«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՀԻԿՆԵՐՆ ԵՆ ԶԱՐԴԱՐՈՒՄ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՀԻԿՆԵՐՆ ԵՆ ԶԱՐԴԱՐՈՒՄ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ
10.12.2010 | 00:00


Մենք ապրում ենք տարօրինակ ու լկտի աշխարհում, երբ ամեն մի չնչին բարության դիմաց մեծ շահաբաժիններ են ակնկալում, երբ բնական աղետների ժամանակ օգնությունը դիտվում է իբրև քաղաքական զիջումների գրավ, երբ քաղաքական շատ գործիչների համար բարերարի դիմակը դարձել է սովորական, սեփական դեմք: Ահա այժմ էլ Իսրայելի Քարմել լեռան վրա հրդեհը մարելու համար Թուրքիայի ուղարկած 2 դժբախտ ինքնաթիռները զարմանալի ներգործություն են ունեցել իսրայելա-թուրքական հարաբերությունների պատկերացումների վրա: Էրդողանն ընդգծել է, որ թուրք ժողովրդի մարդասիրական քայլը չարժե դիտել որպես առաջ քաշված պահանջներից Անկարայի հրաժարվելու նշան: Այդուհանդերձ, ակներև է, որ թուրքերը մեծ հույս ունեին, որ իրենց «անշահախնդրությունը» կգնահատվի ըստ արժանվույն:
«Տարակույս չկա, որ «հրշեջ դիվանագիտությունը» դարձավ դիվանագիտական շփումների կատալիզատոր: Նման իրավիճակներն օգնում են սառույցը ջարդելուն»,- «Հուրիեթ» թերթի թղթակցին ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության մի աղբյուր: Այդ նույն թեմային անմիջապես արձագանքել են Արևմուտքի լրատվամիջոցները և քաղաքական շատ գործիչներ, հատկապես նրանք, ովքեր հույսները չեն կտրել, թե մի օր Անկարան վերջապես եվրոպական կերպարանք կընդունի: Շատ հատկանշական է, որ հրդեհի օրերին, երբ այն մարում էին օտարերկրյա 10 պետության հատուկ ինքնաթիռները, Իսրայելում քչերն էին կասկածում, թե հենց որ կրակը մարվի, երկրի վրա ճնշումը կուժեղանա ինչպես արաբական, այնպես էլ թուրքական կողմից: Եվ ահա վերջին օրերին, չնայած վարչապետ Էրդողանի տակավին շարունակվող ռազմատենչ հայտարարություններին, հաղորդումներ են երևացել Թուրքիայի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների Ժնևում կայացած հանդիպումների և ձգձգված առճակատումից ելք որոնելու մասին: Այսպես, ենթադրվում է, թե իսրայելական կողմը, իբր, պատրաստ է ներողություն հայտնելու թուրքական կողմին, բայց ոչ կառավարությանը, այլ ժողովրդին: Այդուհանդերձ, փոխհատուցումների հարցում կողմերն առայժմ ոչ մի համաձայնության չեն եկել: Սակայն թուրքական ԶԼՄ-ները աճապարեցին հաղորդել, որ Իսրայելն առաջարկություն է մտցրել փոխհատուցում վճարելու Թուրքիայի այն քաղաքացիների ազգականներին, ովքեր զոհվել են «Մավի Մարմարա» նավի վրա իրականացված հարձակման ժամանակ, յուրաքանչյուր սպանվածի համար նախատեսելով 100 հազար դոլար: Շատ հետաքրքիր է, որ Իսրայելի արտգործնախարարության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հանդես է եկել Թուրքիայից ներողություն խնդրելու և փոխհատուցումներ վճարելու դեմ: Այդ նույն տրամադրությունն է գերիշխում նաև իսրայելական հասարակության մեջ: Այսպես, Երուսաղեմի սոցիալ-քաղաքական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Փինհաս Էնբարին կարծում է, որ «չպետք է մոռանալ, որ Էրդողանը գլխավորում է «Մահմեդական եղբայրներ» դասական գաղափարախոսությամբ կուսակցությունը, իսկ WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերը քիչ գաղտնիքներ չեն բացել կառավարող կուսակցության մեջ առկա կաշառակերության և ահաբեկչական կազմակերպությունների հետ նրա ունեցած կապերի մասին»: Ավելին, չի կարելի մոռանալ նաև վերջին ամիսներին տարածաշրջանում ուժերի աշխարհաքաղաքական դասավորության մեջ տեղի ունեցած ոչ քիչ փոփոխությունների մասին: Նախ և առաջ Իսրայելը ձեռք է բերել ռազմավարական դաշնակիցներ ի դեմս Բուլղարիայի, Հունաստանի և Բալկանյան տարածաշրջանի այլ երկրների, որոնց հետ հարաբերությունները մեծապես կառուցվում են Թուրքիայի կողմից ընդհանուր սպառնալիքի հիման վրա: Այդ բոլոր երկրներն անհանգստացած են Բալկաններում մահմեդական փոքրամասնության օգտին թուրքերի դրսևորած ակտիվությունից, այդ թվում` ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունից: Եվ այժմ ակներև է, որ նույնիսկ եթե Իսրայելն Անկարայի հետ նորմալացնի հարաբերությունները, այդուհանդերձ, պետք է հոգ տանել, որ դա չհարվածի նոր դաշինքին: Բացի այդ, մեկ տարի էլ չանցած Թուրքիան կնետվի նախընտրական մրցավազքի մեջ և, ինչպես արդարացիորեն մտածում են Իսրայելում, Էրդողանը կարող է վերստին խաղարկել իսրայելական խաղաթուղթը, որ ընտրողներին շեղի իր աչքի գերանից: Լիբանանում նրա վերջին հայտարարությունները, պաղեստինցիների վրա Իսրայելի հարձակման դեպքում Թուրքիայի միջամտության սպառնալիքները կասկած չեն թողնում, որ Էրդողանը պատրաստ է հեռուն գնալու հարաբերությունների սրման ուղիով: «Այդ համապատկերում բավականին վիճելի է թվում, եթե չասենք ավելին, իսրայելական կառավարության ղեկավարի եռանդուն հաշտվողական գիծը»,- գրում է իսրայելական «Զման» գործակալությունը և ավելացնում. «Իսրայելն արտասահմանում կարեկցանք է հարուցում միայն այն դեպքում, երբ թույլ է և ձեռքը մեկնած օգնություն է խնդրում. այդ դեպքում նույնիսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանն է պատրաստ հրշեջ ինքնաթիռներ ուղարկելու այստեղ»: Այդուհանդերձ, ինչպես հայտնի է դարձել, Իսրայելի վարչապետը հրաժարվել է երկու ղեկավարների հեռախոսազրույցը մեկնաբանելուց, որն առաջինն էր Նեթանյահուի կառավարության` իշխանության գալուց հետո: «Էրդողանի հետ զրուցելիս ես հույս հայտնեցի, որ մեր համագործակցությունը կնպաստի հարաբերությունների նորմալացմանը»,- հայտարարել է նա:
Իրավիճակին առանձնակի սրություն է հաղորդում այն հանգամանքը, որ Պաղեստինում հակաիսրայելական հարաբերությունների ուժեղանալու դեպքում արաբական փողոցի համակրանքը կլինի Թուրքիայի կողմը: Թուրքական մահիկներն են զարդարում Գազայի հատվածի խանութները, կառավարական շենքերն ու մասնավոր տները, իսկ նորածին տղաների ամենատարածված անունը Էրդողանն է: Դեհ, պաղեստինցիներին դուր է գալիս Էրդողանը, և վերջ: Իսկ ահա Գազայում, և ոչ միայն այնտեղ, ի դեմս թուրք վարչապետի, պատրաստ են տեսնելու նոր Սալադինի` իսլամական, թեպետ ոչ արաբ ազգի, հույսի: Իսկ ինչ վերաբերում է հրեաներին, ապա բնակչության հարցման համաձայն, թե իրենք ինչպես են գնահատում, եթե Իսրայելը փոխհատուցում վճարի Թուրքիայի քաղաքացիներին, մոտ 67 տոկոսը պատասխանել է. «խայտառակություն է և նվաստացում ամբողջ աշխարհով մեկ»:
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ