«Հանրապետության նախագահն ունի երկու տարբերակ` կա՛մ գնալ 70 տոկոս հավաքած լիդերի հետ համագործակցության, կա՛մ լսել իր խունտային և հակահարված տալ: Սերժը Րաֆֆիին պետք է տա կա՛մ վարչապետի, կա՛մ ԱԺ նախագահի պաշտոնը` որպես կոմպրոմիսային տարբերակ: Մյուս տարբերակն այն է, որ Ազատիչն ընտրի Ելցինի սցենարը` հայտարարի նոր ընտրություններ և ինքը չմասնակցի ընտրություններին: Երկրորդ տարբերակը համարում եմ ամենառացիոնալը».-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Ըստ մարքսիստի, ՀՀԿ-ն պարտություն կրեց տակտիկական զինանոցի տգիտության պատճառով, իսկ Ծառուկյանի ընտրազանգվածն ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ես խորհուրդ էի տալիս ՀՀԿ-ին` մարաթոնի մեջ մտցնել Գագիկ Ծառուկյանին` նրա ձայների մի մասը հետո վերագրելով իրեն: Եվ ահա Գագիկ Ծառուկյանի ողջ ընտրազանգվածը վերադասավորվեց և ֆավորիտ դարձրեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Հանելով խաղից Ծառուկյանին` ՀՀԿ-ն կործանեց իրեն»:
Դավիթ Հակոբյանի համոզմամբ` այսօր մեր կարևորագույն խնդիրը քաղաքական իրավիճակն անարյուն կարգավորելն է: «Րաֆֆին երեկ մի սխալ թույլ տվեց. նա պետք է հանդիպումն անցկացներ լրագրողների ներկայությամբ, բաց, ժողովրդի ներկայությամբ: Փակ դռների հետևում անցկացնելը շատ կոպիտ սխալ էր»,-ասաց նա:
Թե ինչ դիրք բռնի մարքսիստական կուսակցությունը, հանրապետության գլխավոր մարքսիստը պատասխանեց. «Մեր կուսակցությունը որոշում է կայացրել լինել չեզոք, չմասնակցել երկու կողմերի հակամարտությանը և ասել ճշմարտությունը: Նախագահական ընտրությունների արդյունքները գնահատում եմ որպես իշխանագողություն` թվով չորրորդը: Մարտի 1-ը որակել եմ արյունոտ շաբաթ, ընտրարշավը` իշխանագողություն, և հայտարարեցի, որ մարտի 1-ը երրորդ հանրապետության վախճանն է, չորրորդ հանրապետության երկունքը: Իմ վերջին խորհուրդը Ազատիչին հետևյալն է. «Այլևս մի գողացի, գողությունը ժողովուրդը քեզ չի ների»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ