ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

The National Interest. Ինչո՞ւ պիտի ԱՄՆ-ը ճանաչի Արցախի Հանրապետությունը

The National Interest. Ինչո՞ւ պիտի ԱՄՆ-ը ճանաչի Արցախի Հանրապետությունը
16.10.2020 | 10:35

Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում են միմյանց հրադադարի ռեժիմի խախտման մեջ, որի վերաբերյալ պայմանավորվել օգնել էր Ռուսաստանը: Հարևան պետությունների միջև այս վաղեմի կոնֆլիկտի սրումը սկսվեց սեպտեմբերին և արդեն տասնյակ կյանքեր է խլել ու հազարավոր մարդկանց ստիպել փախչել: ԱՄՆ ռազմավարությունը խճճված է: Կոնֆլիկտի սրման օրը Պետդեպարտամենտը բարոյական համարժեքությամբ ներծծված հայտարարություն արեց:

Այնուհանդերձ, հայտարարության մեջ նշվում էր, որ «կոնֆլիկտում երրորդ ուժերի մասնակցությունը լինելու է ծայրահեղ անարդյունավետ և հանգեցնելու է միայն լարվածության աճին տարածաշրջանում»: Սակայն հենց այդպես վարվեց Ադրբեջանը՝ շնորհակալությամբ ընդունելով Թուրքիայի միջամտությունը: Հաղորդվող տվյալներով՝ Թուրքիան ուղարկեց կործանիչներ և սիրիացի վարձկանների, որ ամրապնդի ադրբեջանական ուժերը և օգնի Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման մեջ: ԱՄՆ դիվանագետները, ինչպես եվրոպացիները, Կովկասը համարում են պատմության անեծքը կրող ճահիճ: Իհարկե, Հայաստանը կարող է հպարտանալ հազարամյակների պատմությամբ, Ադրբեջանը անկախ է եղել միայն Ռուսական կայսրության փլուզումից հետո մի կարճ ընթացք 1918-ին: Լեռնային Ղարաբաղում պատմականորեն ապրել են հայեր, տարածաշրջանում մինչև հիմա բազում հայկական եկեղեցիներ կան (որոշ եկեղեցիներ Թուրքիան ու Ադրբեջանը հիմա փորձում են կործանել): 1923-ին Իոսիֆ Ստալինը, ԽՍՀՄ գլխավոր քարտուղարը, շրջանը հանձնեց Ադրբեջանին:

Ամերիկյան հետագա ռազմավարության հեգնանքն է, որ տասնամյակներով սառը պատերազմի ժամանակ և հանրապետականները, և դեմոկրատները փորձել են դիմակայել սովետական սպառնալիքին, բայց երբ Ադրբեջանը և Հայաստանը 1991-ին անկախացան, Պետդապարտամենտը վճռեց շարունակել Ստալինի ռազմավարությունը: Կոնգրեսը իրավիճակին ավելի սթափ էր նայում: 1992-ին Կոնգրեսն ընդունեց ազատության աջակցության ակտը, 907 բանաձևը, որով արգելվեց ԱՄՆ-ին օգնել Ադրբեջանին: 2001-ին հոկտեմբերին Սենատը փոփոխություններ արեց այդ ակտում, որ հանի Ադրբեջանի նկատմամբ սահմանափակումները: Դա ծանրակշիռ պատճառ ուներ: Թեպետ Ադրբեջանում բռնապետություն էր, օգնում էր ԱՄՆ-ին ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմում: Ադրբեջանը կանխամտածված սիրաշահում էր Արևմուտքին, հատկապես իսրայելամետ խմբերին, ընդգծելով, որ Բաքուն Թեհրանի դեմ է: Հետ նայելով՝ հասկանում ենք, որ դա սխալ էր (անկեղծ ասած՝ իմ սխալն էլ էր): Հայաստանը ևս բռնապետություն էր, բայց շատ ռուսամետ, որ Վաշինգտոնի համար բարդացնում էր իրավիճակը: Հիմա ամեն ինչ փոխվել է: 2018-ին հայերը հեռացրին բռնապետին և վերջապես շրջվեցին դեպի ժողովրդավարություն: Երևանի դեպի Ռուսաստան մշակութային կողմնորոշման խնդիրներ երբեք չեն եղել: Սակայն ցանկացած երկարատև դիվանագիտական թեքում բնակչության ցանկության արդյունքը չէ, այլ ավելի շուտ անհրաժեշտություն, հատկապես եթե հաշվի առնենք Թրամփի վարչակազմի շահագրգռության բացակայությունը՝ հայերի ուշադրությունը գրավելու և այնտեղ արևմտյան տեսակետներ զարգացնելու մեջ: Մինչդեռ բռնապետությունը Ադրբեջանում միայն ամրապնդվում է: Հուլիսին ցուցարարները ներխուժեցին ԱԳՆ, խարխլելով բռնապետ Իլհամ Ալիևի վստահությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգտագործում է էթնիկ կոնֆլիկտները և արտասանմանյան ագրեսիան, որ շեղի ուշադրությունը ներքին խնդիրներից, այսպես է վարվում և Ալիևը: Հիմա հենց դա էլ կատարվում է:


Իհարկե, Սպիտակ տունը պետք է դադարեցնի հրաժարվել 907 բանաձևից, իսկ եթե դա չկատարվի, Կոնգրեսը պետք է նախորդ լրացումները հանի, որ թույլ էին տալիս այդպիսի վարքագիծ: Բայց պետք է ավելին: ԵԱՀԿ-ի ու Մինսկի խմբի վրա հենվելու փոխարեն, գուցե պետքարտուղար Մայք Պոմպեոն ու իր թիմը պետք է դիմեն գործողությունների այն մոդելին, որ իրականացվում է Կոսովոյում: Ինչպես Արցախի Հանրապետությունը, Կոսովոն էլ ունի իր պատմությունը: Բռնապետները ստիպում էին Կոսովոյին ոչ շահավետ դաշինքներ կազմել, որտեղ բախվում էր ագրեսիայի ու բռնությունների, այդպես է և Արցախի դեպքում: Արևմուտքը կարող է ճանաչել Արցախը և երաշխավոել անկախ պետության ճակատագիրը: Արցախը հարուստ պատմություն ունի ու ավելի է արժանի անկախության, քան ժամանակակից շատ երկրներ: ԱՄՆ-ի դիվանագիտական այդօրինակ արձագանքը լավ է ոչ միայն բարոյական-էթիկական տեսակետից: ԱՄՆ-ը դիվանագիտական ազդանշան կհղի Թուրքիային, ցույց կտա, որ իր ագրեսիան տարածաշրջանում և սիրիացի վարձկանների օգտագործումը, որոնց մի մասը ԻՊ-ի զինյալներ են, միշտ տհաճ հետևանքներ է ունենալու:
Մայքլ Ռուբին, The National Interest, ԱՄՆ


Հ.Գ. Գուցե Մայքլ Ռուբինը չի ցանկացել խորանալ պատմության մեջ, բայց եթե ԱՄՆ-ը հիմա ճանաչի Արցախի Հանրապետությունը, Դոնալդ Թրամփը միանշանակ ստանալու է ամերիկաբնակ բոլոր հայերի ձայները, իսկ տարածաշրջանում փոխելու է ուժերի հարաբերակցությունը իր օգտին: Միևնույն է՝ և Ռուսաստանը, և ԱՄՆ-ը կորցրել են Ադրբեջանը, ակնհայտ է, որ Ալիևը այլևս ոչ թե չի ցանկանալու Ռուսաստանի ու ԱՄՆ-ի բարեկամը լինել, այլ չի կարողանալու՝ Ադրբեջանը այլևս կառավարում է Էրդողանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ