Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՆՈՐ «ՈՍՏՆԱԿ» Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱ ՑԱՏԿԻ ՀԱՄԱՐ

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՆՈՐ «ՈՍՏՆԱԿ» Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱ ՑԱՏԿԻ ՀԱՄԱՐ
22.11.2011 | 00:00

Այնպիսի պատկերավոր արտահայտություն, ինչպիսին «վերաբեռնումն» է, ոչ մի նոր բան չի ներառել Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի նոր քաղաքականության մեջ։ Իրականում Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի նոր քաղաքականություն չկա, և չկան անգամ առանձին պատկերացումներ, թե ինչպիսին պիտի լինի նոր հարաբերությունների ձևաչափը, ինչպիսին պիտի լինեն գաղափարախոսությունն ու կոնկրետ խնդիրները միջազգային քաղաքականության առանձին ուղղություններում։ Բարաք Օբամայի վարչակազմը ձգտում է լուծել ռազմավարական սպառազինությունների խնդիրը, որովհետև հենց միջուկային դիմակայության հիմքի վրա էլ կառուցվում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները, ինչից կախված է, առաջին հերթին, ԱՄՆ-ի անվտանգությունը։ Այդ համապարփակ հարցին զուգընթաց, ամերիկյան վարչակազմը փորձեց իրագործել համընդհանուր անվտանգության (նախ և առաջ` Աֆղանստանում) խնդիրների լուծման գործում Ռուսաստանի ներգրավման այլ, մարտավարական, բայց բավական կարևոր առաջադրանքներ։ Այդ քաղաքականությունը պաշտպանություն գտավ ԱՄՆ-ի քաղաքական շատ խմբերի և քաղաքագետների կողմից, արժանացավ հասարակական վերնախավի շատ թե քիչ լայն շրջանակների ըմբռն-մանը։ Մինչդեռ Ռուսաստանի հետ հարաբերությունների ոչ մի խնդիր դեռևս լիովին լուծված չէ, քանի որ հանրապետական ընդդիմությունը հանդես եկավ սուր քննադատությամբ և անհանդուրժող տոնով։ Օբամայի արտաքին քաղաքականությունը գտնվում է ընդդիմության ուժեղ հարվածների կիզակետում, բայց, ըստ էության, ներկայումս ցանկացած խելքը գլխին վարչակազմ կաշխատեր ԱՄՆ-ի անվտանգության ընդհանուր և մարտավարական խնդիրները լուծել Ռուսաստանի օգնությամբ, այս կամ այն ձևով։ Սակայն ինչ վերաբերում է տարածաշրջանային քաղաքականության խնդիրներին, առաջին հերթին եվրոպական, չինական և իրանական ուղղությամբ, ապա այն, ընդդիմության գնահատմամբ, անկասկած, Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական մրցակցության և նրան պահանջներ ներկայացնելու ասպարեզ է։ Ռուսաստանը ցույց է տալիս, որ պատրաստ է ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ համերաշխվելու ոչ միայն Իրանի, այլև Չինաստանի հետ կապված խնդիրներում։ Վերջինիս հետ Մոսկվան երկար ժամանակ մեծ հույսեր էր կապում հզոր գործընկերոջ օգնությամբ միջազգային նոր դիրքեր ձեռք բերելու գործում։ Եվրոպացիները դա ընդունեցին պատշաճ կերպով, Ռուսաստանի հետ ավելի սերտ գործակցության հույսերով, բայց ամերիկացիները դա գնահատեցին որպես սոսկ ռուսների փորձ` ավելի ամուր դիրքեր գրավելու եվրոպական ասպարեզում և Արևմտյան ընկերակցության շրջանակներում, ընդհանուր առմամբ չփոխելով գերակայությունները տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Այսպիսով, Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան վարչակազմի այնքան չափավոր վերաբերմունքի ժամանակաշրջանում անգամ խնդիրները մնում են, և Վաշինգտոնում նոր «ոստնակ» է ձևավորվում դեպի Եվրասիա ցատկի համար, ինչը ենթադրում է տարածաշրջաններում Ռուսաստանի դուրսմղման քաղաքականության շարունակում։ Օբաման աշխատում է լուծել նույն այն խնդիրները, որոնք ծառացած էին նախորդ վարչակազմերի առջև, կիրառելով քաղաքական այլ ոճ, և դա, ինչպես աշխարհում ուրիշ ոչ մի տեղ, արտացոլվում է Ռուսաստանի հանդեպ իրականացվող քաղաքականության մեջ։
Տարածաշրջանային քաղաքականությունը հենց այն ուղղությունն է, ուր ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում առկա հարցերը լուծված չեն և հազիվ թե լուծվեն մոտ ապագայում։ Տեսնենք, թե ինչ տարածաշրջանային խնդիրներ կարող են առաջանալ ռուս-ամերիկյան հարաբերություններում, որքան են ամերիկացիներն ու ռուսները պատրաստ փոխըմբռնմանը և սեփական հավակնությունների զսպմանը։
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմքը Եվրոպայի հետ հարաբերություններն ու անդրատլանտյան հարաբերություններն են, և ամերիկացիներն այսուհետ ևս կփորձեն պահպանել ազդեցությունը Եվրոպայի վրա, ավելի գործուն վիճակի բերել եվրոպական զինված ուժերի այլընտրանքային պաշտպանական կառույցները։ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մտադիր են իրականացնել իրենց լայնընդգրկուն նախագիծը և թույլ չտալ ստեղծել եվրոպական-եվրասիական դաշինք Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի միջև, որի համար Եվրոպայում ստեղծվում են պետությունների խմբեր, որոնք կոչված են խոչընդոտ հարուցելու Արևմտյան և Արևելյան Եվրոպայի միջև` լինելով Եվրամիության անգլոսաքսոնական բլոկի և ՆԱՏՕ-ի գործընկերներ։ Արևելյան, Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայում ջանքեր են գործադրվում ավելի քան 150-միլիոնանոց բնակչությամբ համեմատաբար ինտեգրված տարածության ստեղծման համար` ներառյալ այն երկրները, որոնք բազմաթիվ խնդիրներ ունեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Գերմանիայի հետ։ Մի ամբողջ շարք երկրներ` ՈՒկրաինան, Լեհաստանը, Ռումինիան, Բուլղարիան, ինչպես նաև բալթյան երկրները, Մոլդովան և արդեն նաև Բելառուսն ընդգրկվում են մի բլոկի մեջ, որը կոչված է կազմալուծելու ֆրանս-գերմանա-ռուսական ծրագրերը և էներգետիկայի ոլորտի նախագծերը։ Հարավային Կովկասը նույնպես ներառված է այդ նախագծում, կարևոր դեր է խաղում արևելաեվրոպական այդ բլոկի ամրապնդման գործում և, համապատասխանաբար, ներգրավված է ԱՄՆ-ի և Ռուսաստանի մրցակցության մեջ։ Հազիվ թե եվրոպական այդ խաղում Հարավային Կովկասի դերը բավականաչափ մեծ լինի ռազմագործառական ծրագրերի առումով, բայց էներգամատակարարման հարցում տարածաշրջանի դերը, այսպես թե այնպես, կպահպանվի, թեկուզ և սահմանափակ շրջանակներում։ Չնայած Հարավային Կովկասը «ծայրամասային» դեր է խաղում և խաղալու է միջազգային քաղաքականության մեջ, այն ուշադրությունը, որ կնվիրվի տարածաշրջանին, բավարար կլինի այդ պետությունների համար` խաղալու իրենց խաղերն ու ստանալու քաղաքական իրենց շահը։ Եվրոպական քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների ճակատագրում որոշիչ դեր կխաղա մոտ և միջնաժամկետ հեռանկարում, սակայն, բացի եվրոպական ուղղությունից, կան նաև այլ ուղղություններ, որոնք կարող են կարևոր դեր խաղալ տարածաշրջանի ճակատագրում։
Ճիշտ չէր լինի Թուրքիան և թրքական շատ խնդիրներ շաղկապել եվրոպական ուղղության հետ, թեև Թուրքիան, անտարակույս, կմնա եվրոպական քաղաքականության ուղեծրում։ ՈՒ չնայած Հարավային Կովկասը եվրոպական խնդիրների միջոցով ներքաշված է Թուրքիայի հետ կապված խնդիրների մեջ, այդուամենայնիվ, Թուրքիան հանդես է գալիս որպես միջազգային քաղաքականության լիովին ինքնուրույն «բևեռ», իսկ Թուրքիայի խնդիրների առնչությամբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները հանդես են գալիս իբրև Եվրոպայից էապես կտրված տարածաշրջանային խնդիր։ ԱՄՆ-ը փուլ առ փուլ մշակում է Թուրքիայի զսպման դոկտրինը և աշխատում է ավելի ակտիվորեն օգտվել մի շարք տարածաշրջանային խնդիրներից` Թուրքիայի շրջափակման և մեկուսացման համար։
ԱՄՆ-ը մի կողմից ակտիվորեն դիմակայում է Թուրքիայի նվաճողամտությանը, մյուս կողմից չի սահմանափակում նրա նկրտումները, հուսալով, որ Անկարայի շահերը կբախվեն տարածաշրջանային խոշոր պետությունների դիրքորոշումներին, այդ թվում` Ռուսաստանի։ ԱՄՆ-ը ձգտում է Թուրքիան ներքաշել Հարավային Կովկասում տեղի ունեցող քաղաքական գործընթացների մեջ կամ, ավելի ճիշտ, չի խանգարում նրա փորձերին` ապահովելու իր ռազմաքաղաքական ներկայությունը տարածաշրջանում, նպատակ ունենալով նրա հակադրությունը Ռուսաստանին, բայց, միաժամանակ, ավելի սկզբունքային , ռազմավարական հեռանկարում ձգտում է խոչընդոտներ հարուցել տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության ճանապարհին։ Այդ առաջադրանքի կատարումը նշանակում է օգտագործել հայկական գործոնը` դեպի Կովկաս Թուրքիայի ճանապարհին հուսալի «կողպեք» ստեղծելու համար։ Միաժամանակ, ԱՄՆ-ը մտադիր չէ նպաստել Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի մերձեցմանը։ Ռազմավարական հեռանկարում (եթե ճիշտ հասկանալու լինենք ռազմավարության ժամանակային, տարածական և իմաստային չափանիշները) ԱՄՆ-ը և Ռուսաստանը, ինչպես նաև Եվրոպայի առաջատար և այլ պետություններ, թրքական հարցում կգան ընդհանուր հայտարարի, ինչպես այժմ դա տեղի է ունենում Իրանի և Չինաստանի առնչությամբ։ Ընդ որում, եթե Իրանը վաղ թե ուշ համարվի Արևմտյան ընկերակցության առավել հուսալի գործընկեր, ապա Թուրքիան սպառնալիք կդառնա տասնամյակներ շարունակ, իսկ նրա ներկա հարաբերությունները Արևմուտքի հետ շուտով հօդս կցնդեն։ Բայց մոտ ապագայում ԱՄՆ-ը կձգտի եթե ոչ ընդհարում, ապա շատ թե քիչ առճակատում հիշեցնող հարաբերություններ հրահրել Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Դա առավել բացահայտ կդրսևորվի էներգամատակարարման ոլորտում, բայց այդ քաղաքականությունը կարող է ի հայտ գալ նաև այլ ուղղություններում։ Թուրքիայի հանդեպ ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքականությունը նկատելիորեն տարբերվում է եվրոպացիների քաղաքականությունից, որոնց մտահոգում է, նախ և առաջ, Թուրքիայի առջև Եվրամիության դուռը փակ պահելու խնդիրը։ ԱՄՆ-ը և Ռուսաստանը ձգտում են (և դրա համար հնարավորություններ կան) խիստ խորամանկամիտ, հաճախ ամբոխավարական խաղ խաղալ Թուրքիայի հանդեպ։ Նրանք ենթադրում են, թե իրենք շահեկան դիրք են գրավում և կարող են օգտագործել Թուրքիայի վարքագիծն ու դրությունը, ինչպես նաև եվրոպական ու մերձավորարևելյան ուղղությամբ նրա արտաքին քաղաքականության դժվարությունները։ Հաշվի առնելով Բալկաններից մինչև Կենտրոնական Ասիա ընկած տարածությունում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ռազմավարական մի շարք խնդիրների առկայությունը, կարելի է ենթադրել, որ «թրքական մեծ խաղը» կդառնա ասպարեզներից մեկը, ուր երկու տերությունները կարող են բազմաբարդ քաղաքականություն իրականացնել։ Հարավային Կովկասը նոր դեր է ձեռք բերել ԱՄՆ-ի և Ռուսաստանի փոխհարաբերություններում, այսինքն` ստացել է նոր նշանակություն` «թրքական մեծ խաղի» կապակցությամբ։
«Թրքական խաղին» շատ նման կլինի «իրանական խաղը», որտեղ, ի տարբերություն «թրքականի», Եվրոպան պակաս նշանակալի դեր է խաղում, բայց որը մեծանում է եվրոպական-եվրասիական ալյանսի ստեղծման կապակցությամբ։ Իրանի առնչությամբ ռուս-ամերիկյան հարաբերություններն ավելի լարված են, և այդ լարվածությունը կպահպանվի նաև ապագայում։ Իրանը, այսպես թե այնպես, կվերանայի իր գերակայություններն ու կփորձի կառուցել ավելի բազմակողմանի քաղաքականություն, հաշվի առնելով տեխնոլոգիաների և սպառազինությունների ավանդական մատակարարներից, նախ և առաջ Ռուսաստանից, իր կախման նվազեցումը։ Իրանը կձգտի կարգավորել հարաբերությունները Եվրոպայի առաջատար պետությունների հետ, ինչպես նաև մերձենալ Չինաստանի և Հնդկաստանի հետ։ Անշուշտ, Իրանին կհաջողվի ապահովել իր անկախությունն ապագայում, ինչը լուրջ խնդիրներ կառաջացնի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Ռուսաստանի համար, և կհանգեցնի ընտրության անհրաժեշտությանն իրանական վերնախավի համար, որը կնախընտրի զարգացնել հարաբերություններն ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը ռազմավարական լուրջ սխալ է թույլ տվել Իրանի հանդեպ` այնքան միարժեքորեն բռնելով Արևմտյան ընկերակցության հետ միաբան դիրք։ Դա ապագայում ԱՄՆ-ի համար կպայմանավորի Իրանի վրա ազդեցության մեծ հնարավորություններ, ինչը ռուս-ամերիկյան հարաբերություններում լրացուցիչ խնդիրներ կառաջացնի։ Ներկայումս, չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող թշնամական հարաբերություններին, գցվում են ԱՄՆ-Իրան-Ռուսաստան «եռանկյան» ապագա հարաբերությունների հիմքերը, երբ Իրանն ավելի հավասարակշիռ և չափավոր դիրք կբռնի։ Իրանա-ամերիկյան հարաբերությունների նույնիսկ աննշան բարելավումը մեծ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի համար և աշխարհաքաղաքական նոր իրավիճակ կստեղծի Թուրքիայի շուրջ, երբ ԱՄՆ-ի համար ավելի նպաստավոր պայմաններ կառաջանան։ Նկատի առնելով այդ հեռանկարը, Իրանի դերը Հարավային Կովկասում ավելի նախընտրելի կդառնա, կբացառվեն սահմանափակումները Հարավային Կովկասի պետությունների հետ Իրանի քաղաքական, ռազմական և տնտեսական հարաբերություններում։ Իրանը կաշխատի շատ արագորեն իր ազդեցությունը տարածել Հարավային Կովկասի վրա, կդառնա Թուրքիայի ու Ռուսաստանի դուրսմղման և դիրքերի սահմանափակման գործոն։ Թուրքիա- Ռուսաստան-Իրան աշխարհաքաղաքական «եռանկյան» շրջանակներում կողմերն ավելի իրավահավասար դիրք կգրավեն, ինչը, անկասկած, կնպաստի ԱՄՆ-ի դերին` որպես տարածաշրջանի «երրորդ ուժի»։
ԱՄՆ-ի «ուղեղային» կենտրոնների վերլուծական «արտադրանքում» Կենտրոնական Ասիան և Կովկասը դիտվում են որպես միասնական տարածաշրջան, ուր նկատվում են միանման գործընթացներ և օրինաչափություններ։ Ռազմավարական առումով Հարավային Կովկասը նախկինում ավելի գերակա, նախընտրելի դիրք էր գրավում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ, բայց ժամանակի ընթացքում Հարավային Կովկասի գործառույթի նշանակությունը նվազեց, և Կենտրոնական Ասիան առանցքային տեղ գրավեց ԱՄՆ-ի եվրասիական ընդհանուր քաղաքականության մեջ։ Կենտրոնական Ասիան դարձավ կարևոր շրջան Չինաստանի համընդհանուր զսպման քաղաքականության իմաստով, Խաղաղ օվկիանոսը, Հեռավոր Արևելքը, Հարավարևելյան Ասիան, Հարավային Ասիան ընդգրկող վիթխարատարած գոտու կազմավորման գործում։ Հենվելով Կենտրոնական Ասիայում իր ներկայության վրա` ԱՄՆ-ն ստեղծում է եվրասիական ուղղությունում Չինաստանին հակադրության ճակատ, և Աֆղանստանի ու Պակիստանի խնդիրները, վերջին հաշվով, կապված են Չինաստանի խնդրի հետ։ ԱՄՆ-ը կորցրել է պայմանականորեն արժեքավոր ժամանակը և, ձգտելով Կենտրոնական Ասիայից դուրս մղել Ռուսաստանին, կարծես չնկատեց, որ Չինաստանն է լուրջ նվաճողամտություն հանդես բերում տարածաշրջանում։ Մի շարք ամերիկացի ու եվրոպացի վերլուծաբաններ, մտորելով Ռուսաստանի և Չինաստանի խնդրի մասին, նախընտրում են ռուս-ամերիկյան համագործակցության հեռանկարը` չինական սպառնալիքի դեմ հանդիման։ Այս թեման ապագայում առանցքայինը կդառնա ամերիկացի քաղնախագծողների մշակումներում, բայց ԱՄՆ-ում այնքան մեծ է հակառուսական տրամադրությունների լիցքը, որ, շատ հնարավոր է, անգամ միջնաժամկետ հեռանկարում ռուս-ամերիկյան այդ ալյանսն այդպես էլ չկայանա։ Եթե ԱՄՆ-ը կարողանա ստեղծել Չինաստանի զսպման համակարգ առանց Ռուսաստանի աջակցության կամ օգնության, ապա նա կնախընտրի շարունակել իր գործը Եվրասիայում` առանց ռուսների հետ լուրջ փոխհամաձայնության։ Այսպես թե այնպես, Եվրասիայում Չինաստանի հետ ԱՄՆ-ի առճակատման ուժեղացման պայմաններում անգամ ամերիկացիները կջանան չմոռանալ Կենտրոնական Ասիայից և Եվրասիայի այլ ներքին շրջաններից Ռուսաստանի դուրսմղման խնդիրը։
Ներկայումս ոչ մի նախադրյալ չկա, թե ԱՄՆ-ը որևէ զիջում է անում Ռուսաստանին ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում։ Ամերիկացիները փոխել են գերակայությունները, բազմանշանակ դադար են առել, բայց դա չի նշանակում, թե այդ տարածաշրջաններում նրանք իրենց հետաքրքրությունները կորցրել են։ Ավելին, Բալկաններ-Սև ծով-Կովկաս, Կասպից ծով-Կենտրոնական Ասիա անծայրածիր տարածությունում` հարավային շրջաններով հանդերձ, իրականացվում է ավելի ցցուն ու ձևավորված քաղաքականություն, որին մասնակից են նաև Կենտրոնական և Արևելյան Ասիայի պետությունները, ակտիվացել են բալկանյան երկրները, տարածաշրջանի խնդիրներին ավելի ու ավելի է մոտեցվում Հնդկաստանը։ Ավելի իմաստավորված և որոշակի են դառնում Ռումինիայի, Բուլղարիայի, Հայաստանի, ՈՒզբեկստանի, Ղազախստանի խնդիրները, ավելի մեծ չափով է զգացվում քրդական գործոնի նշանակությունը, այդ խնդիրների անկապտելի մասն է դառնում Պակիստանը։ Բարաք Օբամայի վարչակազմը, Ջորջ Բուշի մտադրությունների հետքով, ձգտում է ստեղծել աշխարհատնտեսական ճեղքման վիթխարի կառուցվածք, երբ Կենտրոնական Ասիան մի շարք խնդիրների գծով պետք է միասնանա Հնդկաստանի հետ։ Հնդկաստանի կողմից Կենտրոնական Ասիայի էներգետիկ և հանքային պաշարների օգտագործումը թույլ կտա ինչ-որ չափով սահմանափակել Չինաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Այդ տարածաշրջանը շատ հեռու է ԱՄՆ-ից, ամերիկացիներին չեն հետաքրքրում նրա պաշարներն իրենց կարիքների համար, և Հնդկաստանի դերը կարող է առանցքային դառնալ Չինաստանի և Ռուսաստանի հետ մրցակցության դաշտում։ Կենտրոնական Ասիան համակարգային աշխարհաքաղաքական նշանակություն է ստանում ԱՄՆ-ի և ավելի օրախնդիր ասպարեզ` ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիմակայության համար։ Հարավային շրջաններից և ոչ մեկն այդքան մեծ ազդեցություն չի գործում Հարավային Կովկասի վրա` այստեղ ԱՄՆ-ի, իսկ որոշ ժամանակ անց նաև Չինաստանի շահերի ծավալման կապակցությամբ։ Հարավային Կովկասը, որոշ չափով կորցնելով իր ռազմական (և այլ) տարանցման նշանակությունը, շուտով նոր հնչողություն կստանա և Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա հանգույցում ստորադաս դեր կստանձնի։
ԱՄՆ-ը հերթական անգամ արգելակել է Սև ծովում իր քաղաքականության իրականացումը, որը հետևանք է գերակայությունների փոփոխման, սակայն սևծովյան ավազանը մնում է ամերիկյան քաղաքականության կիզակետում։ ԱՄՆ-ը ձգտում է այդ նախագծի առնչությամբ շահա-գրգռել բալկանյան պետություններին և Հարավային Կովկասի երկրներին, ինչպես նաև ՈՒկրաինային, նպատակ ունենալով Թուրքիայի դերի թուլացումը։ Սև ծովը շատ յուրահատուկ է իր աշխարհաքաղաքական ուրվագծով, և ԱՄՆ-ն ի վիճակի չէ այդ տարածաշրջանում առաջ տանելու իր ռազմավարությունը` առանց հարակից աշխարհաքաղաքական խնդիրների լուծման։ ԱՄՆ-ին չի հաջողվում Սև ծով-կովկասյան հուսալի միջանցք կորզել, և ներկա տեսքով այդ տարանցման ուղղությունը շատ խոցելի է ամերիկյան նպատակների համար։ Այդ խնդրի լուծման նպատակով ԱՄՆ-ը կարիք ունի տեխնիկական նվաճումների, Բալկաններում և Հարավային Կովկասում նոր ռազմավարության ծավալման, ինչը ենթադրում է այդ տարածաշրջանի պետությունների արտքաղաքական գերակայությունների փոփոխություն։ Դա, անշուշտ, ենթադրում է նաև ռուս-ամերիկյան առճակատման ու մրցակցության սաստկացում, թեև առանձին հարցերում ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են և համագործակցել։
Այսպիսով, անգամ մերձավոր աշխարհաքաղաքական շահերի առնչությամբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ունեն հեռահար մտադրություններ, ինչը կհանգեցնի մրցակցության և առճակատման հերթական փուլերի։ Էլ չենք խոսում Ռուսաստանից շատ ավելի հեռու ընկած տարածաշրջանների մասին` Մերձավոր Արևելք, Աֆրիկա, ուր Ռուսաստանը երրորդական դեր է խաղում, գլխավոր հարցը ԱՄՆ-ի ու Չինաստանի պայքարն է, բայց Ռուսաստանն էլ կարող է ներառվել համակարգային առճակատման մեջ` որպես ամերիկա-չինական մրցակցության «երկրորդ» խաղացող։ Այդ իրավիճակը խիստ վտանգավոր է Հայաստանի համար, բայց կարող է ավելի քան նպաստավոր դառնալ, ինչը կախված է նրա քաղաքականությունից։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ