«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

...ՈՒ ՆԱ ՃԱՌ ԷՐ ԱՍՈՒՄ

...ՈՒ ՆԱ ՃԱՌ ԷՐ ԱՍՈՒՄ
16.04.2010 | 00:00

Հովհաննես Ա-ն վերջապես վերադարձավ Լիբանանից: Թարսի պես, երբ նա Բեյրութում բազմավեկտոր արտաքին քաղաքականություն էր իրականացնում, նույն օրերին չինական բարեկամական խումբն էր ԱԺ-ում։ Ասինք` 2 միլիարդն են բերել, դե, էն, որ մի ամբողջ «էսկադրոնով», մի յոթ օրով գնացել էին Չինաստան, լիքը արկածներ ունեցել, հետները գնացածներն առայսօր պատմում-ուրախանում են: Հա, ուրեմն, չինացիք լիքը զարմացել էին էս հայերի վրա, հետն էլ «խոստացել», որ 2 մլրդ դոլար կտան Հայաստանին: Համենայն դեպս, Արգամիչ Հովհաննեսը վերադարձավ չինաստանյան հեռուներից ու այդ մասին ավետեց Հայաստան-«նվաստ» աշխարհին: Բայց մինչ օրս` ո՛չ ձեն, ո՛չ ձուն: ՈՒ որ ինքը էստեղ չէր, կարող է պատահի` բարեկամական խմբի չինացիք միլիարդը հետ տարան Չինաստան:
Էնպես է ստացվել, որ պարոն Աբրահամյանի «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը բացառապես առնչվում է Չինաստանին, Եգիպտոսին, Իրանին (ասում են` ահավոր անկազմակերպ-ծանր այց է եղել նաև Իրանի այցը):
Վերջին այցը, ինչպես ասացինք, նույն «նախաձեռնողական» շարքից էր` դեպ Լիբանան: Չէ, մենք հո մեզ թույլ չե՞նք տալիս ասել, որ ներքաղաքական վերջին զարգացումների ֆոնին դաշնակցականների «օրրան» Բեյրութում լինելը նույնքան հմայիչ է, որքան Իրանի նախագահական ընտրություններից ժամեր անց Իրան ժամանելու արգամիչյան բուռն ցանկությունը (չնայած ԱԳ-ն մերժել էր ցանկության առաջին «պապիտկան»)։
Չենք վերարտադրում նաև լիբանանյան այցի առնչությամբ մեր տեսած հեռուստատեսային կադրերը. դե էն, որ Արգամիչը կանգնել, առաջ չէր գնում` «կանգ առ, ակնթարթ» պոզայով, որ յուր տիկինն առաջանա, բարևի Բըրիին (դիմավորողին, էլի). Բըրին մի կերպ ձեռը երկարեց, բարևեց տիկնոջը:
Հա, ի դեպ, նույն Բըրին Լիբանանի խորհրդարանի նախագահ էր (ինչպիսի կենսունակություն), երբ 98-ին մենք էլ Լիբանանում էինք` «պաշտոնական այցով», սպասեցինք մեկ-երկու օր, ասին` Բըրին գնացել է Սիրիայից «ինստրուկտաժ» ստանա, գա:
Դառնանք Արգամիչին ու հեռուստատեսային կադրերին։ Օդանավակայանում անհարմար քամի էր, ու շորերը մերոնց ու մյուսանց` փողփողում էին նույնքան և բավականին անհարմար (ասա` նման կադրեր անում եք, որ ի՞նչ): Հետո «պրոտոկոլներն» ստորագրելու ժամն էր. Աբրահամյանն իր հայտնի ժպիտով ձեռը մեկնել ու «մի ժամ» այն սեղմող չկար: Իսկ հետո ավելի անհարմար էր. ծաղիկների միջից երևում էր միայն նրա գլուխը, ու նա ճառ էր ասում: Մի խոսքով, ահագին «թափթփուկ» վիճակ էր: Վիզուալ առումով:
Իսկ բովանդակային առումով ակնհայտ էր. փորձ էր արվել ներհայաստանյան, ներՀՀԿ-ական վերջին ֆիասկոն փոխհատուցել լիբանանյան շենշող այցով: ՈՒ թե Լիբանանը չլիներ Սիրիայի «փոքրիկ եղբայրը», ուր օրերս Սերժ Սարգսյանը «տրիումֆ»-այց ունեցավ, կարելի էր կարծել, որ նման այց էր ապահովել Արգամիչ Հովիկի համար ՀոՀիԴա-ն (չմոռանանք` նույն պահին Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպում էր Հայ դատի վերնախավին)` Լիբանանի կտրվածքով. Լիբանանի նախագահ Միշել Սուլեյման, վարչապետ Սաադ Հարիրի, ԱԳ և էմիգրանտների գծով նախարար Շամի:
ՈՒ թե անկեղծ` երկրի նախագահին արժանի զրույցներ էր ունեցել պարոն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` իրեն հանդիպած պաշտոնյաների հետ. մի չորս-հինգ պարբերություն (ըստ ԱԺ մամլո հաղորդագրության), խիստ մանրամասն բացատրություն հայ-թուրքականի ու մանավանդ Ղարաբաղի հարցով պարոն Սուլեյմանի հետ, Լիբանանի վարչապետին վարչապետական «հանձնարարական»` սեպտեմբերին գործարար ֆորում անցկացնել Երևանում (վարչապետական սուբլիմացիան նրան երբեք ու ոչ մի պարագայում չի լքում)։ Իսկ հայ համայնքի ներկայացուցիչները պարում էին (չնայած առանց ոգևորության) հայրենասիրական ձևով` Հովհաննես Արգամիչին դիմավորելիս և այդպե՜ս շարունակ:
Ամա վերջում պարզվեց, որ դա նա չէ, որի քուղերը պետք է կապվեին Լիբանանում։ Բանն այն է, որ, «պրոտոկոլային» հանդիպումներից զատ (երկրի նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի հետ հանդիպումները լոկ պրոտոկոլ են), Աբրահամյանը չի հանդիպել Արամ Առաջին կաթողիկոսի հետ: Չար լեզուներն ասում են` վերջինս չի համաձայնել:
Ա՛յ-ա՛յ-ա՛յ: Ինչ լավ էր ստացվում Արգամիչի մոտ վերջերս դաշնակցականների մասով:
Տխրել պետք չէ: Հաջորդ այցն էլ նույն «օսում» է: ՈՒկրաինա: Հետո էլ` կողքի երկիրը: ԲՀԿ-ի և մնացածի մասով: Ասում են` էլի ապարդյուն: Բայց, ինչպես նշեց փորձագետներից մեկը, հաջորդ այցն առնվազն պետք է դեպ Վենեսուելա լինի: Չավեսի մոտ: Գուցե հավեսով ստացվի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ