ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Գլխով պատ ծակելը» վտանգավոր բան է

«Գլխով պատ ծակելը» վտանգավոր բան է
27.07.2010 | 00:00

Հաագայի միջազգային դատարանի որոշումն այն մասին, որ Կոսովոյի անկախության ինքնահռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին, անկասկած, որոշակի ճշգրտումներ մտցրեց միջազգային հարաբերություններում և հետպատերազմյան «պոտսդամյան աշխարհաշինության» մեջ։ Այն, ըստ էության, մատնանշեց միջազգային իրավունքի առաջնայնությունները, և հատկապես` ազգերի ինքնորոշման իրավունքը, և մի ամբողջ շարք «չճանաչված կազմավորումների» լեգիտիմության հույս ներշնչեց։ Սակայն հարկ է նշել, որ այդ վճիռը, իր իրավաբանական հիմքի ամբողջ լրջությամբ հանդերձ, ի հայտ բերեց ոչ պակաս կարևոր մի օրինաչափություն. միջազգային իրավունքը դարձավ վերջնական ու ամրակուռ մի քաղաքական գործիքակազմ` աշխարհաքաղաքական և համընդհանուր անվտանգության հարցերի լուծման համար։ Այսպես, նշենք, որ դատարանը Կոսովոյի անկախության հռչակման օրինականության հարցը քննարկում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պահանջով, և շատ քիչ է հավանական, որ նման հարցապնդումը Հաագա ներկայացվի ինքնահռչակ այլ պետությունների առնչությամբ, անգամ եթե փորձեն դրան հասնել ՄԱԿ-ում։ Պատահական չէ, որ «Կոսովոյի նախադեպից» անմիջապես հետո համաշխարհային քաղաքական վերնախավի քրմերը սկսեցին միաբերան հայտարարել, որ դա առանձնահատուկ և կրկնության ոչ ենթակա դեպք էր։ Ի դեպ, «երբեք մի ասա երբեք», և կարելի է վստահ լինել, որ եթե Իրաքից ամերիկյան զորքերի հեռանալուց հետո Քրդստանի անկախության ճանաչման հարցը ծառանա, ապա միջազգային իրավունքն ավելի շուտ բարեհաճ կլինի։ Չէ՞ որ ակնհայտ է, որ և՛ ժողովրդի կամքի արտահայտությունը, և՛ անգամ այնպիսի գործոններ, ինչպիսիք են էթնիկ զտումներն ու բնակչության անվտանգությունը, որքան էլ ցինիկ հնչի, սոսկ որոշակի ֆոն են «քաղաքական նպատակահարմարության» համար։ Ավելին, և՛ Կոսովոն, և՛ հետագայում Քրդստանը համաշխարհային քաղաքականության ճարտարապետների համար հետաքրքիր ու կարևոր են միայն որպես «կառավարելի միջնաբերդեր»` մեկը Բալկաններում, մյուսը` Մերձավոր Արևելքում։

Այժմ, Հաագայի դատարանի որոշման կապակցությամբ, շատերն աշխարհում և Հայաստանում սկսել են խոսել «երկակի ստանդարտների», միջազգային օրենսդրության նկատմամբ քաղաքական անհրաժեշտության գերադասության մասին։ Այս ամենը, անշուշտ, տեղ ունի ժամանակակից, ամենևին էլ ոչ արդարացի աշխարհում։ Այս ամենի դեմ պետք է պայքարել բոլոր հնարավոր եղանակներով, խոսել ու բողոքել առկա բոլոր ատյաններում։ Բայց, համաձայնեք, նման անարդարացի աշխարհակառուցվածքը մի իրողություն է, որը շատ դժվար է փոխել հույզերով, բարոյականությանը դիմելով և բարոյախոսական նորմերով։ Այսօր, ասենք, միշտ էլ` սկսած մարդկության ծննդյան օրից ¥Հայաստանի պատմությունը դրա վառ վկայությունն է¤, այդ իրադրությունը փոխելն ու «գլխով պատ ծակելը» ոչ միայն անհեռանկարային, անպատվաբեր, այլև շատ վտանգավոր են։ Եթե դու, այս կամ այն պատճառով, հետաքրքիր ու կարևոր ես աշխարհի համար, եթե քո ձգտումները ներդաշնակվում են համընդհանուր գործընթացներին և աշխարհաքաղաքական փոփոխություններին, ապա միայն այս դեպքում միջազգային օրենքն ու միջազգային ինստիտուտները քո կողմը կլինեն։ Դուր գալիս է, թե չէ, բայց դա այդպես է, և «պարել» է պետք հենց այս նվագի տակ։

Իսկ հիմա, այս խրատներից ու դիտողություններից հետո, անցնենք մեր իրողություններին ու մեր հնարավորություններին։ Նախ, միանգամից նկատենք, որ Ղարաբաղի հարցում միջազգային ատյանների այդքան տևական ու բավականին լարված գործունեությունը, պետական կառույցի` ԼՂՀ-ի զարգացումն ու փաստական գոյությունը վկայում են, որ այդ հարցը, ի տարբերություն ոչ պակաս բարդ և արյունալի այլ հակամարտությունների, սոսկ տեղային նշանակություն չունի, այլ լայն շահեր է շոշափում։

Համենայն դեպս, այն միանգամայն օրգանապես ներդաշնակվում է Կովկասի և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական վերաբաժանման ներկա գործընթացին։ Այլ բան է, որ այդ գործընթացի հենց այս անավարտությունն է պայմանավորում որոշումների ձգձգումն ու ստատուս քվոյի պահպանումը։ Այս առումով իրադրությունը կարող է փոխվել սրընթաց։ Երկրորդ, Կոսովոյի կապակցությամբ Հաագայի դատարանի ընդունած որոշումը սոսկ «մի փոքր բացեց օդանցքը» ղարաբաղյան հարցի լուծման գործում։ Հարցը, անշուշտ, ամբողջ հայության լուրջ, տիտանական ջանքերն է պահանջում, ընդ որում, պրոբլեմների տարբեր ուղղություններում` և՛ բարոյաէթիկական ¥էթնիկ զտումներ, Ղարաբաղի հայերի գոյատևմանը սպառնացող վտանգ¤, և՛ պատմաիրավական, և՛ ամենագլխավորը` աշխարհաքաղաքական։ Եվ այստեղ, ինչպես ասել է իմ վաղեմի բարեկամը` ազգային անվտանգության համակարգերի մի լուրջ մասնագետ, «մենք պետք է ամեն մեկս յուրովի մեխ դառնանք և միասին աթոռը սարքենք»։ Իսկ այդ ընդհանուր համակարգման և դերաբաշխման հարցում, թվում է, մենք շատ բան ենք բաց թողել։ Փորձենք խոսել առարկայորեն ու հիմնավորված։

Թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներով Ղարաբաղի հարցը եղել է երկրի բարձրագույն ղեկավարության միայն մի քանի անդամների առանձնաշնորհը։ Այդուամենայնիվ, և դա ակնհայտ է, և՛ ղարաբաղյան շարժման, և՛ պատերազմի ժամանակ մենք առավել մեծ հաջողության հասել ենք միայն հասարակայնության ու ժողովրդի, Ղարաբաղի, Հայաստանի և սփյուռքի առավելագույն մասնակցությամբ ու քաղաքական աջակցությամբ։

Պետք է խոստովանել, որ վերջին ժամանակներս իրադրությունը զգալիորեն փոխվել է ոչ միայն այն պատճառով, որ բանակցությունների գործընթացը գաղտնազերծվել է, այլև, որ ներկա վարչակազմն արտաքին քաղաքականության հարցերում մեծ թափանցիկության կուրս է վերցրել։ Այսպես, վերջապես «հիշել են» և սկսել բարձրաձայնել խնդրի այնպիսի կարևոր կողմեր, ինչպիսիք են Ադրբեջանի տարածքի հայաթափումը, Ղարաբաղի ու Շահումյանի հայաբնակ շրջանների զավթումը։ Այս մասին սկսել են խոսել իշխանությունները, քաղաքական գործիչները, հասարակական կազմակերպությունները։ Թեև ցանկալի կլիներ այստեղ մեծ համակարգվածություն ու հետևողականություն տեսնել, այս բոլոր գործոնները, անկասկած, սկսել են հավաքվել փաստերի ընդհանուր կուտակարանում ¥նկատենք, որ Արևմուտքի համար Կոսովոյի անկախության ճանաչման հիմնարար «արդարացումը» դարձան հենց ապացուցված էթնիկ զտումները։¤ Մեծ հաջողությամբ, արդյունավետությամբ և ճիշտ ժամանակին սկսեցին հնչել Բաքվի ռազմաշունչ ճամարտակությունները ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ վետերանների կազմակերպությունների կողմից։

Մինչ օրս էլ կենսունակ է բավականին ամուր ու ապակառուցողական մի նորմ. այնպիսի կարևոր և ամենագլխավորը, ներկայացուցչական պետական ինստիտուտ, ինչպիսին խորհրդարանն է, մեկուսացված է, հնարավոր է` ինքնամեկուսացված, այդ բոլոր քաղաքական գործընթացներից։ Միջազգային կազմակերպություններում առանձին պատգամավորների առանձին ելույթները կարևոր են, բայց բացահայտորեն ոչ բավարար։ Ընդ որում, քաղաքական խաղերում ամենակարևորն ու ամենագործունն այն է, որ խորհրդարանի պատգամավորները, և դա անվիճելի փաստ է, ըստ էության, ունեն ավելի ազատ ու ավելի արմատական ներկայացուցչական մանդատ, քան մյուս բոլոր իշխանական միավորները, ներառյալ նախագահը։ Նրանք ոչ միայն կարող են, այլև պարտավոր են խոսել ժողովրդի անունից, նրանց արձագանքը պետք է ավելի արագ լինի և չսահմանափակվի նորմատիվ և դիվանագիտական շրջանակներով։ Եվ համապատասխանաբար այն ամբողջ աշխարհի համար դառնում է կարևորագույն հարցերին ժողովրդի հավաքական մոտեցման ցուցանիշ։ Ամբողջ աշխարհում, համենայն դեպս, նրա ժողովրդավարական մասում, դա այդպես է, բացի Հայաստանի խորհրդարանից։

Ղարաբաղում տեղի ունեցած վերջին արյունալի միջադեպերից հետո պետության պատասխան արձագանքի ամբողջ ծանրությունը, օրինակ, իր վրա վերցրեց գործադիր իշխանությունը ¥նախագահը, արտաքին գործերի նախարարը¤, իսկ հայկական խորհրդարանը, ամենևին հասկանալի չէ, թե ինչու, ոչ միայն արտակարգ նիստ չհրավիրեց, այլև ոչ մի մերկացնող փաստաթուղթ չընդունեց։ Ավելին, այնտեղ, հավանաբար, գլխի էլ չընկան, որ նման գործողություններն ու նախաձեռնությունները ոչ միայն կարժանանային բնակչության հավանությանը, լիովին կներդաշնակվեին ընդհանուր գործընթացին, այլև միանգամայն հասկանալի կլինեին երկրի սահմաններից դուրս։ Արդյունքը եղավ այն, որ արտաքին գործերի նախարարը հարկադրված էր դուրս գալ ընդունված դիվանագիտական և խիստ նորմատիվային շրջանակներից ¥որին արագորեն արձագանքեցին գործընթացներին ուշադրությամբ հետևող «միջազգային հովանավորները»¤, իսկ «ժողովրդի ծառան»` խորհրդարանի խոսնակը, «խոհեմորեն լռություն էր պահպանում»։ Մեկ անգամ էլ կրկնեմ. առանձին պատգամավորների, ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր, ելույթները խորհրդարանի ընդհանուր դիրքորոշումը չեն, ու թեև դրանք կարևոր էլ են, բայց, ըստ էության, բավարար չեն։ Իսկ ընդհանուր առմամբ ՀՀ Ազգային ժողով փքուն անվանումը կրող ներկա «բիզնես-ակումբն» անտարբեր մնաց ոչ միայն համազգային խնդիրների ու ճգնաժամային իրավիճակի, այլև իր իսկ երկրի ղեկավարների ջանքերի նկատմամբ։

Ես երբեք չեմ մոռանա մեր կարկառուն քաղաքական գործիչներից մեկի` հանգուցյալ Էդուարդ Եգորյանի մարգարեությունը, որը մի առիթով ասաց. «Հավատա, հաջորդ խորհրդարանն ավելի վատը կլինի»։ Այն ժամանակ թվում էր, թե դրանից վատ անհնար է, սակայն կարևորագույն քաղաքական ինստիտուտի այդ անկասելի գահավիժումը շարունակվեց ու շարունակվեց, և միայն մնում է հուսալ, որ ներկա խորհրդարանն արդեն անդունդի հատակին է, և հիմա մնում է միայն մեկ ուղի` դեպի վեր։ Սակայն գիտակցվո՞ւմ է, արդյոք, որ խորհրդարանը ոչ միայն օրենքներ ընդունելու վայր է, այլև պետական կառուցվածքի քաղաքական, ծայրաստիճան կարևոր, և գլխավորը` անկախ մարմին։ Ըմբռնվո՞ւմ է, որ խորհրդարանի գործառույթներն ու նշանակությունը չեն կարող կատարել այլ ինստիտուտներ։ Հայ քաղաքական վերնախավում, համենայն դեպս, նման ըմբռնում գոյություն չունի։

Որպես վերն ասվածի ամփոփում, մենք պարզապես պարտավոր ենք ներկա իրավիճակում օգտագործել բոլոր հնարավորությունները, բոլոր լծակները։ Երբ խիստ անհրաժեշտ է վերադառնալ խորհրդարանի քաղաքական գործառույթներին ու քաղաքական կշռին։ Հիշեցնենք, որ անկախության հռչակումից անմիջապես հետո գումարված Գերագույն խորհուրդն է միայն կարևոր քաղաքական դեր խաղացել երկրում, և հենց այդ ժամանակ են եղել մեր գլխավոր և ոչ միայն ռազմական հաղթանակները։ Կարո՞ղ է, արդյոք, այդ դերը ներկա խորհրդարանը խաղալ, այլ հարց է։ Բայց մի բան պետք է անել։

Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ