ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԻՐԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԶՍՊՄԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾՈՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԻՐԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԶՍՊՄԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾՈՆ
23.07.2010 | 00:00

Արդի աշխարհաքաղաքականության մեջ Հարավային Կովկասն առանձնահատուկ տեղ է գրավում և, չնայած տարածաշրջանի պետությունների ոչ բարձր իրական միջազգային սուբյեկտ լինելու հանգամանքին, այդ պետությունների այս կամ այն նախընտրությունից են շատ բանով կախված շահագրգիռ տերությունների հնարավորությունները։ Հարավային Կովկասում պետություններն արտաքին նվաճումների ու սպառնալիքների զսպման համակարգի կարիք ունեն, և առայժմ միայն Ռուսաստանի ռազմական ներկայությունն է ընդունակ այս կամ այն չափով ապահովելու տարածաշրջանի անվտանգությունը։ Ընդ որում, «ռազմական ներկայություն» ասվածը շատ լայն հասկացություն է, և զսպման համակարգում առաջատար դեր ունի ոչ այնքան անմիջական ռազմական ներկայությունը, օրինակ, Հայաստանում, Հյուսիսային Կովկասում և Սև ծովում ռուսական զինված ուժերի մարտունակությունը։ Չնայած Ռուսաստանի և Թուրքիայի փորձերին` կազմավորելու մի դաշինք, որը նպատակ պետք է ունենա սահմանափակելու ամերիկյան ազդեցությունը Սևծովյան-Կովկասյան և, միգուցե, Կենտրոնասիական տարածաշրջաններում, Թուրքիան մնում է որպես իմպերիալիստական տերություն, որը ձեռք է բերել տարածաշրջանային մակրոտերության կարգավիճակ և ձգտում է դառնալ միջտարածաշրջանային պետություն։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխզիջումներ հնարավոր չեն, քանի որ ցանկացած պարագայում դա առնչվում է նրանց արմատական շահերին, և երկուսն էլ զիջելու միտք չունեն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական առումով։ ՈՒստի, չնայած ռուսական որոշ քաղաքագետների ու քաղաքական գործիչների ցանկությանը` «ուշադրություն չդարձնել» թուրքական ազդեցության ընդլայնմանը, մնում է իրողություն։ Պետք է նշել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների այսչափ զգալի վատացումը մեծապես պայմանավորված է տարածաշրջանային ուղղություններում Թուրքիայի ազդեցության ընդլայնումը սահմանափակելու ամերիկյան քաղաքականությամբ։ ԱՄՆ-ը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում, ինչպես նաև Սև ծովում թուրքական դիրքերի ուժեղացմամբ։ ԱՄՆ-ը, իհարկե, կցանկանար, որ Թուրքիան ակտիվանար տարածաշրջաններում, բայց միայն որպես վերահսկվող պետություն և ոչ թե որպես ինքնուրույն խաղացող։ Այս հանգամանքը հույս է ներշնչում Ռուսաստանին` իր խաղը խաղալու շահերի եռանկյան կամ բազմանկյան ներսում, բայց այդ հույսերը շատ սահմանափակ են, քանի որ ինքնուրույնության հասնելու Թուրքիայի ձգտումն իր չափն ունի, որոնք որոշված են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից։ Հարաբերությունները Թուրքիայի ու ԱՄՆ-ի, ինչպես նաև Թուրքիայի ու ԵՄ-ի միջև արդեն առաջվանը չեն լինի, բայց դա չի նշանակում, թե հնարավոր է երկարաժամկետ ու ամուր ռուս-թուրքական դաշինք ստեղծել։ ՈՒստի Հարավային Կովկասում Ռուսաստանի համար արտաքին սպառնալիքի զսպման հիմնական խնդիրը շարունակում է մնալ Թուրքիան։
Այստեղ բավական կարևոր է քննության առնել Հայաստանի դիրքը` որպես տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական գործընկերոջ։ Պետք է ասել, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ 1988-92 թթ. Ռուսաստանի դրսևորած խիստ թշնամական վարքագծից և նրա այլ բացահայտորեն ոչ բարեկամական գործողություններից հետո, անկախ գոյության ամբողջ ընթացքում երկյուղներ են եղել գլխավոր դաշնակցի կողմից անսպասելի թշնամական վերաբերմունքի առումով։ Հայաստանը փորձել է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները հաստատել` ելնելով ոչ միայն միջազգային մեկուսացման մեջ չհայտնվելու, այլև ուժի այլ կենտրոնում պատվար գտնելու խնդրից։ Դրա հետ մեկտեղ, տարիներ ի վեր հայ-ռուսական հարաբերությունները վերելք են ապրել, և Հայաստանը կատարել է բոլոր պարտավորությունները ՀԱՊԿ-ի հանդեպ, համարելով, որ այն որոշակի դեր է խաղում ՆԱՏՕ-ի ճնշումը զսպելու առումով։ 2008 թ. աշնանը, ոգևորված Վրաստանում ձեռք բերված հաջողություններով, ոչ այնքան հասուն որոշ քաղաքական գործիչներ աշխատում էին, ի հաճույս Թուրքիայի և Ադրբեջանի, անցկացնել ղարաբաղյան խնդրի հրեշավոր մի լուծում, ինչը կործանարար կլիներ հայ ազգի համար։ Չնայած Հայաստանը կարողացավ առանց առանձնակի ջանքերի հարթել իրավիճակը, և, կարծես Մոսկվայի այդ մտադրություններն ի չիք են դարձել, Հայաստանում չափազանց մեծ երկյուղներ են մնացել։ Ներկայումս Հայաստանում չկան քաղաքական խմբեր, որոնք ժխտեին ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակահարմարությունը, ներառյալ կոմունիստական կուսակցությունն ու թրծված ռուսամետ քաղաքական գործիչներին։ Ռուսաստանն ամեն քայլ գործադրել է` մեղմելու այդ բացասական տրամադրությունը հայ հանրության շրջանում, և Հայաստանում գոհունակությամբ են ընդունել ՀԱՊԿ-ի զարգացման լուրջ քայլերը։ Դրա հետ մեկտեղ, Հայաստանում միշտ էլ խիստ հոռետեսորեն են վերաբերվել ՆԱՏՕ-ին տարածաշրջանի պետությունների հնարավոր անդամակցությանը, սակայն հետաքրքրությամբ ընդունեցին Վրաստանում երեք ռազմաբազա հիմնելու ԱՄՆ-ի մտադրությունը։ Արդեն 90-ական թվականներին Հայաստանում հասկացել էին, որ ԱՄՆ-ն ամենևին շահագրգռված չէ ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցությամբ։ ՆԱՏՕ-ն կատարեց իր խնդիրը` իր կազմում ներառելով Կենտրոնական Եվրոպայի երկրները, որպես ԱՄՆ-ի «ակումբային» գործընկերների, սակայն հետագա ընդլայնումը ոչ մի հիմնավորում չուներ ո՛չ եվրոպացիների, ո՛չ ամերիկացիների համար։ Ռուսաստանի ցանկացած վկայակոչում սոսկ հարմար պատճառաբանության փորձ է։ Այդ տարածաշրջանն Արևմուտքին պետք չէ ո՛չ որպես մասնակից, ո՛չ որպես դաշինքի պատասխանատվության գոտի։ ԱՄՆ-ը միշտ նկատի է ունեցել, որ իր համար ավելի հարմար է թվում անմիջական ռազմական համագործակցությունը Հարավային Կովկասի պետությունների հետ, քան ՆԱՏՕ-ի միջոցով։ ԱՄՆ-ը շատ լավ է հասկանում, որ, որոշ հանգամանքների բերումով, հայտնվելով ՆԱՏՕ-ում, Հարավային Կովկասի երկրները կդառնան ոչ թե ԱՄՆ-ի առաջնահերթ գործընկերները, այլ առաջատար եվրոպական երկրների։ Նույն կարծիքին է նաև Իրանը, որն ավելի ու ավելի է հակվում ՆԱՏՕ-ն համարելու ոչ թե ամերիկամետ, այլ եվրոպական դաշինք։ Հայաստանի դիրքորոշումը հակասական չի թվում, եթե նկատի ունենանք, որ, ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, որոնք տարածաշրջանում ամերիկյան ռազմական հնարավոր ներկայությունը համարում են Ռուսաստանին զսպելու գործոն, Հայաստանն ամերիկյան բազաները համարում է Թուրքիային զսպելու հնարավոր գործոն։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում հուսով են, որ Սև ծովում ԱՄՆ-ի ներկայության ընդլայնումը, Ռուսաստանի դիրքերի հետ մեկտեղ, կդառնա Թուրքիային զսպելու գործոն։ Ահա այսպիսին է հիմա դարձել Հարավային Կովկասում Ռուսաստանի երբեմնի առավել հավատարիմ ու հուսալի դաշնակիցը։ Միաժամանակ, հենց Հայաստանում է առաջացել Սև ծով-կովկասյան և Կենտրոնասիական տարածաշրջաններում ամերիկյան ռազմավարության զարգացման տևողության հարցը, այսինքն, առաջադրվել այն հարցը, թե ԱՄՆ-ը երբ կհեռանա տվյալ տարածաշրջաններից և ինչ գործոններով պայմանավորված։
Ինչպիսին կարող է լինել ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում` անվտանգության տեսակետից, և ինչպես կփոխվի իրավիճակը, եթե ամերիկացիները տարածաշրջանում հաստատեն իրենց ռազմական ներկայությունը` սա էր, ահա, քաղաքական հեռանկարի քննարկման գլխավոր հարցը։ Ֆրանսիան վերադառնում է ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպություն` առաջադրելով մի շարք պայմաններ, այդ թվում` ՆԱՏՕ-ի ընդլայնման գործում զգալի և անորոշ ժամանակով դադարի անհրաժեշտությունը։ Համանման դիրք են բռնել նաև Գերմանիան ու Մեծ Բրիտանիան, որոնք իրենց դիրքորոշումը հայտնել էին ռուս-վրացական պատերազմից դեռ շատ առաջ։ Դրա հետ մեկտեղ, առաջատար եվրոպական պետությունները, որոնք ամենևին շահագրգռված չեն Սև ծովում ԱՄՆ-ի ուժեղացմամբ, նախընտրել են հավանություն տալ ամերիկացիների այդ մտադրությանը։ Միաժամանակ, չնայած արտաքին քաղաքականության մեջ արված որոշ ճշգրտումներին, Սև ծովին և Եվրասիային վերաբերող առաջադրանքը մնում է նոր վարչակազմի քաղաքական ծրագրում։
Հնարավոր է, Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականությունն ու գործողություններն այլ` ավելի պատասխանատու և զուսպ բնույթ են ստանում, բայց մինչև հիմա տարածաշրջանում այլ սյուժեներ են հյուսվելիս եղել։ Արևմտյան ընկերակցությունում այն կարծիքն է եղել, թե ԱՄՆ-ը որոշակի պատասխանատվություն է կրում Վրաստանի քաղաքական կուրսի համար, որը ենթադրում էր ուժային եղանակների կիրառման անթույլատրելիություն տարածաշրջանում վիճելի հարցերը լուծելիս։ Տեղեկություններ կան, որ ամերիկացի դիվանագետները և Վաշինգտոնի բանագնացներն ամենևին հնարավոր չէին համարում նման սցենարը։ Բայց պատերազմը սանձազերծվեց, և ԱՄՆ-ն այդպես էլ չհերքեց իր մասնակցությունն այդ որոշման կայացմանը։ Հարկ է ասել, որ Կովկաս-կասպյան տարածաշրջանում էներգահաղորդման համալիրի կազմավորման ավարտից հետո սկսել են նշաններ երևալ, որ տարածաշրջանում առկա խնդիրների ռազմական լուծման հնարավորության նկատմամբ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը փոխվել է։ Դա, գուցե և, կապված է հաղորդակցության այդ ուղիների կառուցման ավարտից հետո վտանգների ու սպառնալիքների չափանիշների նոր գնահատման հետ։ Հաղորդակցության գործող ուղիները ենթադրում են ուժային եղանակով վեճերի լուծում, մինչդեռ մինչ կառուցման ավարտը ծայր առած մարտական գործողությունները կարող էին նկատելի փոփոխություններ մտցնել այդ պլաններում։ Այսպիսով, այդ պլանները տարածաշրջանն ավելի ապահով չեն դարձրել, սա արդեն անվիճելի փաստ է։ Այդ փորձը թույլ է տալիս ենթադրել, որ ամերիկյան անմիջական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում չի բացառում կոնֆլիկտների ընդլայնումը։ Առայժմ սա, քչից-շատից, բազային հետևություն է։ Ներկա վիճակը տարածաշրջանում նույնպես խոցելի է, բայց ուժերի առկա հարաբերակցությունը, ներկա զուգակշռությունն ու կողմնորոշումները (Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում պահպանելու պայմանով) լիովին կարող էին ապահովել անվտանգության մի ինչ-որ բավարար մակարդակ։ ԱՄՆ-ի ներկայությունը, այսինքն` Վրաստանում ամերիկյան ռազմաբազաների ստեղծումը, հետաքրքրություն է ներկայացնում Թուրքիային զսպելու առումով, բայց ավելորդ է թվում տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսակետից։ Ակնկալիքներն այնպիսին են, որ տվյալ պայմաններում սպառնալիքների ու վտանգների մակարդակը կբարձրանա։ Այստեղ ոչ մի կասկած լինել չի կարող։
Իհարկե, Վրաստանի համար իր տարածքում ամերիկյան բազաների տեղաբաշխումն անվտանգության կարևորագույն գործոն է։ Ընդ որում, Վրաստանում ավելի ու ավելի են զգուշանում Թուրքիայից և թուրք-ադրբեջանական դաշինքից, ինչը մեծ շահագրգռության առիթ է Հայաստանի համար։ Վրաստանի քաղաքականությունն ու դիրքորոշումը շատ ավելի միարժեք են, հասկանալի ու ավելի դրականորեն են ընկալվում արևմտյան հանրության շրջանում։ Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն Ադրբեջանն իր անվտանգության գլխավոր և իրական երաշխավորը համարում է ոչ թե Թուրքիային կամ ՆԱՏՕ-ին, այլ ԱՄՆ-ին։ ՈՒստի Ադրբեջանը ևս դրականորեն է վերաբերվում ամերիկյան բազաների տեղաբաշխմանը Վրաստանում և, առհասարակ, տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության մեծացմանը։
Պետք է ասել, որ Հարավային Կովկասի անվտանգության խնդիրը կապված է ոչ միայն արևմտյան և արևելյան, այլև հարավային ուղղության հետ։ Որքան էլ տարօրինակ ու անսպասելի լինի, Իրաքի պատերազմն էական փոփոխություններ է կատարել Հարավային Կովկասի իրադրության մեջ։ Նախ, մեծացել էր կասպյան նավթի նշանակությունը, և Իրաքում ներկայումս նավթարդյունահանման ավելացումը նորից նվազեցրել է այն։ Իրաքի իրադրությունը բավականին թուլացրեց իսլամական արմատականների ուշադրությունը Կովկասի հանդեպ, բայց, ըստ երևույթին, դա ժամանակավոր երևույթ է, և այդ քաղաքական շարժումները նորից իրենց հայացքը կուղղեն տարածաշրջանին։
Իրաքի, նախ և առաջ, Քրդստանի իրադարձությունները լրջորեն շեղում են Թուրքիայի ուշադրությունը Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից։ Իրադարձությունները ցույց են տվել, որ անգամ այնպիսի հզոր տերության համար, ինչպիսին Թուրքիան է, դժվար է քաղաքական խաղ խաղալ միանգամից մի քանի ուղղությամբ։ Ըստ երևույթին, իրաքյան պատերազմը սկիզբ դրեց մի նոր ու լուրջ միջազգային խնդրի` քրդական խնդրին, որը երկար ժամանակ ստվերում էր և լռության էր մատնված։ Որքան էլ տարօրինակ լինի, Թուրքիան որպես արգելապատնեշ է հանդես գալիս Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքից ծագող վտանգավոր մարտահրավերների միջև։ Ձեռքի տակ ունենալով Մերձավոր Արևելքին վերաբերող հարուստ նյութ` կարելի է նշել, որ արաբական աշխարհում և Իրանում հավանությամբ են վերաբերվել Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի գործողություններին, և դատապարտել են վրացական ղեկավարության գործողությունները, դրանք գնահատելով որպես Իսրայելի քաղաքականությանը համարժեք։ Մերձավոր Արևելքում Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքն ավելի քան բացասական է, քանի որ արաբ և իրանցի քաղաքական գործիչներն Ադրբեջանը դիտում են իբրև իսրայելամետ և ամերիկամետ պետություն։ Տարածաշրջանում ավելի դրական վերաբերմունք ձևավորվել է Հայաստանի նկատմամբ, ինչն անդրադառնում է այն բանի վրա, որ չնայած Թուրքիայի, հատկապես Ադրբեջանի, ջանքերին, չի հաջողվում իսլամական աշխարհում մեկուսացման մեջ գցել Հայաստանը։
Իրանի դերը Հարավային Կովկասում մեծ է, չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը և Թուրքիան իրականացնում են Իրանի ազդեցության զսպման քաղաքականություն։ Իրանցիները հաճախ են ասում, թե Ռուսաստանը ևս շահագրգռված չէ Հարավային Կովկասում Իրանի ազդեցության ուժեղացմամբ, թեև իրականում բանն այլ է։ Իրանը շատ է վախենում, որ ամերիկացիները կարող են Հարավային Կովկասն օգտագործել Իրանի վրա հարձակումների համար։ Այդ երկյուղները շատ լուրջ են, ուստի և Իրանն ուշադրությամբ է վերաբերվում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացման բոլոր դրսևորումներին։ Ներկայումս հայ-իրանական հարաբերությունները զարգացման նոր փուլ են ապրում։ Իրանն ու Հայաստանը ստեղծում են պաշտպանական և կարևոր տնտեսական նշանակության ենթակառուցվածք, ընդ որում, այդ նախագծերը հակադրված են թուրք-ադրբեջանական մտադրություններին։ Իրանը լիովին պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը, այն համարելով իր ազգային անվտանգության կարևոր պայման։ Երկու պետությունների միջև կնքված է պատերազմի դեպքում համագործակցության պայմանագիր։ Այդ պայմանագրի համաձայն, պատերազմի ժամանակ Իրանն ապահովում է Հայաստանի թիկունքը, իսկ Հայաստանը թույլ չի տալիս շրջափակում ստեղծել և իր տարածքն օգտագործել Իրանին հարվածներ հասցնելու համար։ Չնայած Թուրքիայի առաջարկած «Կովկասի անվտանգության պլատֆորմին» տրված հավանությանը, Իրանը դիվանագիտական հայտարարությունների շրջանակներում ամեն ինչ կանի խափանելու այդ նախաձեռնությունը, բայց իրական նպատակն այդ փաստաթղթի լիակատար վախճանն է։ Այսպիսով, Իրանը կարևոր դեր է խաղում Թուրքիայի ազդեցության աճը զսպելու գործում։ Ադրբեջանն Իրանը համարում է իր հավանական հակառակորդը, ինչն արձանագրված է Ադրբեջանի ազգային անվտանգության դոկտրինում։
Ադրբեջանը Թուրքիան համարում է Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի զսպման կարևորագույն գործոն։
ԱՄՆ-ում իշխանության է եկել շատ ինքնատիպ հայացքներ ունեցող նախագահ, ինչը ԱՄՆ-ի առավել արմատական հակառակորդների ճնշումների նվազման հույսեր է ներշնչում։ Տարբեր պետությունների ու տարածաշրջանների քաղաքական վերնախավերը մեծ պատրանքներ չունեն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության փոփոխությունների հարցում, բայց, այդուամենայնիվ, հույսեր են փայփայում, որ նրա քաղաքականությունը, առանձնապես Մերձավոր Արևելքում և Արևելյան Եվրոպայում, նկատելի շտկումներ կկրի։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ