38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սևանի հոգին աղի չէր՝ ծովի նման, այլ քաղցր էր, խմելու էր, կյանք տվող էր

Սևանի հոգին աղի չէր՝ ծովի նման, այլ քաղցր էր, խմելու էր, կյանք տվող էր
25.07.2024 | 12:22

Ամռանն ինձ մեկ-մեկ Սևան էին ուղարկում՝ տատուս մոտ։ Սևան գնալն Ամերիկա գնալու նման մի բան էր. պիտի ամբողջ օրը տրամադրեիր ճանապարհին, քանի որ գնացքը մի հինգ-վեց ժամ գնում էր։ Երևանից արագ էր դուրս գալիս. երկաթուղային կայարանից հետո մի տեղ էլ էր կանգնում, որ դեռ Երևանն էր։ Դա նշանակում էր՝ ես դեռ տուն գնալու հնարավորություն ունեի։ Հետո արդեն քաղաքից դուրս էր գալիս, ու ընկնում դաշտերը, սարերն ու ձորերը։ Հենց գնացքը Երևանից դուրս էր գալիս, Երևանի հոտն անցնում էր, որը ես նորից առնելու էի մի ամիս հետո։ Շուրջը տարածվում էր ուրիշ կյանքի հոտը՝ ամառային Երևանի համար շատ անսովոր սուր սառնության ու քամու հոտը, արևահար դեմքերով ու կոշտ ձեռքերով մարդկանց հոտը, կարծես իմ իմացած հայերենը դիտմամբ աղավաղող, բաղաձայները ծանրացնող, ձայնավորները ծռծռող, կոպիտ, բայց անսահման անմիջական ու քաղցր բարբառի հոտը, դաշտային ծաղիկների հոտը, խնոցու կարագի, դույլերով թարմ մրգերի, տնական ձվի, թարմ լավաշի, ցեխի, հողախառն քրտինքի հոտը։ Էդ անսովոր հոտերը տարածվում էին գնացքով մեկ, ու ամեն ինչ փոխվում էր։ Էդ ժամանակ ես հասկանում էի, որ հիմա, արդեն՝ միայն առաջ, էլ հետ ճանապարհ չկա դեպի Երևան։

Գնացքը գնում-գնում, մեկ էլ սկսում էր դանդաղացնել ընթացքը։ Դաշտերն ու անտառները կամաց-կամաց դառնում էին տներ, այգիներ, ու գնացքը կանգ էր առնում հերթական կայարանի դիմաց, որի վրա խոշոր տառերով գրված էր էդ բնակավայրի անունը։ Ես ճանապարհի բոլոր կայարաններն անգիր գիտեի։ Ամեն կայարանում մի չորս-հինգ հոգի իջնում էին, մի էդքան էլ գնացք նստում։ Երբեմն ինչ-որ կայարանում գնացքը շատ երկար էր կանգնում՝ տաս-քսան րոպե։ Ինչ էին անում, ում էին սպասում, պարզ չէր։ Հետո լսվում էր ծանոթ չխկոցը ու կայարանը սկսում էր դանդաղ հետ սահել։ Աստիճանաբար գնացքն արագություն էր հավաքում, ու էլի հայտվում էինք դաշտերի ու անտառների մեջ։ Երբ վերջապես Սևան էինք հասնում, բոլորն իջնում էին. դա վերջին կայարանն էր։ Մերոնք հենց կայարանի մոտ էին ապրում. մի քանի րոպեից ես տանն էի։

Տատս հորեղբորս ընտանիքի հետ էր ապրում։ Հորեղբայրս աշխարհագրության ուսուցիչ էր ու դպրոցի տնօրենը։ Ես նրա մեծ որդուց մի տարով մեծ էի, մյուս որդուց ավելի մեծ էի, իսկ աղջիկը դեռ շատ փոքր էր։ Բայց կարևորն էդ չէր, այլ էն, որ ես մեծ քաղաքից էի եկել՝ մայրաքաղաքից, ու ինձ նենց էի պահում, ասես Ամերիկայից էի եկել՝ յա՜, ձեր մոտ դեռ Պաբեդա ե՞ն քշում․․․ Ասես Երևանում բոլորը Մերսեդեսներով էին ֆռֆռում։ Երևանում ես տան փոքրն էի, իսկ Սևանում դառնում էի մեծ ախպերը ու անվիճելի հեղինակություն։ Ախպերներով ինչ չարություն ասես չէինք անում՝ իմ գլխավորությամբ։ Ես, որ կայի, մեզ ամեն ինչ ներում էին։ Իհարկե, մեկ-մեկ տատս չէր դիմանում ու իր ծանր ձեռով զխկում էր ախպերներիցս մեկին, ու ախպորս ճվոցից հասկանում էի, թե ինչ ուժ ունի էդ ձեռը։ Էդ ձեռով տատս նենց քյուֆթա էր ծեծում, որ հեռավոր գյուղերից գալիս էին համը տեսնելու։

Ինձ սիրում էին, շատ էին սիրում։ Երբ ես Սևանում էի, հորեղբայրս մի երեխա ավելի ուներ։ Եթե անգամ ինչ-որ հարցերում տարբերություն էր դնում իմ ու իր երեխեքի միջև, տարբերությունը միշտ իմ օգտին էր լինում։ Ասենք՝ կարող ա մի օր պատահաբար բերանիցս թռցնեի, թե մաման ինչ համով ա թոքը տապակում։ Մեկ էլ տեսնում էինք՝ հորեղբայրս տանը չի։ Գնում, փնտրում էր, ինչ-որ տեղից ճարում ու բերում։ Բայց չխոսկան էր ու զգացմունքներն արտահայտելու հարցում՝ շատ ժլատ՝ ոչ շոյել, ոչ քաղցր-մաղցր խոսքեր ասել, ոչ ժպտալ։ Ավելի ուշ ես հասկացա, որ էդ հարցում նրան եմ քաշել։

Տան ամենահետաքրքիր տեղը բալկոնն էր, որտեղ մի հին պահարան կար՝ իմ բոյին, իսկ պահարանի գլխին՝ լիքը գրքեր։ Իմ կարդալու տարիներն էին, ես ուտում էի էդ գրքերը, կուլ էի տալիս։ Պահարանի գլուխն իմ համար կախարդական անտառի նման մի բան էր, որտեղ ամեն ծառի տակ մի արկած էր թաքնված։

Հետո ծով էինք գնում։ Մենք Սևանին ծով էինք ասում. մեր ծովն էր։ Գնում էինք մինչև նոր կառուցվող միկրոռայոնը, որին Սևանցիք Միկրո էին ասում, Միկրոյից հետո մայրուղին էր, անցնում էինք, ու մի քանի քայլից քաղաքային լողափն էր։

Սևանը սիրուն էր, շատ սիրուն էր։ Ինձ թվում էր, թե Սևանը շրջապատող լեռները սիրահարված են նրան, ու ես նրանց հասկանում էի։ Մեկ նրա թափանցիկ հայելու մեջ արտացոլվում էին կապույտ, բարձր երկինքը, ձյունաճերմակ ամպերն ու լեռները, մեկ թեթև քամուց մի փոքր խռովվում էր ու պատվում նուրբ ժանյակի նման արագ-արագ շարժվող մանր ալիքներով, մեկ կանաչավուն երանգ էր ստանում ու տեղ-տեղ փրփրոտում, մեկ փայլատ երկնագույն էր դառնում, մեկ չարաճճի ալիքները պատառոտում, փայլփլուն մանր մասնիկների էին վերածում արևի դեղնասպիտակ արտացոլանքն ու աչք շլացնող պար բռնում լճի մեջտեղում, մեկ ջուրը բոցավառվում էր մայրամուտի բոսորով, մեկ պսպղում մուգ մանուշակագույն հանդարտությամբ․․․ Սևանն անընդհատ գույնը փոխում էր, կարծես ծիածանն ընկղմվել էր ջրի մեջ ու պտտվում էր։ Բայց կարևորը Սևանի հոգին էր։ Սևանի հոգին աղի չէր՝ ծովի նման, այլ քաղցր էր, խմելու էր, կյանք տվող էր, արտ ջրող էր։ Սևանի հոգին ապրող հոգի էր, մարդու հոգի էր, չքնաղ կնոջ հոգի էր․․․ Ես ուզում էի գրկել Սևանը, բայց ինքն էր ինձ գրկում։ Մտնում էի ջուրը, խորանում էի մինչև վիզս ու աչքերս փակում։ Քաղցր, զուլալ ջուրը շոյում էր ինձ, ու ես զգում էի, թե ոնց եմ լցվում Սևանով։

Երբ Երևանում շոգը մի քիչ տանելի էր դառնում, ես նորից գնացք էի նստում ու սկսում կայարանները հաշվել մինչև Երևան։ Հիմա արդեն ես էլ էի էն հոտի մասը կազմում, որը մի ամիս առաջ շատ անսովոր էր՝ դաշտային ծաղիկներով, սարերի ու ձորերի սառը քամով, արևահար, սևացած, սևանացած․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 12155

Մեկնաբանություններ