում կարող է լինել վստահելի պայմանավորվող:
Սակայն ողբերգությունն այն է, որ հակամարտության կարգավորման գործընթացում մեր դիվանագիտությունը չի կարողանում օգտագործել քաղաքակրթական այն առավելությունը, որ մենք ունենք հակառակորդի հանդեպ:
Այն, ինչ հրաշալի կարողացել ենք անել 90-ականների պատերազմի տարիներին՝ ապահովելով մեր հաղթանակի նկատմամբ միջազգային լոյալությունը, չենք կարողանում անել հիմա, որովհետև այս տարիներին ինստիտուցիոնալ մակարդակի վրա չենք բարձրացրել հաղթանակի գաղափարը՝ հարվածելով մեր պետության որակին, նրա բովանդակությանը, իմունիտետին: Թերևս նաև սա է պատճառը, որ միջազգային հանրության կարծիքի վրա սկսել է շատ ազդել նավթային գործոնը, և համաշխարհային կենտրոնների պարիտետային դիրքորոշումները դարձել են օրինաչափ:
Մեկ այլ խնդիր էլ կա, որ շրջանցել չեմ կարող: Մենք գործ ունենք հակառակորդի հետ, որն ընդունակ է քնած մարդուն կացնահարելու, խոշտանգելով` անմեղ գերի սպանելու:
Սրանք հանրահայտ փաստեր են, որ հայտնի են մեր ողջ հասարակությանը, նույնիսկ միջազգային հանրությանը:
Իրական ավելի դաժան պատկերը հաստատապես հայտնի է մեր քաղաքական, զինվորական ղեկավարությանը: ՈՒ այս համատեքստում առնվազն տարակուսելի է, որ ուղղաթիռը հայտնվել է շփման գծի անմիջական հատվածում:
Ո՞Ւմ մտքում և ինչո՞ւ է առաջացել օդաչուներից «կամիկաձե» կերտելու գաղափարը: Սա անփութությո՞ւն է, թե՞ ինչ-որ մարդկանց վայ-հերոսություն:
Սրանք հարցեր են, որ պետք է պարզաբանվեն, քննարկվեն՝ նույնիսկ հանրային դիսկուրսի մակարդակում, ու անկախ այն հանգամանքից, թե ինչքան նենգ ու ստոր է հակառակորդը:
Այստեղ էլ խնդիրը պետք է դիտարկել մեր քաղաքակրթական առավելության մեջ: Մեր բանակը պետք է ապացուցի, որ իր համար թանկ է ցանկացած զինվորի, սպայի, զույգ հանրապետությունների ցանկացած քաղաքացու կյանքը: Սա է հաղթանակի արժևորման բանաձևը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2890

Մեկնաբանություններ