Սագա դիմադրունակության մասին
20.12.2019 | 00:09
Քաղաքաբնակի համար այս ձմեռը նվեր է՝ տաք ու անձյուն: Հասկանում ես, իհարկե, որ ձմռանը ձյուն պիտի գա, որ հալչի ու ջրամբարները լցվեն, որ գյուղատնտեսական ցիկլը չխախտվի, բայց մի՞թե կարող ես դիմադրել ձյուն չլինելու հրճվանքին: Դեկտեմբերի երկրորդ կեսին: Դիմադրությունը ընդհանրապես բարդ գործ է: Դիմադրունակությունը՝ առավել ևս:
Օրինակ՝ ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ բյուջեն փակվում է պրոֆիցիտով, բայց դեֆիցիտի հիմնավորմամբ վարկ է վերցնում: Ինչու՞: ՈՒրեմն գիտի գլխին գալիքը.
1. Ավտոմեքենաների էպոպեան ավարտվեց՝ այդտեղից այլևս փող չի հոսելու բյուջե:
2. 2020-ի հունվարի 1-ից ավարտվում են պրեֆերենցիաները՝ Հայաստանը վճարելու է ԵԱՏՄ-ին 5 տարի հետաձգված արտոնությունների դիմաց ու թանկանալու են ոչ միայն առաջին անհրաժեշտության սննդամթերքները, այլև ամեն ինչ, որ Հայաստան է մտնում երրորդ երկրից: Կյանքը 5-7 տոկոսով թանկանալու է:
3. Տնտեսական ակտիվության աճի միայն մեկ աղբյուր կա՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը՝ հակառակ Ալեն Սիմոնյանի:
4. Չի բացառվում, որ ապրիլին գազը թանկանալու է, պետք է մեղմել հետևանքները բնակչության համար:
5. Օլիգարխներին, իհարկե, կշարունակեն «ասֆալտին պառկըցնել», բայց դա չի նշանակում, որ հնարավոր է բյուջեն անվերջ լցնել «պառկցվածների» ֆինանսներով, տնտեսությունը փողազրկելն ավելի մեծ աղետ է, քան «չպառկըցնելը»:
6. ՀՀ կառավարությունը չունի ժամանակի գիտակցություն. տնտեսության զարգացման համար կարևորագույն հարցերը անորոշ հետաձգվում են, իսկ այդ ընթացքում բյուջե չեն մտնում ոչ միայն կոնկրետ այդ հարցերի լուծումից ակնկալվող գումարները, այլև անորոշությունը խանգարում է Հայաստանում ներդրումներ անելուն:
7. ՀՀ կառավարությունը չունի ոչ միայն ժամանակի գիտակցություն, այլև տարրական ինքնապաշտպանության բնազդ. վարվող քաղաքական տնտեսական քաղաքականության պատճառով՝ Հայաստանը 2020-ից մի քանի գործերով կարող է հայտնվել միջազգային դատարաններում, որտեղ հաղթելու հավանականությունը մեծ չէ, չեն բացառվում մեծ տուգանքները:
8. Աշխարհում ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ են լինում, որոնցից Հայաստանը ոչ միայն չի կարողանում օգտվել, այլև կարող է կորուստներ ունենալ իր արտաքին քաղաքականության պատճառով:
9. ՀՀ կառավարությունը չունի իրական տնտեսական քաղաքականություն, տնտեսական հեղափոխությունը քաղաքական միֆ է, որ շրջանառվում է տարատեսակ սկանդալների հետ:
10. ՀՀ կառավարությունը չի կողմնորոշվել ՀՀ ռազմավարական գերակայությունների մեջ ու վարում է իրավիճակային լուծումների քաղաքականություն, որ երկարաժամկետ հեռանկարում աղետ է, եթե նույնիսկ այսօր չի զգացվում:
ՈՒ ի՞նչ: Ոչինչ: Նոր տարի է՝ տոնում ենք: 152 մլն դոլար նոր վարկ ենք ստանալու:
Էժան տոկոսով: ՈՒ չենք էլ ասում՝ որտե՞ղ է ծախսվելու: Գուցե հատկացնելու ենք Բաթումի նավահանգիստը գնելուն, որի վաճառքի գինը 600 միլիոն դոլար է, ու տարբեր շրջանակներ դրամահավաք են սկսել, որ ապահովեն Հայաստան բեռների անարգել տեղափոխումը: Բաքուն, օրինակ, գնել է Փոթիի նավահանգիստը: Կամ՝ կառավարությունը որոշել է փակել Հայաստանի կիբերտիրույթը հաքերներից՝ ինչպես արել է Ադրբեջանը, ու ստեղծել կիբերանվտանգության ազգային կամ պետական կենտրոն: Գուցե էժան վարկը վերցնելու ենք ավելի թանկը փակելու համար: 2020-ի բյուջեով ունենք 20 տոկոս դեֆիցիտի աճ՝ գուցե վախերն ենք փակում: Բայց ինչի՞ց ենք վախենում, եթե շաբաթ չկա, որ վարչապետը Ֆեյսբուքում չգրի՝ ինչքան ամեն ինչ լավ է ու ինչքան ամեն ինչ ավելի լավ է լինելու: Թվերով, փաստերով: Ո՞վ չգիտի, որ մենք գումար ունենք, չենք կողմնորոշվում՝ որտեղ ավելի արդյունավետ ծախսել: Միֆ է նաև վարկածը, թե իշխանությանը վստահում են, ու այդ պատճառով են վարկ տալիս:
«Նախորդ հանցավոր ռեժիմին» է՞լ էին վստահում, որ պետական պարտքը 7 միլիարդ դոլար է: Ցանկացած վարկ տալիս են՝ շահույթ ստանալու համար: ՈՒ դա հեղափոխության հետ կապ չունի:
Հայաստանը դիմադրունակություն չունի: Հայաստանն ունի ապրիորի գաղափարներ: Օրինակ՝ փոխվեց կառավարության կառուցվածքը՝ 18-ից մնաց 12 նախարարություն: Եթե նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, ֆինանսական խնայողություններն էին, հարց է, թե որքանով են այսօր նախարարությունները կառավարելի, որքանով են հստակված աշխատակիցների գործառույթները, բացառված կրկնօրինակումները, ու որքանով է մեծացել յուրաքանչյուրի օգտակար գործողության գործակիցը: Եթե ամեն ինչ այդքան լավ է, վարչապետն ինչու՞ էր խոսում դիմադրությունը կոտրելուց: ՈՒ՞մ և ինչի՞ դիմադրությունը, եթե նախարարները յուրայիններ են: Եթե նախարարություններում դեռ ոչ բոլորն են յուրայիններ, պատճառը պարզ է. նախ՝ ՔՊ-ն ոչ բոլորին է ընդունում, երկրորդ՝ ՔՊ-ն երբեք չի ունեցել ու չունի պահեստայինների նստարան, ավելին՝ կադրերի սով ունի: Փորձում է գայթակղել աշխատավարձի կրկնապատկում-եռապատկումով, բայց նույնիսկ նրանք, որ չեն դիմանում գայթակղությանը, կարճ ժամանակից հեռանում են, որովհետև մթնոլորտը աշխատանքային չէ: Կամ՝ ԱԺ-ն բազում օրենքներ է փոխում ու նորերն է ընդունում: Ամենից հաճախ հնչող փաստարկն է՝ եթե լավ չեղավ, նորը կընդունենք, այսինքն՝ ոչ կառավարությունը, որ բերում է օրինագծերը, ոչ օրենսդիրները, որ ընդունում են օրենքներ, չունեն հստակ պատկերացում՝ ինչ են փոխելու այդ օրենքները, փորձում են հնարավորինս մեղմել նեգատիվը: Օրենքների փաթեթ ընդունվեց եկամտահարկի վերաբերյալ, ասվում էր, որ 2020-ից քաղաքացիների եկամուտները զգալի կբարձրանան։ Բայց՝ կբարձրանա՞ն: Իսկ ԵԱՏՄ-ի շնորհիվ գնա՞ճը, գույքահարկի բարձրացու՞մը, նոր տուրքերն ու հարկե՞րը, վերջապես աղմկահարույց պարտադիր բժշկական ապահովագրության 6 տոկոսը: Կամ՝ բանկային գաղտնիքի օրենքի փոփոխությունը, որ բնավ չի ավելացնում հնարավոր ներդրողների վստահությունը: Կամ՝ առանց դատական վճռի՝ գույքի բռնագրավման օրինագիծը, որ միանգամայն հնարավոր է՝ վերաճի սեփականության վերաբաշխման: Արդեն չեմ ասում՝ չգիտեմ քանի քրեական գործերը, որ բացի բարոյահոգեբանական սթրեսից կազմալուծում են տնտեսությունը: Կա՞ որևէ օրենք, որ նպաստելու է եկամուտների աճին ու գնողունակության մեծացմանը: Ֆինանսների նախարարը գուցե մի 10 օրենք թվարկի, բայց՝ տեսականում, կյանքը գործնական լուծումներ է ուզում: Կա՞ որևէ համակարգաստեղծ ծրագիր, որ իր հետևից կտանի տնտեսության մի քանի ճյուղեր, կստեղծի ռեալ աշխատատեղեր՝ բարձր աշխատավարձով: Բարձրացվեց նվազագույն աշխատավարձը, կարտահայտվի՞ կենսամակարդակի, աղքատության կրճատման վրա: Ավելացված արժեքի հարկի գումարներն են վերադարձվում տնտեսավարողներին: Աննախադեպ քայլ: Ակնկալվում է, որ օդից ընկած փողը պիտի ներդրում դառնա տնտեսության մեջ: Ինչպե՞ս է ՊԵԿ-ը որոշում, թե ձեռներեցը իր փողը որտեղ ծախսի: Գուցե որոշել է նոր կահույք գնել: Հայաստանում ընդունվում են օրենքներ ու կայացվում որոշումներ՝ առանց կատարման պայմանների ստեղծման: Օրինակ՝ մանկատների ու խնամքի տների փակումը: Մամուլում տասնյակ հրապարակումներ եղան դրական ու բացասական կողմերի մասին: Չփոխվեց ոչինչ: Ո՞վ չի ուզում, որ երեխան ընտանիքում մեծանա, իսկ եթե ընտանիք չկա՞: Եթե պատահակա՞ն մարդիկ են երեխաներին վերցնում՝ պետության վճարների հաշվին ապրելու համար: ՈՒ դա ոչ թե բարեգործություն է, այլ հաշվենկատություն:
Կամ՝ ի՞նչ եղավ Մեղրիի ազատ տնտեսական գոտին: Ռոհանիի գալ-գնալն էլ հարցը մեռյալ կետից չշարժեց: Քաջարանի թունելն ի՞նչ եղավ: Էլեկտրագծերն ի՞նչ եղան Իրանի հետ, Արաքսի վրայի հէկը: Պարսից ծոցը Սև ծովին էինք միացնում, Վաշինգտոնի՞ն մեղադրենք՝ պատժամիջոցների համար, Թեհրանի՞ն, որ ֆինանսական միջոցներ չունի, թե՞ մտածենք, որ դա մեզ է պետք, ուրեմն մեր գլուխն էլ պիտի ցավի, ոչ թե սպասենք՝ Վրաստանն ի՞նչ է ասում, Իրանն ի՞նչ է անում, Ադրբեջանը ո՞նց կխանգարի, Թուրքիան ի՞նչ թույլ չի տա: Կամ՝ հայկական ավիաշուկայում հայտնվում են նոր ավիաընկերություններ՝ Ryanair-ը, հիմա էլ Wizzair-ը, խոստանում են էժան տոմսեր, գովազդվում են լոուքոստերային թռիչքները, որևէ մեկը գիտի՞՝ ինչ պայմաններով: Պարզ է, որ ավիաընկերություններին տրվել են խոստումներ ու արտոնություններ, կա՞ն երաշխիքներ, որ կես տարուց չեն հեռանա: Ի՞նչ եղավ հայկական ավիափոխադրողի հարցը: Ինչու՞ եվրոպացիները մտահոգվեցին մեր անվտանգության խնդիրներով: Տաթևիկ Ռևազյանն ասում է՝ հին խնդիրներ են, նոր չեն առաջացել, մի՞թե դա բացատրություն է: Խնդիրները նոր են, թե հին, լուծումներ են պետք: Իսկ լուծումները երկնքից չեն ընկնում:
Աշխարհում ամենաթանկ կապիտալը ժամանակն է, Հայաստանում ոչ ոք չի գնահատում ժամանակի գործոնը: Արևելյան դանդաղկոտությունը չի համադրվում ժամանակակից աշխարհի գերարագ զարգացումների հետ: Իրականում ոչ ոք էլ ՀՀ կառավարությունից չի պահանջում սանդուղքը թռչելով հաղթահարել, պետք են կոնկրետ, հիմնավոր ու հեռանկարային ծրագրեր: Բայց՝ ոչ դպրոցական մակարդակով: Տարածաշրջանի քաղաքական ու տնտեսական զարգացումների համադրումով: Մենք ոչ բոլորից լավն ենք, ոչ բոլորից վատը, մենք մենք ենք, ու մենք արժանապատիվ կյանքի իրավունք ունենք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Դիմադրունակությունը հրաշալի հատկություն է, որ օգնում է ապրել: Եվ չի վերաբերում միայն կոնկրետ մարդուն, վերաբերում է պետությանը: Մենք կամ դիմադրունակության ռեկորդներ ենք սահմանում, կամ դիմադրունակության բացակայության: Ո՞վ գիտի՝ ինչու՞ 1918-ին դիմադրության հրաշքներ էինք գործում Սարդարապատում, Բաշ Ապարանում, 1920-ի դեկտեմբերի 2-ին Հայաստան մտավ 29-րդ Կարմիր բանակը: Պատմաբանները տասնյակ վարկածներ կառաջադրեն, քանի՞սն են վարկածներից իրականությանը համարժեք: Ե՞րբ ենք մաքրելու մեր պատմության ավգյան ախոռները ու իրադարձություններին տալու ոչ թե օրվա պատեհապաշտական պատասխան, այլ պատմական անաչառ գնահատական: ՈՒ թող պատմաբանները չպաշտպանվեն տարատեսակ տեսություններով, որ պատմությունը մշտապես սուբյեկտիվ է, բնույթով չի կարող օբյեկտիվ ու ապաքաղաքական լինել: Միֆ է, կարող է, եթե պահանջարկ ունենա: Պահանջարկ ձևավորողը մենք ենք ու մեր դիմադրունակության անհրաժեշտությունը, ազգային ներուժի ՕԳԳ-ի ճիշտ հաշվարկը: Օրինակ՝ եթե համայն հայության ներուժը ուղղվի Արցախի ինքնիշխանության ճանաչմանը, առժամանակ երկրորդ պլան մղելով մյուս խնդիրները, արդյունքները համադրելի կլինե՞ն բազմավեկտոր մեր պահանջատիրության հետ, որի ոչ մի ուղղության մեջ չունենք հստակ բանաձև: Ոչ ցեղասպանության ճանաչման՝ այդպես էլ չսահմանեցինք մեր պահանջատիրության կոնկրետ կետերը: Ի՞նչ ենք ուզում՝ բարոյակա՞ն փոխհատուցում, եթե Էրդողանն ասի՝ իմ նախնիների նախնիները սպանել են ձեր նախնիների նախնիներին, սխալ են արել, կներեք, սեղմելու՞ ենք մեր ներողամիտ կրծքին ու ասելու ենք՝ ներու՞մ ենք: Ֆինանսական փոխհատուցու՞մ ենք ուզում՝ վերադարձրեք՝ մեր նախնիների նախնիների գույքն ու փողերը, որոնցով կառուցել ենք ձեր պետությունը: Հո՞ղ ենք ուզում՝ վերադարձրեք մեր պատմական հայրենիքը, գոնե այն հատվածը, որ 1921-ի պայմանագրերով 2021-ից այլևս ձերը չեն: Թե՞ առժամանակ, քանի Էրդողանը Թուրքիայի ու Պուտինը Ռուսաստանի նախագահն է, փակում ենք հայ-թուրքական հարաբերությունների էջն ու կենտրոնանում Արցախի վրա: Չէ, մենք զբաղված ենք ներքաղաքական մանկական խաղերով: Օրինակ՝ Դավիթ Խաժակյանին հետ կանչել ավագանուց: Է, կանչեցինք, «Լույսը» ավարտվե՞ց, թե՞ Կարգին Հայկոն կարգին քաղաքապետ դարձավ: Էս խելքին ենք, որ էս ելքին ենք:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ