Հեռախոսազանգ գիշերակեսին –
Նա է՝ ծպտվածը վերջին օրերի,-
խոսում է դժկամ ու անհրապույր՝
պարապ գիշերվա խոսնակի նման,
կարկաչահնչուն իր ձայնը ասես
հյութազրկել է չար վերակացուն.-
թվաց՝ խոսում է կորած մի կղզուց,
կարծես աշխարհի ծայրին է կամ էլ այլ մոլորակում,
մինչդեռ զանգում է նա քաղաքամերձ օդակայանից:
Ասաց. «Մեկնում եմ… ընդմիշտ… արտերկիր»,-
և ձայնը արդեն ճիշտ արձագանքն է օտար բևեռի…
Գնաս բարով, սեր,- հոգին հեռատես
մի մխիթարանք կյանքում կգտնի:-
Աչքերս եմ փակում, տեսնում հայտնապես՝
խարույկը հանգավ գիշերակեսին:
27.02.2024
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ