Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Գեթսեմանի մատուռի հետքերով

Գեթսեմանի մատուռի հետքերով
13.06.2017 | 08:02

«Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք, մեր դարե կարոտ, մեր քարե նազանք». ահա այսպես է Սևակը նկարագրում մեր չքնաղ Երևանը՝ աշխարհի հնագույն բնակավայրերից մեկը, որը շուտով կբոլորի իր 2799-ամյակը։ Թվում է՝ նման պատկառելի տարիք ունեցող քաղաքում կարելի է տեսնել մշակութային բազում շերտեր, բայց, ավա՜ղ, մեր քաղաքը բավական երիտասարդ է, ինչը շատ զարմանալի է։ Մի՞թե ժամանակն է սրբել նրա հարուստ անցյալը, թե՞...


Պարզվում է՝ մեր Երևանի ճակատագիրն այդքան էլ դյուրին չի եղել: Նախ` նրան մեծ հարված են հասցրել բնական աղետները, մասնավորապես՝ 1679 թ. հունիսի 4-ի ավերիչ երկրաշարժը, որը գրեթե փլատակների է վերածել ողջ քաղաքը, ապա պարսիկներն ու թուրքերն են անդադար ասպատակել ու ավերածությունների ենթարկել այն։ Քաղաքում պահպանված փոքրաթիվ եկեղեցիները, նշանավոր բերդը, կամուրջներն ու հասարակական բնույթի շատ կառույցներն էլ զոհ են դարձել խորհրդային հակաքրիստոնեական քարոզչությանը, որը ջանք չի խնայել վերջնականապես ջնջելու հին Երևանի մասին հիշողությունները՝ պարզապես վերացնելով այդ հիշողությունների լուռ վկաներին. 1930-ական թվականներին միջնադարյան ամենավաղ հոգևոր տաճարը՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին, քանդելուց հետո նրա տեղում կառուցել են «Մոսկվա» կինոթատրոնը, Գեթսեմանի մատուռի տեղում՝ օպերայի շենքը, Մլեր գերեզմանատան ու մատուռի տեղում՝ պանթեոնը, Երևանի նշանավոր բերդի տեղում՝ «Արարատ» գինու և կոնյակի գործարանը։ Այդ շրջանում քանդվել են նաև Սբ Գրիգոր Լուսավորիչ, Նորքի Սբ Աստվածածին, Սբ Սիմեոն Ծերունի եկեղեցիները, Կոզեռնի մատուռը։ Այս ամենն արվել է քաղաքը վերակառուցելու և բարեկարգելու պատճառաբանությամբ, ինչը հիանալի պատրվակ էր, քանզի մինչև 20-րդ դարի առաջին կեսը Երևանը, որը 1918 թ. պետք է դառնար Հայաստանի Առաջին Հանրապետության մայրաքաղաքը, իսկ պատմական Հայաստանի մայրաքաղաքներից՝ 12-րդը, փոշոտ գյուղաքաղաք էր` մի քանի քարե շենքերով ու կավե խրճիթներով, որոնք տեղակայված էին նեղ, ծուռումուռ փողոցներում, և որի միակ տեսարժան վայրը Աստաֆյան փողոցն էր ու Սարդարի պալատը՝ իր հայելազարդ դահլիճով։
Նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին վիճակված էր կերտել կանոնավոր հատակագիծ ունեցող մի քաղաք, որն իր արժանի տեղը պիտի գտներ հայոց նշանավոր մայրաքաղաքներ Տիգրանակերտի, Դվինի, Անիի և մյուսների կողքին, կրեր նրանց շունչն ու արտացոլեր դարաշրջանների հաջորդականությունն ու կապը։ Հայ նոր ճարտարապետության հիմնադիր Թամանյանի՝ 1924 թ. ապրիլի 3-ին հաստատված Երևանի գլխավոր հատակագծի համաձայն՝ քաղաքը պիտի կառուցվեր հայկական միջնադարյան ճարտարապետության ոճով, արտացոլեր անցյալի վարպետների հմտությունները, հիմքում ունենար ավանդական շինանյութը՝ քարը, և միևնույն ժամանակ համեմված լիներ ժամանակակից ճարտարապետության նորարարություններով, ինչի արդյունքում պիտի ծնվեր վարդագույն մի քաղաք՝ Արարատ լեռան հիասքանչ տեսարանով։ Թամանյանական հատակագծում հաշվի էր առնված ամեն ինչ՝ բնակավայրի դիրքը, ռելիեֆը, կլիմայական պայմանները, անտառանման պուրակի միջոցով քաղաքը հյուսիսային քամիներից և փոշուց պաշտպանելու ուղիները (ի դեպ, քաղաքի 10-15 %-ը (760 հեկտարից 140-ը) հատկացվելու էր կանաչապատմանը), տեղական շինարարական և ազգային մշակութային ավանդույթները և այլն։ Ժամանակակից ճարտարապետության մոդելով՝ քաղաքը բաժանվելու էր մի քանի շրջանի` «վարչական», «ուսանողական», «մշակութային», «արդյունաբերական» և «թանգարանային»՝ յուրաքանչյուրն իր կոմպոզիցիոն կենտրոնով, փոքր հրապարակներով և զբոսայգիներով, որոնք միմյանց և կենտրոնին պետք է միանային ամենակարճ ճանապարհներով։ Այն ունենալու էր նաև ինստիտուտներ, մանկական կլինիկա, աստղադիտարան, հանրային գրադարան, բարձրագույն գյուղատնտեսական դպրոց և շատ այլ կառույցներ, աչքի էր ընկնելու նախագծած եզակի շենքերով՝ Կառավարական տնով և Օպերայի ու բալետի թատրոնի (այն ժամանակ՝ Ժողովրդական տուն) շենքով, որը, ի դեպ, կառուցվելու էր Գեթսեմանի մատուռի ճիշտ տեղում (պետք է նշել, որ, ի տարբերություն Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու, որը քանդվել է թե՛ տեղագրական, թե՛ հակակրոնական նպատակներով, սա զուտ տեղագրական խնդիր էր)։ Այս հանգամանքը մեծապես անհանգստացնում էր անվանի ճարտարապետին, որը, լինելով պատմական հուշարձանների պահպանման հանձնաժողովի նախագահ և բարձր գնահատելով հայկական մշակույթը, չէր կարող թույլ տալ, որ 17-րդ դարի երևանյան մասունքը պարզապես քանդվի, բայց Ժողտան հողատարածքն ու փողոցների դիրքն այնպիսին էին, որ մատուռը շրջանցել նույնպես չէր կարող։ ՈՒստի որոշում է այն ուղղակի տեղափոխել: 1929 թ. մատուռը չափագրելուց և քարերը զգուշությամբ համարակալելուց հետո այն ապամոնտաժվում է՝ նոր վայրում վերականգնելու հստակ որոշմամբ: Սակայն ֆինանսավորումն ուշացնելու և հուշարձանի նոր տեղի հարցը չլուծելու պատճառով վերականգնումն անընդհատ հետաձգվում է, իսկ 1932-ին Թամանյանին քաղաքական դավերի միջոցով Ժողովրդական տան կառուցումը ղեկավարելու հնարավորությունից զրկելուց հետո կառուցման նոր ղեկավարի՝ ոմն Աշոտ Մելիք-Մարտիրոսյանի որոշմամբ մատուռի քարերն օգտագործվում են Բայրոնի փողոցում Աշխատավորների տուն կառուցելու համար: Այսպես մենք կորցնում ենք մեր միջնադարյան կոթողներից ևս մեկը՝ Գեթսեմանի մատուռը, որի ճակատագիրը նույնպես դյուրին չի եղել։
Նախնական՝ 13-րդ դարի փոքրաչափ, Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցու նմանությամբ միագմբեթ եկեղեցին 1679 թ. ահեղ երկրաշարժից փլվել է (պահպանվել է միայն արևելյան պատն իր երկու խորշերով և երեք միատող հիշատակագրություններով՝ գրված պատին քանդակված խաչերի միջև)։ Նույն դարի վերջին մատուռը վերակառուցվել է, սակայն բոլորովին այլ տեսքով, միագմբեթ եկեղեցու փոխարեն վեր է խոյացել երկթեք տանիքով միանավ թաղածածկ անգմբեթ փոքրիկ շինություն՝ արևմտյան պատի գլխին՝ տանիքի վրա, կարմիր փոքրիկ զանգակատնով։ Աղոթասրահի արևելյան կողմում տեղավորված է եղել կիսաշրջան խորանը` առանց ավանդատների։ Պատերին ագուցված խաչքարերի վերևում եղած հիշատակությունները պատկանել են XVII դարավերջին, որը և համարվել է կառուցման ժամանակը։ Մատուռը նորոգվել է 1901-ին, կտուրը թիթեղապատվել է հին երևանցի մեծահարուստներ Իսահակ և Հովհաննես Մելիք-Աղամալյանների նվիրատվությամբ։ Մատուռի շուրջը սփռված է եղել հին Երևանի գերեզմանոցը՝ օրորոցաձև և տապանաձև բազմաթիվ գերեզմանաքարերով։ Այն նաև շրջապատված է եղել փարթամ այգով, ինչի համար էլ աստվածաշնչյան հայտնի Գեթսեմանի այգու համանմանությամբ (ըստ Աստվածաշնչի՝ Գեթսեմանի այգին այն վայրն էր, որտեղ Քրիստոսը հրաժեշտ տվեց երկրային կյանքին) կոչվել է Գեթսեմանի: Սակայն դրա անվան շուրջ կա ևս մեկ հիշատակություն, համաձայն որի՝ ժամանակին մատուռը նորոգելիս հայտնաբերել են մի դամբարան, որտեղ թաղված է եղել Երուսաղեմ ուխտի գնացած մի նշանավոր մարդ: Այստեղից էլ մատուռը հետագայում կոչվել է Գեթսեմանի: Ճիշտ է, հնագետ-պատմաբան Կարո Ղաֆադարյանը վկայում է, որ Ժողտան հիմքերը փորելիս Գեթսեմանի մատուռի տակ գտել են մեր թվագրության առաջին դարին պատկանող կարասային թաղում (հետագայում նման դամբարաններ գտնվել են նաև մոտակայքում), սակայն դա որքան է կապված վերոնշյալ հիշատակության հետ, դժվար է ասել։
Ի դեպ, Թամանյանը համոզված էր, որ Գեթսեմանի մատուռի տեղում ժամանակին երգի և սիրո հեթանոսական տաճար է եղել, ինչի մասին նա պատմել է մեծանուն հայ նկարիչ Մարտիրոս Սարյանին։ Արդյո՞ք Օպերայի և բալետի թատրոնի շենքը նախագծելիս նա հաշվի է առել այդ հանգամանքը... Ստույգ է միայն այն, որ նրան հաջողվել է կերտել մշակույթի մի տաճար, որը շուտով դարձել է մշակութասեր երևանցիների սիրելի ժամանցի կենտրոնը, ուր հաճախել են բացառապես տոնական արդուզարդով։


Այսպիսով, ինչպիսի՞ն է եղել օպերային թատրոնի շենքի կառուցման պատմությունը: Պարզվում է՝ այն նույնպես բազում թուհուբոհերով է անցել. Թամանյանը, անընդհատ կատարելագործելով, մշակել է 6 լիարժեք նախագիծ, բայց դրանցից ոչ մեկը կյանքի չի կոչվել, քանզի ֆինանսավորման բացակայության պատճառով դրանք անընդհատ փոփոխվել են, պարզեցվել, և շենքը ներկայիս տեսքն է ստացել։ «Ցանկանում եմ կերտել դասական թատրոն, որի առաջնամասը տաճար կհիշեցնի, հանդիսասրահը՝ «Օլիմպիկո» թատրոնը՝ առանց տանիքի, և դասական տաճարների նման մի քանի մուտք կունենա: Շքամուտքը պետք է այգի լինի՝ սյուներով, քանդակներով, նստարաններով, հետիոտների անցումներով, շատրվաններով, միաժամանակ պատուհանները պետք է թաքնվեն սյունաշարի հետևում, որտեղից լույս կթափանցի»: Ահա թե Թամանյանն ինչպես էր պատկերացնում ապագա թատրոնի շենքը, որը, անգամ բազմաթիվ պարզեցումներից հետո, հորինվածքային բարձր հատկանիշներով, ծավալով, տեխնիկական ու տեխնոլոգիական բարդ ու բացառիկ լուծումներով առաջինն էր ողջ Անդրկովկասում։


Նախագծի հիմնական գաղափարը մեկ շենքի մեջ ձմեռային (հյուսիսային կողմ) և ամառային (հարավային կողմ) դահլիճները միավորելն էր, որոնք գործելու էին ինչպես անջատ, այնպես էլ միացած` որպես մեկ բեմ և մեկ դահլիճ: Ի դեպ, 2 բեմերն իրարից տարանջատվելու էին հսկայական մետաղե հրդեհակայուն վարագույրով: Ձմեռային դահլիճը բոլոր կողմերից փակ էր լինելու` նախատեսված 1500 մարդու համար: Ամառային դահլիճը, որը հյուրընկալելու էր 1200 մարդու, չէր ունենալու ճեմասրահ, և ընդմիջմանը մարդիկ դուրս էին գալու այգի: Մեծ բեմին հարմարեցված էին լինելու նաև նստատեղերը. պարտերներն իրենց ամրացված աթոռներով հնարավորություն էին ունենալու ինքնուրույն շարժել ու կառավարել նստատեղերը, այն է՝ պտտվել իրենց առանցքի շուրջը՝ ներկայացման ընթացքում տեսարանին հարմարվելու համար։
Գաղափարն այնքան փայլուն էր, որ չէր կարող վրիպել համաշխարհային արվեստասերների ուշադրությունից, ուստի 1937-ին՝ ճարտարապետի մահից մեկ տարի անց, Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Ժողովրդական տան նախագծին շնորհվում են Մեծ մրցանակ և ոսկե մեդալ։ Եթե միայն Թամանյանը իմանա՜ր... Նախագիծը, ցավոք, այդպես էլ ամբողջությամբ չի իրագործվում։ Ֆինանսավորման բացակայության պատճառով Թամանյանն ինքն է դեռ սկզբում որոշ բարդ մեխանիզմներից՝ թեքվող պարտերը, պտտվող բեմը և անդրկուլիսյան վերուվարող պրիզմաները, ժամանակավորապես հրաժարվում, որոնք այդպես էլ մնում են թղթի վրա։ Բայց և այնպես, զվարթնոցանման այս հոյակերտ շինությունը Թամանյանի լավագույն պարգևն էր Երևանին. այն ապշեցնում է իր յուրահատուկ և համարձակ լուծումներով (արտաքինից ոչ այնքան բարձրահասակ) այս շենքի (այն իրականում 14 հարկ ունի, որոնց մեծ մասը գետնի տակ է) հետնամասում մի հարթակ կա, որը տանում է դեպի կարմիր դարպասները։ Այն մուտք է դեպի բեմ, որն օգտագործվում է, օրինակ, «Արշակ Երկրորդ» օպերայի ժամանակ ձիակառքը միանգամից բեմ մտցնելու համար՝ հանդիսատեսին մեծ զարմանք պատճառելով։ Իսկ բեմը ամբողջովին բաղկացած է քառակուսիներից, որոնք ունեն ներկայացման ընթացքում բարձրանալու և իջնելու հնարավորություն։ Նվագախմբային փոսը նույնպես շարժական է։ Ըստ ներկայացման՝ այն լինում է որոշակի բարձրության վրա, իսկ ներկայացման վերջում նվագախումբը բարձրանում է մինչև բեմի մակարդակ՝ հնարավորություն ընձեռելով հանդիսատեսին լիարժեք ողջունելու կատարողներին։ Կառույցը հիացնում է ներքին հարդարանքով, որը ներառում է հայկական զարդանախշերի խորաքանդակներ (անկրկնելի են նաև շենքի ճակատի թատերական դիմակները (1980 թ., քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան) ու որմնանկարները (էսքիզները՝ Հրաչյա Հակոբյանի), 8 մետր տրամագիծ, 6 մետր բարձրություն և 5 տոննա կշռող մեծ և 4 փոքր ջահերով (ի դեպ, մեծը լվանում են 3-4 տարին մեկ, փոքրերը՝ տարին մեկ), ապշեցնում ինքնատիպ մասունքներով։ Օպերայի շենքի հիմքում Թամանյանը մի թուղթ է դրել, որի վրա հավաքված են նախագծման աշխատանքներին ներկա եղած բոլոր մասնակիցների ստորագրությունները: Իսկ առաջին հարկի ճեմասրահի երկու կողմերում հանգրվանում են երկու կարևոր կոթողներ՝ 2007-ին օպերայի և բալետի թատրոնի շենքի սրահում տեղադրված Ներսէս արք. Պոզապալեանին նվիրված մի խաչքար՝ ի հիշատակ Գեթսեմանի մատուռի, ինչպես նաև օպերայի և բալետի թատրոնի առաջին դիրիժոր Միքայել Թավրիզյանի կիսանդրին:


1939 թ. ավարտվում է կառույցի ձմեռային թատրոնի հատվածը և հանձնվում օպերային թատրոնին։ Վերջինս հիմնադրվել է 1932 թ. և մինչև Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենք տեղափոխվելը՝ գործել է Երևանի բանվորական դրամատիկական թատրոնի շենքում (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի այժմյան շենքը), որտեղ 1933-ի հունվարի 20-ին բեմադրվել է առաջին ներկայացումը՝ Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան (այդ օրն ընդունված է Ազգային թատրոնի հիմնադրման օր համարել)։ Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի բեմադրությունից հետո 1935-ին թատրոնը կոչվել է օպերայի և բալետի, 1939 թ. վերակոչվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն, 1956-ից՝ Ակադեմիական, իսկ 1994-ից՝ Ազգային ակադեմիական, ստանալով՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն անվանումը։ Նոր շենքում առաջին ներկայացումը՝ «Ալմաստ» օպերան, բեմադրվել է 1940 թ. հունվարի 12-ին (պատահական չէ, որ Ազատության հրապարակում՝ օպերայի շենքի դեմ դիմաց կանգնեցված են «Ալմաստ» օպերայի երաժշտության հեղինակ Ա. Սպենդիարյանի և խոսքերի հեղինակ Հովհ. Թումանյանի բրոնզե արձանները)։ Հատկանշական է, որ Թամանյանը, դեռ Ժողովրդական տան նախագծի վրա աշխատելիս, երազում էր, որ կառույցի հանդիսավոր բացմանը բեմադրվի իր մտերիմ ընկեր Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան։ Ճիշտ է, ո՛չ նրան, ո՛չ ընկերոջը բախտ չի վիճակվում տեսնելու այդ բաղձալի օրը (Սպենդիարյանը մահանում է 1928-ի մայիսի 7-ին, Թամանյանը՝ 1936-ի փետրվարի 20-ին), սակայն Սպենդիարյանի անունը առհավետ հյուսվում է թատրոնի շենքի պատմությանը։ Ավելին՝ Թամանյանի ցանկությամբ Սպենդիարյանը թաղվում է օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մերձակա պուրակում, որպեսզի «նրա սիրտը մոտ լինի Օպերայի շենքին և լսի իր իսկ գրած ստեղծագործությունների հնչյունները»։


1953-ին ավարտվում է նաև ամառային, այն է՝ Հայֆիլհարմոնիայի համերգային Մեծ դահլիճի շինարարությունը, որն ավելի ուշ անվանակոչվում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի անունով (մուտքի դիմաց 1999 թ. հունիսի 6-ին տեղադրվել է Արամ Խաչատրյանի արձանը)։ Համո Սահյանը մեկ նախադասությամբ՝ «Արամ Խաչատրյանը մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ», կարծես նկարագրել է Խաչատրյան հանճարին, որն իր «Գայանե» և «Սպարտակ» բալետներով նոր էջ է բացում թատրոնի պատմության մեջ։ Ի դեպ, Արամ Խաչատրյանի ցանկությամբ «Գայանե» բալետը ձևավորում է հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը, որն իր նորարարական մոտեցմամբ նույնպես հայտնություն էր թատրոնի համար: Ասում են՝ տեսնելով նախնական էսքիզները, Խաչատրյանը տարակուսել է՝ դժգոհելով, թե գույները չափազանց շատ են և վառ, ինչին Մինասը պատասխանել է, որ իրականում հեռու չի գնացել կոմպոզիտորի երաժշտությունից, սակայն հետագայում Խաչատրյանը խոստովանել է, որ Մինասի ձևավորումը լիովին համահունչ է իր ստեղծած երաժշտությանը:


Այսօր Ձմեռային դահլիճը պատկանում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնին (1200 նստատեղ), իսկ Ամառայինը` «Արամ Խաչատրյան» համերգասրահին և պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին (1400 նստատեղ): Սակայն մինչ օրս տարածքի հստակ բաժանում չկա այդ 2 դահլիճների միջև:
Այո՛, ցավալի է, որ մեր բազմադարյան Երևանը տարիների ընթացքում այս կամ այն պատճառով զրկվել է իր պատմական կոթողներից (շատ դեպքերում փորձել են զրկել՝ քանդելով բուն շինությունը, բայց դրանց վերաբերյալ հիշողությունը ջնջել, միևնույն է, չի հաջողվել), սակայն այն, որ այսօր անհնար է քաղաքը պատկերացնել առանց իր անկրկնելի օպերայի շենքի, կասկածից վեր է։ Պետք է հիշել՝ հային դարերով ապրեցնող ուժը հայ հանճարների կերտած մշակույթի ակունքներում է, և այն պետք է արժևորե՛լ, պահպանե՛լ և, ինչու չէ, նորը ստեղծել, որպեսզի հարատև լինի հայի պատմությունը։

Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Գեթսեմանի մատուռ
Դիտվել է՝ 32231

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ