Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԼՈՒՍԱՎՈՐՅԱԼ ՖԵՈԴԱԼԻԶՄԻ» ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԼՈՒՍԱՎՈՐՅԱԼ ՖԵՈԴԱԼԻԶՄԻ» ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ
20.10.2009 | 00:00

Հայաստանն այլևս թևակոխել է «լուսավորյալ ֆեոդալիզմի» դարաշրջան։ Յուրաքանչյուր «էլիտար» հարսանիքից հետո ակամա այս գաղափարը կամ միտքն է ծնվում դատելու ընդունակությունը դեռևս չկորցրած Հայաստանում ապրող յուրաքանչյուր հայի գլխում։
Օլիգարխների ու պաշտոնյաների, կամ, համատեղության կարգով, օլիգարխ-պաշտոնյաների զավակների միջև ամուսնություններն այլևս օրինաչափություն են դառնում մեր հասարակության մեջ։ Երևույթ, որ միգուցե շատ մասնակի դրսևորումներով կար նաև խորհրդային շրջանում, սակայն այն ժամանակ, ի հակակշիռ դրա, բացարձակ մեծամասնություն էին կազմում խորհրդային չափանիշներով ոչ փոքր կարողության տեր պաշտոնյաների զավակների ամուսնությունները, այսպես ասած, «ոչ էլիտար» ընտանիքների ժառանգների հետ։ Պարզվում է, որ պրոլետարական դիկտատուրայի ամբողջատիրական ժամանակաշրջանում մենք ավելի ազատ էինք հասարակական հարաբերություններում ու նախապատվություններում։ Այն տարիներին հաճախ կարելի էր հանդիպել նաև դեպքերի, երբ, այսպես ասած, «էլիտար» ընտանիքի զավակը հակադրվում էր «համապատասխան» զույգ գտնելու ծնողների ցանկությանը և ընտրություն կատարում իր հայեցողությամբ։ Վերջին 20 տարիների ազատ ու ժողովրդավարական հասարակության մեջ չի եղել գոնե մեկ այդպիսի դրսևորում։ Մեր օլիգարխների ու պաշտոնյաների զավակները հանդիպում են անպայման իրար, «սիրահարվում» ու ամուսնանում՝ «մարդը ճյուղն իր քոլից կկտրի» իբրև թե ժողովրդական իմաստությունից ելնելով։
Ո՞Ւմ կողմից և ինչպե՞ս հիմք դրվեց ու արմատավորվեց այս տգեղ ավանդույթը, դժվար է ասել։ Բայց ակնհայտ է, որ մենք այլևս գործ ունենք ժառանգական բուրժուազիայի կամ օլիգարխիայի ձևավորման հետ, երբ ընտանեկան կապերի հաստատումը բացառապես նպատակ է հետապնդում կապիտալների սերտաճման, այդ ճանապարհով քաղաքական ազդեցության ձեռքբերման կամ ընդլայնման։ Սակայն պատմությունը բազմիցս ապացուցել է, որ երբ ցանկացած երկրում տնտեսությունն ու քաղաքական իշխանությունն ազգակցական-ընտանեկան կապերի ձևավորման միջոցով սերտաճում են, ժամանակի ընթացքում դա ուղղակի կասեցնում է երկրի դինամիկ զարգացման հնարավորությունը։ Քանզի զարգացման հիմնական խթանիչը ցանկացած ոլորտում մրցակցությունն է։
Երբ տնտեսությունն ու քաղաքական իշխանությունը սերտաճման պատճառով հայտնվում են հասարակական մի փոքր շերտի կամ խմբի ձեռքում, պետական-հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լճացումը դառնում է անխուսափելի։ Որովհետև երկրի զարգացման ցանկացած ծրագիր քաղաքական իշխանության ու տնտեսության տերերը սկսում են դիտարկել բացառապես իրենց անձնական, տնտեսական, քաղաքական, կապիտալի անվտանգության շահերից ելնելով։
Եվ փորձում են կասեցնել, բնում խեղդել կամ ոչնչացնել ցանկացած հասարակական դրսևորում, որը հակադրության մեջ է մտնում իրենց խնդիրների հետ։
Սակայն քանի որ ցանկացած երկրում, այսպես կոչված, «տիրապետող դասակարգից» բացի, ապրում են նաև ուրիշները, ովքեր, որպես կանոն, կազմում են բնակչության բացարձակ մեծամասնությունը, ապա նրանք չեն ցանկանում շարունակաբար հաշվի նստել իշխանության ու տնտեսության լծակներն իր ձեռքում կենտրոնացրած բացարձակ փոքրամասնության հետ։ Եվ եթե այդ հակասությունը տարիներ շարունակ հնարավոր չի լինում հանգուցալուծել հանրության մեծամասնության շահերից բխող ու օրինական ճանապարհով, այսինքն՝ ընտրությունների միջոցով, անխուսափելիորեն գալիս է այլ հանգուցալուծում։ Մասնավորապես, հասարակության դիմադրության պայմաններում իշխող դասակարգին այլևս չի հաջողվում նույնիսկ կոշտ միջոցներով (ասենք՝ մարտի 1 կազմակերպելով) պահել իշխանությունն ու տնտեսական լծակները։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ կա՛մ ժողովրդական ալիքն է սրբում օլիգարխիային իր եղած-չեղածով, կա՛մ այդ բանն անում են նույն պետական-ուժային կառույցները՝ ռազմական հեղաշրջման ճանապարհով։ Եվ դարձյալ տնտեսության ու իշխանության նախկին տերերից խլում են եղած-չեղածը։ Պատմությունը գիտի և ավելի վատ սցենարներ. մասնավորապես այդպիսի ճակատագրի արժանացան ժամանակին Ռումինիայի դիկտատոր Չաուշեսկուն և նրա մերձավոր շրջապատը։
Հայաստանն այսօր գտնվում է նույն իրավիճակում, ինչ եվրոպական երկրները մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Այն ժամանակվա Եվրոպան քիչ էր նման կամ, կարելի է ասել, իրավական ու տնտեսական համակարգի առումով բացարձակապես նման չէր ներկայիս տնտեսապես ծաղկուն Եվրամիությանը։ Այն ժամանակներում Եվրոպայում գործում էին, այսպես ասած, «հասարակ խավի» իրավունքները սահմանափակող բազմաթիվ օրենքներ։ Աշխատավորների շահագործումը կապիտալի ու տնտեսության տերերի կողմից ուներ ուղղակի վայրենի բնույթ, չկային գործուն արհմիություններ, որ պաշտպանեին աշխատավորների շահերը։ Բազմաթիվ եվրոպական երկրներում, հատկապես այնտեղ, ուր պահպանվել էին միապետությունները, բայց նաև հանրապետական կառավարում ունեցող Գերմանիայում, գործում էին ընտրական իրավունքը սահմանափակող օրենքներ։ Այսինքն՝ ընտրություններին չէին կարող մասնակցել ունեցվածքային որոշակի ցենզը չբավարարող անձինք, շատ եվրոպական պետություններում կանանց մասնակցություն ընդհանրապես գոյություն չուներ։ Այսպիսով, եվրոպական օլիգարխիաների իշխանությունն ամրագրված էր նույնիսկ օրենսդրորեն և թվում էր, թե հավերժ անխախտ է։ Սակայն արդյունքը եղավ այն, որ Իտալիայում իշխանության եկավ Մուսոլինին, Գերմանիայում՝ Հիտլերը, Իսպանիայում՝ Ֆրանկոն, Պորտուգալիայում՝ Սալազարը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄ-ի դերն ու ազդեցությունը ամբողջ աշխարհում աննախադեպ աճեց։ Ընչազուրկ և իրավազուրկ շատ եվրոպացիների համար աննախադեպ զոհերի գնով ֆաշիզմի հանդեպ հաղթանակ տարած պետությունը վերածվեց գրեթե ազատության փարոսի։ Մի երկիր, ուր, արևմտաեվրոպացի կոմունիստների պատկերացմամբ, հաջողվել էր կառուցել իսկապես հավասարների հասարակություն։ Կոմունիստական շարժումներն Արևմտյան Եվրոպայում սկսեցին թափ ստանալ, մանավանդ որ Արևելյան Եվրոպան նույնպես դարձել էր կոմունիստական։ Եվ այդ ժամանակ էլ արևմտաեվրոպական պետությունների քաղաքական վերնախավերը, տնտեսության տերերը, այսինքն՝ ժամանակակից հայկական բնորոշմամբ՝ օլիգարխիան հասկացավ, որ եթե անհապաղ տնտեսական, քաղաքական և իրավական բարեփոխումների միջոցով չփորձի կառուցել սոցիալիզմ մարդկային դեմքով, շատ շուտով հարկադրված կլինի մոտիկից ծանոթանալ բոլշևիկյան սոցիալիզմին՝ ստալինյան դեմքով։ Ստեղծվեց Եվրամիությունը, արևմտաեվրոպական երկրներում՝ ԱՄՆ-ի օժանդակությամբ (Մարշալի պլանի ներդրումով) սկսվեց լայնածավալ տնտեսական, իրավական, քաղաքական բարեփոխումների գործընթաց։ Արդյունքն իրեն սպասեցնել չտվեց, և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 20 տարի անց պատերազմում պարտված ու մասնատված Գերմանիայի արևմտյան մասը՝ ԳՖՀ-ն, տնտեսական ցուցանիշներով սկսեց գերազանցել հաղթող պետություններին, ոչ միայն ԽՍՀՄ-ին, այլև Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային։ Եվրոպական քաղաքակրթության այսօրվա ձեռքբերումները հետևանք են այն բանի, որ իրականում և դարերով իր իշխանությունը հաստատած օլիգարխիան կամավոր հրաժարվեց այդ իշխանության զգալի մասից, ընդլայնեց հանրային ազատությունները, տնտեսության ոլորտում հաստատեց ազատ մրցակցություն, որպեսզի իր և իր զավակների համար ստեղծի երաշխավորված անվտանգ ապագա։
Հայաստանն էլ, ուշ թե շուտ, կվերապրի բոլոր այս վայրիվերումները և դուրս կգա «լուսավորյալ ֆեոդալիզմի դարաշրջանից»։ Աշխարհի զարգացման ներկա տեմպերի, փոփոխությունների արագության պայմաններում դա պարզապես անխուսափելի է։ Չլինի դա հասարակական ներքին պահանջարկին ականջալուր լինելու արդյունքում, միևնույն է, տեղի կունենա արտաքին աշխարհից կիրառված պարտադրանքի պատճառով։ Այլ հարց է, թե որքանով է, բառի բուն իմաստով, ֆեոդալական ավանդույթներին գերի դարձած հայաստանյան «էլիտան» պատրաստ այդ փոփոխություններին։ Այլ կերպ ասած՝ ի՞նչ գին են վճարելու այդ նույն «էլիտան», երկիրն ու հասարակությունը վաղ թե ուշ զարգացման նորմալ ճանապարհին կանգնելու համար։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1817

Մեկնաբանություններ