ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԿԱՐԵՎՈՐ ՉԷ ԿԱՏՎԻ ԳՈՒՅՆԸ, ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՆԱ ՄՈՒԿ ԲՌՆԻ»

«ԿԱՐԵՎՈՐ ՉԷ ԿԱՏՎԻ ԳՈՒՅՆԸ, ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՆԱ ՄՈՒԿ ԲՌՆԻ»
18.03.2011 | 00:00

Մերձավոր Արևելքը հիմնովին ցնցած հեղափոխությունները հիմա ինչ կերպ ասես անվանում են` ժողովրդավարակա՜ն, իսլամակա՜ն... Սա դեռ կարոտ է ուսումնասիրության թե՛ բուն այդ երկրներում, թե՛ համաշխարհային հանրության շրջանում։ Բայց մեկ բան արդեն այսօր ակնհայտ է. մարդիկ հանդես են եկել ոչ միայն ընդդեմ ահավոր կենսապայմանների ու գործազրկության, այլև ընդդեմ կոռուպցիայի և վարչակազմերի ու ժողովրդի միջև գոյացած ահռելի անջրպետի։ Եվ գաղափարախոսությունը, անգամ եթե կլանում է զանգվածներին և ուղղորդվում քաղաքական գործիչների կողմից, այստեղ ոչ մի կապ չունի։ Ժամանակին չին մեծ գործիչ և վերափոխիչ Դեն Սյաոպինը հայտարարել է. «Կարևոր չէ կատվի գույնը, կարևոր է, որ նա մուկ բռնի»։ Որից հետո նա, առանց նախկին գաղափարախոսությունը աղճատելու, բայց և այն չդասելով գլխավոր առաջնայնությունների շարքը, սկսեց բարեփոխել հասարակությունը և անհրաժեշտ հաստատություններ ստեղծել։ Տնտեսական բարեփոխումների հետ մեկտեղ երկրում գործուն պայքար ծավալվեց կոռուպցիայի դեմ, որը ծայրաստիճան բացասաբար էր անդրադառնում երկրի սոցիալական մթնոլորտի վրա։ Եվ նա կարճ ժամանակամիջոցում հասավ ակնբախ ու անվիճելի հաջողությունների, այդ թվում` այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին է պայքարը կառավարման օղակների շարքերի անաղարտության համար։
Թեև հանուն արդարության պետք է նկատել, որ դա արվում էր շատ կոշտ, արևմտյան չափանիշներով անթույլատրելի եղանակներով։ Հիմա էլ, ահա, արաբական աշխարհն է «թոզուդուման» բարձրացրել, ինչը, շարքային մարդկանց կարծիքով, պետք է վերջ դնի կոռուպցիային ու կառավարող վերնախավի քրեականացմանը։
Նկատենք, որ բնակչության պատմական փորձով և բնորոշ առանձնահատկություններով հանդերձ, այդ չարիքով այսօր ախտահարված են նախկին խորհրդային տարածքի, փաստորեն, բոլոր երկրները (առանց սխալված լինելու վտանգի պետք է արձանագրենք, որ սոցիալական այդ ախտի արմատները սնունդ են առնում հենց խորհրդային տնտեսավարությունից ու կառավարման բարքերից)։ Պատահական չէ, որ շատ դիտորդներ այդ երկրներում սոցիալական պայթյուններ ու հեղափոխություններ են կանխատեսում։ Ակնհայտ է նաև, որ Հայաստանի հասարակական կարծիքը ցնցած և օրակարգային դարձած (ամենևին էլ ոչ այսօր, այլ անկախության նվաճումից արդեն մի քանի տարի հետո) ամենացավոտ հարցերից մեկը հասարակական-քաղաքական համակարգի քրեականացման և ամբողջ հանրությանը մաֆիական կառույցների և գողական հավաքների սկզբունքներով կենսագործունեության մոդելի պարտադրումն է։
Պետականության հաստատումից հետո Հայաստանում մի շարք համեմատաբար հաջող քայլեր արվեցին ազգի գոյատևումն ու նրա հետագա հաջող զարգացումն ապահովելու ճանապարհին։ Սակայն մեր ժամանակների համար բնական պետական հաստատությունների ստեղծման ու դրան բնորոշ տրամաբանական շատ քայլերի կողքին նկատել կարելի էր կառավարման ինչ-որ արևելաֆեոդալական քրեամետ համակարգի սաղմերի ձևավորումը։ «Կապիտալի նախնական կուտակման» շրջանին իբր բնորոշ արատավոր ու կործանարար սկզբունքների արմատավորման տարրերը նկատելի դարձան արդեն ՀՀՇ-ի կառավարման վերջին տարիներին, երբ «յուրային» համարվող զեղծարարներին ներողամտորեն էին վերաբերվում։ Ազգային ժողովի առաջին` 1995 թ. ընտրություններում արդեն սկսեցին երկրի խորհրդարան ձգտել տարբեր կարգի քրեամետ տարրեր։ Հասարակության և քաղաքական դաշտի քրեամետությունը հատկապես արագացավ ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո։ Այն ժամանակ իշխանությունները, վախենալով «զինվորական ախտանիշի» հնարավոր և հավանական տարածումից, սկսեցին համատարած և, թվում է, չկշռադատված կերպով քաղաքականության մեջ ներքաշել ֆիդայիներին։ Նույն կերպ և բիզնեսում։ Իսկ նրանք, իրենց բոլոր արժանիքներով հանդերձ, մեծ մասամբ պատրաստվածություն չունեին այդ նոր ոլորտում օգտակար գործ կատարելու համար և սկսեցին, որտեղ գիտակցված, որտեղ` ոչ այնքան, իրենց ռազմաճակատային բարքերը տարածել երկրի քաղաքական, հասարակական և տնտեսական կյանքում։ Բայց դրանք դեռ սոսկ «առաջին ծիծեռնակներն» էին։ Հիշում եմ, թե առաջին գումարման Ազգային ժողովի քաղաքական գործիչները որքան էին մտահոգված իրավիճակով. «Հավատա, քանի գնա, ավելի է վատանալու»։ Եվ այդ դառն ու ցավալի երևույթը շատ արագ տարածում ունեցավ` վերածվելով կառավարման ու վարքագծի կարգի. Ռոբերտ Քոչարյանի նախագահական երկրորդ շրջանում ավարտվեց «քրեական հեղաշրջումը», ձևավորվեց քաղաքական և տնտեսական կառավարման կլանային օլիգարխիական մի կառուցվածք։ Չգրված օրենք դարձան համակարգային կոռուպցիան, բարոյալքված քաղաքական դաշտն ու գաղափարախոսության աղճատումը, և ամեն ինչ ենթարկվեց պարագլխի` ֆյուրեր-պախանի կամքին ու նպատակին։ Ընդ որում, այս նոր պայմաններում բոլորը` քաղաքական վերնախավից մինչև ամենաշարքային քաղաքացիները, վերածվել են սոսկ համակարգի փոքրիկ պտուտակների ու վիճակագիրների, և ենթարկված են խաղի միասնական կանոններին։ Այդ կանոններով թույլատրված է «ընդդիմության» գոյություն, թույլատրված են «ընտրություններ» և անգամ պալատական հեղաշրջումներ, թույլատրված են, ծայրահեղ դեպքում, «հուսահատական բռնկման» գործողություններ (ֆրուստրացիա), բայց միայն որոշակի, համակարգի կազմաքանդմամբ չսպառնացող մակարդակի։
Հանուն արդարության պետք է նշել, որ այդ քաղաքական ձևախեղումն աննկատ չի մնացել աշխարհում. և՛ ԱՄՆ-ը, և՛ Եվրոպան իրենց ներկայացուցիչների շուրթերով ասել և ասում են քրեամետ վարչակազմերի վտանգավորության և այդ երևույթի նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին։ Այսպես, դեռևս երեք տարի առաջ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարեց ԱՊՀ մի շարք երկրներում, մասնավորապես մեր տարածաշրջանում, նման գործընթացների առկայության մասին։ Մեկ անգամ չէ, որ ԱՄՆ-ի իշխանությունները երկրում տիրող իրավիճակի ընդհանուր միջազգային քրեական գործընթացներին լիովին համահունչ են համարել և Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը կոչ են արել համակարգի կազմաքանդման գործընթաց սկսել։ Խիստ հատկանշական է, որ վերջին ժամանակներս այդ թեմային են նվիրված եղել «WikiLeaks»-ի բոլոր հրապարակումները, ու թեև արտահոսքը ռուսական կողմից է եղել, սակայն, ամենայն հավանականությամբ, արևմտյան շահեր այդտեղ առկա են եղել, եթե, իհարկե, լրիվ այնտեղից չեն ուղղորդել գործընթացը։
Նշենք նաև այն փաստը, որ երկիրը պարբերաբար, հախուռն միջոցառումներով հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ստեղծվել են կոմիտեներ, հանձնաժողովներ, բայց, ի վերջո, ամեն ինչ խեղկատակության է վերածվել ու մոռացվել, իսկ քաղաքական քրեականությունը շարունակել է խրախճանքը։ Այսպես, հիշենք ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին, որը, քրեական կառույցների դեմ պայքարի վճռականությամբ համակված, երկիրը մաքրեց գողական աշխարհի առավել հեղինակավոր ներկայացուցիչներից և... հեղինակեց պետական ռեկետը։ Իսկ այն, որ «եթե թշնամին չի հանձնվում, ապա նրան ոչնչացնում են» ծլարձակող սկզբունքը խոր մետաստազներ արձակեց քոչարյանական շրջանում, այսօր էլ շատերի համոզմունքն է։ Չմոռանանք, որ 1998 թ. իշխանափոխությունից հետո նոր վարչակազմը, քաղաքականության մեջ ներգրավելով միանգամայն «ապադասակարգային» տարրերի, ինքն սկսեց փարիսեցիական մտքեր արտահայտել։ Իսկ «կեղտոտ աշխատանքի» դերը վերապահել այս կամ այն օլիգարխի կողմից վերահսկվող քրեական կառույցների ներկայացուցիչներին։ Բավական է հիշել վերջին տասնամյակում մի շարք արյունալի հաշվեհարդարների շղթան և բազմաթիվ հրապարակումները, թե ովքեր են կանգնած այս կամ այն գործարարի կամ քաղաքական գործչի սպանության հետևում։ Գործերի ճնշող մեծամասությունն այդպես էլ մնացել է չբացահայտված, իսկ ոստիկանությունը նախընտրել է ընդունել իր անզորությունը, քան դեմ ելնել «պետական հեղինակություններին»։
Սակայն թողնենք պատմական էքսկուրսն ու անցնենք ներկա իրողություններին։ Եվ այսպես, ակնհայտ է, որ երկրի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքի բոլոր մակարդակները ճարակած տևական լճացումից հետո նկատվում են իրավիճակից դուրս գալու առաջին փորձերը։ Ընդ որում, օբյեկտիվ իրողությունը ձևավորված հանրային կարծիքն է, որ «այլևս անհնար է այսպես գոյատևել», իր երկրում ապրելու և աշխատելու ժողովրդի հարաճուն ցանկությունը, հակասությունների սրումը երկրի արտքաղաքական «հովանավորների» միջև, աշխարհում աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությունը։ Այս հանգամանքն իրեն բնորոշ խորաթափանցությամբ հաշվարկեց Լևոն Տեր-Պետրոսյանը, պատերազմ հայտարարեց «քաղաքական քրեականությանը» և կարողացավ իր հետևից տանել հազարավոր մարդկանց։ Ավելին, ճշգրիտ զգալով հանրության տրամադրությունը և այդ «կարևոր գաղափարն» առաջադրելով որպես տիրապետող, բազմափորձ քաղաքական գործիչը մեծապես չեզոքացրեց իր հասցեին հնչած այն հանդիմանությունները, թե ինքն է հայկական մաֆիական համակարգի կնքահայրը։ Ժողովրդի համար կարևոր է ոչ թե այն փաստը, թե ով է հնչեցնում իր համար ցավոտ հարցերը, այլ դրանց բարձրագոչ հնչեցման և հետագա վճռական գործողությունների բուն փաստը։ Ընդ որում, ակնհայտ է, որ վերափոխումների անհրաժեշտության գիտակցումը նկատվում է ոչ միայն ժողովրդի մեջ, այլև վարչակազմի առանձին ներկայացուցիչների շրջանում։
Ներկա դրությունից միայն մեկ ելք կա. առկա վիճակի շուտափույթ փոփոխություն, աշխարհի համար ընդունելի իրենց գործունեության տրամաբանությամբ նոր ժողովրդավարական հաստատությունների ստեղծում։ Այս հարցերն ուղղակիորեն շաղկապված են ազգային անվտանգության և ամբողջ ազգի գոյատևման հարցերի լուծման հետ։ Այնուամենայնիվ, իրավիճակը փոխելու ցանկացած փորձ կարող է դատապարտված լինել ձախողման, իսկ դիմադրությունը կլինի կատաղի ու, հավանաբար, արյունոտ։ Հետևաբար, այդ պայքարը միայնակ անհատների գործ չէ, անգամ եթե նրանք առավել վճռական են ու համակրանք են վայելում։ Քրեական համակարգը ջանում է կաշառել նրանց, բարոյալքել կամ պարզապես ոչնչացնել, ինչպես դա եղավ հոկտեմբերի 27-ին։ Տարրական հաշվարկը հիմք է տալիս ենթադրելու, որ հաջողությունը հնարավոր է ընդդիմության և իշխանության բարեփոխական մասի` «փոխանցումով խաղալու» դեպքում միայն` «ներքևների» վճռական պահանջների և «վերևների» վճռական գործողությունների պայմաններում։ Նկատենք, ի դեպ, որ առայժմ «ամեն մեկը վերմակն իր վրա է քաշում»։
Ցանկալի կլիներ ուշադրություն հրավիրել նաև հետևյալ հանգամանքի վրա. ԱՊՀ շատ երկրներում հակաքրեական պատերազմի կարգախոսով աշխարհաքաղաքական սրբագրումներ անելու փորձեր են նկատվում։ Տվյալ ուղղությամբ արևմտյան ուժերի զգալի ակտիվության պայմաններում Մոսկվայի կողմից պատշաճ աջակցություն և գաղափարախոսական օգնություն չի զգացվում։ Դժվար չէ հաշվարկել, որ եթե իրադրությունն այդ ուղղությամբ չփոխվի, ապա ռուսամետ քաղաքական գործիչները ստիպված կլինեն կա՛մ առաջնության դափնին հանձնել արևմտամետ ուժերին, կա՛մ էլ, մոռանալով իրենց աշխարհաքաղաքական ձգտումները, միանալ ամերիկյան դրոշի ներքո տեղի ունեցող գործընթացին։ Պատահական չէ, որ արդեն այժմ արևմտյան շատ փորձագետներ պնդում են, որ Հայաստանում օբյեկտիվորեն պահանջարկ վայելող և անխուսափելի փոփոխությունները կարող են երկիրը պոկել Ռուսաստանից և փոխել ժողովրդի կողմնորոշումը։ Ընդ որում, ամենացավալին այն է, որ Կրեմլում, դատելով Հայաստանում նկատվող վերջին քաղաքական շեշտադրումներից, կա՛մ չեն հասկանում դա, կա՛մ էլ, ինչպես միշտ, գնում են հեշտ ճանապարհով։ Բայց մեզ համար, համարձակվում եմ հավաստիացնել, իմաստուն չինացու խոսքերը, թե` կարևորը կատվի գույնը չէ, այլ որս անելու կարողությունը, ավելի կարևոր են ու համոզիչ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ