Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՊԱՏԻԺ` ԲԱՑԱՌԱՊԵՍ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿԱՐԾԻՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

ՊԱՏԻԺ` ԲԱՑԱՌԱՊԵՍ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿԱՐԾԻՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
31.01.2012 | 00:00

2001-ի հունվարի 25-ին Հայաստանն անդամագրվեց ԵԽ-ին, թեպետ ԵԽ անդամ չէին կարող լինել այն պետությունները, որոնք չեն վավերացնում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության (ՄԻՀԱՊ)-ի եվրոպական կոնվենցիան։ Հայաստանը վավերացման և հատկապես մահապատժի վերացման համար մեկ տարի ժամանակ խնդրեց։ 2002-ի ապրիլի 26-ին Հայաստանը ստորագրում է ՄԻՀԱՊ-ի եվրոպական կոնվենցիան, ինչը նշանակում է, որ ՀՀ իշխանություններն իրենց իսկ կամքով որոշեցին ինտեգրվել արևմտաեվրոպական քաղաքակրթությանը։
Սակայն հենց նույն Եվրոպայում կյանքն ու ազատությունը հավասարապես ամենաբարձր արժեքներն են համարվում (ազատության համար մեռնելու միջոցով են կերտվել այդ պետությունները)։ Այդ պետությունների օրինագիտությունը հիմնված է փիլիսոփայական ըմբռնումների, արժեքային համակարգերի և գործառութային հիմնական սկզբունքների վրա, որոնք էլ ի սկզբանե համարվում են հասարակական ներքին «համաձայնագրեր»։ Հասարակությունը համաձայնվում է այդ տարրերը համարել իր հասարակարգի հիմնարար սկզբունք և դրա հիման վրա նախագծում է իր սահմանադրությունը, ապա դրանից բխող բոլոր օրենքները։ Տվյալ հասարակարգն իր կենցաղով, գիտական, կրթական և մշակութային դրսևորումներով արդեն իսկ համարվում է առանձին քաղաքակրթություն։
Եվրոպական քաղաքակրթությունը, որքան էլ այսօր անկման և քայքայման շրջան է ապրում, այնուամենայնիվ, մարդուն կյանքից զրկելը կամ ազատությունից զրկելը միևնույն չափի չարիք է համարում։ ՈՒստի և մահապատիժը կամ ազատազրկումը դիտվում են որպես նույն տիպի ակտեր։ Սակայն քանի որ հասարակության հանցանք չկատարած հատվածը պետք է պաշտպանել նրա համար վտանգ ներկայացնող տարրերից, Եվրոպայում ծնվել է այն համոզմունքը, ըստ որի, կարելի է ժամանակավորապես հանցանք կատարածին զրկել ազատությունից, որպեսզի մյուս քաղաքացիների հիմնարար իրավունքները պաշտպանված լինեն։ Սակայն ազատազրկումը միշտ լինում է ժամանակավոր և ունի երկու բանաձևված նպատակ. 1) ազատա-զրկված քաղաքացու հոգեբանական բարեփոխումը, և 2) ազատազրկված քաղաքացու վերադարձի ապահովումը դեպի հասարակություն։ Հստակ է, որ պետությունը վրեժ չի լուծում կամ չի որոշում պատժիչ ռեժիմային միջոցներով չարչարել և խոշտանգումների ենթարկել հանցանք կատարած անձին։ Ազատազրկումը միայն ծառայում է որպես հասարակության և քաղաքացիների պաշտպանության միջոց և հնարավորություն է տալիս տվյալ ազատազրկվածին բարեփոխելու, նպատակ հետապնդելով նրան ազատ արձակել ու վերստին ներգրավել ազատ հասարակությունում։
Մահապատիժը ծանր ակտ է, և եվրոպական հասարակությունը, որի ամեն մի անդամն առանձին վերցրած դեմ է որևէ տիպի սպանության, բացարձակապես չի կարող համաձայն լինել, որպես հավաքականություն, նույն այդ սպանությանը։ Նույնպես էլ ազատազրկումը, որի ֆունկցիան քաղաքացու ուղղումն է, եթե իր այդ գործառույթով ընդունելի է ամեն մի քաղաքացու և հանրության համար, չի կարող կորցնել իր նպատակն ու էությունը և դառնալ ցմահ բանտարկություն։ Այդ իսկ պատճառով, եվրոպական արժեքային համակարգում ցմահ ազատազրկումը, որպես գաղափար, մահապատժի հետ նույն նշաձողի վրա է գտնվում։
Եվրոպական քաղաքակրթությանը մաս կազմող բոլոր այն պետությունները, որոնց օրենքից հանվել է մահապատիժը, դեմ հանդիման են գտնվել արդեն իսկ մահվան դատապարտված դատապարտյալների կարգավիճակը որոշելու խնդրին։ Ինչպե՞ս է լուծում ստացել սույն խնդիրը եվրոպական պետություններում։ Եվրոպական օրինագիտության փիլիսոփայության հենքը համարվող էթիկայի և բարոյագիտության ըմբռնումների և ապա իրավագիտական նորմատիվների եզրակացություններից ելնելով, նախկին մահապարտների խնդրի առաջ կանգնած եվրոպական կառավարություններն ու օրենսդիր մարմինները նախ և առաջ իրենք իրենց երբեք թույլ չեն տվել որոշել, որ մահապատիժն ավելի ծանր պատիժ է, քան ցմահ ազատազրկումը, և որ բոլոր մահապարտներին, որպես պատժի մեղմացում, կարելի է «ներման» հրամանագրով ցմահ ազատազրկման դատապարտել, հատկապես որ անխտիր բոլոր նման պետություններում արդարորեն բոլորն ընդունել են, որ անարդար կլինի նոր պատժատեսակով դատապարտել նրանց, ովքեր իրենց հանցանքի կատարման ժամանակ այդ մասին գաղափար իսկ չունեին։ Վերջինս որպես օրենք ամրագրված է ՄԻՀԱՊ-ի եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածով։ ՈՒստի և ԵԽ անդամ պետություններում մահապատիժը փոխարինվել է նախորդ օրենսգրքում նախատեսված և իր ծանրությամբ մահապատժին անմիջապես նախորդող պատժով։ Բոլոր այն պետություններում, որտեղ պատիժը որոշելիս ամեն մի հանցանքի համար որոշվող կալանքի տարիների քանակը գումարվում է և կազմում վերջնական պատժաչափը, գործերն անմիջապես ուղարկվել են պետական վարույթ, ապահովելով դատապարտյալի և իր փաստաբանի ներկայությունը, և այս պարագայում անգամ «ցմահ ազատազրկում» պատիժ երբեք չի կիրառվել։ Դատական իշխանություններն առաջնորդվել են վերոնշյալ սկզբունքներով և որոշել են, թե նոր օրենսգրքի տրամաբանությամբ, նախորդում կատարված հանցանքներից ամեն մեկը քանի տարվա ազատազրկման է համապատասխանում, և վճռել են, թե տվյալ ամբաստանյալի գործած հանցանքների համար ինչ վճիռ են արձակում` բացարձակապես կալանքի տարիների վճռի չափով։ Այս գործընթացի շղթայազերծումը տեղի է ունեցել միայն ու միայն այն պատճառով, որ հանրության և իշխանության համար պարզ է եղել, որ ցմահ ազատազրկումից ու մահապատժից որևէ մեկի ավելի կամ նվազ ծանր լինելու մասին որևէ եզրակացություն սուբյեկտիվ է լինելու, իսկ օրենքը չի կարող իր քաղաքացիների ճակատագիրը որոշել սուբյեկտիվ կարծիքների հիմամբ։
Մինչդեռ եվրոպական, մինչև իսկ փլուզվող քաղաքակրթությանը «անմնացորդ նվիրումով» ինտեգրվող Հայաստանի պետական այրերը, եթե փոքր-ինչ ինտելեկտուալ մոտեցում կամ գիտության և հասարակության հանդեպ պատասխանատվության չնչին գիտակցություն դրսևորեին, ապա հստակ է, որ Հայաստանում նույնպես այս խնդիրը պիտի լուծվեր վերոնշյալ քաղաքակիրթ ձևերից մեկի միջոցով։ Սակայն հայրենի պետական այրերը, խորին համոզմամբ, հայտարարելով, որ ցմահ ազատազրկումն ավելի մեղմ պատիժ է, քան մահապատիժը, իրենք իրենց և հասարակությանն անգիտակ համարելով, սուբյեկտիվ կարծիքների հիման վրա սեփական քաղաքացիների ճակատագրերը որոշեցին միջնադարյան մոտեցումներով` ավելացնելով հանրապետության որբերի և սևազգեստ կանանց բանակը։
Եթե միջնադարում դատարանները հաճախ մահապատժի էին դատապարտում կովերին և այծերին միայն այն բանի համար, որ նրանք ունեին կոտոշներ և զույգ կճղակներ, ինչը փաստացի ապացույց էր նրանց` սատանայի մեղսակիցը լինելու, ապա ժամանակակից Հայաստանի դատարանները հաճախ մահապատժի և ցմահի են դատապարտում սեփական քաղաքացիներին միայն այն բանի համար, որ նրանք չունեին արդարադատություն իրականացնելու համար կաշառքի բավականաչափ գումարներ կամ հանդգնել էին ընդդիմանալ խավարամիտ վարչակազմին, ինչը փաստացի ապացույց է նրանց անուղղելի հանցատեսակի որակման։
2004 թ. Հայաստանի կառավարության հանդեպ ԵԽ պահանջների երեք զեկույցներում առկա ցման դատապարտյալների գործերի վերանայման և նոր արդարացի դատավճիռների կայացման թիվ 1361 որոշման հոդված 7-ը և թիվ 1374 որոշումը դեռևս Հայաստանի կողմից ոչ միայն չեն կատարվել, այլև շարունակաբար խախտվում են ԵԽ ՄԻՀԱՊ-ի եվրոպական կոնվենցիայի հոդվածներն ու Հայաստանում գործող Սահմանադրության և օրենսդիր իշխանության կողմից ուժի մեջ մտած օրենքները։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
«ՀՅԴ-Դրո» գործով մահվան դատապարտված

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ