Այս լուսանկարն արվել է 1916 թ. Սիրիայում գտնվող Հորանի շրջանում: Սա բացառիկ մի տեսարան է ներկայացնում, թե ինչպես են սովի մատնված և ամիսներ շարունակ խոշտանգումների ենթարկված հայ գաղթական կանայք խմբվել սատկած ավանակի դիակի շուրջ: Լուսանկարի հեղինակը Հասան Ամջան է, ով Ջեմալ փաշայի կողմից նշանակվել էր հայ բռնագաղթյալների տեսուչ: Նա անձամբ զբաղվել է տեղահանված հայերին Սիրիայում ու Լիբանանում վերաբնակեցնելու գործով:
Այս լուսանկարը վկայում է հայ բռնագաղթյալների օրհասական կացության մասին: Մարդիկ իրենց քաղցն ու ծարավը հագեցնելու համար դիմել են աներևակայելի քայլերի. գրանցվել են նաև մարդակերության դեպքեր: Նույնիսկ այն ժամանակ, երբ Հասան Ամջան լուսանկարչական սարքով մոտեցել է նրանց՝ այդ տեսարանը լուսանկարելու, նրանցից և ոչ մեկը ուշադրություն չի դարձրել, հայացքը չի բարձրացրել ու նայել նրա ուղղությամբ:
Այս լուսանկարը հետագայում Հասան Ամջան հանձնել է հայերի զանգվածային ոչնչացման գործը քննող Նեմրութ Մուստաֆա փաշայի գլխավորած արտակարգ ռազմական դատարանին՝ որպես ապացույց Օսմանյան կայսրության հայ բնակչության հանդեպ կատարվող ոճրագործության:
Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆ