ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԱՄԵՆԱԱՐՅՈՒՆԱԼԻՆ ԴԱՌՆԱԼ

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԱՄԵՆԱԱՐՅՈՒՆԱԼԻՆ ԴԱՌՆԱԼ
25.02.2011 | 00:00

Թեև, կարծես, իսլամականների դիրքերը Թուրքիայում ամուր են ինչպես երբեք, այդուամենայնիվ, չլուծված խնդիրները, ինչպես նաև նախկին կարգերից երկրի լիովին չավարտված նահանջը, դեռևս իրենց զգալ են տալիս։ Այսպես, թուրքական ընդդիմության պարագլուխներն Էրդողանի կառավարությանը մեղադրել են բանակը վարկաբեկելու և հունիսին նշանակված խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմությանը լռել ստիպելու ձգտման մեջ։ Նախարարների կաբինետի ղեկավարն այդ պնդումներն անվանել է «հրահրիչ», հայտարարելով, թե իշխանությունը չի միջամտում իրավապահ մարմինների գործունեությանը, ինչում նրան մեղադրում է ընդդիմությունը։
Անկարայում քաղաքական լարվածության հերթական ալիքը բարձրացրին վերջին օրերս ավելի քան 150 գործող և պահեստ արձակված զինվորականների ձերբակալությունը` 2003 թ. հեղաշրջման նախապատրաստման մեղադրանքով, ինչպես նաև երկուշաբթի օրը Ստամբուլի ոստիկանության կողմից ընդդիմադիր «Օդա» հեռուստաընկերության համացանցային կայքի գրասենյակում և նրա չորս ղեկավարների բնակարանում կատարված խուզարկությունները և նրանց կալանավորումը։ Ինչպես հայտնի է, վերջերս Ստամբուլի քրեական գործերի տասներորդ դատարանը, քննելով դավադրության նախապատրաստման մի գործ, որոշում կայացրեց ձերբակալելու 196 դատակոչվածներից 163 զինվորականի։ Նրանցից 133-ը ձերբակալվեցին դատարանի դահլիճում` դատավճռի հրապարակումից անմիջապես հետո։ ՈՒնկնդրումներին չմասնակցած 30 անձի համար ձերբակալության օրդեր տրվեց։ Այնուհետև իշխանություններին հանձնվեց ցամաքային զորքերի առաջին դաշտային բանակի նախկին հրամանատար Չեթին Դողանը, որը, ըստ քննության վարկածի, գլխավորել է խռովարարների խումբը, պլանավորել է հեղաշրջում կատարել։ Նա կալանավորվածների թվում է հայտնվում արդեն երրորդ անգամ։
Մեկնաբանելով զինվորականների ձերբակալությունը, թուրքական լրատվամիջոցները գրում են, որ կալանավորված են զինված ուժերի 301 գործող գեներալներից ու ծովակալներից 30-ը կամ ամբողջ բանակային ղեկավարության 10 տոկոսը։ Նոր ձերբակալությունները կատարվել են Ստամբուլի մերձակա թուրքական ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) բազայում առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո։ «Թիվ մեկ կասկածյալ» Դողանից բացի, ձերբակալվել են նաև Թուրքիայի ՌԾՈՒ նախկին հրամանատար, ծովակալ Օզդեն Օրնեկը և ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Իբրահիմ Ֆըռթընան։ «Թարաֆ» թերթում սուր հրապարակումների հեղինակ, լրագրող Մեհմեթ Բարանսուն չի բացառել, որ շուտով կալանքի տակ կարող են հայտնվել թուրքական բանակի գլխավոր շտաբի նախկին պետեր Իլքեր Բաշբուղը և Յաչար Բյույուքանըթը։ Քննչական մարմիններն առայժմ այս տեղեկությունը չեն մեկնաբանում։
Հիշեցնենք, մեկ տարի առաջ Թուրքիայում, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր լուրջ խաղացողների շրջանում հերթական անգամ տարածվեց մի սենսացիոն նորություն, թե այդ երկրի բարձրագույն զինվորական հրամանատարությունը ոչ հեռու անցյալում կառավարությունը տապալելու ծրագրեր է մտմտացել։ Այն ժամանակ հայտնի է դարձել, որ 2002 թ. իշխանության եկած «Արդարություն և զարգացում» կուսակցության իսլամականների դեմ ուղղված դավադրությունը հասունացել էր դեռ 2003 թ., համաձայն թուրքական կառավարամետ «Թարաֆ» թերթի հրապարակումների` Թուրքիայի զինված ուժերը նախապատրաստում էին «Բալյոզ» («Կռան») անվանումն ստացած մի հատուկ պլան։ Այդ ծրագիրն իրագործելու համար մշակվել են մի շարք գործողություններ` «Չարշաֆ», «Սակալ», «Սուղա» և «Օրաժ» ծածկանուններով։ Ընդ որում, նշվում է, որ «Բալյոզ» պլանում օգտագործվում են նույնպիսի ծածկանուններ, ինչ 20-րդ դարի պետական հեղաշրջման պլաններում։ Փաստաթղթերի բնօրինակները, իբր, ճամպրուկով խմբագրություն է բերել մի ինչ-որ աղբյուր, որը մի ժամանակ ծառայել է Թուրքիայի առաջին բանակում։ Հետագայում թերթի թղթակից Մեհմեթ Բարանսոնը Ստամբուլի դատախազությանն է հանձնել չորս խտասկավառակ` հեղաշրջման ծրագրի մասին լրիվ տեղեկություններով։ Հետաքննություն է սկսվել։
Այդ պլանի համաձայն, իմամների հագուստով գործակալներն ուրբաթօրյա նամազի ժամանակ պետք է պայթեցումներ կատարեին Ստամբուլի խոշորագույն «Ֆաթիհ Ջամիսի» և «Բայազիդ» մզկիթներում, ողջ մնացած հավատացյալներին հրահրեին խռովության։ Բացի այդ, մտադրություն է եղել հարձակում գործելու ռազմական ավիացիայի թանգարանի վրա և «Մոլոտովի կոկտեյլներ» նետել այնտեղ։ Ստեղծված քաոսի և բազմաթիվ զոհերի առկայության փաստի ուղիղ հեռարձակումը, խռովարարների կարծիքով, կապահովեր «անհրաժեշտ տպավորություն` առաջադրված նպատակներին հասնելու համար»։ Բացի այդ, խռովարարները պլանավորել էին ճգնաժամ առաջ բերել Թուրքիայի ու Հունաստանի հարաբերություններում և, հանուն դրա, պատրաստ էին խփելու իրենց ինքնաթիռը Էգեյան ծովի երկնքում. ներկայացնելով այնպես, թե այն, իբր, խփվել է հունական ռազմաօդային ուժերի ձեռամբ (հետաքրքիր է, այդ դեպքում ո՞ւր էր նայելու ՆԱՏՕ-ն)։ Համապատասխանաբար, դրանից հետո կառավարող կուսակցությունն ու իշխանությունը կմեղադրվեին անգործության մեջ, ինչը, վերջին հաշվով, կհանգեցներ զինվորական հեղաշրջման, որից հետո Թուրքիայում ձերբակալությունների ալիք կբարձրանար։ Ըստ թերթի, «Բալյոզ» նախագծում խոսվել է լրագրողների մասին, որոնցից 36-ին պետք է ձերբակալեին, 137-ին` հավաքագրեին։ 36 լրագրողների թվում հիշատակվում են «Ակոս» թերթի նախկին և ներկա խմբագիրներ Հրանտ Դինքի և Էթիեն Մահչուպյանի անունները։ Բացի այդ, ասվում է, որ հայտնաբերված է այն անձանց ցուցակը, որոնց ծրագրվում էր հեղաշրջումից հետո նշանակել վարչակազմերի ղեկավարների պաշտոնում` հների փոխարեն։ Այդ պլանի տակ, իբր, դրված է առաջին դաշտային բանակի նախկին հրամանատար Չեթին Դողանի ստորագրությունը (հետաքրքիր մի փաստ. նրա անվան հետ են կապված 1997 թ. իրադարձությունները, երբ թուրքական բանակն առաջադրեց, այսպես կոչված, «20 պահանջները» և, ի վերջո, տապալեց Նեջմեթդին Էրբաքանի կառավարությունը)։
Թուրքական լրատվամիջոցները հայտարարում էին, որ եթե փաստաթուղթը բնօրինակ է, ապա զինվորականների` «պետության մեջ պետություն», ինչպես նրանց այստեղ անվանում են, դավադրությունը կարող էր ամենաարյունալին դառնալ։ Ինչպես հայտնի է, Թուրքիայի բանակն իրեն համարում է Քեմալ Աթաթուրքի ժառանգության պահապան։ Ընդ որում, մի ծայրաստիճան կարևոր հանգամանք. թուրքական աստիճանակարգի համաձայն, բանակի գլխավոր շտաբի պետը երկրի նախագահից, խորհրդարանի նախագահից ու վարչապետից հետո չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում։ Իր գործունեության մեջ բանակն առաջնորդվում է ներքին ծառայության մասին օրենքի այն հոդվածով, համաձայն որի` «զինված ուժերը պարտավոր են պաշտպանել հայրենիքը և պահպանել նրան այնպիսին, ինչպիսին այն նկարագրված է Թուրքական Հանրապետության Սահմանադրությամբ»։ Համապատասխանաբար, հենց այդ նորմն է նշված որպես «Բալյոզ» պլանի հիմք ու նպատակ։
Այդուամենայնիվ, այն ժամանակ թուրքական գլխավոր շտաբը շտապեց հայտարարել, թե «լրագրի պնդումներն ու դրանց հիման վրա արված մեկնաբանությունները ծառայում են նրանց նպատակներին, ովքեր ձգտում են լարվածություն առաջացնել հասարակության մեջ»։ Դրանից հետո գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը հայտարարեց, թե բանակը իշխանությունը տապալելու ծրագրեր չունի, որ «զինվորական հեղաշրջումների օրերը մոռացվել են, և յուրաքանչյուրն այդ իրադարձություններից իր դասն է քաղել»։ Ընդ որում, նա զայրույթով նշեց, թե «մեր զինվորները մարտի են գնում` գոչելով. «Ալլա՜հ, ալլա՜հ»։ Ինչպե՞ս կարող է նման բանակը ռմբակոծել մզկիթները»։ Իր հերթին գեներալ Չեթին Դողանը նախ խոստովանեց և անգամ փորձեց արդարացնել աղմկահարույց օպերատիվ պլանների նպատակը, խնդիրներն ու իրականացման եղանակները։ Նա նաև ընդգծեց, թե Թուրքիայի գլխավոր շտաբը սկզբից ևեթ տեղեկացված էր բոլոր «ծրագրված միջոցառումների» մասին։ Սակայն հետո նա սկսեց ժխտել իր խոսքերը, «ոչ բարեկամական» լրատվամիջոցներին մեղադրելով դավադրության մեջ։ Նրա ասելով, պլանը մշակվել է «զորախաղերի ժամանակ` վարժական նպատակներով», իսկ հրապարակումը միանգամայն անմտություն և «կեղծիք» է։ Ի դեպ, նկատի ունենալով կառավարությունը, նա հարց է տալիս. «Ո՞վ է շահում նման խոսակցություններից»։ Եվ դրան համահունչ, չթաքցնելով դժգոհությունը, գլխավոր շտաբի ներկա պետ Բաշբուղը հայտարարում է. «Թուրքիայի զինված ուժերի համբերությունը սահման ունի»։ Շատ թափանցիկ ու բովանդակալից ակնարկ է։
Բոլոր նախորդ ու ներկա աղմկալից դեպքերի առթիվ Աբդուլլահ Գյուլը հայտարարում է, թե «Թուրքիայում զինվորական հեղաշրջումն անհնար է, և ժողովրդավարությունն ամրապնդվում է օրեցօր»։ Իշխանահաճո փորձագետները շտապեցին հայտարարել, թե «ճիշտ չէ զինվորական հեղաշրջման պլանը վերագրել երկրի ամբողջ զինված ուժերին»։ Ընդ որում, եթե նման բան հաստատվի, ապա գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից։ Իսկ ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նա արտահայտվեց կոշտ, բայց արդարացի. «Մենք բանդաներին ու անօրինական կազմակերպություններին թույլ չենք տա երկիրը ղեկավարել։ Հիմա մենք աներկյուղ պայքարում ենք մաֆիայի դեմ»։ Ընդդիմությունը, ինչպես հարկն է, գործը սարքովի է համարում, իսկ որոշ դիտորդներ, այդ թվում նաև` երկրի սահմաններից դուրս, այս ամենը գնահատում են որպես «վհուկների որս» և վարչապետին մեղադրում են աթեիստներին ու աշխարհիկ պետության կողմնակիցներին հետապնդելու մեջ։
Արդարացի՞ են, արդյոք, թուրք զինվորականներին հասցեագրված մեղադրանքները։ Դժվար է ասել։ Այդուամենայնիվ, արժե նշել, որ խռովություններն ու դավադրությունները Թուրքիայի գլխավոր շտաբի վաղեմի ու սիրած «զվարճանքներն» են։ Նախկինում բանակը միշտ միջամտել է քաղաքականությանը` ընդհուպ մինչև 1960, 1971 և 1980 թթ. զինվորական հեղաշրջումները։ Վերջին հեղաշրջումը երկրում կատարվեց 1997 թ., երբ գլխավոր շտաբի մի շարք կոշտ հայտարարություններից հետո կառավարությունը իսլամամետ Էրբաքանի գլխավորությամբ հարկադրված եղավ հրաժարական տալ։
Սակայն, դրա հետ մեկտեղ, չի կարելի բացառել նաև այն, որ Թուրքիայի կառավարությունը դիտավորյալ է զինվորականներին վարկաբեկելու արշավ ծավալում, նպատակ ունենալով նրանց սանձը իր ձեռքին պահել։ Համենայն դեպս, «գաղտնի դավադրությունների» մերկացումը, որը, չգիտես ինչու, սկսել է չհաջողվել, հիմա թուրքական լրատվամիջոցների սիրելի թեմաներից է։ Այսպիսով, հիմա ամենասուր հարցը Թուրքիայում դիմակայությունն է քաղաքացիականների և զինվորականների միջև։ Առայժմ դժվար է ասել, այն կհանգեցնի՞, արդյոք, բարդությունների իշխանությունների համար, թե, իրոք, թուրքական բանակի իսլամացումն ավարտված է, և այն լիովին ենթարկված է։ Բայց մեկ բան պարզ է. այս իրավիճակը հարկ է դիտարկել հենց երկրում ազդեցության համար ավանդական պայքարի տեսանկյունից։ Եվ այստեղ ավելորդ չէ հիշել Էրդողանի հնչեցրած սկզբունքը. «Ժողովրդավարությունը գնացքի է նման, որից պետք է օգտվել ցանկալի նպատակին ձգտելու ճանապարհին, բայց որից կարելի է իջնել, երբ նրա անհրաժեշտությունը վերանում է»։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 966

Մեկնաբանություններ