Ամպրոպամարտը կլռի հանկարծ,
օդը կխայտա շողերով ոսկի -
վիշապաքաղը կիջնի երկնքից՝
հրեղեն սուր ու տեգերը առած:
Առժամ կթողնի վիշապներին գոռ -
կքաղի նրանց աստծո ուրիշ օր,
նրա մկանունք ու հոգին հիմա
պրկված են վերհաս վրեժի ցասմամբ:-
Շուտով նա ցածու՛մ պիտի մարտնչի,
ուր մուժ է կիտվել սեւ ու արնավառ –
զեռունն է հորձանք տվել կանաչին՝
հեղձելով երկրի հեւքը կենարար,-
իր շանթ-տեգերով պիտի վեր քաշի
սողուններին նենգ ու հաստակաշի,
հատուցմա՛մբ պիտի խոցոտի նրանց՝
որպես երկրադավ օձ ու վիժվածքի:-
Լսում է հուզիչ կանչերը երկրից՝
այլոց ունկերին անհասանելի,
ինքը ունակ է որսալ անձայնն իսկ,
որ ուխտյալ հոգու գուբից է գալիս.-
-Վահա՜գն… ու՞ր ես… ի՞նչ ամպերի մեջ…
տուն արի, դյուցազն, զուլու՜մ է այստեղ,-
երկրի մարմինն են կրծում խելահեղ…
մեր երազներն են պղծում շուն ու գել…
Աստ երկիր է մի, որ սիրել է հար՝
ե՛ւ որդու, ե՛ւ հոր հոգեփառությամբ,
հսկել է նրա փթթումը խաղաղ
ահեղատեսիլ ոգիներից չար:
Բյուր վերքերի մեջ՝ եղավ աներեր՝
միայնակ, անկոր ու քաջահնար,-
թե մոռացվել է երկրից՝ չի՛ շրջվել
դեպի դյութական երկինքներ օտար:
Այստեղ է նրա հրճվանքը միակ -
այս երկնքի մեջ ու երկրի վրա,-
դից է պանծալի, աստված չէ համակ,
շողում է թեպետ արեգակնափայլ,-
ձոներ կան նրա ծիրան շրթունքին,
աչքունքն են սիրո փայլակների այր,
բայց ժամանակն է կռվի՛ ու հերկի -
վիշապաքաղը իջնում է երկիր…
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ