Ապրիլի 30-ին երկարատև դադարից հետո Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում նորից հանրահավաք էր հրավիրել, որը նվիրված էր Երևանի ավագանու ընտրություններին: Իր ելույթի մի զգալի հատվածն առաջին նախագահը նվիրել էր քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանի անձը սևացնելուն և կոշտ հակաքարոզչությանը: Ըստ էության, Տեր-Պետրոսյանը հերթական անգամ ապացուցեց, որ վերածվել է շարքային քաղաքական գործչի, քանզի անձնավորված պայքար է սկսել երիտասարդ Տարոն Մարգարյանի դեմ: Սրանով Տեր-Պետրոսյանն իր անձնական քաղաքական կշիռը հավասարեցրեց քաղաքապետ Մարգարյանի կշռին: Հերթական անգամ նա փորձեց նաև իր համակիրներին հույս ներշնչել, թե «իշխող ռեժիմը» դատապարտված է կործանման, և Երևանի ավագանու ընտրությունները լինելու են իշխող ՀՀԿ-ի տապալման նախերգանքը:
Պետք է նշել, որ ստեղծված իրավիճակում դժվար է պատկերացնել ոչ միայն ընդդիմադիր ուժերի հաղթանակը Երևանի ավագանու ընտրություններում, այլև աշխատանքն այդ հաղթանակից հետո: Երբ խորհրդարանում իշխող կուսակցությունն ունի մեծամասնություն և ձևավորում է կառավարություն, ապա նույնքան պոտենցիալ ունի նաև Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակ տանելու համար: Ինչ վերաբերում է ընդդիմադիր թեկնածուի հաղթանակին, ապա նման դեպքում կտուժի միայն ու միայն քաղաքը, քանզի իշխող կուսակցությունը թույլ չի տա ընդդիմադիր գործչի արդյունավետ և հեղափոխությանը միտված աշխատանքը քաղաքապետի պաշտոնում: Սա, իհարկե, ենթադրությունների շարքից է, սակայն իրականությունը մեկ այլ բան է հուշում: Իշխող հանրապետականը, կարծես, իրեն բավականին վստահ է զգում և Երևանի ավագանու ընտրություններից հետո փորձելու է նկատելի աշխատանքով և շոշափելի արդյունքով խուսափել հետագա բարդություններից:
Այս հարցում շատ կարևոր են ընդդիմության հետագա գործողությունները: Տեր-Պետրոսյանի ՀԱԿԿ-ն նորից փորձում է մենաշնորհ հաստատել ընդդիմադիր դաշտում և ապակայունացնելով իրավիճակը` վերցնել իշխանությունը: Սա է պատճառը, որ Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու պոտենցիալ չունեցող ՀԱԿԿ-ն վերականգնել է երբեմնի քաղաքական ակտիվությունը` համայնքային ընտրության հարթությունից գործընթացը տեղափոխելով քաղաքական հարթություն: Սակայն Տեր-Պետրոսյանն ընդդիմադիր բևեռը համախմբելու և իր առանցքի շուրջ կենսունակ ուժ ձևավորելու հարցում լուրջ խնդիրներ է ունենալու: Մերօրյա իրավիճակը որակապես տարբերվում է 2008-ի նախագահական ընտրությանը նախորդող իրավիճակից: Հիշենք, որ Տեր-Պետրոսյանին սպասարկող մամուլը 2004-ից սկսեց «փչացնել» թատերաբեմում եղած ընդդիմությանը` «խոպան դաշտ» ապահովելով Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի համար: Ներկայումս «Ժառանգությունը», ՀՅԴ-ն և այլ ընդդիմադիր ուժեր ևս ունեն քարոզչական հնարավորություններ, կան սոցիալական ցանցեր, ուստի հնարավոր չէ կրկնել երբեմնի սցենարը:
Բացի դրանից, նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը շուրջ 38 տոկոս ձայն ստացավ, ինչը լուրջ հենարան է ընդդիմադիր գործունեությունը շարունակելու և ընդդիմությանն իր առանցքի շուրջ համախմբելու հավակնությունները կյանքի կոչելու համար: Չպետք է անտեսել նաև իշխանությունից դժգոհ օլիգարխիային: Ինչքան էլ Տեր-Պետրոսյանը փորձի կլանել Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, այս կուսակցությունը կարող է հավակնել ինքնուրույն գործունեության` հօդս ցնդեցնելով ընդդիմությանը միավորելու Տեր-Պետրոսյանի հավակնությունները: Ինչևէ, առաջին նախագահի «կրկին փորձիր» գործելաոճը հնացել է և չի կարող արդյունավետ համարվել: Քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխություններն ու սերնդափոխությունը անխուսափելիորեն հանգեցնելու են Տեր-Պետրոսյանի «ակցիաների» վերջնական անկմանը, ուստի առաջին նախագահը պետք է մտածի վերջնականապես թոշակի անցնելու և հուշեր գրելու մասին:
Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ