Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ի՞ՆՉՆ Է ՌՈՒՍՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ` ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆԸ, ԹԵ՞ ՓՈՂԸ

Ի՞ՆՉՆ Է ՌՈՒՍՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ` ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆԸ, ԹԵ՞ ՓՈՂԸ
20.12.2011 | 00:00

Վաղուց հայտնի է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շատ է ուզում Հարավային Կովկասում վարել «մերոնց-ձերոնց» քաղաքականություն, և խելքն իրենը չէ իրեն որպես Մոսկվայում Ադրբեջանի սատարորդների (լոբբիստ) առաջամարտիկ զգալու համար։ Բառացիորեն բոլորն են ուզում փող աշխատել և մրցակիցներին ցուցադրել ռուսական հնարավորությունները տարածաշրջանում։ Ռուսաստանը միշտ էլ նպատակ է ունեցել Հարավային Կովկասում վարելու հենց այդպիսի երկակի քաղաքականություն և համբերատար սպասել է, թե Ադրբեջանը երբ պիտի ստիպված լինի մերձեցման քայլեր անել։ Այսինքն, հենվելով Հայաստանի հետ առավել հուսալի հարաբերությունների վրա, Ռուսաստանը խաղեր է տալիս տարածաշրջանում։ Ընդ որում, Ռուսաստանը միանգամայն հնարավոր է համարում պատերազմական գործողություններն Ադրբեջանի ու Հայաստանի միջև, երբ կերևա ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի ու Հայաստանի փոխօգնության պայմանագրի սնամեջ բնույթը։ Իսկ Գյումրիի ռուսական ռազմաբազայի խնդիրների փոփոխության մասին ողջ դատարկախոսությունը, ամեն դեպքում, մնում է դատարկախոսություն։ Նրա հաշվարկով, պատերազմը կհանգեցնի ոչ թե տարածաշրջանում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի դիրքերի ուժեղացմանը, այլ Ռուսաստանի ազդեցության աճին։ Ռուսաստանը կցանկանար Հայաստանին համոզել համաձայնելու Ադրբեջանի հետ հաշտությանը (և դա հայերի կողմից Ղարաբաղի մասնակի կամ լրիվ ու վերջնական կորստով)` որպես Ադրբեջանը ռուսական քաղաքականության ծիր ներքաշելու պայման։ Ռուսները, ինչպես միշտ, համոզված են իրենց անպատժելիությանը։ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի անդամ պետությունները չի համարում դաշնակիցներ, և առհասարակ նրանց կարիքը չունի որպես ինչ-որ գործընկերների, հասկանալով, որ, նախ, ոչ մի այդպիսի դաշնակից լինել չի կարող։ ՈՒկրաինայի իրադարձությունները նկատելիորեն ոգեշնչել են ռուսներին, թեև նրանք հասկանում են, որ այդ երկրի հետ հարաբերություններն անկայուն են։ Միաժամանակ, Բելառուսի վարքագիծը Ռուսաստանին համոզում է, որ անիմաստ են ինչ-որ դաշինքները «հոգեհարազատ» ժողովուրդների ու պետությունների միջև։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նման հետևություններ վաղուց էին սպասվում, և մենք վկաներն ենք գլխից բարձր թռչելու և նոր դաշնակիցներ ու գործընկերներ ապահովելու ռուսների փորձերի` ի դեմս «վճարունակ» պետությունների։ Ընդ որում, այդ գաղափարը, որը, հավանաբար, պայմանավորված է Թուրքիայի նոր արտքաղաքական կուրսով, ռուսներն ուզում են հրամցնել որպես եվրասիական դոկտրին։ C-300-ի հետ կապված գործարքում սկզբունքորեն ոչ մի նոր բան չկա, համենայն դեպս, քաղաքական իմաստով, քանի որ Ռուսաստանը, ըստ էության, միշտ էլ համագործակցել է Ադրբեջանի հետ պաշտոնական ոլորտում, նախ և առաջ` զինամատակարարումների։ Միաժամանակ, Ռուսաստանն անտեսել է Հայաստանի շահերը` սպառազինություն ստանալու հարցում։ Հանրությանը հայտնի է դրա հետ կապված ընդամենը մեկ-երկու սկանդալ, բայց Ռուսաստանի հետ հարաբերություններում նման ամոթալի դեպքեր շատ են եղել և տևել են բավական երկար։ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները միշտ կառուցվել են հաշվի առնելով վերջինիս հարաբերությունները Ադրբեջանի հետ, բայց ոչ երբեք հակառակը։ Վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենար, և հարկ չկա այդ կապակցությամբ ցնծություն սպասել տարածաշրջանի որևէ պետությունից, այդ թվում` Իրանից ու Թուրքիայից։ Հետաքրքիր կլիներ պարզել, թե ԱՄՆ-ը ինչպես կվերաբերվի դրան` որպես Ռուսաստանի և Ադրբեջանի մի նոր մերձեցմա՞ն, թե՞ ընդհակառակը` որպես Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների և հաղորդուղիների պաշտպանության ուժեղացման։
Միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանը մտադիր է մի լավ շահարկելու Իրանի հարցը և դուր գալու եվրոպացիներին ու ամերիկացիներին։ Ժամանակը ցույց կտա, իսկ հիմա պետք է հասկանալ, որ Հայաստանն ուզում են դարձնել Ռուսաստանի անլեզու արբանյակ, ինչն արդեն ձեռնտու կլինի թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին։ Եթե անգամ C-300 համալիրներ չտրվեն Ադրբեջանին, ապա միայն այն, որ Ռուսաստանը նման բան հնարավոր է համարել, էական ու անդառնալի իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում։ Տեղի է ունենում հանգուցալուծում և դա լավ է։ Մի առիթով ասվել է, որ այս ամբողջ ջուրծեծոցից հետո ամեն ինչի համար ստիպված կլինեն հատուցել միայն զինվորները` ռազմաճակատում։ Հենց սա էլ տեղի է ունենում։ Կա համոզմունք, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը, առաջինի նման, լինելու է ոչ թե գեներալների, այլ զինվորների պատերազմ։
Չնայած այն «դասական» պնդումներին, թե քաղաքականությունն ու փողը փոխկապակցված են, իրականում եթե պետությունը պատրաստ է հանուն փողի զոհաբերելու քաղաքական նպատակները, դա վկայում է նրա արտաքին քաղաքականության այս կամ այն չափով վնասաբեր լինելու մասին։ Ռուսաստանի կողմից այս կամ այն երկրին տարբեր զինատեսակների մատակարարումների շուրջ չափազանց շատ քաղաքական պատճառաբանություններ են պտտվում, որոնք իրականում «ժամկետանց» են ու ամենևին չարդարացված «մասլահաթի» են նման։
Ներկայումս սպառազինությունների արտահանումը Ռուսաստանում, ինչպես նաև սպառազինությունների արտադրության զարգացման գործում գերակայությունների ընտրությունը ծայրաստիճան «տնտեսականացվել» են, ու նրանք, ովքեր հիմա տնօրինում են այդ ոլորտը, նախընտրում են առավելագույնս անտեսել քաղաքական շահերը սպառազինությունների արտահանության գործում` հանուն եկամուտների։ Դա հատկապես շոշափելի դարձավ 2006-ից հետո, երբ այդ ոլորտում կադրային փոփոխություններ եղան։ «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավարության և այդ պետական ընկերության սատարորդների (լոբբիստների) դիրքերի զորեղացումը հանգեցրել է այն բանին, որ պաշտպանության նախարարությունը, որպես այդպիսին, կորցրել է ազդեցությունը զենքի արտադրության և արտահանության ասպարեզում որոշումներ կայացնելու հարցում։ Ոչ անհայտ Սերգեյ Իվանովը, որն ամենևին էլ հեռու չէր ֆինանսական շահեր ունենալուց, բայց աշխատում էր «պաշտպանել» նախարարության շահերը և դրանով իսկ ամրապնդել սեփական դիրքերը, տանուլ տվեց ՌԱՀ-ի վրա ազդեցության դաժան պայքարը։ Որոշ տեղեկությունների համաձայն, սպառազինությունների արտահանության վերաբերյալ որոշումների ընդունման վրա սկսել է նկատելի ազդեցություն գործել Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովը, որը քաղաքական գերկաշառասուն սատարորդ է։
Սպառազինությունների արտահանությունը ռուսական արտահանության կարևորագույն ոլորտն է, ուր Ռուսաստանը հաջողությամբ մրցակցում է ԱՄՆ-ի հետ և չի կարող բավարարվել սոսկ «հեռավոր» շուկաներով, որտեղ, հնարավոր է, ապագայում տանուլ տա ԱՄՆ-ը։ ՈՒստի սպառազինությունների արտահանման կարևորագույն ուղղությունը պետք է դառնան ԱՊՀ երկրները, որտեղ Ռուսաստանն ավանդական դիրքեր ունի։ Ընդ որում, այդ պետություններից առավել վճարունակը Ղազախստանն ու Ադրբեջանն են։ Միաժամանակ, այդ ոլորտում շատ հարմար գործընկեր կարող է դառնալ Թուրքիան, որը ժամանակին այդպես էլ ավարտին չհասցրեց «լրազինման» իր հավակնոտ ծրագիրը` ֆինանսական և քաղաքական նկատառումներից ելնելով։ Հատկապես կարևոր է թվում զենիթահրթիռային համալիրների արտահանությունը, և Ռուսաստանը նշանակալի շահ է ակնկալում այդ ուղղությամբ։
Հայաստանի իշխանամետ փորձագետների կարծիքները Ադրբեջանին C-300 համալիրի մատակարարումների առթիվ տարբեր են։ Մի մասը հապշտապ սկսել է հիմնավորումներ բերել, թե ազերիների հետ ռուսների այդ գործարքը ոչ մի վնաս չի պատճառի Հայաստանին։ Մյուսներն սկսել են ապացուցել (և առանց պատշաճ հիմնավորման), թե Ռուսաստանն Ադրբեջանի հետ նման պարտավորություն չունի։ Ի դեպ, ոչ մի պաշտոնական, այսպես կոչված, քաղաքական հետազոտական հիմնարկություն այդպես էլ այդ իրադարձությունների որևէ գնահատական չի առաջարկել։ Իսկ ի՞նչ է իրականում տեղի ունենում։ Սկսենք նրանից, որ 2001-2002 թթ. Ռուսաստանն ու Ադրբեջանն արդեն ունեին պարտավորություններ, և Ադրբեջանին ռուսական զենք էր մատակարարվում։ Ռուսաստանը միշտ կարողացել է Ադրբեջանին զենք վաճառել ՈՒկրաինայի միջոցով, քանի որ ուկրաինական մատակարարումները հնարավոր էին Ռուսաստանի կողմից նրան մատակարարվող բաղադրամասերի առկայության պայմաններում։ Փոխվարչապետ Ս. Իվանովը Բաքու կատարած այցի ժամանակ, փաստորեն, Ադրբեջանին առաջարկել էր զինամատակարարումների լայն ծրագիր, ընդ որում զեղչով։ Այդ բանակցությունները վերաբերում էին նաև C-300-ին։ 2008 թ. նոյեմբերի սկզբին, Մայնդորֆում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին Դ. Մեդվեդևի ու Ի. Ալիևի զրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, թե ինքը լիովին հնարավոր է համարում C-300-ի և այլ արդիական սպառազինությունների մատակարարումները Ադրբեջանին։ Նույնը` Իրանի պարագայում։ Ներկայումս ոչ մի կասկած չկա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լուրջ պայմանավորվածություններ կան այդ մատակարարումների վերաբերյալ։ Բոլոր այն պնդումները, թե ստորագրված պայմանագրեր գոյություն չունեն, ամենևին էլ չեն վկայում նման մտադրությունների չառկայության մասին։ Կան քաղաքական պայմանավորվածություններ, մտադրություններ, և հենց Ռուսաստանն էլ շահագրգռված է այդ լուրերի տարածմամբ։ Ադրբեջանը վերջին երկու տարում լայն նախաձեռնություն է հանդես բերել այդ գործարքի տարփողման ուղղությամբ, ներգրավելով ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլև Ռուսաստանի մտավոր կենտրոններ, որոնց ազերիները հաջողությամբ «առել» են։ Դրանք են, օրինակ, ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտը, Մոսկվայի պետհամալսարանը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանը, ինչպես նաև մի շարք լրատվամիջոցներ` «Կոմերսանտը», «Գազետա-ռուն»։ Սակայն ոմն Աղաև, որին Մոսկվայում ազերիներն անվանում են «ինքը», 2009 թ. այսպես է արտահայտվել. «Մեր ինչի՞ն են պետք ամեն կարգի լոբբիստները, որոնք միայն փող են խժռում, երբ Ռուսաստանի գլխավոր լոբբիստը Դմիտրի Մեդվեդևն է։ Նախագահը պիտի լինի մեր լոբբիստը, համար մեկ լոբբիստը»։
Այդ մատակարարումների մտադրությունը լիովին համահունչ է այն ամենին, ինչ Ռուսաստանն աշխատում է անել Կովկասում։ Ռուսաստանն ուզում է անել հետևյալը. իր վրայից գցել ամեն պատասխանատվություն տարածաշրջանի անվտանգության և հայ-ադրբեջանական ապագա պատերազմի ելքի համար (ու հենց այդ կապակցությամբ էլ տեղի են ունենում Գյումրիի ռազմաբազայի իրավական կարգավիճակին առնչվող խաղերը), Ադրբեջանին հանձնել Դաշտային Ղարաբաղը և պահպանել երկարատև հակամարտության վիճակը, խաղաղարարների անվան տակ սեփական զորքերը մտցնել տարածաշրջան, ռազմավարական վերահսկողություն սահմանել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նկատմամբ, երկու պետությունների զինված ուժերը ներառել իր գործառնական և ռազմատեխնիկական համակարգում, դրանով իսկ հսկողություն հաստատել նաև Վրաստանի նկատմամբ, խափանել «Նաբուկո» ծրագիրը։ Ադրբեջանին C-300 համալիրի մատակարարումը «ձիով քայլ» կլիներ և, անտարակույս, նրա հետ շատ համաձայնությունների ձեռքբերման սկիզբ կդներ։ Փաստորեն այդ գործարքի շնորհիվ Ռուսաստանը կդառնար Ադրբեջանի քաղաքական և տնտեսական կենտրոնի անվտանգության երաշխավոր, ինչն ահազանգ կդառնար Իրանի ու Վրաստանի համար։ Այսինքն, տեղի է ունենում մի բազմաքայլ խաղ, որտեղ Հայաստանին վերապահվում է զոհի դեր, առայժմ քաղաքական զոհի, իսկ հետո կերևա։
Ի դեպ, Ռուսաստանի այդ մտադրությունների առթիվ իրանական թեմայի խաղարկումն այնքան էլ խոր չէ և հաշվի չի առնում մի կարևոր հանգամանք. Իրանն ունի կասպյան ավազանի նավթահանքերին և էներգետիկ հաղորդուղիներին հարվածներ հասցնելու տարբեր հնարավորություններ։ Ադրբեջանում ստեղծված է իրանական ճյուղավորված գործակալական ցանց, որն ընդունակ է Կովկաս-կասպյան էներգետիկ համալիրը ոչնչացնելու մեկ օրում (շա՞տ բան է պետք, ինչ է)։ Հազիվ թե Իրանը նախընտրի Ադրբեջանի հետ ապագա բախման դեպքում իր նպատակներին հասնելու համար օգտագործել զուգահեռ պատերազմի մեթոդները։ ԱՄՆ-ն ու Թուրքիան շատ լավ են պատկերացնում, թե ինչ կերպ է Իրանը մտադիր լայնածավալ դիվերսիաներ իրականացնելու Ադրբեջանի նկատմամբ։ Այսպիսով, C-300 համալիրների մատակարարումն Իրանի ոտնձգություններից Ադրբեջանի պաշտպանության նպատակով պատճառաբանելն ուղղակի հնարանք է։ C-300-ը Հայաստանի հանդեպ Ադրբեջանի առավելության ապահովման կարևոր գործոն է։
Միաժամանակ, տեղեկությունների համաձայն, Մոսկվայում այնքան էլ վստահ չեն, թե այդ քայլն ինչպես կընդունվի Հայաստանում։ Կատարվել է «տեղեկության արտահոսք», ինչպես նաև տեղի է ունեցել ռուսական քաղաքական փորձագետների կարծիքների փոխանակություն։ Փորձագետների թիվը մեծ չի եղել, բայց նրանք հարազատ են մնացել իրենց ավանդական դիրքորոշմանը։ Բայց եղել է մի շատ հետաքրքրական կարծիք. Սերգեյ Մարկինը, որը, որպես կանոն, «իր» գաղափարները փոխառում է իր իսկ ենթականերից, և իրեն «նետված» մտքերն օգտագործում է, վկայակոչելով Վաշինգտոնի «գորշ կարդինալ» Մայքլ Մաքֆոլի հետ իր կապերը, ինչպես նաև ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ իր ոչ պաշտոնական հարաբերությունները, հայտարարել է, թե ԱՄՆ-ը, որոշ առումով, գոհ կլինի Ադրբեջանի օդային անվտանգության մեծացումից։ Փաստորեն, Ռուսաստանի բոլոր առանցքային գերատեսչություններում, այդ թվում նաև` հետախուզական ծառայություններում լուրջ կասկածներ կան այն առնչությամբ, թե որքանով կհաջողվի Ռուսաստանին հավասարակշռել հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Փաստորեն, այդ բոլոր գերատեսչությունները ռուս փորձագետներին «խնդրել» են հրապարակավ հայտնել իրենց կարծիքը` կա՛մ տեղեկությունը ոչ պաշտոնապես տարածելու կամ ՛այդ մտադրությունները քննարկման առարկա դարձնելու համար։ Բայց Մոսկվայում որոշումները կայացվում են նախագահականում, որտեղ մարդիկ այնքան «համարձակ» ու «հայրենանվեր» են, որ վախենում են սեփական ստվերից անգամ։ Տպավորություն է առաջանում, թե Հայաստանը հնարավորություն ունեցել է կանխելու այդ գործարքը, սակայն այն կասկածի ենթարկելու փորձ անգամ չի արել։ Փոխարենը, Հայաստանը նախընտրել է երևութական քաղաքական սակարկությունը, որը քաղաքական սուբյեկտ լինելու բեկորների կորստյան գին կարող է ունենալ նրա համար։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ