Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԹՈՂՆՈ՞ՒՄ Է` ՖՐԱՆՍԻԱՆ ՄՏՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ. ԻՆՉՈ՞Ւ Է ԵԿԵԼ ՍԱՐԿՈԶԻՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԹՈՂՆՈ՞ՒՄ Է` ՖՐԱՆՍԻԱՆ ՄՏՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ. ԻՆՉՈ՞Ւ Է ԵԿԵԼ ՍԱՐԿՈԶԻՆ
07.10.2011 | 00:00

Եկել է գլոբալ, գեոքաղաքական, ներֆրանսիական, ներհայաստանյան խնդիրներով: Բայց ինչպես միշտ` հերթով:
ԻՆՉ ԼԱՎ Ա, ՉԷ՞
Նիկոլա Սարկոզին մենակ չի եկել: Չէ, տիկին Բրունին հասկանալի պատճառներով նրան չի ուղեկցում (հետաքրքիր կլինի, որ նրանց զավակը ծնվի, երբ Հայաստանում է Սարկոզին, ու հետն էլ տղա լինի. գիտենք` Սարկոզիները երեխայի սեռը չեն ճշտել. Սարկոզիի ու Հայաստանի լավն ուզողներն ասում են` անունը Սերժ կդնեն. ոչ մի ուրիշ բան նկատի չունեն. Սերժը ֆրանսիական անուն է):
Եվ ուրեմն` Նիկոլա Սարկոզիի այցն աննախադեպ է (որքան հիշողություններս լարեցինք, չհիշեցինք նման բան), նախ, նրանով, որ իր հետ Հայաստան է «բերել» Ռոդենին: Իմպրեսիոնիստ նկարիչ Ժյուլ Բաստիենի Լըպաժին: Նրա արձանը:
Սա այն դեպքն է, որի մասին ասում են. «Երկու էրնեկ` մի տեղ». Ռոդեն, իմպրեսիոնիզմ: Բայց իրականում երեք «էրնեկ» է մի տեղ, եթե դրան գումարում ենք նաև հայկական կոդը: Դա «երրորդություն» է, որը լրիվ հերիք է միստիկ-հոգևոր հեղափոխություն անելու, բայց դե, ինչպես ասում են` միստիկ-տիեզերակարգային հեղափոխությունը փողոցում հրեն ընկած, հայերը` հրեն, Ազատության հրապարակում են կիսատ-պռատ-անհասկանալի-անվերջ «ֆրանսիական» հեղափոխություն անում:
«ՆԻԿՈԼԱՆ ՍԱ՞Ր ԿՈԶԻ». ՍԱՐՆ Ի՞ՆՉ Է, ՈՐ ՉՈՒԶԻ
Նախ` հիշենք, որ Հայաստանն ավանդորեն համարվել է ֆրանսիական ազդեցության գոտի: Ասենք նաև, որ վերջին շրջանում ռուս-ֆրանսիական «օսը» հայ պաշտոնյաների ու «մնացածների» համար դարձել է ուղիղ ճանապարհ, պարտադիր կատարման ծրագիր:
Ֆրանսիան այսօր ամենակարևոր խաղացողն է աշխարհում: Այն, ինչ չի կարող անել ԱՄՆ-ը, անում է ՆԱՏՕ-ի չանդամ, հզոր, սիրո նրբությունների մեջ հմտացած Ֆրանսիան (հո սիրով չի՞. ասում են` Ֆրանսիան ունի աշխարհում ամենաուժեղ հետախուզական ծառայությունը, այդ ընդամենը ամերիկյան ЦРУ-ի ու բրիտանական ՄԻ-6-ի անունն է դուրս եկել):
Աշխարհի վերաբաժանման այս նոր խաղում Ֆրանսիան մաստեր կլաս ցույց տվեց 2008-ին` ռուս-վրացականի ժամանակ, երբ Պուտինն ասաց` Նիկոլա, ձեր Սաակաշվիլուն ձվերից էս ծառից կկախեմ: Նիկոլան ասաց` չե՛ս կարող: Հետո Քադաֆին էր: Տեսանք` էս դեպքում Սարկոզին ու իր «նապարնիկները» գրեթե «պուտինաբար» վարվեցին նրա հետ: Հերթում Մերձավոր Արևելքը` վեց, Իսրայելը երեք ժամում պայթեցնող Ասադն է:
Սարկոզիի այցը տարածաշրջան, առաջին հերթին ազդանշան է Սիրիային և «փոխկապակցվածներին», առ այն, որ ճիշտ կլինի թուլանալ ու հաճույք ստանալ. դիմադրությունն անիմաստ է, սցենարը Սիրիայում կլինի նույնը, իսկ համաշխարհային կառավարողները ժամանակ չունեն: Ռևերանսների: Չնայած` Սարկոզիի այցն Իրանի մասով առայժմ հենց ռևերանս է, որ կա: Այս պահին:
Այո՛, նախընտրական նպատակներից առավել Սարկոզիի այցը տարածաշրջան իրանյան կոնտեքստում է: Ինչպես միշտ, ԱՄՆ-ն այս դեպքում ևս առաջ է գցում Ֆրանսիային, որովհետև չի ցանկանում երևալ. արաբական աշխարհում իր և Իսրայելի ընկալումը վերջին շրջանում առանձնակի սուր է (ի՞նչ կապ ունի, որ Սարկոզին ևս սերվում է հրեական արմատներից. ոչ մի կապ), և Իրանն առաջին հերթին կցանկանա «խոսել» Ֆրանսիայի, քան Ամերիկայի հետ:
«Խոսքը» սկսվում է երկու կողմի համար ավանդական բարեկամ Հայաստանից: Նույնքան ավանդական բարեկամ Ռուսաստանի բաց աչքի ու նաև մասնակի թույլտվության պայմաններում (հասկանալի է` Ռուսաստանն անչափ դժվար է տեղի տալիս. Չինաստանի հետ նրա համաձայնեցված գործողությունները` Սիրիայի առնչությամբ, դա են ապացուցում, սակայն նույն Լիբիայում Ռուսաստանն ստիպված եղավ ճանաչել անցումային կառավարությունը… Պուտինի առաջադրման դիմա՞ց, իսկ ընտրման դիմաց գուցե և տա… Սիրիան. ո՞վ գիտի):
Ֆրանս-Իրան-Հայաստան առանցքի նպատակն է հակակշռել տարածաշրջանը, որ Թուրքիայի ազդեցությունը «Ամերիկայից» տեղակայված ՀՀՊ-ներով ահավոր ուժեղացավ, թուլացվի (Ամերիկան միամիտ տղա չէ, որ մի ձեռով ուժեղացնի պանիսլամական գործոնը, մյուսով չզսպի այն):
ՍԱՐԿՈԶԻՆ ԵԿԵԼ Է ԶՍՊԵԼՈՒ
Այսպիսով, Ֆրանսիան Հայաստանը դարձնելով քաղաքական-տնտեսական-բարեկամական հարթակ (նոր ատոմակայան, նոր ներդրումներ, նոր քաղաքական շահ)` փորձում է Իրանը ռմբակոծելուց առաջ Իրանին «լավով-խաղաղով-տնտեսականով» ռելաքսացիայի ենթարկել. «լավով» բացատրելով միջուկային վնասների և դրանց հետևանքների մասին, լեզու գտնել ու չռմբակոծել Իրանը, ինչպես Լիբիան, ինչպես «պատրաստվում» է Սիրիան. երեք պայթեցումը մի տարածաշրջանում հաստատ շա՜տ շա՜տ է: Մանավանդ` էս պահին:
Իրանը դեմ չէ Ֆրանսիայի հետ խոսելուն: Արդյունքների մասին կդատենք այցից հետո:
Երկրորդ արտքաղաքական վեկտորը, անշուշտ, Ղարաբաղն է: Էստեղ է՛լ ավելի հետաքրքիր է: Հայկական կողմն արդեն հայտարարել է` Ֆրանսիան պատրաստվում է ԵԱՀԿ ՄԽ դրոշակակրի «պաշտոնն» ստանձնելու: Հասկանալի է, չէ՞. հայկական կողմը դա հաստատ հայտարարում է ռուսական կողմի հետ համաձայնեցված. Մեդվեդևն ինքն է կարծես նման բան ասել: Այդ դրոշակակրությունը Ֆրանսիան պետք է պահի Ռուսաստանի «անցումային շրջանի համար». մինչև Պուտինն ընտրվի: Հետո` կերևա: Եթե երևա:
Այլ կերպ ասած` Պուտինին ևս ձեռնտու է այս փուլում ղարաբաղյան գլխացավանքից ազատվելը, որովհետև իր գլխացավերն ու «ասպիրիններն» իրեն առանց այդ էլ հերիք են: Գումարած հանգամանքը, որ ամենահզոր տնտեսական «նապարնիկ» Թուրքիան ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա Ղարաբաղի հարցով և ստիպում` Ռուսաստանը լուծի ղարաբաղյան խնդիրը (որը, ի դեպ, Հայաստանի հետ միասին խանգարում է Թուրքիային` իր պանթուրքիստական «օսը» Միջին Ասիայով մինչև եսիմ ուր հասցնելու. իսկ այդ «օսը», փաստորեն, անցնում ու վերցնում է Պուտինի նախանշած ԵվրԱզէսով), Ռուսաստանը չի ուզում, բայց «չէ» էլ չի ասում Թուրքիային:
Ի՞նչ է ասում Ֆրանսիան Ղարաբաղի հաշվով. ասում է` նոր սկզբունքներ, եթե ԵԱՀԿ ՄԽ-ն անզոր գտնվի մադրիդյան սկզբունքների հարցում: Հասկանալի է, չէ՞, հակաթուրք Ֆրանսիան միանգամից երկու ձմերուկ է բռնում տարածաշրջանում` Թուրքիային և Ադրբեջանին անկյուն քշելու համար: Ֆրանսիան այդով ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա` խելքի գալ և կառուցողական մոտեցում դրսևորել:
Այլապես, որքան մենք ենք տեղեկացած` նյու-Սարկոզի ծրագիրն ունի նաև ահագին հեռու գնացող մի բաղադրիչ (չնայած փոքր-ինչ դժվար է դա իրականացված տեսնել մոտակա ժամկետներում). չի բացառվում, որ սկսվի Ղարաբաղի ճանաչմանն ուղղված միջազգային գործընթաց (ՈՒրուգվայը հիշեք)` Կոսովոյի տարբերակով. Սերժը այս էլ երկրորդ անգամ հենց Եվրոպայի սրտում` հենց այնպես չի ասում` Ղարաբաղը Եվրոպայի լիարժեք մաս է, ղարաբաղցիք էլ եվրոպացի են («մունք ենք` մունք»):
«ԺԸՏԵ՜Մ, ԺԸՏԵ՜Մ»
Հասանք ներֆրանսիական, ներհայաստանյան «ֆակտորներին», որոնց վրա չարժե ծանրանալ, որովհետև ամեն ինչ առավել քան պարզ է: Հենց միայն այցը, նրա պետական մակարդակը, նվերների, դիմավորման, ընթացակարգային «մոմենտները» բավարար են` ընտրությունների գնացող հայոց և ֆրանս նախագահների տված մաստեր կլասները` սեփական հասարակությունների, հայ-ֆրանսիական ավանդական բարեկամության, փոխադարձ սիրո ու մնացած մասով, «մի ուրիշ ձևով» արձանագրելու:
ՈՒ թե այդ ամենին էլ գումարում ես Ազնավուրի համաշխարհային գործոնը (Դևեջյանինն էլ գումարենք, եթե ուզում եք), հիշում 2006-ին «կաղ բադիկ», այսօր դատվող հարգարժան Ժակ Շիրակի անՌոդեն, անԱզնավուր, ճիշտ է, պետական այցը, երբ նույնիսկ մի հատիկ ցույց չկար այդ օրը Հայաստանում, որպեսզի ցուցանվեր` ի՜նչ դեմոկրատական երկիր է էս Հայաստանը, ախր, ինչ ազատ ու «ֆրանսիական» և «այլական» հեղափոխական ոգով, սիրով առլեցուն, հասկանալի է, չէ՞, դառնում «մնացածը»:
Էլ չենք «ցուցանում» այսօրվա ցույց անողին, որը ոչ այլ ոք է, եթե ոչ նույն Ֆրանսիային շատ հարազատ ՀՀ առաջին հիմնադիր նախագահը:
Իսկ «մույսներին» համբերություն ենք մաղթում… «մույս» անգամ «ուրախ» առիթով հանդիպելու խոստումով:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ