Հայաստանում բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում: Ոչ ստանդարտ: Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե քաղաքական դաշտը մեռել է, բայց չեն ասում, որ չտխրենք: Չնայած կարելի է կարծել` ամառ է, կուսակցությունները հանգստանում են: Բայց դե` ճիշտ եզրույթը կլիներ` հոգեհանգստանում են, որովհետև ընտրություններն ու դրանց արդյունքները կարծես սրբեցին տարան այն, ինչ մեզանում ավանդորեն համարվում են կուսակցություններ, քաղաքական զարգացումներ:
Մյուս կողմից` բավականին օրինաչափ զարգացումներ են ընթանում արդեն ներիշխանական կուլիսներում: ՈՒր` ա) տեղի են ունենում պլանավորված հստակեցումներ, և սկսված քաոսը ինչ-որ փուլում (կարելի է հասկանալ` աշնանը) նոր դասավորությունների կհանգեցնի, մանավանդ որ նախագահական ընտրություններից հետո արդեն իսկ խոսվում էր աշնանն սպասվելիք «շարժերի» մասին: բ) Առկա վակուումն ու քաոսը կհանգեցնեն տարերայնության` անորոշ ելքով, իսկ թե դրանից ովքեր և ինչ ուժեր կօգտվեն` ներսից և դրսից, փոքր-ինչ անորոշ է:
Հավանականն առաջին զարգացումն է: Ճանաչելով խաղի իրական մոդերատորի ձեռագիրը, «դանդաղ շտապող» այս խաղը հենց այդ նպատակով էլ «կազմակերպվել» է:
Սակայն դրա ելքի համար նշանակալից կլինեն, որքան էլ պարադոքսալ է, արտաքին զարգացումները ևս, մասնավորապես նոյեմբերին ԵՄ-ի հետ նախաստորագրվելիք ասոցացման համաձայնագիրը, ու ոտքը գազի ոտնակին աննահանջ դրած, Մաքսային միության հարցում արտաքուստ «բան չասող», սակայն յուր էմիսարների միջոցով «բան հասկացնող» Ռուսիո մոտեցումները:
Ի դեպ, գնալով Ռուսաստանն ավելի է անհանգիստ շարժումներ անում` «Կուժ ասեմ` կուլա լսիր» տերմինաբանությամբ փորձելով Հայաստանին հետ պահել Եվրոպայի հետ ասոցացման ինտեգրումից: Հիշենք, որ Ռուսաստանի փորձագետներն օրերս ասպարեզ նետեցին այն թեզը, որ եթե ՈՒկրաինան, որը ցանկանում է Մաքսայինում դիտորդ անդամ դառնալ, ստորագրի ԵՄ համաձայնագիրը, տեղ չի ունենա Մաքսայինում:
Երևի սա է նաև պատճառը, որ ռուսական ուժային և անվտանգության ներկայացուցիչները Հայաստանից տուն չեն գնում, փորձում են նախ բոլորին, նաև մեզ ցույց տալ, թե էս կողմերում ով է տեր-տիրակալ: Եվ ապա` աշխատում են համոզել մեզ` այդպես անվերապահ չնետվել ԵՄ գիրկը: Երրորդ` մահակ են պտտեցնում մեր գլխին, ընդ որում, ինչպես և եղել է, այս վերջինն ամենալավն է հաջողվում Կրեմլին` գազի գնի, գազի մեր վերջին «կտորը»` քսան տոկոսը, վերցնելու և վերջապես` Ադրբեջանին մեկ միլիարդի զենք տալու «շնորհիվ»:
Հա, ի դեպ, սույն Ռուսաստանը, որի աչքը մեր գազի քսան տոկոսի վրա է, 270 միլիարդի էներգետիկ պայմանագիր է կնքել Չինաստանի հետ: Կիպրոսին էլ վարկի դիմաց ստիպում էր համաձայնել` ռուսական ռազմաբազա տեղակայել իր տարածքում, Կիպրոսն էլ ի հերթին ասաց` մեկ-մեկ տարածքս կտամ, կկրակես մարդկության վրա, Ռուսաստան:
Այսպիսով, եթե դրսից ուժեղ ճնշումներ չլինեն (վեկտորալ ուղղվածության), Սերժ Սարգսյանը կշարունակի դանդաղ շտապելով բալանսի բերել հայաստանյան ներքաղաքական, ներիշխանական իրողությունները, խաղի նոր կանոններ ամրագրելով. ոչ մեծ, արմատական ու ռիսկային, սակայն որոշակի փոփոխություններ անելով` «դանդաղորե՜ն» հայաստանյան քաղաքական դաշտը նախապատրաստելով սահմանադրական փոփոխությունների:
Ի՞նչ «ելքերով»` դա ևս կախված կլինի արտքաղաքական դասավորություններից: Միևնույն ժամանակ և առաջին հերթին, սակայն, այն կախված կլինի ներքաղաքական խաղացողներից, ուր հարցերի հարցը Սերժ Սարգսյանի համար կմնա ընդդիմության խնդիրը: Ավելի ստույգ` ստեղծված վակուումը:
Դատելով հայաստանյան զարգացումներից, քաղաքական ուժերի խաղի ամպլիտուդից, երևում է` Սերժ Սարգսյանն էդ ժամանակ պետք է գլուխ ցավեցնի թե՛ իշխանական թևի «բալանսավորման», թե՛ ընդդիմադիր «ակտիվ» ստեղծելու գլուխկոտրուկի վրա:
Չնայած այդպիսի մի փորձը պսակվեց անհաջողությամբ: Րաֆֆի Հովհաննիսյանից ընդդիմություն դուրս չեկավ:
Ի՜նչ «կուկլա» ընդդիմություն կորցրինք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ