«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Always look on the bright side

Always look on the bright side
03.02.2020 | 10:06

Ուրբաթ օրը Բրիտանիան պաշտոնապես դուրս եկավ ԵՄ-ից, բայց Լոնդոնն ու Բրյուսելը դեռ ամիսներ պետք է բանակցեն ելքի պայմանների վերաբերյալ: Հիմա քաղաքական գործիչները Բրիտաիայում ու Եվրոպայում քննարկում են՝ ինչպիսին է լինելու ապագան առանց միմյանց: Ուրբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռուստաուղերձում հայտարարեց, որ բրեկզիտի քարոզչությունը կառուցված էր ստի, չափազանցության ու պարզունակացման վրա: Սակայն Մակրոնն ընդունեց, որ դա դաս է ԵՄ-ին ու կառույցին անհրաժեշտ են բարեփոխումներ: «Որպեսզի պաշտպանենք մեր շահերը Չինաստանի ու ԱՄՆ-ի հետ դիմակայության մեջ, մեզ ավելի շատ Եվրոպա է պետք»՝ ասաց Ֆրանսիայի նախագահը՝ բրեկզիտին նվիրված ուղերձում, որտեղ Ռուսաստանը չհիշատակվեց: Շաբաթ օրն իր ֆեյսբուքում Մակրոնը ուղերձ հղեց բրիտանացիներին՝ պատմելով Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնին Պատվավոր լեգիոնի շքանշանով պարգևատրելու մտադրության մասին՝ երկրորդ աշխարհամարտում դրսևորած խիզախության համար: Պարգևատրումը կլինի Ֆրանսիայի նախագահի Լոնդոն այցի ժամանակ՝ 2020-ի հունիսին: Ուղերձում Մակրոնն ընդունում էր, որ Ֆրանսիան կոշտ դիրքորոշում է ունեցել բրեկզիտի բանակցությունների սկզբից: «Ես ուզում էի պաշտպանել հիմնարար սկզբունքները, որոնցով աշխատում է ԵՄ-ն՝՝ միասնական շուկայի կանոններին հետևել, Եվրոպայի միասնականություն և կայունություն Իռլանդիայում»՝ գրել է Ֆրանսիայի նախագահը: Նա ընդգծել է, որ այդ դիրքորոշումն ընդհանուր ոչինչ չունի վրեժի կամ բրիտանացիներին պատժելու ցանկության հետ: Նա նշել է, որ Բրիտանիան միշտ եվրոպական երկիր է մնում՝ անկախ բրեկզիտից: «Դուք լքում եք Եվրոպական միությունը, բայց ոչ Եվրոպան: Եվ ձեզ չեն անջատել Ֆրանսիայից ու նրա ժողովրդի սիրալիրությունից: Լա Մանշը երբեք չի կարողացել բաժանել մեր ճակատագրերը, բրեկզիտին էլ չի հաջողվի»՝ գրել է Մակրոնը:


Եվրահանձնաժողովի թվային կարգավորման փոխնախագահ, մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգրետ Վեստագերի կարրծիքով՝ Ֆրանսիան ու Գերմանիան դժվարանալու են իրենց հետևից տանել ԵՄ մյուս երկրներին՝ առանց Մեծ Բրիտանիայի: «Հասկանալի է, որ մեր եռանդը պակասելու է: Մենք ունենք Ֆրանսիա-Գերմանիա առանցք, բայց եռանդը, որ ստիպում էր այդ առանցքին աշխատել, բխում է, հիմա արդեն՝ բխում էր՝ Մեծ Բրիտանիայից»՝ ասել է Մարգրետ Վեստագերը: Միջազգային հարաբերությունների հարցերում Եվրախորհրդի (դա մասնավոր ինստիտուտ է) համանախագահ և Շվեդիայի նախկին վարչապետ Կառլ Բիլդտը վստահ է, որ բրեկզիտը ռիսկեր է պարունակում հենց Լոնդոնի համար: Washington Post-ում Բիլդտը հիշեցնում է, որ Բրիտանիան կորցնում է «Գալիլեո» նավագնացության տիեզերական համակարգի հասանելիությունը և տիեզերական համատեղ մյուս նախագծերի ճակատագիրը դեռ անհայտ է: Նա հարց է տալիս՝ ի՞նչ դեր է ունենալու Լոնդոնը միջազգային ասպարզում, և կանխատեսում է Վաշինգտոնի ճնշման ուժեղացում:
«Բրիտանիան երբեք չի եղել ԵՄ ամենաակտիվ անդամ, սակայն համարյա կես դար անցկացրել է կառույցում.՝ հիշեցնում է Եվրոպայի գործերով BBC-ի խմբագիր Կատյա Ադլերը: ԵՄ ղեկավարները ընդունում են, որ կարոտելու են բրիտանական հումորին ու հարցերին գործնական վերաբերմունքին: Հազիվ թե նրանք հեշտությամբ են հրաժեշտ տալիս նշանակալից գումարներին, որ Բրիտանիան վճարում էր ԵՄ բյուջե: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ադլերին հարցազրույցում հունվարի 31-ն անվանել է հուզական օր: Նա խոստացել է, որ թեպետ երկու կողմներն էլ պայքարելու են իրենց շահերի համար, ԵՄ-ից Մեծ Բրիտաիայի դուրս գալու պայմանների բանակցությունները լինելու են ազնիվ: Եվրախորհրդարանի նախագահ Դավիդե Սասոլին խոստացել է, որ ԵՄ-ն միշտ եղբայրաբար է վերաբերվելու Մեծ Բրիտանիային: Նույնիսկ Եվրախորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը, որ բրեկզիտի հարցում կոշտ դիրքորոշում ուներ, մեղմացրել է հռետորաբանությունը. «Իմ թանկագին բրիտանացի բարեկամներ, մենք եղել ենք, մնում ենք ու միշտ լինելու ենք հանրություն: Ոչ մի բրեկզիտ դա չի փոխի»՝ գրել է Տուսկը Թվիթերում: Մեկ տարի առաջ նրան քննադատում էին, որ առանց ծրագրի բրեկզիտի կողմնակիցներին ուղարկել էր դժոխք: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը իր Թվիթերում հրապարակել է Լա Մանշի բրիտանական ափի՝ Սուսեքսի կավճային ժայռերի դանդաղեցված կադրերը՝ գրելով. «Միշտ նայիր լուսավոր կողմին»՝ նվիրված բրիտանացի «Մոնտի Պայտոն» խմբի կոմիկ Թերի Ջոնսին, որ հունվարի վերջին վախճանվեց: «Մոնտի Պայտոնի» ամենանշանավոր ֆիլմի՝ «Բրայանի կյանքի» վերջին տեսարանում գլխավոր հերոսը երգում է նշանավոր «Always look on the bright side!»՝ Միշտ նայիր լուսավոր կողմին բառերով երգը՝՝ խաչին խաչված:
BBC


Հ.Գ. Եվրոպացիները լիրիկայի գիրկն են ընկել, իսկ բրիտանացիները հավատարիմ են իրենց գործնական պահվածքին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է Բրյուսելին նախազգուշացնել, որ Լոնդոնը տնտեսական համագործակցության շուրջ Բրյուսելի հետ բանակցություններում զիջումների մտադրություն չունի: Այսօր Ջոնսոնը ելույթ կունենա գործարար շրջանակների, օտարերկրացի դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հավաքում: Ըստ պահպանողական կուսակցության մի աղբյուրի, վարչապետը նկատել կտա, որ Մեծ Բրիտանիան չի ցանկանում «Եվրամիության ընդհանուր օրենքների և նորմերի հետ համաձայնեցնել բրիտանական իրավական ակտերը»: Բրիտանիան ցանկանում է Եվրամիության հետ կնքել ազատ առևտրի այնպիսի պայմանագիր, ինչպիսին միությունը ժամանակին ստորագրել է Կանադայի կամ Ավստրալիայի հետ: Այդ պայմանագիրը կողմերին գրեթե ամբողջությամբ ազատում է հարկերից և տուրքերից: «Եթե չհաջողվի՝ Լոնդոնը պատրաստ կլինի ԵՄ-ի հետ առևտուր անել ոչ ձեռնտու պայմաններով, բայց զիջումների չի գնա»,- ասել է անանուն աղբյուրը: Բացի այդ՝ Բորիս Ջոնսոնի կաբինետը որոշել է շանտաժի ենթարկել Եվրամիությանը՝ Brexit-ից հետո: Նա պատրաստել է ծրագրեր ԵՄ-ից բոլոր ապրանքների վրա մաքսային և սահմանային վերահսկողություն սահմանելու վերաբերյալ, որ հետագա պայմանավորվածության մեջ հասնի լավագույն պայմանների՝ հաղորդում է The Telegraph-ը՝ հղում անելով կառավարության բարձրաստիճան աղբյուրին: Նրա խոսքով՝ այդ ստուգումների ռիսկը հաղթաթուղթ կդառնա բանակցությունների ժամանակ, որ մինչև տարեվերջ պետք է ավարտվեն նոր առևտրային պայմանագրով: Եթե կողմերը համաձայնության չգան, Մեծ Բրիտանիայի սահմանին կսկսեն ստուգել բոլոր արտահանվող ապրանքների հայտագրերը, անվտանգության հավաստագրերը, անասնաբուժական հավաստագրերը և այդ բնույթի այլ փաստաթղթեր: Իհարկե, դա կհանգեցնի սահմանային ծառայությունների ծանրաբեռնվածության, սակայն կառավարությունը պատրաստ է գնալ դրան՝ ճնշում գործադրելու համար Բրյուսելի վրա, հետո ինչ, որ կտուժեն և բրիտանացիները: Կարևորը արդյունքն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ