ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Պիտերը չկարողացավ տեղից շարժել սիրիական սայլը

Պիտերը չկարողացավ տեղից շարժել սիրիական սայլը
09.09.2013 | 13:18
Անտրամաբանական կլիներ հակառակը մտածելը: Դեռ պետք է ուրախ լինել, որ Օբաման փոխեց իր մտադրությունն ու այցելեց Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք: Հավանաբար, սիրիական արյունալի լաբիրինթոսից ելք գտնելու հույսն ավելի ուժեղ գտնվեց, քան լրտես Սնոուդենին Մոսկվայում ապաստան տալու վիրավորանքը:

Եկավ, բանակցեց, գնաց: Պուտին-Օբամա երկխոսությունը, որը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում կայացած G20-ի (զարգացած երկրների ղեկավարների գագաթնաժողով) հանդիպումից հետո, ընդամենը դիվանագիտական պոլիտեսի դասական օրինակ էր:

Եթե ցանկանում եք համոզվել, որ լեզուն քաղաքական գործիչներին տրված է մտքերը թաքցնելու համար, իսկ բանակցությունների արդյունքները հաճախ հակադարձ համեմատական են ասված ու գրված խոսքերին, ապա կարդացեք երկու նախագահների հայտարարությունները:

«Մեր հանդիպումն անցավ կառուցողական և բարյացակամության մթնոլորտում»,- ասում է Վլադիմիր Պուտինը:

Օբաման երկրորդում է նրան, միայն թե «կառուցողական» բառը փոխարինում է «անկեղծ» բառով: Մթնոլորտն, իրոք, բարեկամական էր, հուսադրող, անգամ` հովերգական: Իսկ արդյունքը` զրոյական:

Հուսադրող խոսքերից հետո նրանք սառը ցնցուղ են պահում մարդկանց գլխին` հայտարարելով, թե իրենք համաձայն չեն ո՛չ իրար հետ, ո՛չ էլ՝ մեկմեկու բերած փաստարկների:

Եվ ինչպես փչացած, սկավառակ կրկնվում է վաղուց լսվածը:

Օբամա. «Քիմիական զենք օգտագործել է Բաշար Ասադը և նա պետք է պատժվի»:

Պուտին. «Քիմիական սպանդը գրոհայինների ձեռքի գործն է, և Ռուսաստանը սիրիական իշխանություններին շարունակելու է ցուցաբերել ռազմական ու հումանիտար օգնություն»:

Մի խոսքով, ընդհանուր հայտարարի գալու ոչ մի հեռանկար:

Այդուհանդերձ, եղան հռետորական բնույթի հայտարարություններ ևս: Օբաման, օրինակ, հայտարարում է, որ քիմիական զենքը վտանգավոր է «գլոբալ խաղաղության և անվտանգության համար»: «Այդ զենքի տարածումը սպառնում է Սիրիայի հարևաններին` Թուրքիային, Հորդանանին, Լիբանանին, Իրաքին, Իսրայելին»:

Հետո, ինչպես նախորդ անգամներին, նա կրքոտ ելույթներ է ունենում սիրիական ոդիսականը խաղաղ միջոցներով կարգավորելու, դեմոկրատիան և մարդու իրավունքները պաշտպանելու հրամայականի դիրքերից:

Այսպես, Ամերիկայի նախագահը Ամերիկա է հայտնաբերում:

Ակամայից հիշում ես հանրահայտ երգչուհի Դալիդայի մելամաղձոտ խոսքերը` «paroles, paroles, paroles» (ֆրանս.)-«խոսքեր, խոսքեր, խոսքեր»:

Իսկ իրականու՞մ: Իրականում սպասելով հանդերձ Կոնգրեսի որոշմանը, որը կկայանա սեպտեմբերի 11-ին, ամերիկյան վարչակարգը թափով պատրաստվում է պատերազմի: Իսկ ամսի 10-ին նախագահը դիմելու է ամերիկյան ժողովրդին: Նման քայլը, մասնագետների կարծիքով, կնշանակի, որ Օբաման հասել է «անշրջելի կետի», ասել կուզի՝ որոշել է հարձակվել:

Ի դեպ, վերջին երկու շաբաթվա ընթացքում նկատելիորեն փոխվել են նաև Օբամայի բառապաշարն ու տոնայնությունը: Նրա անվճռականության և դանդաղկոտության հետքն անգամ չի մնացել:

Ավելին, նա ինչպես մենք ենք ասում` «տվել, անցել է» մարտաշունչ Բուշ-կրտսերին: Վերջինս Իրաքի վրա հարձակվելու համար, օրինակ, պատրաստվեց մեկ տարուց ավելի, նրան պաշտպանում էին կոալիցայի 49 երկրներ և ՆԱՏՕ-ն, ուներ Անվտանգության խորհրդի որոշումը:

Օբաման այս երեք բաղադրիչներից ոչ մեկին չի տիրապետում: Բացի այդ, ամերիկացիների 60%-ը չի ուզում կռվել: Իսկ սիրիական պատերազմի դեմ օրերս հանդես եկավ ևս մեկ հզոր ուժ` Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը սեպտեմբերի 7-ը հայտարարեց «Աղոթքի և պասի օր հանուն Սիրիայի խաղաղության»: Որպես հավատացյալ` Օբաման միգուցե անտեսի պոնտիֆիկի կոչը, քանի որ բողոքական է, սակայն հաշվի չառնել ավելի քան մեկ ու կես միլիարդ կաթոլիկների կարծիքը, այնքան էլ հեշտ չէ:

Բացի այս ամենից, Օբամայի խոսքերը, մեղմ ասած, երբեմն չեն համապատասխանում իրականությանը: Օրինակ` նա G20-ում համոզում է գործընկերներին, թե Ավստալիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, Իսպանիան և Թուրքիան պաշտպանում են Վաշինգտոնի սցենարը: Մինչդեռ նշված երկրներից և ոչ մեկը պատրաստակամություն չի հայտնել մասնակցելու ռազմական գործողություններին: Նրանք ընդամենը դատապարտում են քիմիական զենքի օգտագործումը: Բայց դա անում են բոլորը` այդ թվում և Ամերիկայի անտիպոդ Մոսկվան: Օբամայի դաշնակիցները նրա կողքին կկանգնեն միայն այն դեպքում, եթե ունենան ՄԱԿ-ի որոշումը և Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատը, որոնք երբեք չեն ունենա այդ կառույցում Ռուսաստանի և Չինաստանի առկայության պայմաններում:

Զուր անցան նաև երեկ Վիլնյուսում Ջոն Քերիի թափած ջանքերը համոզելու համար Եվրոմիության 28 արտգործնախարարներին՝ կռվել Ամերիկայի կողմից:

Այդուհանդերձ, Ամերիկան ակտիվորեն պատրաստվում է հարձակման: Միջերկրական և Կարմիր ծովերում արդեն կենտրոնացված են ավիակիրների և սպասարկող նավերի խմբավորումներ: Դրանց մեջ են ավիակիրներ «Նիմիցը» և «Հարի Տրումենը»:

Որտեղ ամերիկացիները, այնտեղ` ռուսները: Միջերկրականի ավազանում են Սևծովյան և Բալթյան նավատորմերի «Նովոչերկասկ» և «Մինսկ» դեսանտային խոշոր նավերը: Այստեղ է «Պրիազովիե»հետախուզական նավը:

Տարբերությունն այս նավատորմերի միջև այն է, որ ամերիկյան նավերը կիրագործեն հրթիռային հարվածներ, իսկ ռուսականները` ոչ: Համենայն դեպս, ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետ Ջոնաթան Գրիներտի կարծիքով, ռուսական նավերը չեն խանգարի Սիրիայի դեմ ռազմական գործողությունների անցկացմանը:

Ռուսաստանի նավերն անհրաժեշտության դեպքում կարող են իր քաղաքացիներին դուրս բերել Սիրիայից: (Նման առիթը, եթե ներկայանա, անպայման պետք է օգտագործել հայերին ևս երկրից հանելու համար: Մաքսային միության պատմությունից հետո դա, կարծում եմ, դժվարություն չպետք է ներկայացնի):

Ամերիկայի գործողություններն աստիճանաբար դառնում են վտանգավոր ամբողջ աշխարհի և հենց իր համար: Ինչպես նշում է սենատոր-հանրապետական Թեդ Կրուզը, նախագահ Օբաման ԱՄՆ-ի ռազմածովային «ուժերը վերածում է ալ-Ղաիդայի ռազմաօդային ուժերի»: «Մի զինեք մարդկանց, որոնք ատում են ձեզ և պատրաստ են սպանել ձեզ»- զգուշացնում է սենատորը:

Հազիվ թե Օբաման չի գիտակցում դրության լրջությունը: Բայց երբ ասում են «ա», չգիտես` ինչու, անպայման պետք է ասեն «բ»: Այդ է վկայում փաստը, որ սեպտեմբերի 6-ից Վաշինգտոնում են հյուրընկալվում Սիրիական ազգային կոալիցայի և հեղափոխական ուժերի հրամանատար Ահմեդ ալ-Ջարբին և Սիրիական ազատագրական բանակի ռազմական խորհրդի նախագահ գեներալ Սելիմ Իդրիսը:

Պրոֆեսիոնալ ահաբեկիչների այս երկու հրամանատարները Պենտագոնի հետ մշակում են ռազմական գործողությունների պլաններ: Համաձայնեցված է 50 օբյեկտների ցուցակ, որոնց ամերիկացիները հարվածելու են առաջին հերթին, որին հաջորդել են գրոհայինների հարձակումները կառավարական դիրքերի վրա: Թե ձեռքի հետ նրանք քանի մարդ կսպանեն, Աստված գիտի: Անհավատալի է, բայց փաստ:

Եվ վերջինը: Հետաքրքիր հայտարարություն արեց Վլադիրիր Պուտինը G20-ի գագաթնաժողովում: «Մենք չենք պաշտպանում այդ կառավարությունը (նախագահ Ասադին Ա.Ն.): Մենք պաշտպանում ենք ուրիշ արժեքներ. մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը, մենք պաշտպանում ենք ժամանակակից աշխարհակարգը, մենք պաշտպանում ենք անգամ ուժի կիրառման հնարավորությունները` բացառապես միջազգային կարգի, միջազգային օրենքների, միջազգային իրավունքի շրջանակներում: Ահա, թե ինչն ենք մենք պաշտպանում»:

Չհամաձայնել ասվածին, չի կարելի: Հավանաբար կառարկեն միայն ՀՅԴ-ի անդամները, որոնք աչքի լույսի պես պահում են «Հին ընկերները չեն դավաճանում» կարգախոսը:

Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
սկզբնաղբյուրը` http://www.diplomat.am/

Դիտվել է՝ 1478

Մեկնաբանություններ