ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Էդուարդ Նալբանդյանը Սրասբուրգում է

Էդուարդ Նալբանդյանը Սրասբուրգում է
25.06.2013 | 16:59

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու առիթով ելույթ է ունեցել, ապա պատասխանել պատգամավորների հարցերին: «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ ելույթին հետևել է հարց ու պատասխան: ԵԽԽՎ-ում Ձախերի խմբակցությունը ներկայացնող պատվիրակներից մեկը հարցրել է. «Դուք հաջողացրիք Ձեր ճառում չհիշատակել Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, ինչն ինձ համար փոքր-ինչ տարօրինակ էր»: Նալբանդյանը հակադարձել է. «Եվրոպայի խորհուրդն իրավասու չէ մասնակցել նման բանակցությունների: Մյուս կողմից, կարող է շատ օգտակար դերակատարություն ստանձնել` զարգացնելով փոխադարձ վստահության մեխանիզմները»: Շարունակելով Ղարաբաղի թեման` Նալբանդյանը հայտարարել է, որ պաշտոնական Երևանը հակված է խնդրի լուծումը տեսնել բացառապես բանակցությունների միջոցով: Դրական արտահայտվելով Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների` Հյուսիսային Իռլանդիայում օրերս ընդունած հայտարարության մասին` Նալբանդյանը ընդգծել է .«Մենք որևէ խնդրիր չունենք ոչ բանակցությունների, ոչ էլ կոնտակտներ հաստատելու հետ կապված: Պատկերացրեք, վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են գրեթե 15 անգամ: Տասնյակ հանդիպումներ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Եռանախագահ պետությունները ներկայացնող դիվանագետները մոտ 50 անգամ ժամանել են տարածաշրջան: Ի դեպ, իմ հաջորդ հանդիպումը համանախագահների հետ կկայանա երկու օրից: Կան համանախագահների ներկայացրած հստակ առաջարկներ: Համանախագահներն օժտված են միջազգային հանրության մանդատով: Կողմերից մեկը, սակայն` Ադրբեջանը, մերժում է ներկայացվող բոլոր առաջարկները»:

Թուրքիան ներկայացնող պատվիրակ Բուրհան Կայաթյուրքն էլ հիշատակել է հայերի և ադրբեջանցիների անհամատեղելիության մասին Ռոբերտ Քոչարյանի հայտնի հայտարարությունը. «Ինչպես գիտեք, պարոն Քոչարյանը հայտարարեց, որ հայերն ու ադրբեջանցիները նույնը չեն և չեն կարող խաղաղ գոյակցել: Ի՞նչ կարծիք ունեք այս հայտարարության մասին»: ՀՀ արտգործնախարարը պատասխանել է, որ երբ հարևան պետության ղեկավարը ողջ հայ ժողովրդին հռչակում է թիվ մեկ թշնամի, ի՞նչ արձագանք պետք է ակնկալել: Հաղորդվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների և Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի առումով Նալբանդյանը որևէ նոր բան չի ասել: Այսինքն՝ Անկարայի հետ հարաբերություններում գնդակը Թուրքիայի դաշտում է, ԵՄ-ի հետ հարաբերությունների առումով էլ պաշտոնական Երևանը լուրջ հույսեր է կապում նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովի հետ:
Նալբանդյանը բավական հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի տեսակետը սիրիական ճգնաժամի վերաբերյալ՝ ասելով՝ «Ես կարծում եմ, շատ լավ է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ու Միացյալ Նահանգների պետքարտուղարը փոխադարձ ըմբռնում ունեն Սիրիայի հարցով երկրորդ ժնևյան համաժողովի կազմակերպման շուրջ: Այդ համաժողովը հարկավոր է խնամքով նախապատրաստել, միջազգային հանրությունը պետք է հաշվի առնի նաև առաջին ժնևյան կոնֆերանսի տապալման պատճառները: Կարծում եմ, որ այս համաժողովին պետք է մասնակցեն ինչպես իշխանության ներկայացուցիչները, այնպես էլ բոլոր ընդդիմադիր խմբերը, ինչպես նաև տարածաշրջանում այն պետությունները, որոնք լուրջ ազդեցություն ունեն տեղում»:
Նալբանդյանը ներկայացրել է այն առաջնահերթությունները, որ որդեգրել է պաշտոնական Երևանը նախագահության վեց ամիսների ընթացքում` հատուկ ընդգծելով այլատյացության դեմ պայքարն ու մարդու իրավունքների պաշտպանությունը:

Դիտվել է՝ 1584

Մեկնաբանություններ