ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ «Ինչ կփոխվի ՀՀ ներքաղաքական կյանքում մայիսի 5-ի ընտրություններից հետո» թեմայից զատ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց նաև մամուլի և խոսքի ազատությանն առնչվող խնդիրների շուրջ:
Բանախոսի կարծիքով մամուլից է կախված գաղափարկան դաշտի զարգացումը. «Շատ լավ է, որ լրագրողները փորձում են պաշտպանել իրենց իրավունքները: Լրագրողների դաշտը պետք է ինքնազարգանա»,-ասաց նա, հավելելով, որ խոսքի ամենամեծ խոչընդոտը ինքնահսկողության պակասն է:
Անդրադառնալով ընտրական գործընթացին, տիկին Ալավերդյանը նշեց, որ այս ասպարեզում նկատելի են դրական փոփոխություններ. «Մասնավորապես քարոզարշավի ընթացքում տեսանք, որ բոլորը պարտադրված են գնալ և խոսել քաղաքացիների հետ: Անորսալի
երևույթներից մեկն էլ այն է, որ փողը բնակիչներին հիմնականում բաժանում են ծածուկ, այն դեպքում, երբ նախկինում դա ավելի բացահայտ կերպով էր»,-ասաց նա:
Լ.Ալավերդյանը հույս ունի, որ այս ընտրությունները, որպես այսպիսին, վերջինը կլինեն և կփակեն քսան տարում անցկացված խայտառակ ընտրություների շարքը. «Թող ինձ ներեն, բայց այս խայտառակությունը որպես խարան ՀՀԿ-ի ճակատին կդաջվի»,-ավելացրեց բանախոսը:
Վերջինս ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը տեսնում է ԱԺ-ն լուծարելու մեջ: «Պետք է ԱԺ-ն լուծարեն, բայց, եթե լուծարվի, ապա չի բացառվում, որ իշխանությունն էլ կլուծարվի»,-ասաց մարդու իրավունքների պաշտպանը` միաժամանակ ցավ հայտնելով, ով մեզ մոտ իշխանափոխությունը կապվում է դրսի ճնշումների հետ և դա մեր ողբերգությունն է: «Բայց ոչ դրսի ճնշումները և ոչ էլ մեր քաղաքացիների հասունությունը չի ստիպի իշխանություններին հրաժարական տալ: Անգամ իշխանություններն իրենց հաջորդի մասին չեն մտածում»,-եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ