Կարծում եմ` յուրաքանչյուր հայի ցանկությունն է, որ Եվա Ռիվասը Նորվեգիայից հաղթանակած վերադառնա, ինչի նախադրյալները մեր ներկայացուցիչն ունի` գեղեցիկ, հզոր ձայն, բեմական փորձ, հաջողված երգ, մնում է մատուցման արվեստը, ինչը լոկ շնորհալի երգչով չի պայմանավորված։ Ի դեպ, չնայած բազում ասեկոսեներին, նրա ընտրությունը հաջողված կարելի է համարել: Գաղտնիք չէ, որ «Եվրատեսիլն» առաջին հերթին ազգերի մերձեցման քաղաքականություն է ու հարևանասիրության դրսևորման դիվանագիտություն: Նախորդ տարիներին մեր մասնակիցների թերացումները չկրկնելու հրամայականը ստիպեց անդրադառնալ նրանց ելույթներին: Արշակյան քույրերի ելույթը, ընդհանուր առմամբ, հաջողված էր, ինչը չի կարելի ասել նրանց երգի բեմականացման մասին (ճնշող հանդերձանքն ու բեմի դիտավորյալ «կապտացումն» անսահման վանող էին): Կարծես ռեժիսուրան լոկ բացասական իմաստով էին կիրառել, կամ ազգային տարազը, մեզնից բացի, ո՞ւմ էր հետաքրքիր: Մի կարևոր հանգամանք ևս. այս էլ որերորդ անգամ մեր մասնակիցը մեխվում է բեմի մի կետում. նրա համար հսկա բեմը վերածվում է արհեստականորեն փոքրացված «բեմիկի»: Սա ո՞ւմ նեղ, սահմանափակ մտքի արդյունքն է, որ տարիներ շարունակ ուղեկցում է մեր կատարողներին։ Այդպես էր և՛ Անդրեի, և՛ Հայկոյի, և՛ Սիրուշոյի, և՛ Արշակյան քույրերի պարագայում: Ըստ իս, եթե Հայկոյի ելույթում դա արդարացված էր, համապատասխանում էր երգին (նրա «շվարելը» տեղին էր), ապա մյուսների դեպքում` ոչ: Մերոնք, կարծես, վախենում են բեմից, մինչդեռ պետք էր դառնալ բեմի տերն ու տիրուհին, ինչպիսին էին 2009 թվի Մոլդովայի, Թուրքիայի, Ադրբեջանի ու շատ այլ երկրների ներկայացուցիչները: Պարը խոսք է ու արտահայտչամիջոց, ինչո՞ւ ենք զրկում մեր մասնակիցներին լրացուցիչ հնարավորությունից։ Ընդհանրապես, երկիրը ներկայացնող մենակատարները լինում են առաջին պլանում, որպեսզի օպերատորներն առավելագույնս ցայտուն ներկայացնեն կատարողին, իսկ օժանդակող պարողները երկրորդ պլանում են լինում: Մեր կատարողների պարագայում կարծես նրանց միտումնավոր հետ են պահում ու առաջ մղում օժանդակողներին (Արշակյան հմայիչ, գեղեցկուհի քույրերին ընդհանրապես խոշոր պլանով չցուցադրեցին, երևի, պետք էլ չէր, քանզի այնպես էին խեղճ երեխեքին ներկել, որ աչքները հիշեցնում էին մեքենայի լուսարձակներ)։ Ծիծաղելի էր, որ առավել պահպանողական մուսուլման երկրների ներկայացուցիչներն անսահման բաց էին հագնված, եթե չասեմ` կիսամերկ, ինչն էլ լավ առիթ էր սեփական բարեմասնությունները ցուցադրելու, իսկ մեր սիրունատես հայուհիներին սարքել էին «բաջիներ»: Մնում է հուսալ, որ այս անգամ ու գալիք տարիներին մատնանշած սխալները չեն կրկնվի, կհիշենք, որ ազգային տարազն ինտեգրվելու գործընթացին չի նպաստում, ու հետամուտ կլինենք, որ օտարները, ինչպես դա եղավ Մոսկվայում, անսահման իրավունք չվերապահեն իրենց` Հայաստանի ներկայացուցչի բեմելի ժամանակ: Գոհար ԱՐՇԱԿՅԱՆ