Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ԿԱ՞, ԱՐԴՅՈՔ, ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ»

«ԿԱ՞, ԱՐԴՅՈՔ, ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ»
25.11.2011 | 00:00

Քաղաքական, ռազմաքաղաքական և անգամ տնտեսական միությունները ձևավորվում են խիստ անարդյունավետ, քաղաքական և ժամանակային ռեսուրսների մեծ ծախսերով, այդուամենայնիվ, ունենալով բազմաթիվ սահմանափակումներ։ Խորհրդային պետության և խորհրդային (Վարշավայի) բլոկի փլուզումից հետո մի շարք մտադրություններ ու փորձեր եղան ստեղծելու միություններ, որոնք կհակակշռեին տարբեր պետությունների այս կամ այն ռազմավարություններին ու հավակնություններին և դրանցից բխող սպառնալիքներին։ Դա պայմանավորված էր մի քանի գործոններով։ ՆԱՏՕ-ի` որպես համընդգրկուն և խիստ պատկառելի դաշինքի, քաղաքական նպատակներն ու խնդիրներն ի չիք են դարձնում այլընտրանքային նախագծերը, քանի որ դրանք միշտ են այլընտրանքային, որը հոմանիշ է դարձել լուսանցքայինին։ Այդուամենայնիվ, մի շարք պետություններ, այսպես թե այնպես, վերադառնում են այնպիսի միության ստեղծման գաղափարին, որի դեմ համառորեն ու հաստատակամորեն հանդես են գալիս ԱՄՆ-ը և նրա դաշնակիցների մի մասը։ Այսպես, երկյուղելով Մերձավոր Արևելքում դաշինքի առաջացման հեռանկարից (ինչպես արաբական պետությունների, այնպես էլ Իրանի և շիական ազդեցությամբ արաբական պետությունների միջև), ԱՄՆ-ն ամենևին հավանություն չի տալիս, օրինակ, թուրք-իսրայելական ցուցադրական ու ձևական դաշինքի կամ էլ Իսրայելի և մի քանի արաբական պետությունների մասնակցությամբ դաշինքի ստեղծմանը, ինչը կարող է հակազդեցություն առաջացնել։ Այլընտրանքային դաշինքներն արդի աշխարհում չեն կարող նաև տարածական առումով սահմանափակ չլինել։ Նման միությունների առաջացումը կհանգեցներ տարածաշրջանների կառավարելիության կտրուկ նվազման, ուր քաղաքական, շատ դեպքերում նաև սոցիալական գործընթացներն անկանխատեսելի կլինեին։ Ամերիկացիներն արդեն լուծել են Հարավարևելյան Ասիայում այլընտրանքային դաշինքների առաջացման վտանգը չեզոքացնելու խնդիրը, փաստորեն, այդ հարցն արդեն լուծել են Մերձավոր Արևելքում և աշխատում են նույն սպառնալիքը վերացնել Լատինական Ամերիկայում։ Արևելյան Եվրոպայում դաշինքների ստեղծման քիչ թե շատ լուրջ փորձեր չեն եղել, իսկ ՎՈՒԱՄ-ն ամենևին էլ այլընտրանքային չէ, այլ աշխարհատնտեսական բնույթի կախյալ միություն, որն ստեղծվել է առանձնահատուկ պայմաններում և որոշակի նպատակներով։ Այսինքն, այլընտրանքային դաշինքների հանդեպ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների քաղաքականությունը Վաշինգտոնի անդրատլանտյան քաղաքականության մի տարրն է։ Միջազգային հարաբերություններում այլ վեկտորի առաջացումն ինքնաբերաբար թշնամական է դառնում ԱՄՆ-ի քաղաքականության հանդեպ և ընկալվում է որպես տագնապի ազդանշան։ Ի դեպ, իբր ձևավորվող թուրք-ադրբեջանա-վրացական դաշինքը ոչ այլ ինչ է, եթե ոչ «կարճ սանձի» հնարք, և այդ միության ստեղծումը, եթե կուզեք, սկզբունքորեն անհնար էլ է։ Այն պարզապես ունի Արևմտյան ընկերակցության աշխարհատնտեսական նախագծում տեղավորվող որոշակի խնդիրների լուծման նպատակ։ ԱՄՆ-ի այդ դոկտրինի կողքին պետք է նշել, որ Առաջավոր Ասիայի պետությունների ճնշող մասը բնավ էլ միտք չունի մտնելու դաշինքների մեջ, քանի որ միջազգային հարաբերություններն այնքան բարդ են, որ պետությունների մի մասը չի ուզում կիսել մյուսների խնդիրները, անգամ բարեկամական երկրների։ Օրինակ, Թուրքիան և Իսրայելը, չնայած սերտ համագործակցությանը, չեն շտապում դաշինք կազմել, չկամենալով բարդացնել իրենց վիճակը և լրացուցիչ խնդիրներ բարդել իրենց ուսերին։ Չի կարելի չնկատել, որ աշխարհում «դաշինքակերտման» պակասը մեծ մասամբ համաշխարհային քաղաքականության մեջ սոցիալական գաղափարների տեղայնացման և լուսանցքայնացման արդյունք է։ Կոմունիստական համակարգի փլուզմամբ վերացան նաև շատ ազգերի աշխարհաքաղաքական ձգտումները։
Այս առնչությամբ տագնապի ազդանշաններն ավելի շատ են, քան կարելի է պատկերացնել։ Արևելքում գլխավոր ազդանշանը ոչ թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զարգացումն է, այլ ռուս-չինական ռազմաքաղաքական համագործակցությունը, իսկ Արևմուտքում` առաջատար եվրոպական պետությունների ու Եվրոպայի ազդեցիկ քաղաքական շրջանակների նկրտումները, որոնք փորձում են իմաստազրկել և արժեզրկել ՆԱՏՕ-ն։ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ջանքեր են գործադրում հաղթահարելու այդ միտումները, ինչը հաճախ հանգեցնում է կա՛մ ՆԱՏՕ-ի շարքերում հակազդեցության սաստկացման, կա՛մ պառակտման միտումների ուժեղացման։ Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի գծով նրա եվրոպական գործընկերները, ունենալով սկզբունքային հակասություններ, այդուամենայնիվ, նաև փաստացի և սահմանակարգային պայմանավորվածություններ ունեն Արևելյան Եվրոպայում ու Եվրասիայում սպառնալիքներին ու անհաճո միտումներին հակազդելու վերաբերյալ, ինչը կապված է ոչ միայն աշխարհաքաղաքական հավակնությունների, այլև էներգապաշարների արդյունահանման և մատակարարման կենսականորեն կարևոր հանգամանքների հետ։ Համենայն դեպս, եթե ընդհանուր առմամբ Արևելյան Եվրոպայի ու Եվրասիայի առանձին պետությունների առնչությամբ որոշ տարակարծություններ կան ամերիկացիների ու եվրոպացիների դիրքորոշումներում, ապա Ռուսաստանի առնչությամբ բավականին կոշտ պայքար է ընթանում։ Մասնավորապես, Եվրոպայի առաջատար պետություններն ու ազդեցիկ ակումբներն անում են իրենց առաջարկությունները, ինչը միանգամայն անթույլատրելի է ԱՄՆ-ի համար։ Համանման հակասություններ են ծնունդ առնում նաև ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի միջև։
Հենց այս ենթատեքստում պետք է քննության առնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ծագող խնդիրները։ ՈՒշադրության առնելով այս արմատական հանգամանքը, հարկ է նշել, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերություններն ավելի ու ավելի են զրկվում ինքնուրույնությունից (թերևս, կարելի է օգտագործել «անկախություն» բառը)։
Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունները, անշուշտ, միանգամայն ռազմավարական բնույթի են, որքան դա հնարավոր է անկայուն տարածաշրջանում գտնվող փոքր պետության և վիթխարի միջուկային տերության միջև։ Ցավոք, Հայաստանում (ներառյալ քաղաքական խավը) պահպանում են գաղափարախոսական հայացքները Ռուսաստանի հանդեպ։ Կարելի է օրինակ բերել ԱՄՆ-ի և Իսրայելի փոխհարաբերությունները, երբ դրանց ամբողջ պատմության ընթացքում Իսրայելը պայքարում է իր ռազմավարական դաշնակցի քաղաքականության դեմ։ «Ռազմավարական գործընկերություն» հասկացությունը չի տեղավորվում միարժեք շրջանակների ու կանոնների կաղապարում, և յուրաքանչյուր առանձին դեպքում այդ հարաբերությունները տարբեր բովանդակություն ունեն։ Ներկայումս հաղթահարվել են շատ խութեր, որոնք մի քանի տարի (90-ականների երկրորդ կես-2000-ականների` առաջին) մթագնում էին հայ ռուսական հարաբերությունները։ Քաղաքական նոր վերնախավերի կազմավորման դեռևս չավարտված գործընթացի, միջազգային և տարածաշրջանային քաղաքական իրավիճակի իմաստավորման պայմաններում երկու կողմերի հարաբերությունները բավական հղկվել են։ Դրական շատ հանգամանքների կողքին չլուծված է մնում քաղաքական խորհրդատվությունների և արտաքին քաղաքականության ու անվտանգության ասպարեզում որոշումների համաձայնեցման հարցը։ Կարո՞ղ է, արդյոք, այդ հարցը սկզբունքորեն լուծվել այնքան տարբեր քաշային կարգեր ունեցող գործընկերների հարաբերություններում։ Առայժմ ավելի շատ են փաստարկները հօգուտ այն բանի, որ մոտ ժամանակներս այդ խնդիրը չի լուծվի։ Եթե Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում փոխադարձ խորհրդատվության կարգ կիրառվի, ապա Ռուսաստանը կհայտնվի շատ բարդ իրավիճակում, ընդ որում, ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Արևմտյան ընկերակցության հետ հարաբերություններում։ Ռուսաստանը չի կարող ընդունել «գերակայությունների» դոկտրինը` լիովին հրաժարվելով «զուգակշռությունների» դոկտրինից։ Այսինքն, որոշակի տարածաշրջանների պետությունների նկատմամբ ընտրովի վերաբերմունքը դարեր ի վեր ռուսական պետության համար ավանդույթ չի եղել, ռուսական վերնախավն ու քաղնախագծողները պատրաստ չեն այնպիսի քաղաքականություն վարելու, երբ, շեշտը դնելով տարածաշրջանի միայն մեկ պետության վրա, կարողանան մեկ այլ պետության գործընկերություն հարկադրելու խաղ խաղալ։ «Զուգակշռության» քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ են քաղաքական ծանրակշիռ ռեսուրսներ, որոնցից կարող է օգտվել միայն շատ ավելի հզոր պետությունը։ Մոսկվան չէր կարող լիովին իրացնել «զուգակշռության» սկզբունքն անգամ այն ժամանակ, երբ Խորհրդային Միություն գոյություն ուներ։ Սակայն Մոսկվայում ձևավորվել է բավականին յուրօրինակ քաղաքական խորհրդատվական ընկերություն, որն անկարող է ընդունելու «գերակայությունների» գաղափարն արտաքին քաղաքականության մեջ անձնական կամ խմբակային շահերի հետևանքով։ Կարծիք կա, որ այն պատկերացումները, թե կորպորացիաները մեծ ազդեցություն են գործում Ռուսաստանի արտաքին քաղաքականության վրա, չափազանցություն է, բայց ամեն դեպքում, այդքան նշանակալի կառույցները չեն կարող մշտապես անտարբեր մնալ արտաքին քաղաքականության նկատմամբ։ Միանգամայն հնարավոր է, որ Մոսկվայում արտքաղաքական որոշումների կայացման հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Բայց գլխավոր գործոնը, որ սահմանափակում է քաղաքական խորհրդատվությունների փորձի կիրառումը, ԱՄՆ-ի և Արևմտյան ընկերակցության ռազմավարությունն է Ռուսաստանի ու Եվրասիայի նկատմամբ։
ԱՄՆ-ը և նրա գործընկերները Հարավային Կովկասում, ինչպես Արևելյան Եվրոպայում, պարզապես «զուգակշռության» քաղաքականություն չեն վարում, նրանք վարում են ունիվերսալիզմի ճշգրիտ ու ստուգված քաղաքականություն, երբ ձևավորվում է նույնական, միատարր, բայց ոչ միաչափ «դաշտ», երբ ողջ գերտարածաշրջանը նոր հարաբերությունների մեջ է մտնում իր համար նոր գերակայությունների և նպատակների համար։ Այդ հսկայական քաղաքական և աշխարհատնտեսական էքսպանսիան Ռուսաստանին ոչ մի ազատություն չի թողնում իր գործընկերների հետ կառուցելու այնպիսի հարաբերություններ, որոնք լիովին հաշվի կառնեին նրանց կարիքները տնտեսության և անվտանգության ոլորտներում։ Տարածված այն կարծիքը, թե Ռուսաստանը մինչև հիմա ճշգրտված քաղաքականություն չունի Հարավային Կովկասում, իրականությանը չի համապատասխանում։ Ռուսաստանը միշտ էլ որոշակի քաղաքական գերակայություններ հետևողական քաղաքականություն ունեցել է մեր տարածաշրջանում, որը ներառել է բազմաթիվ գործելաձեր, սակայն նրա տեղն ու դերը միջազգային քաղաքականության մեջ այնքան մշուշոտ և սակավ նախընտրելի է, որ նա չէր կարող հասնել էական հաջողությունների կամ, համենայն դեպս, այնպիսի արդյունքների, որոնք ինքը հաջողություն համարեր։ Ատլանտյան և եվրասիական բլոկների միջև պայքար է տեղի ունենում ազդեցության գոտիների համար։ Այդ բլոկներն ունեն զարգացման հակասական միտումներ, և Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունների դիտարկումն այդ ենթատեքստից դուրս մոլորություն կլիներ։ Դրա հետ մեկտեղ, աշխարհաքաղաքական այդ դասավորությունները չեն նվազեցնում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման երկրորդական և երրորդական գործոնների նշանակությունը։
Մոսկվայում օգտագործվում են գնահատականներ, որոնք կասկածի են ենթարկում այդ հարաբերությունները և կանխագուշակում Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Իրոք, սա շատ կոնկրետ հարց է, և Ռուսաստանը չի կարող ձևացնել, թե նման խնդիր գոյություն չունի։ Բայց տարօրինակն այն է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բազմիցս, փաստորեն կանոնավորապես, ամեն տարի հայտարարություններ ու պարզաբանումներ է տալիս այն մասին, որ Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ մտնելու հարց չկա դրված, երկրի քաղաքական գործիչների շարքում, փաստորեն, չկան այնպիսիք, որոնք այդ գաղափարը կքարոզեին և ամեն գնով կցանկանային անցկացնել. համապատասխան բանավեճ չկա նման հարցի շուրջ, իսկ Մոսկվայում այդ գնահատականներն ավելի ու ավելի են սաստկանում։ Նախորդ կառավարող կոալիցիայի քաղաքական կուսակցությունները չափազանց ջանադրաբար էին զբաղված իրավիճակային խնդիրներով, որպեսզի պատկերացում ունենային ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասին։ Ձախ քաղաքական հատվածի բացակայության պայմաններում անգամ երկրում լայնորեն պահպանվում են ձախ հայացքները, ինչը նույնպես չի մեծացնում հասարակության ձգտումը դեպի ՆԱՏՕ։ Զինվորական շրջանակներում գուցե և հետաքրքրություն առաջացած լինի ՆԱՏՕ-ի հանդեպ, բայց հասկանալի է դարձել, որ այդ հետաքրքրությունն առնչվում է զենք-զինամթերքին ու ռազմական շինարարությանը։ Ավելի շուտ, հայ զինվորականների շրջանում երկյուղներ կան հայտնվելու մեկուսացման մեջ, քանի որ ՆԱՏՕ-ի ծրագրերում դաշինքի ընդլայնման խնդիրներ կան։
2006-ի մարտին Լոնդոնում անցկացվեց «աղեղային գրոհ»` բրիտանացի 12 առաջատար զինվորական և քաղաքական փորձագետների մասնակցությամբ։ Թեման ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարն էր։ Այդ քննարկման արդյունքների հիման վրա փորձագետները հանգեցին այն հետևության, թե կարևորը ոչ թե ՆԱՏՕ-ի մեջ Հայաստանի «մտնելու», այլ ՀԱՊԿ-ից և Ռուսաստանի հետ պայմանագրից «դուրս գալու» տեխնոլոգիան է։ Բացի այդ, հերթական խորհրդարանական ընտրությունները Հայաստանում առաջին անգամ տեղի կունենան ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքի խնդրի քննարկման պայմաններում, ընդ որում, բացառապես ընտրությունների հետ կապված խնդիրների ազդեցության ներքո։ Եվ ռուս վերլուծաբաններից միայն մեկի մտքով էր անցել, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության թեման ամբոխավարորեն կծավալվի հատկապես առաջիկա խորհրդարանական ընտրությունների շրջանում։
Հայ հասարակությունը, անկասկած, հետաքրքրությամբ զննում է ՆԱՏՕ-ն` որպես անվտանգության հնարավոր աղբյուրի, որպես որոշակի աշխարհատնտեսական հարցերի լուծման հնարավոր գործընկերոջ։ Քաղաքական խավի առավել պատրաստված ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը համարում են հաղորդուղիների և ինստիտուցիոնալ շրջափակումները հաղթահարելու միջոց, բայց ո՛չ նրանք, ո՛չ էլ առավել ևս հայ խորհրդարանականները և կառավարության անդամների մեծամասնությունը ոչ մի պատկերացում չունեն, թե այդ խնդիրն ինչպես պետք է լուծվի ՆԱՏՕ-ի օգնությամբ։ Ինչ վերաբերում է բնակչության լայն զանգվածներին, ապա կան ինչ-որ «դժգոհության» տրամադրություններ Ռուսաստանի ուղղությամբ, որը շրջափակել է հյուսիսկովկասյան ավտոճանապարհը, նեղում է տնտեսական վտարանդիներին և այլն։ Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ն դարձել է մի տեսակ «Բարեհուսո հրվանդան», որից բացվում է մի բան, ինչի մասին ոչ մի հստակ պատկերացում չկա։
Հայաստանում բավականին ուշադիր ու մանրազնին են հետևում ՀԱՊԿ-ի գծով Ռուսաստանի գործընկերների և Եվրասիական տնտեսական միության հարաբերություններում տեղի տեղի ունեցող գործընթացներին, երբ արտաքին քաղաքականության մեջ բազմակողմանիության գայթակղություն է առաջանում։ Ռուս-բելառուսական հարաբերություններում տեղի ունեցող իրադարձությունները և անգամ Ղազախստանի իրատեսական քաղաքականությունը բացասական ազդեցություն են գործում Հայաստանում առկա տրամադրության վրա։ Բայց պաշտոնական Երևանին ամենից շատ անհանգստացնում են ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարները, այն, որ Ռուսաստանը նշանակալի շահեր ունի Թուրքիայում և Ադրբեջանում։ Հայաստանը ջանքեր է գործադրում նոր գործոններ կյանքի կոչելու ուղղությամբ, նպատակ ունենալով դրանք հակադրելու ռուս-թրքական մերձեցմանը, սակայն պարզվում է, որ նրա հնարավորությունները խիստ համեստ են, և նա ստիպված է ընդունելու արտաքին նախաձեռնությունները, որոնք կապված են արդեն ոչ թե իր հանդեպ ուժի համաշխարհային կենտրոնների վերաբերմունքի հետ, այլ Թուրքիայի և Ռուսաստանի։ Ընդ որում, Եվրատլանտյան կառույցները, ինքնըստինքյան, չեն դարձել «բևեռներ» Հայաստանի կողմնորոշման համար, որը շարունակում է հոռետեսորեն վերաբերվել նրանց և նախընտրում է ավելի շահագրգիռ ու վստահություն ներշնչող հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ։ Բայց Հայաստանի հանդեպ Ռուսաստանի հետաքրքրության թուլացումը կապված է ոչ թե Թուրքիայի հետ դիրքորոշումները մերձեցնելու փորձերի, այլ Մոսկվայի հետապնդած շահերում արտաքին քաղաքականության ավելի լայն ընդգրկման հետ։
Ըստ երևույթին, որոշ ժամանակ կպահանջվի հասկանալու, որ հրաշքներ չեն լինում։ Նախ դա հասկացան եվրոպացիները, հետո` ամերիկացիները, հիմա դա վիճակված է հասկանալու ռուսներին ու հայերին։ Մոսկվայի քաղաքական շրջանակներում, ներառյալ փորձագիտական կենտրոնները, ավելի ու ավելի են տարածում գտնում այն գաղափարները, որ Հայաստանն ի վիճակի չէ կատարելու այն գործառույթներն ու դերը, որոնք վերապահված էին նրան պաշտպանական-ռազմավարական հարցերում, ինչն ավելի շատ կապված է ինչպես ռուսական ընկերությունների աշխարհատնտեսական, այնպես էլ հենց քաղգործիչների ու փորձագետների անձնական շահերի հետ։ Հայաստանի նկատմամբ նման վերաբերմունքը հնարավոր է դարձել ռուսական քաղաքականության և նրա քաղաքական վերնախավի ծայրաստիճան «տնտեսականացման» հետևանքով, որը հատուկ է Ռուսաստանի վերնախավին։ «Կա՞, արդյոք, Կովկասում Հայաստանի հետ համագործակցության այլընտրանք» հարցի պատասխանը դեռ չկա։ Պատասխան չկա նաև այն հարցին, թե ո՞րն է Հայաստանի դերը տարածաշրջանում այլ ռազմավարություններին և սպառնալիքներին հակազդելու գործում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ