«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԻՆՉՈ՞Ւ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԳԵՐՄԱՆԻԱՆ, ԲԱՅՑ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԱՆՑԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ

ԻՆՉՈ՞Ւ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԳԵՐՄԱՆԻԱՆ, ԲԱՅՑ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԱՆՑԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ
10.12.2010 | 00:00

(սկիզբը` թիվ 31-ում)
Գերմանական միապետին մտքի պայծառացումը շատ ուշ այցելեց։ Աշխարհն արդեն անդնդի եզրին էր։ Սակայն եկեք մի պահ դեսպան Լիխնովսկուն թողնենք շվարած, իսկ Վիլհելմ II-ին ազնվաբարո ցասման վիճակում (դրա պատճառը մի քանի օր առաջ բրիտանական միապետ Գեորգ V-ի «թագավորական» ազնիվ խոսքն էր` չեզոքություն պահպանել եվրոպական պատերազմում- Ռ. Ա.), և մեր ուշադրությունը բևեռենք մեկ այլ փաստի վրա։ Ըստ էության, սըր Էդ. Գրեյը գերմանական դիվանագետներին ուղղորդում էր բոլորովին մի նոր շավիղ։ Փաստորեն, նա նրանց վերջնագիր էր ներկայացնում. եթե ցանկանում եք խուսափել Անգլիայի հետ առճակատումից, պատերազմեք միայն Ռուսաստանի հետ։ Հեռու մնացեք Ֆրանսիայից։
Ամենահիմնականն էլ հենց դա էր։ Անգլիացիները ոչ միայն համաշխարհային պատերազմ կազմակերպեցին, այլև փորձում էին ստեղծել այնպիսի իրավիճակ, որտեղ պայքարը սկզբում կընթանար բացառապես Ավստրիայի, Գերմանիայի և Ռուսաստանի միջև։ Իսկ իրենք ցանկանում էին մնալ մի կողմ քաշված, պահպանել «գործողությունների ազատություն», եթե կրկնելու լինենք սըր Գրեյի խոսքերը։ Ամեն ինչ շատ տրամաբանական էր, եթե միայն վերհիշենք պատերազմում «դաշնակիցների» հետապնդած նպատակները` Ռուսաստանի և Գերմանիայի կործանումը։ Դե, ուրեմն, թող հնարավորինս շատ կոտորեն մեկմեկու, իսկ անգլիացիներն ու ֆրանսիացիները կռվի մեջ կմտնեն միայն վերջին պահին։ Կարելի է անգամ պատերազմ հայտարարել` առանց խախտելու ստատուս քվոն, քանի որ ազնվորեն մարտնչելը նրանց ծրագրերի մեջ չէր մտնում։ Ճիշտ այդպես «դաշնակիցները» կվարվեն 1939-ին, երբ պատմական բառապաշարը հարստացրին «տարօրինակ պատերազմ» հասկացությամբ, ինչի արդյունքում արյունաքամ լինող Լեհաստանը նրանցից ոչ մի օգնություն այդպես էլ չստացավ։
Վերադառնանք «թագավորական» խոստումին։ Իր հուշերում Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Տիրպիցը գրում է. «Երբ ես իմ կասկածներն արտահայտեցի այդ առիթով, կայզերն առարկեց` ինձ թագավորական խոսք է տրված, և դա ինձ բավական է»։
1914-ի հուլիսի 29-ին զինվորականների և արտգործնախարար Սազոնովի ուժգին ճնշման տակ ռուսական միապետը որոշում է ընդունում համընդհանուր զորակոչ հայտարարելու մասին։ Նույն օրը երեկոյան ցարը ստանում է Վիլհելմ II-ի հեռագիրը` Ռուսաստանի և Ավստրիայի միջև որպես միջնորդ հանդես գալու առաջարկությամբ և խնդրանքով` չսկսել ռազմական նախապատրաստություններ։ Նիկոլայ II-ը չեղյալ է հայտարարում համընդհանուր զորակոչը և հրամայում այն անցկացնել միայն չորս` Վարշավայի, Կիևի, Օդեսայի և Մոսկվայի ռազմական օկրուգներում, այն էլ բացառապես Ավստրիայի դեմ։ Խնդիրը, սակայն, այն էր, որ Ռուսաստանն ուներ միայն համընդհանուր պլան։ Ստացվում էր այնպես, որ անհնարին էր ռազմական նախապատրաստություններ իրականացնել առանձին Ավստրո-Հունգարիայի դեմ, այլ անհրաժեշտ էր զորքեր կուտակել նաև Գերմանիայի դեմ, որի նկատմամբ Ռուսաստանը ոչ մի հավակնություն չուներ։ Օգոստոսի 1-ի երեկոյան Գերմանիան պատերազմ է հայտարարում Ռուսաստանին։
Գործելով սեփական զորակոչային պլանի համաձայն, գերմանացիները բախվում են ճիշտ նույնանման խնդրի, ինչ ռուսական գլխավոր շտաբը. նրանց զորակոչը հնարավոր էր միայն համատեղ Ռուսաստանի և Ֆրանսիայի դեմ։ Գերմանական կայզերը հապշտապ մի հեռագիր է հղում բրիտանական թագավորին, որտեղ որոշակի բացատրություններ է տալիս և փորձում ճշտել Ֆրանսիայի դիրքորոշումը. «Տեխնիկական պատճառներից ելնելով, իմ զորակոչը պետք է ընթանա երկու ճակատով` Արևելյան և Արևմտյան... Բայց եթե Ֆրանսիան ինձ չեզոքություն է առաջարկում, ինչը կերաշխավորեն Մեծ Բրիտանիայի նավատորմն ու բանակը, ես, իհարկե, ձեռնպահ կմնամ Ֆրանսիայի վրա հարձակվելուց...»։
Գերմանական ռազմական բարձրագույն հրամանատարությանը ծայրահեղ տարակուսանք էր պատել։ Կայզերը նրանց տեղյակ չէր պահում, թե ինչ կեղտոտ խաղ են սկսել անգլիացիները, թե ինչպես են նրանք, բառիս բուն իմաստով, պարանը վիզը գցած քարշ տալիս Գերմանիան դեպի Արևելք։ Այդ իսկ պատճառով սեփական կառավարության գործողությունները սթափ դատող գերմանական գեներալներին և ծովակալներին նյարդային ցնցում էին պատճառել։ Նրանք հրաշալի գիտեին, որ Ռուսաստանին նման շտապողականությամբ պատերազմ հայտարարելու ոչ մի անհրաժեշտություն չկար։ Ըստ գերմանական ռազմական պլանի, առաջնային անհրաժեշտություն էր օր առաջ ռազմական գործողություններ սկսել Ֆրանսիայի դեմ։ Ըստ այդմ` մարտական գործողությունների ցանկացած հետաձգում Արևելքում կարող էր միայն շահեկան լինել գերմանացիների համար։ Ինչո՞ւ էր պետք պատերազմ հայտարարել և հանդես գալ նախահարձակի դերում, եթե Գերմանիան ոչ մի միտք չուներ ներխուժելու Ռուսաստան։ Չե՞ք կարծում, որ բացարձակ անհեթեթություն է պատերազմ հայտարարել մի պետության, որի նկատմամբ պատրաստվում եք անցնելու խուլ պաշտպանության։
Ամենահետաքրքրականն այն է, որ Առաջին համաշխարհային պատերազմի մասին գրող գրեթե բոլոր պատմաբանները մի մարդու պես նույն հարցն են տալիս։ ՈՒ երբեք էլ չեն պատասխանում։ Պատճառն այն է, որ դրա պատասխանը նրանք փնտրում են Բեռլինում, այնինչ այն գտնվում էր հենց բրիտանական արտաքին գործերի նախարարության միջանցքներում։
Զինվորականների հետ միաժամանակ զարմանքից քարացան նաև գերմանացի դիվանագետները։ Բեռլինի կողմից պատերազմի հայտարարումը հանգեցրեց նրան, որ այդ վճռորոշ պահին Իտալիան խոհեմաբար որոշում է կայացնում չսատարել իր դաշնակիցներին` Գերմանիային և Ավստրիային, և պահպանել չեզոքություն։ Իսկ հետագայում նրանք ընդհանրապես անցան Անտանտի կողմը։ Բանն այն էր, որ, համաձայն գերմանացիների և ավստրիացիների հետ կնքած պայմանագրերի, Իտալիան պարտավոր էր զինված աջակցություն ցուցաբերել իր դաշնակիցներին միայն պաշտպանական պատերազմի դեպքում։ ՈՒ քանի որ պատերազմ հայտարարել էին գերմանացիները, պիցցայի ու մակարոնի սիրահարները օրինական բոլոր հիմքերն ունեին չաջակցելու նրանց։ Իսկ այ գերմանական դիվանագետները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ` ինչո՞ւ նման շտապողականությամբ պատերազմ հայտարարվեց Ռուսաստանին, ինչի արդյունքում իրենք զրկվեցին իրենց իտալական դաշնակցից։ Ավելի խելացի չէ՞ր լինի, եթե սպասեին մինչև ռուսները պատերազմ հայտարարեին, այնժամ Իտալիան ուղղակի ստիպված կլիներ զենք վերցնել։
Եթե առանց դիվանագիտական ձևակերպումների փորձենք պարզապես գնահատել գերմանական ղեկավարության վարքագիծը, ապա դժվար է խուսափել այն որպես ավարտված ապուշություն արժևորելուց։ Մի վերապահությամբ` եթե իսպառ մոռանանք լորդ Էդվարդ Գրեյի արած «ակնարկները»։ Եվ հակառակը, դրանք պահելով մտքում, ստիպված ենք համաձայնել, որ այլ կերպ գործել գերմանացիները չէին կարող։
Սակայն այնուհետև կատարվեց չափազանց հետաքրքիր և գերմանական զինվորականությանը բացարձակապես անհարիր մի բան։ Երբ Վիլհելմ II-ը, ցանկանալով խուսափել անգլիացիների հետ առճակատումից և սրտի խորքում փայփայելով ֆրանսիացիների կողմից չեզոքություն պահպանելու հույսը, հրամայեց բոլոր ուժերն ուղղել դեպի Արևելք, նրա Գլխավոր շտաբի պետ Մոլտկեն կտրուկ ընդդիմացավ ու կտրականապես հրաժարվեց այդ հրամանը կատարելուց այն հիմնավորմամբ, որ այն հակասում է եղած բոլոր պլաններին, իսկ նման կարճ ժամանակահատվածում դրանք փոխելը միանգամայն անիրական է։ Գերմանացիները չունեին անգամ դեպի ռուս-գերմանական սահման զորք և զինամթերք կենտրոնացնելու համար երկաթուղային փոխադրումների պատրաստի պլան, էլ չենք խոսում ռազմական գործողություններ վարելու պլանների մասին։ Ի՞նչ «պլանների» մասին կարող է խոսք լինել, եթե, կրկնենք, պատերազմ հայտարարելուց հետո գերմանացիները ռազմաճակատի ողջ գծով միտք ունեին անցնելու խուլ պաշտպանության։ ՈՒ մինչ կայզերը զբաղված էր սեփական գեներալների հետ ընդհարվելով, իրականացվում էր գերմանական նախապատերազմյան զորակոչային պլանը, համաձայն որի` զորքերը շարունակում էին կենտրոնացվել հենց արևմտյան ուղղությամբ։ Իսկ Գլխավոր շտաբի պետը փորձում էր իր միապետին հասու դարձնել պարզ մի ճշմարտություն` գերմանական բանակները դեպի Արևելք տեղափոխելու դեպքում Գերմանիան բացարձակապես անպաշտպան կմնա, եթե Ֆրանսիան, ի վերջո, որոշի պատերազմել։ Այնպես որ, անգլիական արտաքին քաղաքականության խարդավանքները չիրականացան ամենևին էլ ոչ Ֆրանսիայի` Ռուսաստանի հանդեպ ունեցած դաշնակցային պարտականություններն ազնվորեն կատարելու ձգտման պատճառով, այլ այն, որ գերմանական ռազմական հրամանատարությունը գործում էր ըստ վաղուց մշակված պլանի` հիմնական ուժերը կենտրոնացնելով հենց Ֆրանսիայի դեմ։ Ելնելով ստեղծված իրադրությունից, կայզեր Վիլհելմ II-ը որոշում է կատարել մի վերջին փորձ ևս` ուղղակիորեն դիմելով ֆրանսիացիներին։
Հարցում առ այն, թե կպահպանե՞ն արդյոք չեզոքություն Փարիզում, գերմանացիները հղեցին դեռևս հուլիսի 31-ին։ Նույն օրն էլ Ֆրանսիայի ռազմական նախարարը հրաման է տալիս 10 կմ-ով հետ քաշել զորքերը` «հապացույց Ֆրանսիայի խաղաղասիրության և հնարավոր միջադեպերից խուսափելու համար»։ Ընդամենը մի քանի ամիս առաջ, ապրիլին, Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններում հաղթանակ էին տոնել պացիֆիստները, և վարչապետ Վիվիանին գործում էր «Պուանկարե-պատերազմ» մականունը ստացած հանրապետության նախագահին միանգամայն հակառակ ուղղությամբ։ Ինչ կարող ես անել, Ֆրանսիայում դեմոկրատիա է, և ամենևին էլ պարտադիր չէ, որ վարչապետի կարծիքը համընկնի նախագահի կարծիքի հետ։ Շատ հարմար դրվածք է, ճի՞շտ է, «դաշնակիցների» նկատմամբ ստանձնած պարտավորությունները սահուն կերպով շրջանցելու համար։ Եթե չեք մոռացել, դեռևս Ալեքսանդր III-ի ստորագրած ֆրանկո-ռուսական պայմանագրի համաձայն` ֆրանսիացիներն ուղղակի պարտավոր էին պատերազմ հայտարարել նախահարձակ պետությանը, բայց փոխարենը ֆրանսիական կառավարությունն անում էր ահա այդպիսի «խաղաղասիրական» հայտարարություններ։ Դա դաշնակցային պայմանագրի խախտում էր, ավելի պարզ ասած` դավաճանություն պատերազմի առաջին իսկ օրը, այն հույսով, որ, հակառակ սեփական ռազմական պլանների և սթափ դատողության, գերմանացիները կսկսեն կռվել միայն Ռուսաստանի դեմ։ Եվ ինչպես տեսնում եք, այդ հույսերը չարդարացան ամենևին էլ ոչ իրենց կամ անգլիացիների «մեղքով»։ «Բարեբախտաբար» առաջին ու վերջին անգամ։
Իսկ սըր Էդվարդ Գրեյն արեց հնարավոր ու անհնարին ամեն ինչ Գերմանիային այնպիսի պայմանների մեջ դնելու համար, որ նա մարտնչեր բացառապես Արևելքում։ Չէ՞ որ նրան ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ ռուսական բանակը, առանց ինչպես հարկն է նախապատրաստվելու, կանցնի հարձակման։ Նիկոլայ II-ի կողմից նման նվերի հույս նրանք բոլորովին չէին տածում։ Լոնդոնում ամենևին էլ հիմարներ չէին նստած և հրաշալի հասկանում էին, որ ամենահավանական ու խելացի բանը, որ կարող էր անել ցարական կառավարությունը, այն էր, որ պատրաստվելով պատերազմի, փաստացի մարտական գործողություններ չմղել, այլ հանգիստ կանգնել ու սպասել իրենց սահմանին ու հետևել գերմանացիների և ֆրանսիացիների միջև ընթացող գոտեմարտին (ում մտքով կանցներ, թե ռուսական կայսրության գլուխ կանգնած է մի մարդ, ով մոլագարի հետևողականությամբ հավատարիմ կմնա պայմանագրի` զորահավաքի 15-րդ օրը Գերմանիայի, իսկ 19-րդ օրը Ավստրո-Հունգարիայի վրա հարձակվելու իր պարտավորությանը- Ռ. Ա.)։ Այդ ժամանակ կսկսեին հյուծվել ֆրանսիացիները, ովքեր ռուսների սպասողական դիրքորոշման դեպքում դատապարտված էին ջախջախման։ Ինչպես և դա կլինի շուրջ 2,5 տասնամյակ անց։ Պատերազմը կունենար բոլորովին այլ ընթացք, քան այն, ինչ պլանավորել էին նրա կազմակերպիչները։ Իսկ հետագայում Գերմանիան և Ռուսաստանը կարող էին ընդհանրապես հաշտություն կնքել, քանի որ հետագա պայքարի համար առիթ Պետերբուրգն այլևս չէր ունենա։ Եվ այլևս չէր լինի համամարդկային աղետ, չէին հեղվի արյան ծովեր ու չէին կատարվի հեղափոխություններ Պետերբուրգում ու Բեռլինում։
Ճակատագրի հեգնանքով Առաջին համաշխարհային պատերազմի կազմակերպիչները հանդես էին գալիս որպես Ռուսաստանի «դաշնակիցներ», և նրանց գլխավոր նպատակը ոչ թե ընդհանուր թշնամու դեմ շուտափույթ հաղթանակ տանելն էր, այլ Ռուսաստանի առավելագույն թուլացումը` նոր հեղափոխություն բռնկվելու ակնկալիքով։ Միայն այսպես կարելի է ճիշտ հասկանալ և գնահատել մարտական գործողությունների ընթացքում անգլիացիների և ֆրանսիացիների դրսևորած «տարօրինակ» վարքը։ Ռուսաստանի «զինակից եղբայրները» համաշխարհային դիմակայության էին գնացել, ունենալով գործողությունների հստակ ծրագիր։ Ռուսաստանը կործանելու նրանց պլանը մենք կանվանենք «Հեղափոխություն-քայքայում-փլուզում»։
Պատրաստեց Ռուբեն ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ