ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԾՐԱԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ

ԾՐԱԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ
14.01.2011 | 00:00

Լրագրողներին բեղմնավոր աշխատանքային տարվա մաղթանքով հունվարի 12-ին ասուլիսը սկսեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ու համառոտ ներկայացրեց 2010-ին կատարված աշխատանքները: «Համառոտ»-ը պայմանական է, որովհետև ասուլիսն ամրագրված էր հանգամանալից տեղեկատվությամբ, որը ԱԱԽ քարտուղարը բավականաչափ մանրամասնեց, բայց նաև նշեց, որ ներկայացվածը աշխատանքի փոքր մասն է միայն: Այսինքն` սառցալեռան պես, որի երևացող հատվածն է ընկալվում, իսկ թե ինչ կա ջրի ու սառույցի տակ, քչերը գիտեն կամ չգիտեն:
Եվ այսպես` 2010 թ. կատարված քայլերն էականորեն բարձրացրել են ՀՀ անվտանգության մակարդակը: ԱԱԽ 6 նիստերում քննարկվել են ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2011-2015 թթ. զարգացման պետական ծրագիրը, սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը, Հայաստանի սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թթ. բարեփոխումների համալիր ծրագիրը, զորակոչի նախապատրաստման, կազմակերպման ու անցկացման հարցը, ՀՀ-ում մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության հայեցակարգը: Անցած երկու տարում ստեղծվել է միջգերատեսչական 6 հանձնաժողով` պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող, տեղեկատվական անվտանգության, ՀԱՊԿ-ի շրջանակում միջոցառումների իրականացումը համակարգող, եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական կառույցների համագործակցությունը համակարգող, ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի միջոցառումների իրականացումը համակարգող, ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի: ՀՀ նախագահի վավերացրած սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությամբ նախատեսվում են սահմանային ենթակառուցվածքների բարեփոխումներ: ՀՀ-ն համագործակցում է ԵՄ-ի հետ Հարավային Կովկասի պետական սահմանների համալիր կառավարման ծրագրի շրջանակներում, և 2010-ին հաստատված հայեցակարգի հիման վրա 2011-ին պետական սահմանի ողջ երկայնքով կկառուցվեն միջազգային չափանիշներին համապատասխան անցակետեր` դյուրացնելով մարդկանց տեղաշարժը և բեռների փոխադրումը, վերացնելով բյուրոկրատական քաշքշուկները, նվազագույնի հասցնելով կոռուպցիոն ռիսկերը:
ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2011-2015 թթ. զարգացման պետական ծրագրի հաստատմամբ ապահովվում է անհրաժեշտ նորագույն սպառազինությունների և ռազմական տեխնիկայի կարճաժակետ և երկարաժամկետ ծրագրերի կատարումը: 2010 թ., Արթուր Բաղդասարյանի գնահատմամբ, էականորեն բարելավվել է տեղեկատվական անվտանգությունը, 2009 թ. ծավալուն հարձակումները ՀՀ պաշտոնական կայքէջերի և լրատվական սայթերի վրա հաջողվել է կանխել: 2011-ին այդ նպատակով իրականացվելու է տեղեկատվական անվտանգության մոնիթորինգ:
Բարեփոխումներ են կատարվել և սեյսմիկ անվտանգության ապահովման նպատակով. 500 գիտացանց է գործում Հայաստանում, որոնց արդիականացման ծավալուն աշխատանքներ են կատարվելու:
2010 թ. Հայաստանի ակտիվ մասնակցությամբ ՀԱՊԿ-ի շրջանակներում քննարկվել են տասնյակ փաստաթղթեր, գագաթնաժողովում վավերացվել է 34 փաստաթուղթ, որոնցից երեքն ԱԱԽ քարտուղարը հատկապես կարևորեց` արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների ստեղծումը (որտեղ ներգրավված են 7 պետությունների հատուկ ծառայությունների ստորաբաժանումներ, 2011 թ. 20000-անոց այդ զորամիավորման զորախաղերը տեղի կունենան ՀՀ տարածքում), ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցության խորացումը (2010 թ. ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվեցին կոնկրետ ծրագրեր` ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության հետ ստորագրվեց փաստաթուղթ 11 ուղղություններով), երրորդ` ՀՀ և ՌԴ միջև ստորագրված արձանագրությունը, որով երկարացվեց ՌԴ ռազմաբազայի գործունեությունը ՀՀ տարածքում և ՌԴ-ն ՀՀ զինված ուժերի հետ ստանձնեց ՀՀ անվտանգության և նորագույն սպառազինություններով ու զինտեխնիկայով ապահովման աջակցությունը:
Արթուր Բաղդասարյանն արդյունավետ է համարում նաև ՀՀ-ԵՄ զարգացող համագործակցությունը. 2009-2011 թթ. համար հաստատվել է 3-ամյա գործունեության ծրագիր 197 միջոցառումների ընդգրկումով` քաղաքական, իրավական, ենթակառուցվածքային, հումանիտար, շրջակա միջավայրի, առողջապահության և սոցիալական, ֆինանսատնտեսական և առևտրային ոլորտներում: 2010-ին կատարվել են բոլոր միջոցառումները, ամենակարևորը` Եվրամիության հետ սկսվել են քաղաքական ասոցացման պայմանագրի բանակցությունները, որը նշանակում է հարաբերությունների նոր մակարդակ և որակ: 2011 թ. ԵՄ աջակցությամբ մեկնարկելու է պետական կառավարման համակարգի վարչական կարողությունների ընդլայնման ծրագիրը (32 միլիոն եվրո արժողությամբ), որն ինստիտուցիոնալ բարեփոխումներ է նախատեսում պետական կառավարման ողջ համակարգում: Հաստատվել են Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման, տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման համակարգի ձևավորման, անօթևան տարեցների և բնակարանի կարիք ունեցող սոցիալական խմբերի համար սոցիալական բնակարանների համալիր ստեղծելու հայեցակարգերը, ճգնաժամային կառավարման կենտրոնի ծրագիրը: Հայաստանն արդեն եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափումը կանխելու համաձայնագիր է կնքել ԵՄ 27 երկրից 17-ի հետ: Մուտքի արտոնագրերի փոխադարձ ճանաչման համաձայնագիր է կնքվել 10 երկրի հետ: 2009-ին Երևանում ԵՄ աջակցությամբ բացվեց դիվանագիտական ակադեմիա, 2011-ին նախատեսվում է արդարադատության ակադեմիայի բացումը:
Կարևոր քայլեր են իրականացվել Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրով, որն ընդգրկում է 42 միջոցառում: Հայաստանի համագործակցությունը երեք ուղղություններով` ԵՄ, ՀԱՊԿ, ՆԱՏՕ, Արթուր Բաղդասարյանը որակեց արդյունավետ: Նա հիշեցրեց, որ երկու տարի առաջ Հայաստանում ոչ ոք ոչինչ չգիտեր անվտանգության խորհուրդների և նրանց աշխատանքների մասին: Աշխարհում 50-ից ավելի նման խորհուրդ է գործում, 7 երկրում նորերս են ձևավորվել: ՀՀ ԱԱԽ-ն համագործակցության համաձայնագրեր է ստորագրել ՌԴ-ի, Բելառուսի, Լեհաստանի համարժեք կառույցների հետ, համագործակցության հաստատման հուշագրեր են ստորագրվել եվրոպական մի քանի երկրների հետ, սերտ կապեր կան Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, ԱՄԷ-ի հետ:
Լրագրողների հարցերին պատասխանելիս ԱԱԽ քարտուղարն անդրադարձավ թունաքիմիկատների գերեզմանոցների վնասազերծման ծրագրերին: Նշվեց, որ համաձայնագիր է ստորագրված լեհական «Էկոտեխ» ընկերության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև, ծրագիրը միայն Նուբարաշենը չի ընդգրկում, այլ նաև Լոռու մարզը:
Իբրև նորություն Արթուր Բաղդասարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ 2011 թ. առաջին անգամ Հայաստանում ներդրվելու է արտերկրում գտնվող ՀՀ դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության ծրագրման և գնահատման դիտարկման կարգը: ՀՀ նախագահը ստորագրել է կարգադրություն, որով ԱԱԽ-ում միջգերատեսչական հանձնախմբեր են ստեղծվում` զբաղվելու այդ խնդրով, ԱԱԽ քարտուղարը վստահ է, որ արդյունքում էականորեն կբարելավվի կառույցի աշխատանքը. «Մենք անցնում ենք արտաքին քաղաքական ճակատում ծրագրված քաղաքականության իրականացման, յուրաքանչյուր դիվանագիտական ներկայացուցչության առջև կդրվեն կոնկրետ ծրագրեր, տվյալ երկրի առանձնահատկություններով պայմանավորված»:
«ՀՀ ազգային անվտանգության տեսակետից որո՞նք են երեք ամենակարևոր խնդիրները» «Իրատես de facto»-ի հարցին ի պատասխան Արթուր Բաղդասարյանն ասաց. «Առաջին` երկրի համալիր անվտանգության ապահովումը, որը ներառում է անվտանգության ապահովման միջոցառումների բազմաշերտ փաթեթ: 2010 թ. այդ ուղղությամբ լուրջ քայլեր իրականացվել են, պետք է ժամանակին կանխարգելել անվտանգության հնարավոր բոլոր սպառնալիքները: Սպառազինությունների, ռազմական տեխնիկայի պետական ծրագրերի հաստատմամբ երկրում ներդրվեց նոր ու հետաքրքիր համակարգ: Երկրորդը` ՀՀ անվտանգությունն ապահովող ենթակառուցվածքների հետևողական հզորացումն է: Այս ուղղությամբ էլ լուրջ աշխատանքներ կան կատարելիք: Հայտնի խոսք կա` խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի, մենք միշտ պետք է պատրաստ լինենք արտաքին ագրեսիայի վտանգին, երկիրը պետք է կայուն լինի, խաղաղ, որ հնարավոր լինի հզորացնել պետական ինստիտուտները և վտանգի դեպքում արժանի հակահարված տրվի` սա էլ երրորդ խնդիրն է: 2010 թ. լուրջ քաղաքական ու դիվանագիտական ձեռքբերում եմ համարում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումները դարձան աշխարհի այլ երկրների համար առավել ընկալելի: Ես դա ասում եմ` շատ քննարկումների անմիջական մասնակից լինելով: ԼՂ հիմնախնդիրը հայանպաստ ընկալումներով 2010-ին աշխարհի համար առավել ընկալելի դարձավ, ինչը արձանագրվեց Աստանայի գագաթնաժողովում, Մոսկվայում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում: Այս ուղղությամբ պետք է շարունակենք հետևողական քայլերը»:
Արթուր Բաղդասարյանին հարցեր ուղղվեցին նաև իբրև ՕԵԿ նախագահի: Ի պատասխան նշվեց, որ «Օրինաց երկիրը» զարգացող, համալրվող կուսակցություն է, քաղաքական դաշտի հիմնական դերակատարներից մեկը, ունի բավարար կադրային ներուժ, 2010-ին 7400 նոր անդամ է ունեցել: Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում Սերգեյ Կարապետյանին առաջարկելը եղել է ՕԵԿ-ի քաղաքական թիմի որոշումը: Սերգեյ Կարապետյանը տևական ժամանակ եղել է ՕԵԿ-ի համակիրներից, կառավարման ոլորտի գիտակ է, երկրի սննդարդյունաբերության խոշոր ձեռնարկություններից մեկի ղեկավարը լինելով` մեծ փորձ է կուտակել և կարող է աշխատել այդ պաշտոնում: Անհեթեթ լուրեր անվանվեցին այն տեղեկությունները, որ ԱԱԽ քարտուղարը փոխարինելու է ՀՀ դատախազին, իսկ ԱԱԽ քարտուղար է նշանակվելու պաշտպանության նախարարը:
Հունվարի 12-ին ՀՀ ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղաքական-պետական սառցալեռան մի փոքր մասը ցուցահանեց` հայտնին հայտնիացնելով, իսկ անհայտ մնացածը համարենք պետության ու ժամանակի խնդիր:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ