Չվարագուրված բեմում խանդիկյանական շեքսպիրապատումի ծանոթ փոխաբերությունների տեսապատրանքով` Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» ողբերգության առաջնախաղի դժվարահաճ հանդիսասրահով վաղաժամ հիասթափության շշնջյունն ալիքվեց մինչ ներկայացման թափանիվի պտույտը։
«Պարզ վերաբեմադրությունն է 1992-ին արվածի,- շտապեցին եզրակացնել։- Խաղացանկում շեքսպիրյան փայլատակումն ուժգնացնելու ներթաքույց միտումն է դրդել կրկին ապրեցնելու տարիներով լեթարգիական քնի մատնված «Կեսարին»...»։ Կարճառոտ նախադրությունը մարեց բեմառաջքի կիսախավարում, լապտերասյան մոտ, Կասիոս-Գրիգոր Խաչատրյանի գլխահակ, մեղմաձայն խոսքով. «Դուք և ուրիշները, ի՞նչ եք մտածում այս կյանքի մասին` ես դա չգիտեմ, բայց ինքս ասեմ, որ չէի ուզենա ապրել այսպիսի ահ ու դողի մեջ»։ Չի հասցնում հանդիսատեսը լիովին կշռադատել իրեն հղված խոսքերի կապակցվածությունը հանրածանոթ պիեսի հիմնական ասելիքին, փոխվում է իրադրությունը` կտրուկ աշխուժություն մտցնելով բեմատարածքում Կեսարի հաղթական մուտքը Հռոմ ծնծղացնծությամբ դիմավորող տոնահանդերձ ամբոխի ներխուժմամբ (նկարչական ձևավորումը և զգեստները` ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանի)։ Ինքնահատուկ կոպտությամբ ճարտար մտքի սլաք-խոսքն անվրեպ տեղ հասցնող Կասկա-Արմեն Բարսեղյանի և «ստորագույն մետաղ»-ամբոխին շողոմությամբ հալեցնելու վարպետ Դեցիոս Բրուտոս-Վահագն Գալստյանի սերտ հակադրամիասնությամբ հեռացնելով հետնախորշ խեղկատակային զվարճություն-տոնախմբությունը` իր մտահղացման առանցքի վրա է սևեռում բեմադրության հեղինակ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը շուտով մի հոգի, մի շունչ դարձած հանդիսասրահի մտահայեցումը։ Այս երկու գործող անձանց մեջ «տեղադրելով» ժողովրդական տրիբուններ Մարուլոսին ու Ֆլավիոսին` շարունակում յուրովի խտացնել շեքսպիրյան ողբերգության հիմնական ասելիքը մերօրյա իր կենսադիտարկումների սեղմ արտահայտչականությամբ։ Գուշակի (Գուրգեն Անտոնյան) կերպարում էլ մեկտեղված են սոփեստ Արտեմիդորոսն ու բանաստեղծ Սինան։ Մի քանի հերոսների հատկանիշներ են ներառում խաղացած դերերում գրեթե բոլորը` զինակիցներ, թե հակառակորդներ, սպասավորներ, թե արհեստավորներ։ Գործող անձանց խմբավորումն առերևույթ անփոփոխ էր մնացել։
Հետխորհրդային կյանքի հղկած «գրիչով» «սրբագրվել» էր ներկայացմամբ հետամտված ասելիքը։ Երբևէ աշխարհի մեկ վեցերորդ մասը զբաղեցրած Խորհրդային Միությունը հիմնովին փլուզած անկախական-անջատողական թոհուբոհի մթամած իրական բովանդակության կանխավարկած - առաջին բեմադրությունից անցած շուրջ 20 տարիների կենսափորձով հստակված գլխավոր ասելիքը «Հուլիոս Կեսարի» երկրորդ բեմելում, անշուշտ, հեղաբեկումների ի հայտ բերած ամենաբնութագրական դրսևորումների վերլուծական շաղկապմամբ, բազմավաստակ բեմադրիչի քաղաքացիական դիրքորոշման հայտով պիտի ներկայանար։ Եվ իրենում խմորված մտահանգումները թատրոնի լեզվով արտահայտելու լավագույն հնարավորությունը կրկին կարող էր ընձեռել (մեր կյանքի համակողմանի գեղարվեստական իմաստավորումը առայժմ լիարյուն չի ցայտում արդի հայ դրամատուրգիայում) դարակազմիկ իրադարձությունների ներթաքույց առաջմղիչ ուժի գաղտնազերծման ստույգ բանալին դեռևս 1600 թվականին գտած մեծ անգլիացին` հռոմեական պատմաեռագրության («Հուլիոս Կեսար», «Անտոնիոս և Կլեոպատրա», «Կորիոլան») առաջին ողբերգության խորազնին բեմավորմամբ։ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանախմբում տեղի ունեցած բնականոն ու անկանխատեսելի փոփոխություններն էլ իրենց «կամքը պիտի թելադրեին» նրա գեղագիտական առաջնորդին` նոր բեմադրակառույցը ձեռնարկելիս։ Արտիստական ցայտուն անհատականությունների նվազմամբ` ներկայացման տիրույթում անհամեմատ ակնառու պիտի դառնար ռեժիսորի մշտարթուն բեմադրատեսիլքը։ Առկա կատարողական ներուժի կուռ կազմակերպված բեմական վարքագծով, լուսաձայնային ծանոթ հնարքներով, նրբաճաշակ երաժշտական հենքում դուդուկի դիպուկ հայտնություններով (երաժշտական ձևավորումը` Աշոտ Փափազյանի և Արմեն Խանդիկյանի) և մեր ապրած բախտորոշ շրջադարձերի խավարչտին խորքերին լույս սփռող արտահայտությունների տարերանգ կրկնություններով` մարդկության պատմական անցյալի համանման իրադրությունների հարամնա հիմնապատճառներն են ի մի բերվում։ Անցկացվող զուգահեռների թափանցիկությամբ` աշխարհահռչակ փառքի գագաթնակետին դավադրաբար սպանված Հուլիոս Կեսար-Գուրգեն Գաբրիելյանի դատաստանասյան շուրջ մտովի տեսնում ես այլազգի բախտակիցներին։ Այս Կեսարի մեջ կարծես նիրհել է հուժկու ռազմիկը։ Կարևորված են զուտ մարդկային թուլությունները։ Արտաքուստ էլ չի տարբերակված մյուս իշխանավորներից (անշուք մի գլխադիր միայն, որը երբեմն է կրում)։ Անխուսափելի է դարձել «Մարտի Իդոսը», որքան էլ զարմանալի թվա։ Եթե դավադիրներին միացել է նրա «միակ սուրբ հրեշտակ» Բրուտոս-Արթուր ՈՒթմազյանը, մնում է ծածկվել թիկնոցով ու հանձնել մարմինը հոշոտման։ Բրուտոսը` հնարամտորեն մոլորեցված Կասիոս-Խաչատրյանի խորաթափանց, անվրեպ նշանակետին հասնող թույնի կաթոցներով։ Կասիոսի, ում վտանգավորությունը հիմնավոր բացահայտել էր հրապարակավ ընկնավորության հերթական նոպայից հազիվ սթափված Կեսարը, ում զավեշտալի էր թվացել Գուշակի զգոնացնող խոսքը. «Զգուշացի՜ր Մարտի Իդոսից» (հենց մարտի 15-ին է իրագործվում հրեշավոր սպանությունը)։ Բուռն կրքերի հրաբխային ժայթքումներում մշտապես արհամարհված բանական ահազանգը, Գուշակի նախազգուշացման ալիքվող արձագանքով, հասնում է մինչև մեր խառնակ ներկան` մեխվելով հանդիսասրահի մտքում «զգուշացեք մարտի մեկից, հոկտեմբերի քսանյոթից» ինքնացայտ շրջասությամբ։ Պատմության շարժիչ ուժը դառնում են հպատակություն չհանդուրժող, սնահավատությունից զերծ, մարմնական ու մտավոր վայելքները գերադասող, «մարդկային գործերի բոլոր ծալքերը հմուտ դիտող ու թափանցող» կասիոսները (ներկա պարագայում` մութ անցյալով մականունավոր օլիգարխները)։
Հռոմեական հզոր կայսրությունը կործանած ներքին խժդժությունների (քաղաքացիական պատերազմներ, կուսակցական հակամարտություններ, արնանենգ պայքար հանուն գերիշխանության) չարյաց արմատները` հասարակական փոխհարաբերություններում բնավորված, մեկիկ-մեկիկ բացվում են բեմական գործողությունների սրընթաց ռիթմում։ Հասարակ ժողովրդի ամբոխացման ալքիմիայի պատկերները, հակոտնյա տիպական, անհավանականորեն դյուրաթեք դրսևորումներով` պարարտ հող են ապահովում բևեռայնորեն իրար հակասող տարերային շարժումների հանկարծահաս բռնկման։
Բրուտոս-ՈՒթմազյանի և Անտոնիոս-Հրաչյա Հարությունյանի ճարտասանական նրբահմուտ «մենամարտում» Կեսարի փոշեծածկ դիակի մոտ ամբոխի տարուբերումները պատմության տրագիֆարսային բովանդակության հենասյան իրատեսական ընկալմամբ են ներկայացված։ Հովհաննես Թեքգյոզյանի և Էդուարդ Գասպարյանի արտիստական կերպապնակի ի հայտ բերած տարազան արտահայտչականությամբ` արդի վառվռուն բնութագրականությամբ է կենդանանում ամբոխի հավաքական կերպարը, կոլորիտային թատերայնությունից զատ, հավելյալ ենթիմաստներով խթանում ներկայացման դիտարժան ու անսայթաք ընթացքը դեպի ռեժիսորական նորահայաց մտահղացման հստակ ու դաժան ամբողջացում։ Դուրս բերվեր մասամբ դավադիրների խումբը շքախմբային պասիվությունից, կարծում եմ, առավել շեշտակի կարտահայտվեր հասարակության վերնախավի ներքին խմորումների գործոնի ներգործությունն էլ հեղաբեկումներում։ Ներկա պարագայում պարզորոշ երևակվում է բեմադրիչի մեկնակետը` պատմական անցյալի (անուղղակիորեն` նաև ներկայի) դարակազմիկ անցքերի ընթացքն ուղղորդվել է ուժեղ անհատների հմուտ ամբոխավարությամբ։ Հետնախորշի սև դռները բացուխուփելով, կուլուարներում ծրագրված դավերի նյութումը խոշոր պլանով, առօրյայից մեկուսի ներկայացնելով` Խանդիկյանը ժամանակ առ ժամանակ մերօրյա աղերսներն է զուգահեռում մ.թ.ա. 44-42 թվականներին տեղի ունեցած բուռն դեպքերի շարժառիթների։ Կասիոս-Բրուտոս-Անտոնիոս եռատիպարի մանրազնին անհատականացմամբ` մարդեղենությունը բացահայտում հանրահայտ քաղաքական գործիչների։ Առանց մանրախնդրության տարանջատում ու ճշգրիտ արժևորում յուրաքանչյուրին` չթաքցնելով արատներն ու լավագույն հատկանիշները։ Ո՛չ մերկապարանոց հայտարարություններով, այլ դիպաշարի ծավալմանը հընթացս։ Խաղացած հերոսների բեմադրակաղապարներում անճիգ տեղավորվել են բոլոր դերակատարները։ Անկախ ունեցած բեմափորձից ու ներկայացման համատեքստում իրագործելիք կերպարային խնդիրների տեսակարար կշռից, ամենքին է տրված սեփական ունակություններով ստանձնած մարդկային նկարագրերը լիարյունացնելու, բեմական կյանքով ապրեցնելու «ռեժիսորական ազատությունը»։ Թե՛ քաղաքացիների փոքրաթիվ խմբի անբաժան մասնիկ ու Բրուտոսի հավատարիմ սպասավոր սկսնակ Նիկոլայ Ավետիսյանին, թե՛ բազմատասնամյա արտիստական տարեգրությանը Կեսարով նախանձելի մի հնչեղ դերակատարություն հավելած Գրիգոր Գաբրիելյանին, թե՛ բեմական մի քանի ակնթարթում Բրուտոսի ճակատագրով անձնազոհաբար կրակված կնոջը` Պորցիային ներանձնավորված Գոհար Իգիթյանին, թե տակավին պատանյակ խրոխտ Օկտավիոսի «վերջնագիր»-հայտնությամբ Օգոստոս կայսեր մոտալուտ փառահեղ հաստատումը Հռոմում նշանավորող Արտաշես Մխիթարյանին։ Ինչպես Շեքսպիրն է Բրուտոսի շուրթերով բարբառում («Մեր հռոմեական դերասանների նման խաղացեք. անխոնջ եռանդով, առանց շփոթվելու»), այնպես էլ ջանում է խաղարկել կուռ սեղմագրված այս ողբերգությունը ներկայացման դերասանախումբը։ Ազնիվ թատերանվիրումով են երիտասարդները ձգտում արժանի խաղընկերները լինել բեմի ճանաչված վարպետների։
Հատկանշական է այս «Կեսարի» առաջատար` Գրիգոր Խաչատրյան-Արթուր ՈՒթմազյան զուգախաղը։ Առաջինը տեղ-տեղ դժվարանում է մեղմել երիտասարդական հատու պոռթկումները` պահպանելով ռեժիսորական գերխնդրի ընդհանուր համոզչական մարմնավորումը։ Խաղում անկեղծության «չափաբաժնի» գերակայությամբ հավատընծա տիպ է ստեղծում ոչ միագիծ քաղաքական բանսարկուի` մարդկային թուլություններով (իշխանատենչություն, քողարկված սադրամոլություն, կաշառակերություն) և արժանիքներով ( խորաթափանց միտք, խիզախություն, ազատաբաղձություն)։ Իր վերահաս կործանումը հպարտ մարտիկի հանգույն է ընդունում Ագամեմնոնի այս շառավիղը։ Զուսպ ու խաղաղ (երբեմն` իներտության հասնող) տոնայնությամբ է իր Բրուտոսի «ազնվագույն բնույթի» հիպնոսված այլափոխությունը կերպավորում Արթուր ՈՒթմազյանը` «ընդհանրական շահի», ըստ էության, միակ անկողմնակալ պաշտպանը հռոմեական վերնախավում։ Պատահական չէ, որ հենց նրան է «հետապնդում» Կեսարի ուրվականը Ֆիլիպեի վճռական ճակատամարտում։ Իշխող խավին հատուկ թերություններով հանդերձ` այս Բրուտոսը, իրոք, ամենաարժանավոր ու առաքինի Մարդն էր դավադիրների խմբում (չափազանց լավ էր կշռադատել նրա զինակցության դերը Կասիոսը)։ Նրա ողբերգական կործանումը նույնիսկ ոսոխներին չի ուրախացնում։
Փոքր-ինչ ավելի աղմկոտ է ներկայացումը, ըստ իս, քան անհրաժեշտ է հուժկու բախումների տպավորիչ բեմավորմանը։ Ներքին խռովքի համաչափ դրսևորումները, իմ տպավորությամբ, անհամեմատ խոսուն և ներազդու էին։ Եվ լավ է, որ կյանքի աղմուկը երբեմն դահլիճ էր հասնում գոցված սև դռների հետևից` չխաթարելով հանդիսատեսի մտասևեռումը կարևորագույն ենթաշերտերի մեկուսի խմբավորման վրա։ Հարկ է խոստովանել, որ երբ թուլանում էր կենդանի խաղարկումը (ոչ միայն երիտասարդների), «փրկարարի» դերը հանձն էր առնում Խաչիկ Դաշտենցի թարգմանությամբ բնօրինակային արժեք ստացած շեքսպիրյան խորախորհուրդ տեքստի բանաստեղծական պատկերավորությունը։ Կարևորը` ոչ մի վայրկյան չի թուլանում հանդիսասրահի լարվածությունը, HD պրոյեկցիայով ցուցադրվող ֆիլմի հոգևոր-մտավոր ներգործությանն է համարժեքանում։ Պատմության արնաներկ էջերի ահն ու դողն է վերազարթնում։ Անուղղակիորեն զգոնության մղում` համընդհանուր կորամեջք դիմազրկումը անխնա ձաղկելով։ Բյուրաբյուր սրերի ծայրերին ճոճված «ազատություն, անկախություն, խաղաղություն» բազմաչարչար կարգախոսն է պատմական փորձով, հանգերգային երանգավորմամբ աննկատ վերաժևորվում ենթադրյալ բռնապետության դեմ սանձազերծված մահաշատ խռովությունների լակոնիկ մանրանկար այս ներկայացմամբ։ «Հավասարություն, եղբայրություն»` հայելային արձագանքն է միահյուսվում սրանց։ Աշխարհափրկիչ այլ կոչեր ու մանիֆեստներ են խուռներամ հաստատվում տագնապած մտապատկերում հանդիսասրահի։ «Ելի՛ր, ում կյանքը անիծել է...»։
Կկարողանա՞նք խուսափել նոր «Մարտի Իդոս»-ներից, եղբայրասպան պատերազմների արյան հեղեղներից, թե՞ «իգացած» մեր բազուկներն անզոր կլինեն վերստին դիմակայելու ճակատագրի դժնի հարվածներին` անօգնական ճոճվելով ամբոխավարության «քաղցր» թույնի ճարտասքող ներարկումներից։ «Քանի՜, քանի՜ դար այս արյունոտ վեհ տեսարանը պիտի խաղացվի պետություններում, որ դեռ չեն ծնված և լեզուներով տակավին անհայտ». սաստո՞ւմ, հարցնո՞ւմ, թե՞ կանխագուշակում է հանճարեղ անգլիացին։ Առայժմ, մարդկության ապրած անհիշելի ժամանակներից ի վեր, մինչ այս դժնդակ ներկան ու ամպածածկ ապագան, նույն անտոնիոսյան նզովքին է ենթակա մարդկությունը` «մահ և կործանում»։ Հապաղե՛ք մի պահ, մոլեռանդ մարդագայլեր։ Չե՞ք ձանձրացել հիմարացված ամբոխին ոչխարի հոտի նման դեպի տարերքի հորձանուտն առաջնորդելուց։ Զգուշացեք ձե՛ր «Մարտի Իդոսից»։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ