Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Soli Deo Gloria

Soli Deo Gloria
22.11.2011 | 00:00

Միայն Աստծունն է փառքը. տաճարի տակ եթե քո անունը գրես, կփլվի։
Անցած շաբաթվա քաղաքական իրադարձություններն ու դրանց արձագանքները (բնականաբար` ՀՀ-ում) բավականին աշխույժ էին, ժողովրդական բանահյուսությամբ հագեցած։ Վերջապես պարզեցինք, որ պայթյունա-վտանգ այս տարածաշրջանում մեզ համար օրախնդիրը (առանց չափազանցության) վարչապետի խմել-չխմելն է, նախարարներից մեկի iPad-ով «շարիկ» գլորելը, ով ում երբ որտեղ մի «մուշտի» հասցնելը։ Աշխարհում առաջինը հայտնագործեցինք ու ազդարարեցինք` միայն երկրի նախագահը չէ, որ «բարձր հովանի» է, այլև ամեն ոք, ով...
«Կարդացի՞ք», «Արմենիա-TV-ով տեսա՞ք», «You Tube-ով նայեցիք ու համոզվեցի՞ք» հարցերն էին շաբաթվա սկզբին ու վերջին ռմբահարում հայ հանրությանը բոլոր կողմերից։ Իսկապես, մեծ աղմուկ ոչնչից։
Երբ Բորիս Նիկոլաևիչը ժամանակին ճաշի գդալներով փորձում էր «նվագել» միջինասիական նախագահներից մեկի գլխին, Ռուսաստանում «ըմբռնումով մոտեցան» կատարվածին ու ողբերգություն չսարքեցին, թե պարոն Ելցինն այնպես էր հարբել, որ ինքնամոռաց թխկացնում էր Ակաևի խոնարհաբար մատուցած լերկ գագաթին։
Բայց մենք ռուս չենք։ Հետևաբար, մեր տարերքին հարազատ պետք է ալեկոծվեինք ու չեղած, ինչպես կասեր Ներսես ախպարը` «ջիգրներեն» տժվժիկ սարքեինք։ Նախ փորձում էինք պարզել` Տիգրան Սարգսյանը քանի՞ բաժակ ու ի՞նչ էր խմել։ Հետո գլուխ էինք ջարդում, թե վարչապետի պապն ինչո՞ւ է անտեսել (կամ չի սիրել) չխմողներին։
Հույժ կարևոր այս խնդիրները շաղախվում էին «մուշտիների» (անհայտ մնաց` մարզպետը գործողության մեջ է դրել բռո՞ւնցքը, թե՞ քացին), «շարիկների», թույլ սիրտ ունեցողների աչքերից արցունքներ քամող բարեգործությունների (մարդասիրություն քաղաքական ակցիայի մե՞ջ... ըստ Հակոբ Պարոնյանի նույնն է, թե անմեղություն փնտրես սատանայության մեջ) «հոգեցունց» թեմաներով։
Թերևս, արժեր քրքրել (ամբողջ լայնքով ու երկայնքով) բախտորոշ այդ հարցերը, առանց որոնց Հայաստանի ներքաղաքական կյանքը հակառակ հունով կընթանար և շա՜տ տխուր ուրվագիծ կունենար, սակայն բավարարվենք ասվածով և «Իրատես de facto»-աբար արձանագրենք. անցած 7 օրերին քաղաքականությունը ՀՀ-ում իր հիմնական ասպարեզից փախել մտել էր թաղային հատված։ Ինչո՞ւ։ Որովհետև լրատվամիջոցների մատուցմամբ.
ա) ներքաղաքական անցուդարձում, «տաշի՜-տուշի՜»-ներից, ուտել-խմելուց, ծեծկռտուքից և այստեղ-այնտեղ ողորմություն նետելուց զատ, այլ զարգացում չկա։
բ) Եթե այդ է քաղաքականությունը, ապա պարտավոր ենք փաստել` Երևանի ցանկացած թաղում ամեն օր նման քաղաքականություն է իրագործվում։
գ) Շնորհիվ հիշատակված իրադարձությունների ու դրանց առաջացրած ռեզոնանսի` ոմանք առիթ ունեցան երազում կրկին վարչապետական աթոռ տեսնելու։ Ոմանք էլ այնքան հեռուն գնացին, որ բարձրաձայնեցին չունեցած «ատրիբուտների» մասին, մոռանալով հայտնի ճշմարտությունը` Soli Deo Gloria, իմա` միայն Աստծո՛ւնն է փառքը...
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ