Հավանաբար, խորհրդանշական է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեկ` սեպտեմբերի 10-ին հայտարարել է իր որոշման կտրուկ փոփոխության մասին: ԱՄՆ-ը առայժմ կխուսափի Սիրիային ռազմական հարվածներ հասցնելուց և Սիրիայի իշխանությանը ժամանակ կտա երկրում առկա քիմիական զենքը միջազգային տնօրինությանը հանձնելու համար: Օբաման ասել է, թե պատրաստ է սպասելու ՄԱԿ-ի` oգոստոսի 21-ին Սիրիայում քիմիական զենքի օգտագործման սռնչությամբ հետաքննության ավարտին: Նա Կոնգրեսին խնդրել է առայժմ չքվեարկել է Սիրիայի նկատմամբ ռազմական ուժ կիրառելու հարցը: Թեև ԱՄՆ-ի նախագահը, ինչպես նախկինում, կարծում է, որ սա ԱՄՆ-ի անվտանգության հարց է, սակայն պատրաստ է ընդառաջ գնալու ՌԴ իշխանության առաջարկին` քիմիական զենքը միջազգային հանրությանը հանձնելու վերաբերյալ: Օբաման նաև ասել է, թե համոզված չէ ռուսական նախաձեռնության հաջողության մեջ, սակայն հնարավորություն կտա ՄԱԿ-ի փորձագետներին պատրաստել հաշվետվություն տեղի ունեցածի վերաբերյալ: Հիշենք, որ նախկինում Օբաման չէր ցանկանում սպասել ՄԱԿ-ի հետաքննությանը` ասելով, թե համոզված է Ասադի բանակի կողմից քիմզենքի կիրառման մեջ: Ասենք, որ Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելուն երեկ դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի Սենատի հանրապետականների փոքրամասնության առաջնորդ Միտչ Մաքքոնելը: Վերջինս հայտարարել է, թե չի աջակցում այդ գաղափարին և կողմ է սիրիական քիմզենքը միջազգային հանրության վերահսկողությանը հանձնելուն, քանի որ հարցը չի առնչվում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: Ինչպես և սպասվում էր, Սիրիայի ընդդիմադիրները իրենց հիասթափությունն են հայտնել Օբամայի որոշման առնչությամբ: Սիրիայի ընդդիմադիր բանակի հրամանատար Սալիմ Իդրիսը ասել է. «Մենք կոչ ենք անում հասցնել հարվածը: Մենք միջազգային հանրությանը զգուշացնում ենք, որ ռեժիմը ստում է»:
Այսօր և վաղը սպասվում են քննարկումներ ԱՄՆ և ՌԴ արտգործնախարարների, ապա` նախագահների մակարդակով: Օբաման հայտարարել է, թե վստահ է, որ քիմզենքը կիրառել է Սիրիայի իշխանությունը, իսկ ամերիկացիներին հավաստիացրել, որ հարկ եղած դեպքում պատրաստ է սահմանափակ հարված հասցնել Սիրիային` Ասադի իշխանությանը զգուշացնելու համար լավ մտածել քիմզենք կիրառելուց առաջ: Սիրիայի իշխանությունները, ի պատասխան Օբամայի որոշման, հայտարարել են, թե պատրաստ են միանալու քիմզենքի կիրառման արգելքի մասին կոնվենցիային: «Մենք պատրաստ ենք հրապարակելու քիմզենքի գտնվելու վայրը և դադարեցնելու դրա արտադրությունը, ցույց տալու այդ օբյեկտները Ռուսաստանի, այլ երկրների և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին»,- ասել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը:
Տասներկու տարի առաջ` 2001-ի սեպտեմբերի 11-ին աշխարհը ցնցվեց Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերների պայթյունից: Չխորանալով մանրամասների և ահաբեկչության կազմակերպիչների վերաբերյալ շրջանառված վարկածների մեջ, հարկ ենք համարում նկատել, որ այսօրվանից` սեպտեմբերի 11-ից, սկսվում է Սիրիայի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պրոցեսը: Սա, թերևս, խորհրդանշական է և հույս է ներշնչում միջազգային հանրության` այսուհետ քաղաքական հարցերը ոչ ռազմական ճանապարհով լուծելու բարի կամքի մասին:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ