Արևներն անցնում են խամրած սերերի հետ՝
միահունչ, առանց ճիչ-աղաղակի,- քո անշրջելի
հայացքի պես՝ քաղաքի մեռյալ ժխորից վեր,-
երբ նահանջում են երազները ցրիվ, ինչպես ձախողված
զորաջոկատ, երբ օր-ցերեկով ընկածներին
թաղում են անլուր գիշերվա մեջ,- որոտներ չկան այլևս
քո շուրջ, բայց ներսդ նոր է ցնցվում դղրդյունից:-
Եվ դու վերհիշում ես, որ կյանքն ամեն ժամ
կերպափոխվում է՝ ըստ անհետացող հոգիների,
երբ իրապես նրանք հրալեզվակներ են մաշկիդ ներքո,-
զգում ես՝ ոնց են մոխրե փաթիլները
աննշմար թափվում մթին ձեռքերից,
ոնց են աչքերդ լցվում դեղնաթույր թախծի ավազով,
խարկվում հիշողության կարմիր բլուրները…
Ահա և եկան խենթացած ոռնալու ժամանակները՝
միասին, մեկ-մեկ, մեկուսի, աճող ամբոխի առաջ,
բայց դու անուղի ճամփորդ ես լոկ, մոլորյալ գայլ,
որ չքարտեզագրվող ամայուտներում
իր հոգեզավակ լուսինն է փնտրում՝ ջինջ, լիակատար,
սառնամիս թեկուզ՝ ասես բրածո մի կակղամորթ, որ
ի խորոց սրտի ոռնա՜ս նրա վրա:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ