ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԵԹԵ ՈՒԺՈՎ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ, ԿՍՏԱՑՎԻ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒԺՈՎ»

«ԵԹԵ ՈՒԺՈՎ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ, ԿՍՏԱՑՎԻ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒԺՈՎ»
21.01.2011 | 00:00

Տխրահռչակ «Խաղաղության տորմիղի» ակտիվիստներն արդեն վաղուց ցրվել են իրենց տները, իսկ մարդասիրական բեռը, որը նրանք աճապարում էին ամեն գնով հասցնել «Գազայի աղետյալ եղբայրներին», «բարեհաջող» նեխում է պահեստում։ Դեռ ավելին, Իսրայելի կառավարությունը, փաստորեն, ինքը «խարխլեց շրջափակումը»` ընդունելով նոր սահմանափակումներ, որոնք չեն շոշափում քաղաքացիական բնակչության շահերը (նկատենք, որ տորմիղի հետ կապված միջադեպից անմիջապես հետո Թել Ավիվն առաջարկում էր վերահսկողության լիազորությունները հանձնել Եգիպտոսին, սակայն Կահիրեն, որն իր հերթին բարդ հարաբերությունների մեջ է «Համասի» հետ, գերադասեց ձեռնպահ մնալ այդ առաջարկությունից)։
Թուրքական իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում հանդարտվել և խուսափել վերջին ժամանակներս սովորական դարձած «յաթաղան ճոճելուց»։ Օր չկա, որ նոր հայտարարություն չհնչի` Իսրայելի, Երուսաղեմի, Գազայի, տորմիղի, Ալ Աքսայի և այլնի առնչությամբ։ Արդեն հետ է կանչվել թուրք դեսպանը, թուրքերը պատժամիջոցներ են մտցրել իսրայելական ինքնաթիռների նկատմամբ, դադարեցվել են ռազմական գործարքները երկրների միջև, չեղյալ են հայտարարվել համատեղ զորավարժությունները (օրերս Թուրքիայի պաշտպանության նախարարությունն Իսրայելի պաշտպանության բանակին իրազեկել է Միջերկրականում օգոստոսին նախատեսված համատեղ որոնողափրկարարական զորավարժություններից հերթական անգամ հրաժարվելու որոշման մասին)։ Թուրքիայի խորհրդարանն արդեն քանիցս աշխուժորեն քննարկել է Իսրայելի դեմ «պատժամիջոցները» խստացնելու հեռանկարները, այդ թվում և` իսրայելցի զբոսաշրջիկներին վիզաներ տրամադրելը, անվտանգության, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտի բոլոր նախագծերի սառեցումը, Թել Ավիվում թուրքական դեսպանության փակումը և այլն։ Թուրքական տվյալների համաձայն` իր «սկզբունքային դիրքորոշումից» Թուրքիայի վնասը հենց միայն զբոսաշրջության բիզնեսում արդեն կազմել է մոտ 400 մլն ամերիկյան դոլար և շարունակում է աճել, քանի որ թուրքական առողջավայրերի հյուրանոցները հարկադրված են կտրուկ նվազեցնել իրենց ծառայությունների գները (մեկ գիշերվա համար 70 թուրքական լիրայից մինչև 40 լիրա), ինչը պայմանավորված է պահանջարկի կտրուկ անկումով։
Այդուհանդերձ, ասես չտեսնելով այդ ամենը, Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարն Իսրայելից վերստին պահանջում է անհապաղ ներողություն խնդրել և հավաստիացնում է, որ հակառակ դեպքում Անկարան լիովին կխզի դիվանագիտական հարաբերությունները։ Բացի այդ, Դավութօղլուն վերստին դիպել է Իսրայելի համար անչափ ցավոտ կետի` հայտարարելով, թե «Երուսաղեմը Թուրքիայի ազգային հարցն է», և «կգա օրը, երբ խաղաղություն կտիրի, ու Երուսաղեմը կդառնա Պաղեստինի մայրաքաղաքը»։ «Մահմեդականների պաշտպանի» դերում իր վարժանքները չի դադարեցնում նաև վարչապետ Էրդողանը, որն ասում է, թե իրեն «ձանձրացրել է Իսրայելի ստահոդությունը» և նախազգուշացնում, թե «իր նոր Թուրքիան երիտասարդ երկիր չէ` առանց արմատների», որպիսին ենթադրաբար հանդիսանում է Իսրայելը (ուշադրություն դարձրեք «առանց արմատների» կոդային բառերին)։ Մոռանալով ժամանակավոր կարգավիճակի և ամբողջ Եվրոպայի անունից հանդես գալու պարտականությունների մասին, իր ղեկավարին ձայնակցում է նաև Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Չավուշօղլուն. «Նախ, Իսրայելը պետք է ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի իր գործողությունների համար։ Այդպիսիք են Թուրքիայի պայմանները», և երկրորդ, նրա կարծիքով, «դա միջազգային խնդիր է»։ Ի դեպ, «միջազգային» բառն ակնհայտորեն վերապահում չէ. Դավութօղլուն բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է Իսրայելին մեկուսացնելու միջազգային քաղաքականություն վարել։ Ավելի «մեղմ» Գյուլն իր հերթին տրտնջում է, թե Թուրքիայի և Իսրայելի փոխհարաբերությունները ոչ մի կերպ չեն կարգավորվի` Իսրայելի կոալիցիոն կառավարության ներքին պառակտման պատճառով («թուրքական հարցում» սրվել են ներհակությունները վարչապետ Նեթանյահուի և արտաքին գործերի նախարար Լիբերմանի միջև)։ Թուրքիայի նախագահը կարծում է, թե իսրայելցիներն «ընդունակ չեն խելամիտ գործողություններ ձեռնարկելու», և մատնանշում է այն հանգամանքը, որ «Իսրայելն ակներևաբար ուզում է խզել հարաբերությունները Թուրքիայի հետ»։
Իսկ ըստ Անկարայի` որո՞նք պետք է լինեն Թել Ավիվի «խելամիտ գործողությունները»։ Պարզվում է` Թուրքիան Իսրայելից պահանջում է կատարել հինգ պահանջ. պաշտոնապես ներողություն խնդրել տորմիղը ճանկելու համար, փոխհատուցումներ վճարել զոհվածների և տուժածների ընտանիքներին, միջազգային հետաքննություն անցկացնել, լիովին վերացնել Գազայի վերահսկվող հատվածի շրջափակումը, ինչպես նաև վերադարձնել զավթած նավերը։ Նկատենք, որ ԱՄՆ-ը, ի պատասխան այս պահանջների, Թուրքիային նախազգուշացրել է վերջինիս համար միջազգային հանձնաժողովի աշխատանքի հնարավոր բացասական հետևանքների մասին։ Դեռ ավելին, նույնիսկ այն բանից հետո, երբ իսրայելցիները, հավանաբար իրենց իմաստունների պատգամի համաձայն, թե «իսկական հերոսը նա է, ով զսպում է իր պոռթկումները», բանակցություններ նախաձեռնեցին Բրյուսելում (ըստ այլ վարկածի` որպես հանդիպման նախաձեռնող հանդես էր եկել Թուրքիան), թուրքական գրգռիչ հռետորաբանությունը սոսկ բարձրացրել է շիկացման աստիճանը։ Հաջորդեցին «գլխավոր հակաթուրքի»` Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի բացահայտ վիրավորանքներն ու նոր վերջնագրերը. «Մենք այնքան էլ շատ ժամանակ չունենք և մտադիր չենք երկար պատասխանի սպասել Թել Ավիվից», և եթե ներողություն չհնչի, ապա «հարաբերություններն այլևս երբեք չեն վերականգնվի»։ Ահա այսպես` լիակատար համոզվածությամբ և առանց դույզն-ինչ կասկածի։
Այնինչ թուրքերն ասես չեն էլ նկատում, որ այդ ամենն ակներևաբար նշանակում է չափն անցնել ինչպես պահանջներում, այնպես էլ գործելու եղանակներում, և որ Իսրայելի իշխանությունները ոչ մի պարագայում չեն կարող դրանք բավարարել։ Ինչպես և սպասելի էր, Իսրայելի վարչապետի պատասխանը միանշանակ էր. «Այստեղ ներողություն խնդրելու բան չկա։ Մեր զինվորները հարկադրված էին պաշտպանվել, որ ինքնադատաստանի չենթարկվեն»։ Եվ դա, ըստ երևույթին, գերակշռող կարծիք է Իսրայելում։ Դեռ ավելին, ինչպես հրեական մամուլն է նշում, «այն, ինչ շարքային իսրայելցին արդեն վաղուց է հասկացել և որոշում է ընդունել բոյկոտել թուրքական առողջավայրերն ու թուրքական ապրանքները, վերջապես հասկացան նաև իշխանությունները»։ Նկատենք, որ վերջին ժամանակներս այնտեղ բոյկոտի նոր ձև է ծնունդ առել` «սպառողական», և այն հաղորդումները, որ թուրքական առողջավայրերի ու ապրանքների բոյկոտումը զգալի վնաս է հասցնում այդ երկրի տնտեսությանը, անկեղծորեն ուրախացնում է իսրայելցիներին։ Ի դեպ, Իսրայելի արդյունաբերողների ընկերակցությունում հայտարարում են, որ նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների խզման դեպքում տնտեսական կապերի խզումը, որոնց ծավալը հասնում է 3,5 մլրդ դոլարի, անիրական է, համենայն դեպս, մոտ ապագայում։ Մասնավորապես զենքի ոլորտում անչափ շատ պայմանագրային պարտավորություններ են դրված ինչպես իսրայելցի, այնպես էլ թուրք ձեռնարկատերերի վրա, ընդ որում, ոչ միայն միմյանց հանդեպ, այլև միջազգային գործընկերների։ Այդուհանդերձ, փորձագետների կարծիքով, Թուրքիայի նոր իսլամիստական և մոլեգին հակաիսրայելական արտաքին քաղաքականությունը «տարօրինակ կերպով ազատագրող ազդեցություն կունենա Իսրայելի վրա»։ Իսրայելն այժմ պետք է իր համար պարզի, անկախ այն բանից, ինքը կգործի զսպված, թե ողջ զորությամբ, միևնույն է, բացասական հակազդեցության կհանդիպի ոչ վաղ անցյալի գործընկերոջ կողմից։ ՈՒրեմն ինչո՞ւ չներկայանալ իբրև ուժեղ և ամեն անգամ ներողություն խնդրելու մտադրություն չունեցող երկիր` ստիպելով իրեն հարգել։ Ինչպես ազգային նշանաբան դարձած հրեական ասույթն է փաստում` «Եթե ուժով չի ստացվում, կստացվի ավելի մեծ ուժով»։
Այդուհանդերձ, Իսրայելի և Թուրքիայի միջև ծագած վեճն ակներևաբար հետզհետե ավելի կբորբոքվի, և դա բնավ էլ պահակախմբի վրա ձեռնարկված հարձակման հետևանք չէ։ Երկու երկրների միջև ծագած դիմակայությունը զգալիորեն սրվել է վերջին տարիներին և ակնհայտորեն ոչ թե պատահական, այլ լավ մտածված համակարգային բնույթ է կրում։ Պատճառը բնավ էլ այն չէ, որ թուրքերը հիշել են «պաղեստինցի եղբայրներին», ոչ էլ այն, որ Գազայում նորածին մանչուկներին սկսել են անվանել Էրդողանի անունով. այդ ամենը մանրուք է, թեպետ, թուրքերին հաճելի։ Անհամեմատ ավելի կարևոր է այն, որ Անկարայում իշխող «նոր օսմաններին» միայն հակահրեական ալիքի վրա է հնարավոր միավորել և Թուրքիայի շուրջ համախմբել Մերձավոր Արևելքը։ Էրդողանի վերջերս ձեռնարկած բոլոր քաղաքական քայլերն ստիպում են ենթադրել հենց դա։ Թուրքական և ռուսական աղբյուրների համաձայն` գոյություն ունի Եվրամիությանը համարժեք Արևելյան միություն ստեղծելու հեռահար պլան։ Այդ միության գաղափարախոսների կարծիքով, որոնցից գլխավորը Դավութօղլուն է, «նման կազմակերպության ղեկավարի դերում Թուրքիայի հանդես գալը կլիներ Օսմանյան կայսրության յուրատեսակ վերականգնում»։ Ընդ որում, Թուրքիայի ախորժակը տարածվում է ոչ միայն հարևանների վրա։ «Նոր օսմանների» կարծիքով, իրենք ոչ միայն Օսմանյան, այլև Բյուզանդական կայսրության ժառանգորդներն են։ Իրենց աղճատված աշխարհընկալմանը համապատասխան` «Արևելյան միությունը կարող է տարածվել նաև Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս` միավորելով իր վաղնջական տարածքները Ջիբրալթարից մինչև Դանուբ», ներառելով Բյուզանդիայի մահմեդական և ուղղափառ նահանգները, այն է` Ալբանիան ու Սերբիան, Մակեդոնիան ու Չեռնոգորիան, նույնիսկ Ռումինիան և Վրաստանը։ Իսկ այնուհետև, առհասարակ, կարելի է ընդհանրապես ախտորոշում անել. «Օսմանյան կայսրության բաղկացուցիչ մասերը, որոնք, ասես, անդամահատվել էին նրան պարտադրված անկախությամբ, չկարողացան դառնալ լիարժեք պետություններ»։ Ահա այսպես. ասես, չի եղել եվրոպական ժողովուրդների պայքար, չեն եղել զոհեր ու արյան գետեր։ Մոռացված է նաև այն, որ արաբներն էլ են պայքարել օսմանների դեմ, և խնդիրն այստեղ բնավ էլ այն չէ, որ «արաբական ապստամբությունը բարձրացրել էր անգլիական հետախուզության փայլուն գործակալ Լոուրենս Արաբացին»։ Պատահական չէ, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի` Վաշինգտոն ձեռնարկած այցի նախօրեին տեղի են ունեցել Սաուդյան Արաբիայի Աբդալլա թագավորի բանակցություններն ԱՄՆ-ի նախագահի հետ։ Դրանց ընթացքում հանկարծ վերհիշել են մերձավորարևելյան խաղաղ կարգավորման պլանի մասին, որը ժամանակին առաջարկել էր Աբդալլան։ Ընդ որում, Էր Ռիադը չի թաքցնում իր անհանգստությունը տարածաշրջանում Սիրիայի և Իրանի և այդ միությանը հարած Թուրքիայի ազդեցության աճի առնչությամբ։
Դեռ ավելին, ակնհայտորեն չեն արդարանում Օբամայի հետ Անկարայի կապած հույսերը, թեև մինչև վերջերս թուրք քաղաքական գործիչները հայտարարում էին, թե «Թուրքիան որևէ ճնշում չի զգում ԱՄՆ-ի կողմից, դեռ ավելին, հիմա մենք ենք ճնշում գործադրում ԱՄՆ-ի վրա»։ Քաղաքական դիտորդները, որոնք նախկինում ենթադրում էին, թե նախագահ Օբաման հազիվ թե մեկ անգամ ևս համարձակվի վարչապետ Նեթանյահուին ցույց տալ իր դժգոհությունն Իսրայելի քաղաքականությունից, իրավացի դուրս եկան։ Մոտենում են միջանկյալ ընտրությունները, իսկ նախագահի և ամբողջ ժողովրդավարական կուսակցության վարկանիշն առանց այդ էլ ցածր է։ Իսրայելամետ տրամադրություններն ուժեղ են ոչ միայն հանրապետական կուսակցությունում, այլև ժողովրդավար օրենսդիրների, ինչպես նաև ընտրողների մեծամասնության շրջանում` անկախ կուսակցական պատկանելությունից։ Այն դեպքում, երբ Օբաման պնդում է, որ դադարեցվի հրեական բնակավայրերի շինարարությունը Երուսաղեմի արևելյան մասում և Հորդանանի արևմտյան ափին, առնվազն 40 ամերիկյան կազմակերպություն շարունակում է փող հանգանակել հրեա վերաբնակների համար։ Դեռ ավելին, առաջատար նոր պահպանողական քաղաքագիտական կենտրոնը Թուրքիային դատապարտել է «հակահրեական չարախոսությունների» համար, վարչակազմին կոչ արել դադարեցնել համագործակցությունը Թուրքիայի հետ և հեռացնել նրան ՆԱՏՕ-ից։ Պրոֆեսոր Էլիոտ Կոգանը գրում է, որ «իսլամական վարչակարգի, Եվրոպայի կողմից մերժվելու դժգոհության և նոր օսմանության գաղափարախոսության զուգակցումը, որը Թուրքիային ներկայացնում է իբրև առաջատար տերություններից մեկը Մերձավոր Արևելքում, Թուրքիան դարձրել է թշնամական ինչպես Իսրայելի, այնպես էլ Ամերիկայի համար»։
Այնպես որ, «օսմանական ուղին», անշուշտ, պատված չի լինի վարդերով։ Այն, անտարակույս, Թուրքիային, եթե վերջինս «խելքի չգա», կտանի հայտնի չէ թե ուր, եթե ոչ անդունդ։ Իսկ առայժմ Թուրքիայի իշխանությունները տարված են իրենցով, իրենց պլաններով ու իրենց փրկչարարությամբ։ Մեկուկես դար առաջ Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինը, բրիտանացի դիվանագետի հետ զրուցելիս, Թուրքիան բնորոշել էր որպես «Եվրոպայի հիվանդ մարդ»։ Այսօր այդ պիտակն ավելի քան լավ է բնորոշում Օսմանյան կայսրության ժառանգորդին։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ