Մայիսի 15-ը ընտանիքի օրն է: «Ի՞նչ առանձնահատկություններ և խնդիրներ ունի հայ ընտանիքը»: Այս թեմային էր նվիրված «Զարկերակ» մամուլի ակումբում Տեր Եսայի քահանա ԱՐԹԵՆՅԱՆԻ և հոգեբան Աննա ԲԱԴԱԼՅԱՆԻ մամուլի ասուլիսը:
Տեր Եսային, շնորհավորելով հայ ընտանիքներին, կիսվեց նաև իր մտահոգություններով: Նա ցավ հայտնեց, որ այսօր ընտանիքների մեծ մասը ընդամենը «ստատուս» լրացնելու համար է ամուսնանում, այսինքն` մարդիկ չեն գիտակցում ինչի համար են ամուսնանում, ինչի համար է ընտանիքը կազմվում և ինչպես կարողանալ այդ ընտանիքում առողջ հարաբերություններ ձևավորել. «Այս հարցը իսկապես մեզ շատ է անհանգստացնում, դրա համար եկեղեցում ունենք հատուկ նոր կազմված կենտրոն, որտեղ երիտասարդ ընտանիքների հետ կազմակերպվում են սեմինարներ, դասընթացեր, զրույցներ` բնականաբար ավելի հոգևոր հարթության վրա: Փորձ է արվում օգնել նորապսակներին` ամրանալու, ոգեպնդվելու, զորանալու, որովհետև բազմաթիվ են այն խնդիրները որոնք այսօր կան»,-ասաց քահանան` նշելով, որ երիտասարդ ընտանիքների կոնֆլիկտների հիմքում սոցիալ-կենցաղային խնդիրներն են: Նա տեղեկացրեց, որ շատ ընտանիքներ իրենց են դիմում նաև բաժանման, ամուսնալուծության հարցով, որպեսզի եկեղեցին հաստատի իրենց բաժանվելու հանգամանքը: Մինչդեռ, Տեր Եսայու խոսքով, եկեղեցին խուսափում է նման խորհուրդներ տալուց, ընդհակառակը` անում է ամեն ինչ այդ ընտանիքը փրկելու, վերամիավորելու համար:
Ըստ հոգեբան Աննա Բադալյանի, ընտանիքը բավականին բարդ հոգեբանական կառույց է, քանի որ այն ունի ոչ միայն միջանձնային, ներանձնային կոնֆլիկտներ, այլև կրում է հասարակության ուղղակի և անուղղակի ճգնաժամերը, փոոխությունները, և այդ ամենը իրենց ազդեցությունն են թողնում ընտանիքի վրա: «Հեգեբանական ծառայությունները ընտանիքների հետ այսօր բավականին ընդլայնվել են: Կարող եմ պատասխանտվորեն հայտարարել, որ ընտանիքը պահպանելու համար նույնիսկ տղամարդիկ են դիմում հոգեբանական ծառայություններին`իրենք իրենց օգնելու ակնկալիքով»,-ասաց բանախոսը, հավելելով, որ ցանկացած մարդ ճգնաժամային պահերին պետք է գիտակցի, որ հանդուրժողականությունը ամենաճիշտ և միակ ելքն է ընտանիքի միությունը, ընտանեկան հարաբերությունները վերականգնելու համար:
Հոգեբանի ձևակերպմամբ` հանդուրժել` ամենևին էլ չի նշանակում զիջել, թույլ լինել, այլ նշանակում է` լսել, հասկանալ և հարգել մեկը մյուսին:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ