1920 թ հունվարի 6-ին`լուսաբացին, մոսինի համազարկով տրվում է գրոհի հրամանը և հայկական մարտական խմբերը գրոհում են Մարկազի բարձրունքում (Տանձավեր գյուղի մերձակայք) և ապա նաև գյուղերում ամրացած թուրք զինյալների դիրքերին վրա։ Իր հուշերում Յապոնը գրում է.«...քաշեցի մաուզերս ու առաջ ընկա։
-Դեպի Մարքազ,-կանչեցի,-չթողնենք որ թշնամին աչք բաց անի...ու սկսվեց բոլորի մեջ, զինվոր թե սպա անասելի մի մրցություն, թե ով առաջինը պիտի հասնի բարձրունքի գագաթը, ով պիտի խլի այնտեղ ծածանվող թշնամու դրոշակը։ Հրաշալի է զանգեզուրցու հետ կռվի գնալը։ Էդ լոկ կռիվ չէ, այլ քեֆ, հերոսական մրցություն` դժվարագույն դիրքը գրավելու և շարքում առաջինը լինելու համար...
Լուսաբացի հետ Մարքազը մեր ձեռքում էր։ Այստեղից մեր թափը կրկնապատկած` խփեցինք ուղիղ Շուռնուխի վրա...» (Համլետ Գևորգյան, «Յապոն»):
ՅԱՊՈՆ, Հովհաննես Պարոնյան, Զանգեզուրի գոյամարտի հերոս։ Ծնվել է 1878 թ ապրիլի 21-ին Զանգեզուրի գավառի Ներքին կամ Նոր Գորիս գյուղում։
1905-1906 թթ. հայ-թաթարական կռիվների ժամանակ հատուցման գործողություններ է կազմակերպել և Շուշիում իրականացրել ցարական պաշտոնյաների՝ քաղաքի գլխավոր ոստիկանապետ Սախարովի, գավառապետ Շումակևիչի և այլոց ահաբեկումները։
1918 թ. մայիսի 23-29-ին, Դրոյի հրահանգով, իր ջոկատով մասնակցել է Ապարանի հերոսամարտին։
1918-1920 թթ-ին եղել է Դրոյի հավատարիմ զինակիցներից մեկը և մասնակցել է Հայաստանի Առաջին Հանրապետության սահմանային կռիվներին, երկրի ներսում մուսուլմանների ճնշմանը։
Առավելապես գործել է Զանգեզուրի շրջանում։
Դարձել է 1920 թ. այստեղ խորհրդային իշխանությունների դեմ ծավալված զինված պայքարի կազմակերպիչներից մեկը։
Կարմիր բանակի կողմից Հայաստանը ռազմակալելուց հետո ձերբակալվել և հոկտեմբերին գնդակահարվել է Գորիսի բանտում։
Զանգեզուրի գոյամարտի հերոսների սխրանքը թող ոգեշնչի մեզ բոլորիս, թող կամք և ոգի տա հայոց բանակի սպաներին։ Երբեք չընկրկեք դավաճանի և թշնամու առջև։
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ