Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
22.11.2011 | 00:00

Հայաստանն առանձնանում է ոչ միայն իր աշխարհաքաղաքական դիրքով, քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվելու` մուսուլմանական ու քրիստոնեական բուֆերում լինելու հատկանշումով, այլև էթնիկ սպիրալի գոյաբանությամբ. առաջինն է ընդունել քրիստոնեությունը:
ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ ՄԵ՞ՐԿ ԵՆ, ԹԵ՞ ՀԱԳԱԾ-ԿԱՊԱԾ
Իսկ նման բաները հենց այնպես չեն տրվում: Ասել ենք, ասում ենք, ասելու ենք` չենք բացել մեր այդ կոդը: Պատճառներն էլ շատ են ու ոչ այսօրվա «դիսկուսի» համար: Պարզապես ևս մեկ անգամ ֆիքսենք` այլք ավելի շատ գիտեն մեր այդ կոդի մասին և նաև այդ պատճառով թույլ չեն տվել մեզ «բացել» այն: ՈՒ քանի որ մենք «այլոց» շատ սիրող ազգի ֆանտոմի մեջ ենք, խելոք ենթագիտակցվել ենք նրանց հետ:
«Մույս» խոհափիլիսոփայությունն էլ «անենք» ու անցնենք նամակի բուն բովանդակությանը. այո, թագավորները տեսակի բնորոշիչն են, նրա առարկայացված պատկերը, որ արտածվում են էթնիկ միջավայրից, համապատասխանում էթնիկ խմբի ներքին զարգացմանը։ Ինչ ցանել է էթնոսը, այն էլ հնձելու է իր առաջնորդի գործունեությամբ։
Ստացա՞նք պարզ աքսիոմը` ինչպիսին գլուխն է, այնպիսին մարմինն է: Այո:
Բայց և. երկրի իրական տիրակալները երբեք ու երբեք առարկայական տիրակալները չեն եղել։ Երկրի իրական տերերն ապրել ու ապրում են ընդերքում, և իրենց սովորական-երկրային գործին են՝ ջրվոր են, հնձվոր, շինարար, աղոթող, բանաստեղծ. նրանք իրենց միջուկի մեջ արթուն են պահում տեսակի գենը, որ ժամանակների միջև լիարժեք կանգ չլինի։
Էսքան բան:
ՎՈԼԱՆԴԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ
Ի՞նչ ունենք այսօր. վարչապետը «խմում է ու խմում» (չէ՛, համ խմում է, հա՛մ խոսում): Էներգետիկայի նախարարը շարիկ է գլորում ու գլորում (ու մեկը չկա նրան հուշի, թե` եղբայր, ասա` վատ բան եմ արել, ամեն թուլություն մարդկային է, ներող եղեք): Էն Աշոտյանը, ընդհանրապես, «սաղ իրա վրա է վերցնում»` քաղաքականապես գրագետ պասաժով, խիստ դիվանագետ ու անթերի (ասա` ինչի՞ չուղարկեցիք դիվանագիտական կորպուսներ. քայլող դիվանագիտություն է) «տեղն է դնում» թե՛ իր «մայլեն» մտածներին, թե՛ վարչապետի ինքնաթիռը չսիրողներին, թե՛… (խեղճ Աշոտյան, արդյոք գիտի՞, որպես հակահարված ինչե՜ր են «մուտիտ» անում իր մասին քաղտեխնոլոգիաները չտեսության տեղ բանեցնողները):
Կարճ ասած` ՀՀԿ սպիրալը բացվել, ինչ կա-չկա ընդերքում լուսաշխարհ է «բերել»: Որը` «դուզ», որը` սուտ:
Ելնենք բացարձակից և ընդունենք, որ այն ամենը, ինչ ասվում է ՀՀԿ-ի մասին (պահո՜, Լիսկայի ծեծն էինք մոռացել), բացարձակ ճշմարտություն է: Ելնելով նաև վերը նշված թեզից, որ այդ ամենում կա այն մեղքի դոզան, որն առկա է ընդհանուր էթնոսի նկարագրում: Որն էլ գալիս է լույսի մեջ: Եվ տպավորությունն ու նստվածքն առանձնապես ոգևորող ու մխիթարիչ չեն: Բայց սա կես ճշմարտությունն է:
Որովհետև սևով սպիտակի վրա Բուլգակովը գրել է Վոլանդի մասին: Այս Վոլանդը, գիտեք, վատ-վատ (շատ մեղմ ասած) բաներ էր անում, սակայն վերջնարդյունքում այդ «արվածները» վերափոխվում էին լավ բաների:
Ժամանակակից լեզվով` տրանսֆորմացիա էր տեղի ունենում:
Ընդամենը:
Հիմա ինչու չհարցնել և կամ չֆիքսել. իսկ եթե այս գործընթացները` չոր ու թաց, ՀՀԿ-ն, հետևաբար, հանրույթը (ևս մեկ անգամ հիշենք գլխի և մարմնի կապի մասին) հանգեցնում են տրանսֆորմացիայի՞: Իսկ եթե Սերժ Սարգսյանը սա հասկացե՞լ է: Ավելին` թողնում է ՀՀԿ, հետևաբար, մնացյալ քաղաքական սպիրալները բացվե՞ն (ի տարբերություն այլոց, որ խեղդում էին քաղաքական գործընթացները, քաղաքական դաշտը), որպեսզի գիտակցված տրանսֆորմացիան հնարավորինս «թեթև» ընթանա՞:
Ասում եք` դժվա՛ր: Հնարավոր բան չէ՞:
ԱԼՔԻՄԻԱ
Նախ նորից հիշենք` մենք առաջինն ենք քրիստոնեությունն ընդունել: Քրիստոնեությունում կա ոսկե կանոն. «Երբ տկար եմ, այն ժամանակ հզոր եմ»։
Հիսուսով:
Խնդրեմ` տրանսֆորմացիայի ամենամեծ կանոնը: Ասել է` դու չես տրանսֆորմացիայի «հայրը»: Այլ Մեկն արդեն անցել է այդ «ֆորմացիան», քեզ մնում է գրագետ ներքին զարգացումդ հարմարեցնես Անցնողի ոտնահետքերին. ցանկացած ձեռք բերված ոտնահետք քոնն է լինելու դարերով:
Հեքիաթ մի համարեք: Բենջամին Ֆրանկլինը, երբ ԱՄՆ-ը հայտնվել էր հերթական կոլապսի առաջ, մտավ Կոնգրես և բոլոր կոնգրեսականներին հորդորեց` ծնկի գալ և աղոթել Աստծուն, որ… պահի Ամերիկան:
Գրողը տանի, հարցնում եք` ե՞րբ է Ամերիկան, աֆրո-ամերիկացիների այդ նախահայրենիքն ընդունել քրիստոնեությո՞ւնը: Մեզնից շատ ուշ` «ջհանդամ-դարասիների» ժամանակներում:
Այս ալքիմիան է եղել ամերիկյան փիլիսոփայության և ընդհանրապես աշխարհի զարգացման ու զարգացող աշխարհի հենքում. Նյուտոնը, որ իր օրերում աշխարհն էր շարժում (համարում են նաև, որ եղել է Եվրոպայի թիվ մեկ մասոնը), իրեն ֆիզիկոս չէր համարում. նա իրեն ալքիմիկոս` փոխակերպող, «տրանսֆորմատոր» էր համարում, որովհետև իրապես և իսկապես այդ մարդը փոխել էր աշխարհը, Անգլիան, նրա ստեղծած ֆինանսական համակարգը, որն առայսօր պահում է իր «քիմիան». կարծում եք` ուրիշ ի՞նչ այլ կոդ կարող էր դրված լինել այդ համակարգի տակ, ինչն էլ օգնեց Բրիտանիային` չմտնել եվրոյի գոտի և մնալ մշտապես աշխարհի կենտրոնն ու հզորներից մեկը:
Եվ հետո` նույն Նյուտոնը, ֆինանսներից անդին, երկրի կայացման առաջին կարևոր համակարգը համարել է (այժմ էլ համարվում է) հոգևոր ոլորտը: Եկեղեցին:
Հիմա ինչ, գաղտնի՞ք է, որ նույն հայտնի «լուչեզարնայա դելտան» հենց այն կոդն է, որը ծառանալով դեպ երկինք` վերցնում է Աստծո օրհնությունը և, երկրային օրենքներին հակառակ, երկնային օրենքի վրա կառուցում է իր ամեն ինչը` տնտեսությունը, քաղաքները, քաղաքականությունը: Ասել է` ցանկացած գիգանտ ձեռնարկում աշխարհի խելոքներն անում են բացառապես «երկնքի արքայությունը բռնադատելով» (Աստված է այդպես պահանջում). «այդպես» են կառուցված Սանկտ Պետերբուրգը, Ամստերդամը, Նյու Յորքը… Ամենքն ու ամեն ինչը:
Պատկերացնո՞ւմ եք, եթե մեր «տեսանողներն» ու «ժրեցները» կարողանային բացել մեր կոդն ու սերնդից սերունդ «գաղտնագրերով» փոխանցել այն, ինչպիսին կլինեին Հայաստանն ու հայը այդ ժամանակ, որին այսօր նույն Աստված ցրել է աշխարհով մեկ, որպես «չհայտնագործված», փակ կարմայով էներգետիկայի արտածում:
Այլոց մոտ ամեն ինչ չէ բյուրեղյա, իսկ մեր դեպքում ավելի «հետաքրքիր» ու ճշգրիտ էր լինելու, որովհետև մեզ առաջինն ու անաղարտ է տրվել քրիստոնեություն-բանալին:
Եվ հետո, 2012 թվին շատ չի մնացել: Իսկ 12-ը բացառապես տրանսֆորմացիայի, բաբախի փոփոխման ժամանակ ու սկիզբ է, որին մենք, կարծես, ոչ մի կերպ պատրաստ չենք ու չենք էլ «պատրաստվում»: Ճիշտ է, մեր ներքին կոդում դրան դիմակայելու շնորհը ևս կա, բայց այն պետք է նաև առարկայացնել:
Հասանք նամակի բուն բովանդակությանը:
ՍԵՐԺԸ ԽԱՂՈՒՄ Է ՍՊԻՏԱԿՆԵՐՈ՞Վ
Կարծես: Համենայն դեպս, նա գիտակցում է անցման անհրաժեշտությունը: Ոնց որ նաև` պատասխանատվությունը: Նա փոխում է խաղը: Դեռ 2006-ից: Նրա նկատմամբ դրսևորված հակազդեցությունը դրա համար էր այդքան ուժեղ: ՈՒ նա, ոնց որ առ այս պահը գոնե, կարողանում է «ուդարը պահել»:
Խնդրի գիտակցումը նրան ուժեղացնում է: Ընդերքում եղող իրական տիրակալների` ջրվորի, հնձվորի, բանաստեղծի անտես գոյությունը (նրանք նույնպես ունեն այդ գիտակցումը)։ Բայց արդյո՞ք այնքան, որ նա կարողանա նաև առարկայացումների հասցնել:
Դժվար է ասել։ Կյանքը կասի:
Համենայն դեպս, վերջին կադրային տեղափոխումները (էստեղ ուրեմն ահագին հետաքրքիր է լյուստրացիայի մասին «Ժառանգության» օրինագծի գաղափարը ևս. դա անձերին վերաբերող օրենք չպետք է դիտել, այլ փիլիսոփայությանը պետք է առնչել, որովհետև այդ բալաստն արգելափակում է պրոգրեսն ու փոխակերպումը. պետք է կարողանալ առանց որևէ մեկին վնասելու այս դաշտում ևս փոխակերպման հասնել։ Եթե նման կես քայլ իսկ արվի, ինչին մենք ահավոր կասկածում ենք, ահագին մեծ գործ արված կլինի (այս թեման «դիտելու» ենք «Ժառանգության» վերադասավորումներում)։ Այսպիսով, վերջին կադրային տեղաշարժում տենդենցն ակնհայտ է. Սերժն առանցքային պաշտոնների է տանում մարդկանց, ովքեր առաջին հերթին քրիստոնեության հետ աղերսներ ունեն, գիտեն Գիրքը, որոնում են Աստծուն (ինչքան են հաջողում, Տերը գիտի, բայց փաստն առկա է):
ՈՒզում-չեք ուզում: Եվ սա նոր գործընթաց չէ: Ասացինք` Սերժն այն վաղ է սկսել:
ՈՒզում-չեք ուզում. այդպիսին է Տիգրան Սարգսյանը (համենայն դեպս, երկար տարիներ, երբ նա դեռ վարչապետ չէր, ես էլ իրեն չէի ճանաչում, քրիստոնեական տաղավար տոներին նա, ինչպես մնացած` «ընդերքում» եղողներս, հաղորդության էինք լինում Սբ. Սարգիս եկեղեցում):
Այդպիսին է Սեյրան Օհանյանը: Այս Օհանյանը 2009-ին երեխայի նման գրկել էր Սուրբ խաչը` Էջմիածնա եկեղեցու բեմում (այդ տարվա խաչեղբայրն էր), հետո էլ այն վերցրած տանում էր Ղարաբաղի սահմաններով մեկ, որ զինվորները համբուրեն ու զորանան դրանով:
Իսկ Վովա Գասպարյանին չեմ ճանաչում: Մի քանի անգամ պարզապես տեսել եմ, թե ոնց է Եռաբլուրում Վազգենի գերեզմանի մոտ սպիտակ մեխակների գլխիկները պոկում, ծնկած հատիկ-հատիկ շարում, գորգ սարքում։
Գիտեք, ոչ մի նախագահ (իմ ողջ հարգանքով, պատկառանքով ու սիրով հանդերձ` առ Տեր-Պետրոսյան և առ նրա երբեմնի քաջ ձեռնարկ` Կիլիկիո կաթողիկոսին Հայաստան բերել և համայն հայության կաթողիկոս ընտրել), այնուհանդերձ, վեհահոր նկատմամբ չի ունեցել այն ակնածանքը (մի մոռացեք` Վազգենն էր ցանկանում, որ Գարեգին Բ-ն անպայման դառնա կաթողիկոս, և ոչ Սերժը), այն հարգանքը, որ ունի Սերժը (իսկ գուցե հենց այդ պատճառո՞վ են այդքան անհարկի քարկոծում Վեհափառին):
Ինչևէ, և այո՛, Սերժը վերադասավորում է:
Վերադասավորումների ամենաբարդ մոդուլով:
Հավատանք, որ կհաջողի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1048

Մեկնաբանություններ