Համառությունը վատ չէ, եթե վերաբերում է համազգային շահերին, բայց մեզանում համառության առնվազն տարօրինակ այլ դրսևորումներ կան, այդ թվում՝ նեղ գերատեսչական: Մի օրինակ՝ ՍԴ-ում քննվող ցանկացած օրենքի առնչությամբ ԱԺ-ի ներկայացուցիչը, արդեն «բարի» ավանդույթի ուժով անվերապահորեն «հիմնավորում է», որ հրաշալի օրենք են ընդունել, որևէ խնդիր չի կարող լինել: Ի դեպ, սա տիպիկ հայկական պրակտիկա է, որևէ այլ երկրում այսպիսի երևույթի չեք հանդիպի:
Ընդ որում, անգամ դատախազը չի խորշում և հաճախ հրաժարվում է իր իսկ հաստատած մեղադրանքից և միջնորդում արդարացնել: Այդ ընթացքում, ՍԴ-ն հարյուրավոր օրենսդրական նորմեր է ճանաչել Սահմանադրությանը հակասող, և ոչ մի հետևություն՝ օրենքները ՍԴ-ում ամեն գնով արդարացնելու ավանդույթը նույն ոճով շարունակվում է:
Որո՞նք են այս համառության առավել նկատելի վտանգավոր դրսևորումները՝
ա) խոչընդոտվում է իրավունքի զարգացման գործընթացը՝ «մենք անսխալական ենք» սկզբունքի գերակայության ներքո,
բ) նախատրամադրվածությունը մասամբ բացառում է անգամ ՍԴ որոշումներով հակասահմանադրական ճանաչված նորմերի վերանայման բնականոն ընթացքը՝ օրինակները շատ են,
գ) չի ձևավորվում անհրաժեշտ հարգանք ՍԴ-ի նկատմամբ՝ վերջին հաշվով, նույնաբնույթ իրավական կարգավորումների առնչությամբ ՍԴ որոշումները պետք է կենսագործվեն նաև այլ օրենսդրական ակտերի մասով՝ կանխելով հետագա բացասական զարգացումները և այլն:
Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ.Գ. ԱԺ-ի փորձագիտական կառույցները հաճախ նախապես են զգուշացնում ընդունվող օրինագծերի խնդրահարույց լինելու մասին, սակայն դրանք մեծամասամբ անտեսվում են ոչ միայն ընդունելիս, այլև ՍԴ-ում վիճարկելիս ....