Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԼԻԱՐԺԵՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՏՄԱՆԸ

ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԼԻԱՐԺԵՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՏՄԱՆԸ
11.10.2011 | 00:00

2000-ականների սկզբին քրդերը զգալիորեն անջրպետվեցին աշխարհի առաջատար պետությունների արտաքին քաղաքական շահերից ու նպատակներից։ Դրանով իսկ նպաստավոր պայմաններ առաջացան տարածաշրջանում քրդական նախագծի իրացման գործում ԱՄՆ-ի դերի մենաշնորհման համար, իհարկե, Իրաքին առնչվող գերակա խնդիրների լուծմանը զուգընթաց։ Այդ շրջանում իրաքյան քրդերը ջանում էին բազմազանեցնել իրենց արտաքին կապերն ու հարաբերությունները, բայց դա արդյունք չտվեց։
Քուրդ քաղգործիչներն ունեն Ռուսաստանի հետ շփման զգալի փորձ և վերջին տարիներին երբեք պատրանքներ չեն տածել Ռուսաստանի կողմից իրենց շարժմանն աջակցելու հնարավորության հարցում։ Ռուսաստանը քրդական կազմակերպություններին ավելի շուտ հետաքրքրում է որպես իրենց հենակետային բազաների տեղակայման, քաղաքական վտարանդիների մի մասի պատսպարման, գաղափարների և քարոզչության փոխանցման, սպառազինության ձեռքբերման և տեղաշարժի տարածության ապահովման երկիր։ 1994 թ. աշնանը Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) ղեկավար Եվգենի Պրիմակովի և Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավար Ս. Ստեպաշինի Անկարա կատարած այցից և Չեչնիայի պատերազմի նախօրեին թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո, որտեղ Ռուսաստանը պարտավորվեց չմիջամտել Թուրքիայում քրդական խնդիրներին, քրդերը վերջնական հետևություն արեցին Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ։ Ռուսաստանին նրանց մոտեցումները ներկայումս կրում են հանգիստ, հավասարակշիռ և իրատեսական բնույթ։ ԱՊՀ-ում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) պաշտոնական ներկայացուցչի ասելով` «Ռուսաստանից պետք է վերցնել հնարավոր ամեն ինչ, առանց պատրանքներ սարքելու»։ Թուրքական Քրդստանի խորհրդարանի անդամ Ռոստոմ Բրոևի արտահայտությամբ` «Ռուսաստանում քրդերի գործունեությունն ավելի քան արդյունավետ է, եթե նկատի ունենանք հույսերի ու մոտեցումների իրատեսականությունը։ Հիմա Ռուսաստանից ավելին սպասել անհնար է»։ Ռուսաստանի ու Եվրոպայի վերլուծական շրջանակներում կայուն կարծիք է առաջացել, որ Ռուսաստանը միանգամայն խելամիտ դիրք է գրավել քրդական խնդիրների առնչությամբ։ Ռուսաստանը քաղաքական և նյութական ռեսուրսներ չունի քրդական ազգային շարժման հիմնական կազմակերպություններն «իրենով անելու» համար, և նրա գործողությունները կարող են վնասել իր իսկ սեփական անվտանգությանը։ Միաժամանակ, Ռուսաստանի հատուկ ծառայությունները հմտորեն ազդեցություն են գործում և վերահսկում են Ռուսաստանի տարածքում գտնվող քրդական խմբավորումները, ինչը Մոսկվայում քրդական ակցիաներին Պետդումայի ռուս քաղգործիչների և քաղաքական կուսակցությունների որոշ մասնակցության հետ մեկտեղ նպաստում է քրդերի հետ հարթ հարաբերությունների պահպանմանը։ Փորձագետները միանգամայն ճիշտ կարծում են, որ Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է բարեկամական հարաբերություններ պահպանել Իրանի, Իրաքի, Թուրքիայի և Սիրիայի հետ, քան քրդական շարժումների ու կազմակերպությունների։ Միաժամանակ, քրդերի հետ հարաբերությունների պահպանումն օգտակար է Ռուսաստանի համար, հատկապես ելնելով այն հեռանկարից, որ, հնարավոր է, զորեղացած և իր ռազմաքաղաքական խնդիրները լուծած Ռուսաստանին անհրաժեշտ կլինի ճնշում գործադրել Թուրքիայի կամ Իրանի, ինչպես նաև ԱՄՆ-ի վրա` Մերձավոր Արևելքի ռազմաբեմում։ Քրդական խնդիրը բավական բարդ է Ռուսաստանի համար, որը բազմաթիվ այլ խնդիրներ ևս ունի։ Քրդական տեսակը ոչ մի կապ չունի այն գերակայությունների հետ, որոնք աստիճանաբար մշակվում են Ռուսաստանում` ռուսական պետության, նրա զինված ուժերի և տնտեսության ամրապնդմանը զուգընթաց։ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի վերջին տարիների քաղաքականության քննարկումը թույլ է տալիս գնահատել Ռուսաստանի ոճն ու մոտեցումները, կամ, ավելի ճիշտ, այն քայլերը, որ Ռուսաստանը կարող էր իրեն թույլ տալ։ Ռուսաստանի համար շատ ավելի հարմար է հարաբերություններ ունենալ ավանդական գործընկերների հետ, նախընտրելով այնքան էլ նրանց չտարբերել ըստ գործառությունների և նախապատվությունների, առավել ևս, որ ներկայումս Ռուսաստանն առնչություն ունի Իսրայելի հետ։ Հազիվ թե Ռուսաստանին հաջողվի կայուն, պարտավորեցնող հարաբերություններ հաստատել Իրաքյան Քրդստանի հետ, առավել ևս` Թուրքիայի և Իրանի քրդական քաղաքական կազմակերպությունների հետ։ Այս իրավիճակում, երբ քրդերը դարձել են ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հավատարիմ գործընկերները, դժվար է ձևակերպել Ռուսաստանի դիրքորոշումն այն հարկադրական գործընթացների շրջանակներում, որոնք զարգանում են արդեն երկար ժամանակ։ Բացի այդ, ի տարբերություն նախընթաց փուլերի, քրդական առաջատար կուսակցություններն ու կազմակերպությունները ձգտում են նշել իրենց կապերն ու շփումները Ռուսաստանի հետ, որպեսզի չնյարդայնացնեն ամերիկացիներին։ Հնարավոր է, փորձեն Իրաքյան Քրդստանի հետ օրինակարգ հարաբերություններ հաստատել Իսրայելի և Իրանի հետ գործակցության միջոցով, իհարկե, տարբեր ենթատեքստերով։
Հայտնի է, որ գոյություն ունի քրդական խնդրով զբաղվող հատուկ խումբ` ԱՄՆ-ի և Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այդ խումբը համագործակցում է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Հունաստանի, Սիրիայի հատուկ ծառայությունների հետ։ Մոտավորապես 1998 թ. սկզբին ԿՀՎ-ն խնդիր առաջադրեց հանելու Թուրքիայի պահանջները` Հայաստանում քրդական կազմակերպությունների գործունեության առնչությամբ։ Ստոկհոլմում այդ կապերի առնչությամբ հայտնի է, որ վերը նշված միացյալ ամերիկա-թուրքական հատուկ խումբը կոչված է նաև հավաքելու տարբեր մտքեր ու նախագծեր քրդական խնդրի վերաբերյալ։ Հաճախ առաջ են քաշվում ամենաաներևակայելի և անիրագործելի նախագծեր, որոնք վերաբերում են Թուրքիայի և այլ երկրների առանձին ռազմավարական շրջաններից քրդերի զանգվածային վերաբնակեցմանը։ Մասնավորապես, հայտնի է երեք այդպիսի նախագիծ։ Առաջինը Քիրկուկի նավթով հարուստ շրջանը միջազգային հսկողության տակ գտնվող գոտու վերածելն է։ Այս կապակցությամբ Թուրքիան ամերիկացիներին առաջադրում է Իրաքի կառավարության պլանները` քուրդ բնակչությանն արտաքսելու այդ գոտուց որպես ապակայունացնող տարրի։ ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է այդ գործընթացին, առանց իր դիրքորոշումն արտահայտելու։ Երևում է Թուրքիայի համար դա կարևոր հանգամանք է մի շարք հարցերում Իրաքի հետ համաձայնության գալու գործում։ Մյուս նախագիծը Թուրքիայի առաջարկն է` ԱՄՆ-ի, Թուրքիայի և այլ դոնոր պետությունների համապատասխան նյութական մասնակցությամբ Հարավային Ղազախստանի սակավաբնակ շրջաններում քրդական ազգային օջախի ստեղծման վերաբերյալ։ Հնարավոր է, որ այդ նախագիծը նաև նպատակ ունի Կենտրոնական Ասիայում ստեղծելու Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործոն (թեև դժվար է դա բացատրել)։ Դրան զուգընթաց, առաջադրվում է թուրքաքրդերին զանգվածաբար Իրաքի հյուսիս-արևելք վերաբնակեցնելու և այդ պետական կազմավորմանն իրաքյան նավթի եկամուտների 30 տոկոսը (հիմա քրդերի բաժինը կազմում է 13 տոկոս, սակայն դա էլ անտեսվում է Իրաքի կառավարության կողմից) տրամադրելու գաղափարը։ Ենթադրվում էր, որ այդ նախագծում կարևոր միջնորդ դեր կարող է խաղալ Շվեդիան, որը մեծ հեղինակություն է վայելում քրդերի շրջանում։
Հարկ է նշել, որ Թուրքիայի առջև կարևոր խնդիր է ծառացած թույլ չտալ պայմաններ ստեղծել, որ քրդական քաղաքական կազմակերպություններն ու հնարավոր քրդական պետական կազմակերպությունները վերածվեն տարածաշրջանում ԱՄՆ-ի գործընկերների և առավել ևս ռազմավարական գործընկերների։ Դա Թուրքիային հարկադրում է արագացնել թուրք-իսրայելական բլոկի կազմավորումը որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի այլընտրանք չունեցող ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև ընդունել աշխարհառազմավարական և աշխարհատնտեսական ոլորտներում ԱՄՆ-ի մի ամբողջ շարք պահանջներ։
Թուրքիայի համար շատ ծանր է քրդական գործոնը որպես Եվրամիության և եվրոպական առաջատար պետությունների քաղաքականության գործիք։ Ամերիկացիների կողմից այդ գործոնի լիարժեք օգտագործումը կհանգեցնի թուրքական պետության մասնատմանը, ինչը չեն կարող չհասկանալ ծայրաստիճան առարկայական մտածողությամբ աչքի ընկնող թուրք քաղգործիչները։ Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ն այդպես էլ չի կարողացել բավականաչափ համոզիչ իր դիրքորոշումն արտահայտել Իրաքյան Քրդստանի վերաբերյալ, ինչը, ամենայն ակնհայտությամբ, ի հայտ եկավ 2006 թ. ապրիլին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի Թուրքիա կատարած հայտնի այցի ժամանակ։ Պետքարտուղարն Անկարայում պատրաստ էր ամենաբարդ հարցերին, բայց թուրքերն առաջադրեցին հարցերի շատ ավելի բարդ լուծումներ, ինչը հուշում էր, որ ԱՄՆ-ին սպասում էին շատ դժվարին քաղաքական որոշումներ, որոնց նա ամենևին պատրաստ չէ։ Չնայած արտքաղաքական տարբեր պայմաններին, Կոսովոյի և Իրաքի Քրդստանի խնդիրները համանման են, սակայն ոչ թե բովանդակային, այլ լուծման հնարավոր եղանակների առումով։ Քանի որ Թուրքիան, թեև ոչ այնքան հմտորեն ու արդյունավետորեն, բայց հետևողականորեն միջազգային ասպարեզում առաջ է մղում Կոսովոյի նախագիծը, բացառված չէ, որ ԱՄՆ-ը փորձի Կոսովոն «փոխանակել» Իրաքյան Քրդստանի հետ, թեև, նկատի ունենալով Թուրքիայի շահերի տեսանկյունից այդ երկու խնդիրների անհամատեղելիությունը, ԱՄՆ-ը պետք է այդ «փոխանակման» մեջ օգտագործի լրացուցիչ քաղաքական ռեսուրսներ, հնարավոր է` պաշտպանության և տնտեսական աջակցության ոլորտում։ Դրա հետ մեկտեղ, պետք է նշել, որ այդ հարցի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմամբ ԱՄՆ-ի անհանգստությունը չափազանցվում է, եթե վերստին հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը շահագրգռված են ոչ թե տարածաշրջանում քրդական պետության ինտեգրմամբ, այլ երկարատև մեկուսացման պայմաններում նրա գոյատևմամբ։ Հնարավոր է, որ հենց այդ նպատակներով է պայմանավորված այն, որ, ինչպես պնդում է Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի առաջատար հետազոտող Սոներ Կագապտայը, ԱՄՆ-ն ամենևին մտադիր չէ պայքարելու Քրդստանի աշխատավորական կուսակցության, նրա ջոկատների և գրոհայինների գործողությունների դեմ։ Երևի արդի աշխարհում տարբեր տեսակի ապստամբներն ու «անվերահսկելի տարածքները» բավականաչափ կողմնորոշված չեն քաղաքական սպասարկման արմատական տեսակների ցուցաբերման հարցում, ուստի այդ գործառույթները կվստահվեն տարածաշրջանների նոր ճանաչված պետություններին։ Հարմար չեն ոչ թե նպատակներն ու խնդիրները, այլ գործողության ժամանակն ու եղանակները։ Միաժամանակ, այլ փորձագետների կարծիքով, Ք. Ռայսի Անկարա կատարած այդ այցը և թուրք զինվորականների ու Դ. Ռամսֆելդի միջև զուգահեռ տեղի ունեցած բանակցությունները հանգեցրին այն բանին, որ Թուրքիան ռազմական գործողություն ձեռնարկեց ՔԱԿ-ի ջոկատների դեմ և հատեց Իրաքի սահմանը` նրանց հարվածներ հասցնելով արդեն Իրաքի տարածքում։ Բայց դա հազիվ թե հիմք տա պնդելու, թե ԱՄՆ-ը դավաճանեց քրդերին, քանի որ նպատակադրվելով սահմանափակել ՔԱԿ-ի գործունեությունը, ամերիկացիներն իրականում ամրապնդում են Քրդստանի մյուս, ավելի չափավոր քաղաքական ուժերի դիրքերը, բայց և միաժամանակ արմատականներին մեծ կախման մեջ են դնում ԱՄՆ-ի քաղաքականությունից։ Այդ պետական կազմավորման պարագլուխները միանգամայն իրատեսորեն են գնահատում ԱՄՆ-ի քաղաքականությունը, ինչն Իրաքում իրականացվող ռազմական գործողության ընթացքում քրդերի չափավոր վարքագծի մասին որոշում ընդունելու գործոն է դարձել, և աշխատում են չհայտնվել ամերիկա-բրիտանա-իսրայելական ուղեծրում։ Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին հրավիրվել էր Չինաստան, և այս հանգամանքը կարող է գնահատվել որպես Չինաստանի փորձ` մտնելու մերձավորարևելյան մեծ խաղի մեջ, որը, ըստ երևույթին, կապված է ոչ միայն նավթի խնդիրների, այլև տարածաշրջանում դիրքեր ձեռք բերելու հետ, ուր քրդերի դերը կարող է բավականին մեծ լինել։ Չինաստանի դերը կարող է մեծանալ Թուրքիայի հավակնությունների զսպման «նախագծում»։
Այսպիսով, ԱՄՆ-ն, օգտվելով Մերձավոր Արևելքի փաստորեն բոլոր երկրներում քրդական քաղաքական կազմակերպությունների ծայրահեղ ծանր, երբեմն անելանելի վիճակից, Եվրամիության և Ռուսաստանի կողմից քրդերի վրա իրական ազդեցության բացակայությունից, նպատակադրվել է տարածաշրջանում ստեղծել ուժեղ աշխարհաքաղաքական գործոն` ի դեմս դաշնության հիման վրա ստեղծվելիք քրդական պետական կազմավորումների։ Այս կապակցությամբ միջոցներ են ձեռնարկվում քրդերի առաջատար քաղաքական կուսակցություններն ու կազմակերպություններն ազատական և ժողովրդավարական բնույթի կազմակերպությունների վերափոխելու ուղղությամբ, նպատակ ունենալով նրանց դարձնել քաղաքական գործընկերներ և ներկայացնել որպես քրդական տարածաշրջաններում քաղաքական իշխանության սուբյեկտներ։ Պատշաճ աջակցություն չստանալով տարածաշրջանի և ոչ մի երկրից, քրդերը լրիվ վերաիմաստավորել են իրենց արտքաղաքական կողմնորոշումը, և չնայած որոշ ավանդական քաղաքական կարգախոսների ու թեզիսների առկայությանը, Իրաքի քրդական կազմակերպությունները, փաստորեն, դարձել են ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի գործընկերները, իսկ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը գտնվում է ԱՄՆ-ի նկատմամբ վերակողմնորոշման փուլում։ Ֆրանսիայի ու Գերմանիայի փորձերը` ուժեղացնելու Եվրամիության ազդեցությունը քրդերի վրա, արդեն չեն կարող շահագրգռել քաղաքական պայքարում հմտացած քուրդ առաջնորդներին։ Քրդական կազմակերպությունները ձգտում են պահպանել հարաբերություններն Իրանի, Սիրիայի հետ և եվրոպական կառույցներում, բայց, փաստորեն, ինտեգրվում են Մերձավոր Արևելքում ամերիկա-բրիտանական քաղաքականության մեջ։
Հարկ է նշել, որ Բարաք Օբամայի վարչակազմը բավականաչափ պատրաստված չէր քրդական հարցում, առավել ևս, որ Վաշինգտոնում այդ ժամանակ չկային շատ թե քիչ մշակված ծրագրեր ո՛չ քրդերի, ո՛չ էլ ամբողջ Իրաքի խնդիրների լուծման նպատակով։ ԱՄՆ-ն ընտրեց իր համար առավել օգտակար ուղին, այսինքն` իր նպատակը հայտարարելով Իրաքի պետական-տարածքային ամբողջականության պահպանումը, ամերիկացիներն ամեն կերպ ամրապնդում էին Իրաքյան Քրդստանի պետական կառույցները։ Կասկած չկա, որ ամերիկյան ներկա «դոկտրինը», ավելի շուտ` քրդական խնդրի հետ կապված ծրագրերը, մշակել է ոչ թե Բարաք Օբամայի վարչակազմը, այլ Վաշինգտոնի նախորդ թիմը։ Բայց դրանք սոսկ ծրագրեր էին, և ոչ թե գործուն քաղաքականություն։ ԱՄՆ-ը սպասողական դիրք էր գրավել և լիակատար վստահություն չուներ իր մտադրություններում։ Օբամայի վարչակազմը, լինելով Ջորջ Բուշի թիմի ժառանգորդը, փորձեց քրդական խնդրին նայել մի փոքր այլ կերպ։ Այսինքն, հետամտելով որոշակի աշխարհաքաղաքական նպատակներ, Օբամայի վարչակազմն աշխատում է քրդական խնդրին առնչվող իր քաղաքականությունը հռչակել որպես այդ պայմաններում խաղի ժողովրդավարական այն կանոնների արմատավորման միջոցառում, որոնք փորձում է պարտադրել, նախ և առաջ, Թուրքիային։ Այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ժողովրդավարության և խաղաղության կուսակցության ստեղծումն ու զորեղացումը, որի ստվերային վարկածը Քրդստանի աշխատավորական կուսակցությունն է, ինչպես նաև Թուրքիայում քրդերի տարածքային ինքնավարության կազմավորման պահանջների առաջադրումը, դարձել են այդ խնդրի առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականության մի եղանակ։ Իրականում Օբամայի վարչակազմը շարունակում է Ջորջ Բուշի - Ք. Ռայսի թիմի մշակած` նախ Թուրքիայի, ապա նաև տարածաշրջանի այլ պետությունների ապակայունացման ու կազմալուծման ռազմավարությունը։ Այս գործում շահագրգռված են Իսրայելն ու Մեծ Բրիտանիան։ Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում արաբական առաջատար պետությունները նախընտրեն ավելի ակտիվորեն մասնակցել քրդական խնդրին, եթե այն ավելի զգալի դառնա տարածաշրջանում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ