Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«ԿՈՒՐԾՔ ԾԵԾԵԼՈՎ ՀՈ ՉԻ՞»

«ԿՈՒՐԾՔ ԾԵԾԵԼՈՎ ՀՈ ՉԻ՞»
07.02.2012 | 00:00

Երեկ մեկնարկեց չորրորդ գումարման Ազգային ժողովի վերջին նստաշրջանը՝ 97 պատգամավորով: Ոչ մեկն այլևս այս քառօրյայով չէր «ապրում», դահլիճում ու միջանցքներում թափառում էր ընտրությունների «ուրվականը»: «Թարսի» նման ԱԺ շենքն էլ այնքան ցուրտ էր, անհաղորդ: Ասացին, դեռ «խորթ մոր» նման է տաքացնում, ոչինչ, վաղը արդեն լավ կլինի: Հավատացինք:
Նիստն սկսվեց ավանդական հարց ու պատասխանով: «Ժառանգությունն» էլի հիշեց հայ-թուրքական արձանագրությունները: ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանի պատասխանն էլ սպասված էր՝ դա նախագահի գործն է, բայց անձամբ կողմ է մեծ օրակարգից արձանագրությունների մասին օրինագիծը դուրս չթողնելուն։ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նորից պատգամավորների գլուխներն էր հաշվում՝ «իրենն էլ հետը»: Թվում էր, ամեն ինչ կընթանա միապաղաղ, մշտական հունով, սակայն ինտրիգը դեռ առջևում էր:
Նախընտրական մարաթոնի «հոտը» զգացվեց կառավարության ներկայացրած «Կանխիկ գործառնությունների սահմանափակումների մասին» օրինագծի քվեարկության ժամանակ, երբ ԲՀԿ-ն էլի «քցեց» կոալիցիոն մյուս գործընկերներին. չմասնակցելով քվեարկությանը` տապալեց օրինագծի ընդունումը: ԲՀԿ-ին միացավ «Ժառանգությունը», ՀՅԴ-ն էլ ձեռնպահ քվեարկեց: Քվեարկության պատկերը տեսնելով` սկզբում ՀՀԿ-ականները տարակուսեցին ու դեռ հավատում էին, թե ԲՀԿ-ն գուցե սխալվել է: Կազմակերպվեց վերաքվեարկություն: Նույն սխալը, սակայն, չի կարող երկրորդ անգամ կրկնվել: Այ, այստեղ ՀՀԿ-ն հասկացավ ու անցավ գրոհի՝ ԱԺ նախագահով, փոխնախագահով, պատգամավորներով: «Ինձ համար անհասկանալի էր մեր գործընկեր ԲՀԿ-ի մոտեցումը, որովհետև կոալիցիոն կառավարություն ենք կազմել, այսքան տարի միմյանց հետ աշխատել ենք, ունեցել ենք խնդիրներ, քննարկել ենք, բայց պետության համար կարևոր այս նախագծի հարցում նման դիրքորոշումը, այսինքն՝ բոյկոտելն ինձ համար անհասկանալի է: Կառավարությունը կոլեգիալ մարմին է, որի կազմում կան նաև ԲՀԿ-ի նախարարները: Այնտեղ ես չեմ լսել, որ նախարարները դեմ քվեարկեն, իսկ այստեղ նույն կուսակցության խմբակցությունը բոյկոտեց»,- կարևորելով նախագծի ընդունումը, ասաց ԱԺ խոսնակը՝ մինչ այդ նկատելով, որ «յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը խոսում է ժողովրդի անունից, հարկերի հավաքման արդարությունից և այլ խնդիրներից, վաղը ժողովրդի առջև կանգնելով` կուրծք է ծեծելու, պետք է գործնականում ապացուցի իր խոսքի ու գործի նույնությունը»: ՀՀԿ-ական փոխխոսնակն ու պատգամավորները նույն տոնայնությամբ փաստեցին, որ օրինագծին դեմ քվեարկելը, ըստ էության, կոռուպցիային կողմ լինել է նշանակում: Ի դեպ, օրինագիծը նախատեսում է, որ 3 մլն դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն բանկային համակարգի միջոցով:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 907

Մեկնաբանություններ