ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԿԱՆ ԹԵ՛ ՊՈԶԱՎՈՐ, ԹԵ՛ ԵՐԿՈՏԱՆԻ ՇԱՅԹԱՆՆԵՐ»

«ԿԱՆ ԹԵ՛ ՊՈԶԱՎՈՐ, ԹԵ՛ ԵՐԿՈՏԱՆԻ ՇԱՅԹԱՆՆԵՐ»
01.03.2011 | 00:00

«Ճշմարտությունը հազվադեպ է հաճելի լինում, այն գրեթե միշտ դառն է»,- Սոլժենիցինի խոսքերն են։ Դուր գալիս է, թե ոչ, սակայն ստիպված ենք ընդունել, որ գլոբալացման մեր դարը կընթանա եթե ոչ կրոնական պատերազմների, ապա, առնվազն, դավանական լուրջ դիմակայությունների պայմաններում։ Եվ բանն ամենևին էլ այն չէ, որ դարն սկսվեց երկվորյակ երկնաքերների ավերակների վրա, և ոչ էլ անգամ այն, որ «շահիդ» բառը տեղ է գտել բոլոր ժողովուրդների բառապաշարում։ Նոր դիմակայությունը հենվում է ավելի առօրեական, ավելի կենցաղային գործընթացների վրա, և քանի որ խնդիրները խաչվում են հազար-հազարավոր մարդկանց կյանքերի հետ, դրանք թե՛ ավելի խոր են, թե՛ ավելի ահավոր։ Եվ այդ միանգամայն առօրեական հարցերն իրար հետևից շոշափում են մայր ցամաքի բոլոր երկրների շահերը, ստիպում են քաղաքական գործիչներին խոսել ու գործել։ Այսինքն, ակնհայտ է, որ Եվրոպայում սկսել է թափառել «ազգայնականության ուրվականը», և աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձություններն էլ գալիս են փաստելու. այն, ամենայն հավանականությամբ, ո՛չ կանգ կառնի և ո՛չ էլ կչքանա։ Տարբեր ժողովուրդների գոյակցության հարցերը, անշուշտ, այդ համապատկերում չեն կարող շրջանցել մի այնպիսի բազմազգ ու բազմադավան պետություն, ինչպիսին Ռուսաստանն է։ Ընդ որում, նկատենք, որ, ի տարբերություն ուրիշ շատ երկրների, որտեղ իրավիճակը պայթեցնում են Թուրքիայից և արաբական երկրներից համեմատաբար վերջերս հեռացած վտարանդիները, Ռուսաստանում մահմեդականները պատմական երևույթ են։ Ավելին, նրանց մեծ մասն ապրում է իր պապենական տարածքներում, ուր ռուս ազգն է եկվոր։ Թեև ազգային և կրոնական հարցերը սուր են եղել նաև Ռուսական կայսրությունում, և անգամ ամբողջատիրական ԽՍՀՄ-ում (հիշենք իշխանությունների և մամուլի կողմից ջանադրորեն քողարկվող խռովությունները Կովկասում` 60-ականներին, կամ «ազգային ապստամբությունը» Ալմա Աթայում` 80-ականներին), սակայն այդ խնդիրները երբեք չեն դառնում պետությանն սպառնացող գլխավոր վտանգ կամ երկրի փլուզման նախադրյալ։ Համապատասխանաբար, այսօրվա դրությամբ ընդհանուր զարգացման և բնակության խնդիրը հուզում է բոլորին, և բոլորն ուզում են պատասխան ստանալ` «Բա հետո՞։ Ի՞նչ է լինելու հետո...»։
Դմիտրի Մեդվեդևը, օրինակ, կարծում է, որ Ռուսաստանի համար կտրականապես անընդունելի է հրաժարումը բազմամշակութային մոդելից։ Ինչպես և պետք էր սպասել, իր այդ հայտարարությունը նախագահն արել է ՈՒֆայում` երկրի մահմեդական կենտրոններից մեկում։ Նրա խոսքերով, ռուսաստանցիները չպետք է «թույլ տան իրենց հրահրել բազմամշակույթի կործանման վերաբերյալ դատողություններով»։ Եվրոպացիներն էլ, ինչպես կարծում է Ռուսաստանի նախագահը, պետք է ավելի զգույշ լինեն, երբ խոսքը վերաբերում է այնպիսի նրբին հարցերի, ինչպիսիք ազգամիջյան հարաբերություններն են։ «Եթե խոսելու լինենք բազմամշակույթի կործանման մասին, ապա կարելի է ոչնչացնել ավանդույթները, իսկ դա վտանգավոր բան է, և եվրոպական պետություններում նույնպես դա պետք է հասկանան»,- ասել է Մեդվեդևը։ Համաձայնեք, մի երկրում, ուր «ժողովրդավարությունն ինքնիշխան է», իսկ «արևմտյան ազատականություն» տերմինը հազվադեպ է օգտագործվում առանց դատապարտման, անգամ վիրավորական մեկնություններով, նման բան լսելը շատ զավեշտալի է։ Այդուամենայնիվ, միանգամայն հասկանալի է, որ, Մեդվեդևի կարծիքով, Ռուսաստանի համար անընդունելի է հրաժարումը բազմամշակութային մոդելից։ Այլ բան է, թե ինչպե՞ս դա պետք է գործուն ու արդյունավետ իրականացնել։ Ինչպե՞ս զսպել ահագնացող ռուսական ազգայնականությունը` հանուն «բազմամշակութայնության»։ Ինչպես խաղաղեցնել բորբոքված և ավելի ու ավելի իսլամականացող Կովկասը։ Չէ՞ որ անգամ «Կրեմլի հույս» Կադիրովը կարողացավ ընդամենն ազգային անկախության գաղափարը փոխարինել իսլամի գաղափարով։ Առայժմ այս հարցերը պատասխան չունեն ռուս հանրության մեջ և վերնախավում։ Հատկապես` աշխարհում տեղի ունեցող գլոբալ գործընթացներին, համաշխարհային տարածքին ինտեգրվելու Ռուսաստանի փորձերի, նոր հաղորդուղիների ու տեխնոլոգիաների պայմաններում։ Այս խնդրի պատասխանը, ինչպես հասկանալի դարձավ Մեդվեդևի ելույթից, չունի նաև Ռուսաստանի իշխանությունը։ Այդ երկրի նախագահն այլ բան չկարողացավ անել, քան հին ու մտահայեցողական մտքեր արտահայտելը։
Նա վերստին հիշեցրեց ռուսական մշակույթի արժեքավորությունը և կոչ արեց չդրամատիկացնել այլատյացության սպառնալիքը։ Նախագահը հիշեցրեց, որ երկրի բնակիչները` անկախ ազգային պատկանելությունից, միավորված են ընդհանուր մշակույթով։ «Ռուսական մշակույթի կրողները, այսպես թե այնպես, մեր բոլոր քաղաքացիներն են, պարզապես ոմանց համար սեփական մշակույթն ընդհանուր ռուսական մշակույթի մաս է, իսկ ոմանց համար` իրենց միակը։ Դա մի եզակի նմուշ է, որը միավորել է բոլոր ազգերին ու ազգություններին` միասնական ազգ ստեղծելու համար»,- նշել է նա։ Ինչպես և պետք էր ենթադրել, Մեդվեդևը դրվատեց նաև խորհրդային ազգային քաղաքականությունը։ «Խորհրդային ժամանակաշրջանից մենք հիշում ենք, որ խոսում էին միասնական ընդհանրության` խորհրդային ժողովրդի մասին, բայց այդ բանը վատ էին անում։ Գաղափարն ինքնին վատը չէ։ Մշակույթների տարբերությունը պահպանելիս մենք պետք է միավորված լինենք մի ընդհանուր բանով»,- բարի ցանկություն է արտահայտել նա։ Սակայն, երևի լրիվ մոռանալով, որ ԽՍՀՄ-ում կար ընդհանուր գաղափարախոսություն` կոմունիզմի կառուցումը, թեև ժողովուրդների համերաշխությունն էլ ապահովվում էր խիստ վերահսկողության պայմաններում։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը Ռուսաստանում այսօր չեն երևում։ Մի խոսքով, Մեդվեդևը համոզված է, որ «այդ ուղին են բռնել որոշ պետություններ», և որպես այդ «որոշ պետությունների» օրինակ մատնանշել է Միացյալ Նահանգները։ «Այնտեղ չի կարելի վիրավորել որևէ մեկին ազգային պատկանելության համար, դա խստորեն պատժվում է։ Այդ փաստի վրա հաճախ ծիծաղում են, բայց, իմ կարծիքով, ավելի լավ է այդպես, քան վիրավորանք թույլ տալը։ Հանդուրժողականությունը շատ չի լինում, այն լինում է քիչ»,- ասել է Մեդվեդևը։ Հետաքրքիր է, որ շատ ռուս փորձագետներ հակառակ համոզմունքն ունեն և կարծում են, որ Ամերիկային փլուզում է սպառնում, այդ թվում` ազգային։
Ի հաստատումն այլոց մշակույթը հարգելու անհրաժեշտության մասին իր խոսքերի, Ռուսաստանի նախագահն այցելել է ՈՒֆայի մայր մզկիթ, որտեղ հանդիպում է ունեցել Ռուսաստանի մահմեդականների կենտրոնական հոգևոր կառավարչության նախագահի հետ, լուսանկարվել է այստեղ ծառայող 15 խաթիբ իմամների և մուֆտիների հետ։ Նախագահն ասել է, որ ազգամիջյան համաձայնությունը միշտ եղել է պետության հոգածության առարկան, հատկապես հաշվի առնելով, որ կան այդ համաձայնությունը խախտել կամեցողներ։ «Ինչպես մենք ասացինք մզկիթում, կան թե՛ պոզավոր, թե՛ երկոտանի շայթաններ»,- ասել է Մեդվեդևը, մեջբերելով չեչենական առաջնորդ Ռամզան Կադիրովի խոսքերը, որը շայթան է անվանում ծայրահեղական վահաբականներին։ Նա միաժամանակ ակնարկել է դատախազության, քննչական մարմինների ու դատարանի երբեմնի բացասական գործողություններն ազգամիջյան երկպառակության բորբոքման հետ կապված հանցագործությունները որակելիս։ Պետության ղեկավարը նկատել է, որ «հաճախ նման գործունեությունը հող է ստեղծում լայնածավալ հակամարտությունների բռնկման համար, ներառյալ ամենամանր ու անգամ արյունալի բախումները»։ Եվ ինչպես արդեն ընդունված է, օգտագործել է ամենակոպիտ ու ծաղրական բառապաշարը Կովկասի ապստամբների հասցեին. «Ի՞նչ էմիր, ի՞նչ ջամաաթ,- ատելությամբ ասել է նա։- Նրանք ոչ մի ջամաաթ էլ չունեն, այլ ունեն կեղտոտ անձավներ, որտեղ և թաքնվում են... Մենք արդեն ձեզ հետ հասկանում ենք, որ դրանք հավատի մարտիկներ չեն, այլ մարդասպաններ ու բանդիտներ են... ՈՒ ոչ մի էմիր էլ չեն, այլանդակներ են, որոնք սպանում են կանանց ու երեխաներին»։
Բայց, ինչպես հայտնի է, բարի ցանկությունների և իրողության արանքում հաճախ հսկայական տարածություն է ընկած լինում, ավելին, ինչպես վկայում է մարդկության փորձը, հաճախ բարի ցանկություններով պատած է լինում դժոխքի ճամփան։ Եվ հիմա էլ ամենևին հասկանալի չէ` Ռուսաստանում ռուսներն ու մյուս ժողովուրդներն ականջ կդնե՞ն, արդյոք, այդ մեծ մասամբ ճիշտ կոչերին։ Չէ՞ որ նիստի ժամանակ, որին մասնակցում էին նաև Իրկուտսկի, Յարոսլավլի ու Ռոստովի նահանգապետերը (իսկ այս նահանգներն առավելապես ռուսաբնակ են), կարծիքները ոչ միշտ էին համահունչ։ Այսպես, Ռոստովի նահանգապետը կոչ է արել պաշտպանելու ոչ միայն ազգային փոքրամասնությունների, այլև ռուսների շահերը։ «Բոլորը գիտեն, թե այսօր ինչ լուրջ ջանքեր է պետությունը գործադրում հյուսիսկովկասյան հանրապետությունների տնտեսական զարգացման ուղղությամբ։ Կարծում ենք, որ այդ միջոցառումների շրջանակներում անհրաժեշտ է ուշադրություն նվիրել նաև ռուս բնակչության սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- հայտարարել է նա։ Ի դեպ, այդ «մեծ ժողովում» ազգային հարցի քննարկման գլխավոր նվաճումը եղել է ևս մեկ կառավարչական և լավ ֆինանսավորվող կառույցի` կառավարության միջգերատեսչական համակարգող մարմնի, ստեղծման որոշումը։
Այսինքն, ինչպես միշտ հավաքվել, խոսել են, նշել բնագծեր, ինչպես հարկն է տոնել «նվաճումները», և լիակատար գոհունակության զգացումով ցրվել։ Մինչդեռ Մոսկվայի «Մանեժնայա» հրապարակում նորից հավաքվում են ռուս ազգայնականները, մազերի ու մաշկի «ոչ այն գույնն» ունեցող մարդկանց համար դարձյալ վտանգավոր են էլեկտրագնացք նստելն ու փողոցում քայլելը, Կովկասի լեռներում էլի կրակում են, իսկ ահաբեկիչները պատրաստվում են նոր գործողությունների։ Այսինքն, ամեն մեկն իր գործով է զբաղված։ Եվ այն շեշտադրումը, թե «առանց ազգային միասնության մենք չենք կարող պետություն ունենալ, այն կվերանա», ակնհայտ է, մեծամասնության համար առաջնային խնդիր չէ։ Իսկ համաշխարհային զարգացումներն ավելի ու ավելի մեծ համառությամբ ու միարժեքությամբ պնդում են. «Բազմամշակույթ հասարակությունը պատրանք է, հատկապես, երբ խոսքն այնպիսի տարաբևեռ մշակույթների մասին է, ինչպիսիք են քրիստոնեականն ու մահմեդականը»։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ