ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԹՈՒՆԻՍԻՑ ՍՈՒԴԱՆ` ԵՎՐՈՊԱՅԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՎ

ԹՈՒՆԻՍԻՑ ՍՈՒԴԱՆ` ԵՎՐՈՊԱՅԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՎ
18.01.2011 | 00:00

Աստծո անցած 18 օրում, հակառակ 2012-ին Երկիր մոլորակի վերջի ացտեկյան կանխատեսումներին, առանձնակի նշաններ չեղան, եթե նկատի չունենանք ցրտի ու ձյան մեջ կորած Եվրոպան, ջրհեղեղներն Ավստրալիայում, մի քանի երկրաշարժերն աշխարհում ու արթնացած Էտնա հրաբուխն Իտալիայում։ Բայց այդ ամենը վաղուց նորություն չէ:
Արաբ շեյխերն ընդամենը 11 միլիոն դոլար են վճարել արհեստական անձրևի համար. Weathertec նախագծով փորձասարքերում հավաքում են բացասական իոններ, որոնք անձրևային ամպեր են առաջացնում: 2010-ին Աբու Դաբիի էմիրության ալ-Սինա քաղաքում 52 արհեստական անձրև է տեղացել` վախեցնելով բնակիչներին կարկուտի, ուժեղ քամու ու կայծակի բռնկումներով, փոխարենը նրանք չեն զգացել շոգը, ու չի եղել երաշտ:
Մինչև Սցիպիոն Աֆրիկացու հրամանատար դառնալը Կատոնը մի քանի տարի ելույթները Սենատում ավարտում էր «Կարթագենը պետք է կործանվի» բառերով: Սցիպիոնը կործանեց: Աֆրիկայի հյուսիսի ամենազարգացած պետության` Թունիսի ներկա նախագահին գահընկեց արեցին հայրենակիցները. Զին էլ Աբիդին բեն Ալին դեկտեմբերից լքել էր երկիրը` ապաստանելով Սաուդյան Արաբիայում: Մինչև հուլիս նախատեսվում են խորհրդարանական, իսկ մինչև մարտ` նախագահական ընտրություններ Թունիսում:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, չսպասելով Կոնգրեսի հաստատմանը, օգտվելով իր իրավունքից, խորհրդարանական արձակուրդների ժամանակ Թուրքիայում դեսպան նշանակեց Ֆրենսիս Ռիկարդոնեին, Ադրբեջանում` Մեթյու Բրայզային: Նորանշանակ դեսպաններն անհապաղ անցել են պարտականությունների կատարմանը` մինչև 2011-ի նոյեմբեր-դեկտեմբեր սպասելով Կոնգրեսի հաստատմանը:
Իբրև ԵԱՀԿ-ում նախագահող երկիր` Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն մտադիր է աջակցել սառեցված հակամարտությունների լուծմանը: Ծրագրված են տիկին Գրիբաուսկայտեի և Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի այցերը Կովկաս և այլ թեժ կետեր: «Մեր ընդհանուր նպատակը ուժեղ, արդյունավետ և կառուցողական աշխատող ԵԱՀԿ-ն է: Լիտվան ակտիվ ջանքեր կգործադրի, որպեսզի կազմակերպությունն ամրապնդվի, արդյունավետ որոշումներ ընդունվեն, իսկ համագործակցությունը կազմակերպության ներսում և արտաքին գործընկերների հետ լինի կառուցողական և հիմք ընդունի արժեքային ընդհանուր սկզբունքները»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն:
Freedom House-ի տարեկան զեկույցում Հայաստանը, որ շարունակում է շատ ցածր ցուցանիշներ ունենալ, տարվա ընթացքում չի արձանագրել որևէ նշանակալի բարեփոխում կամ հաջողություն, մասամբ ազատ երկիր է համարվել: Լեռնային Ղարաբաղը բնորոշվել է որպես ոչ ազատ` նախկին մասամբ ազատի փոխարեն: Գնահատականի նվազման հիմք է ծառայել 2010-ի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ուժի բացակայությունը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի ամենամեծ խնդիրն է: Մեր տարածքի գրեթե 20 տոկոսն օկուպացված է Հայաստանի կողմից: Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է միջազգային հանրությանը հայկական օկուպացիայի մասին տեղեկացնելը»,- մեքսիկական «The News» թերթին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Եթե դիվանագիտական մեթոդները արդյունք չտան, մենք պատրաստ ենք օգտագործել ցանկացած միջոց` վերադարձնելու մեր տարածքները»,- հավելել է նախարարը և անկեղծացել. «Ժամանակի հարց է, ես բացարձակապես վստահ եմ, որ Հայաստանը, վերջին հաշվով, կվերադարձնի մեր տարածքները, քանի որ դա միջազգային իրավունքի հարց է: Միջազգային բոլոր պայմանագրերի, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրության տեսանկյունից արդարությունը մեր կողմն է»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ տարեմուտի ուղերձում ասել է. «Մեր երկրի տարածքային ամբողջականությունը պետք է անպայման վերականգնվի: Ադրբեջանը երբեք չի հաշտվի այս իրավիճակի հետ, երբեք համաձայնություն չի տա մեր բուն հողի վրա` Լեռնային Ղարաբաղում, հայկական երկրորդ պետության ստեղծմանը: Հայկական պետությունը ստեղծվել է ադրբեջանական պատմական հողերի վրա»: Ալիևը վերստին ղարաբաղյան խնդրի միակ լուծումն ինքնավարության կարգավիճակ տրամադրելն է համարում:
Հունվարի 24-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, փետրվարի սկզբին` եռանախագահների:
Հունվարի 13-ին Բաքվում էին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Օտինգերը: ԵՄ-ի և Ադրբեջանի միջև կնքվել է երեք համաձայնագիր, այդ թվում` Հարավային միջանցքի հռչակագիրը, որով Եվրոպան ցանկանում է մեղմել կախումը Ռուսաստանից էներգակիրների հարցում: 3300 կմ երկարությամբ «Նաբուկոն» ներառող Հարավային միջանցքը շրջանցում է Ռուսաստանի տարածքը, որտեղից ԵՄ-ն այժմ ստանում է վառելիքի 40 տոկոսը: «Սա շատ կարևոր առաջընթաց է: Նոր ուղին նպաստելու է եվրոպացի սպառողների և արտադրողների էներգետիկ անվտանգությանը»,- ասել է Ժոզե Մանուել Բարոզուն:
Սուդանում կայացած է համարվել անկախության հանրաքվեն, և առաջիկայում Աֆրիկայի քարտեզին կավելանա ևս մեկ պետություն` Հարավային Սուդանը, որի ինքնորոշված բնակչությունն անկախ ապրելու որոշում է ընդունել:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը, այցելելով Կարս, կարգադրել է քանդել հայերի ու թուրքերի բարեկամությունը խորհրդանշող կիսակառույց արձանը, պատճառաբանելով, որ այն այլանդակություն է, և չի կարելի հանդուրժել, որ արվեստի գործերի կողքին նման կառույցներ լինեն: «The Wall Street Journal»-ի մեկնաբանությամբ` Էրդողանի որոշումը հունիսյան ընտրություններից առաջ տեղական քաղաքականության վրա դրական ազդեցության նպատակ ունի: Կարսի բնակչության 20 տոկոս ադրբեջանցիներն ու ազգայնականները վաղուց դիմել էին մշակույթի նախարարություն` արգելելու արձանի կառուցումը: Թուրքիայի ընդդիմադիր հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ, մշակույթի նախկին նախարար Էրքան Քարաքանը կարծում է, որ արձանը ո՛չ տգեղ է, ո՛չ տարօրինակ, բարձրակարգ արվեստ է ու հակաթույն ցեղասպանության հուշարձանների դեմ, որ կան Հայաստանում և այլուր: Մշակույթի գործող նախարար Էրուղթրուլ Գյունայը վարչապետի որոշումը բացատրել է այսպես. «Մենք որևէ ցանկություն չունենք անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու այս կամ այն արվեստագետի նկատմամբ, առավել ևս` որևէ ստեղծագործություն դեն նետելու նպատակ չենք հետապնդում: Կարսի հուշարձանը ճշմարիտ թեմա էր ամբողջացրել, բարեկամության ուղերձ էր կրում: Պարզապես վերջին տարիներին լուրջ բանավեճեր էին ծավալվել այն վայրի մասին, որում տեղադրվել է հուշարձանը»: Հուշարձանի հեղինակը հայտնի քանդակագործ Մեհմեթ Աքսոյն է. 2008-ին քաղաքի նախկին քաղաքապետի պատվերով Կարսի բլուրներից մեկի վրա տեղադրվեցին 30 մետր բարձրությամբ դեպի իրար ձգվող երկու ֆիգուրներ, սակայն համալիրը չամբողջացվեց, մասնավորապես ֆիգուրների ձեռքերը ամրացված չեն: «Երկկողմ հարաբերությունների կարգավորման շինությանը նոր քար ավելացնելու փոխարեն այդ կարգի հայտարարությունները և գործողությունները կարող են միայն վնաս հասցնել: Միջազգային հանրությունը չի մոռացել այդ կարգի վերջին հայտարարությունները, իսկ այժմ դրանց ավելանում է նորը: Միայն կարելի է ափսոսանք հայտնել»,- թեման շարունակել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ի պատասխան Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ըստ «Gumhuriyet»-ի, ասել է. «Դա Թուրքիայի համար ներքին քննարկման խնդիր է, և այդ կապակցությամբ հնչած գնահատականները հայ-թուրքական հարաբերությունների հետ բացարձակապես կապ չունեն: Վարչապետ Էրդողանի հայտարարությունն ամբողջությամբ գեղագիտական տեսանկյունից է, ոչ մի քաղաքական տարր չի պարունակում»: Եթե այդպես է, ընտրություններից հետո ենթադրվում է նոր արձանի նախագծում ու տեղադրում` արդեն վարչապետի գեղագիտական ճաշակի հետ համաձայնեցված:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ