«Իրատեսը» շարունակում է զրույցը գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
-Պարոն Սարգսյան, Ձեր խոսքում նշեցիք, որ նոր իշխանությունների օրոք գլխատվեց, ասպարեզից հեռացվեց մտավորականությունը: Բնավ չպաշտպանելով ներկա իշխանության վարած քաղաքականությունը՝ այդուհանդերձ պիտի նկատեմ, որ մտավորականության դեմ արշավն այս երկու տարվա ընթացքում չէ, որ սկսվել է: Մտավորականությունը, առողջ միտքը գլխատվել, արժեզրկվել է անկախ Հայաստանի բոլոր ղեկավարների օրոք՝ սկսած մտավորական առաջին նախագահից, վերջացրած հաջորդ երկու կուսակցական գործիչ նախագահներով: Ինչու՞ մեր անկախացած երկրում երբեք չգնահատվեց մտավորականը, ինչու՞ բոլոր ժամանակների ղեկավարներն այդպես ատեցին միտքը, գիտելիքն ու դրանց կրողներին:
-Եկեք հիշենք Կարեն Դեմիրճյանի իշխանության ժամանակ մտավորականության նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը, նրա շրջապատի անձանց, որոնք մեր մտքի նշանավոր ներկայացուցիչներն էին, իսկ շրջապատում բացառված էին, այսպես կոչված, փնթի և մականունավոր, արժեքային նշանակություն չունեցող անձինք: Մտավորականը եղել է անհանդուրժող, քննադատող, հասարակական արատները համարձակորեն բարձրաձայնող՝ իր ստեղծագործությամբ, խոսքով, կեցվածքով: Կարեն Դեմիրճյան պետական գործչի հայրենասիրության և գիտելիքի համադրման արդյունքում էր մտավորականի կարևորումը: Իսկ եթե ղեկավարը չունի հայրենիքի զգացողություն, չունի համապատասխան իմացություն, բնականաբար նա այդ տեսակին ոչ թե դաշնակից, այլ թշնամի է: Ես կարծում եմ, որ ներկայիս իրականությունը երկար ժամանակ նախապատրաստվել է՝ բացահայտ կամ ոչ. չեզոքացնել մտավորականի մարտունակ տեսակը, որը ներկայացնում է ազգային, պետական շահեր, այլ ոչ՝ անձնական: Այսինքն՝ մտավորականը անանձնական կյանքով և նվիրումով օժտված անձնավորություն է: Չեմ կարծում, թե այսօրվանները երկնքից իջած այլմոլորակայիններ են: Նրանց համար տարիներ շարունակ համապատասխան հող էր նախապատրաստվել:
-Անշուշտ, հակառակ դեպքում այսպիսի «արդյունքի» չէին հասնի:
-Այո՛: Կարծում եմ, հետևողականորեն մշակված լուրջ ծրագիր է: Այսօրվա իշխանությունները հանդուգն են և անհայրենիք: Այս մարդիկ չեն սիրում մեր ժողովրդին, պատրաստ չեն նրա հոգսը կրելու՝ առանց պարգևավճարի, հետևաբար պատրաստ են նաև ամեն մի սրբություն բարձր պարգևավճարով հանձնելու թեկուզ թշնամուն: Մարդիկ հայտարարում են, որ չեն կարող նվիրյալ լինել 300 հազար դրամ աշխատավարձով: Սա ցինիզմի գագաթնակետն է: Եթե նվիրյալ չես, ինչու՞ ես եկել իշխանության: Համաշխարհային բանկից և սփյուռքից մուրում ես գումարներ ու պարգևավճարներ հատկացնում: Զավեշտ է:
-Այդ մարդկանց ես և ինձ նման շատերը կարող ենք հանգամանորեն բացատրել, թե ինչպես կարելի է նվիրյալ լիենել՝ շատ ավելի պակաս աշխատավարձի դիմաց:
-Դա հասու չէ նրանց: Սրանք, ըստ իս, ատում են մեր երկիրն ու ժողովրդին: Ատում են՝ բառիս բուն իմաստով: Այս երկրում երեսուն տարի օրենքը շրջանցելով են ապրել: Մեր գրողներից շատերը փորձել են հասկանալ, թե ով է վերջապես հայը, ինչպիսին է նրա բնույթն ու էությունը, ինչպես կարելի է նրան բնորոշել: Բայց այդպես էլ ոչ ոքի չի հաջողվել դա: Գուցե պիտի մտածենք ինչ անել, որ հայը հայ մնա, որ իր դեմքը չկորցնի, իր ազգային դիմագիծը չկորցնի: Մեր առջև հիմա լուրջ մարտահրավերներ են կանգնած՝ գոյաբանական և բարոյահոգեբանական առումով: Հավանաբար, անհրաժեշտ է վերաբերմունքն ամբողջովին փոխել կրթության նկատմամբ: Այսինքն՝ պիտի կրթենք մի նոր տեսակի, գուցե և խիստ պահպանողական, միևնույն ժամանակ արդի գիտելիքին տիրապետող սերունդ, որը կդիմանա այդ մարտահրավերներին: Եթե խնդրի լուծումը թողնենք կգմս-ականներին, մենք կկործանվենք: Միանշանակ մեր դպրոցները պետք է տան ազգային կրթություն: Բայց այդ կրթությունը նախ և առաջ պիտի ունենա որակ: Ես անգլիական դպրոց եմ ավարտել, բայց մտածում եմ հայերեն, գրում եմ հայերեն, ապրում եմ հայերեն: Եվ անգլերեն էլ խոսում, գրում, կարդում եմ՝ կարծեմ ոչ շատ վատ: Ես չեմ հասկանում, թե ինչու են ելակ աճեցնելու համար մարդուց պահանջում անգլերենի կամ երկու օտար լեզվի իմացություն: Ինչի՞ համար են այս խելապակաս հայտարարությունները, այս անմիտ հայտարարությունները, որ անում է այսօրվա վարչապետը: Այդ ապուշությամբ ուղղակի ծաղրում է մարդկանց:
-Համանման մի պատմություն հիշեցի: Հաջողությունների հասած սփյուռքահայ մի իրավաբան (անունը չեմ հիշում, թող ների ինձ) հարցազրույց տալիս պատմեց, որ ուսանող ժամանակ ֆինանսական դժվարություններ է ունեցել և կարդացել է հայտարարություն, թե մեծահարուստ մի հայ ընտանիք իր տանը սպասք լվացողի աշխատանք է առաջարկում: Գնացել է, ներկայացել և առաջարկել իր ծառայությունները: Տանտերերը հարց են տվել. «Ֆրանսերեն գիտե՞ս»: Նա հարցին պատասխանել է շատ տրամաբանական հարցով. «Ինչու՞, ձեր ափսեները ֆրանսերե՞ն են խոսում»: Ահա թե մարդկային սնափառությունը, եթե չասենք՝ ապուշությունը, մինչև ուր կարող է հասնել:
-Ամբողջ ցավն այն է, որ այսօրվա իշխանավորները երկիրն իրենցը չեն համարում: Դրա համար էլ երկրի, ինչպես և հայերենի հետ վարվում են, ինչպես ուզում են: Եվ ինչ ագրեսիա, ինչ չարություն կա նրանց ճառերի մեջ: Վարչապետը սպառնալիքներ է տեղում անվերջ մեր ժողովրդի հասցեին, սակայն չի համարձակվում այդ տոնայնությամբ խոսել ազերի իր գործընկերոջ հետ:
-Ադրբեջանն ինչ հնարավոր և անհնարին ծաղրուծանակի ձևեր կան, կիրառում է այս վարչապետի նկատմամբ: Չէ՞ որ նա վաստակել է այդ վերաբերմունքը:
-Այո՛, բայց դա իմ արժանապատվությունն է վիրավորում: Ես թքած ունեմ դրա արժանապատվության վրա: Եթե նա այդ պաշտոնն ունի, ուրեմն իմ երկիրն է ներկայացնում, իմ ազգն է ներկայացնում: Ի՞նչ իրավունքով է թույլ տալիս, որ իմ երկիրն ու ազգը նսեմացվի իր պատճառով: Նա երկիրը տրոհում է մասերի: Հայտարարում է, թե մեր դիվանագետները կոշիկ լպստող, թե լիզողներ են: Հիմա ո՞վ ում կոշիկն է լպստում: Եվ ինչու՞ է իմ երկրի վարչապետը խելագար, որի պատճառով ես պիտի ամաչեմ: Մարդիկ կան, որ գրում են, թե ամաչում են, որ հայ են: Սա ողբերգություն է: Իսկ ու՞ր մնաց նրա հպարտ քաղաքացին: Սա՞ է հպարտությունը:
-Եվ ինչ ծանր է դրսում ապրող հայերի հոգեվիճակը: Նաև ֆիզիկապես են նրանք սպառնալիքի տակ: Ես կոնկրետ օրինակներ գիտեմ, մերկապարանոց հայտարարություն չեմ անում:
-Դրսում ապրողները գլուխները կախ են ման գալիս: Գոնե մենք այստեղ միատարր ենք, օտարազգու վերաբերմունք հանդուրժելու խնդիր չունենք:
-Այո՛, մենք տանն ենք, գոնե այն հատվածում, որը դեռ մեր տուն է կոչվում:
-Դրսում մեր հայրենակիցներին փորձում են ծաղրել, որոշ դեպքերում նաև թուրքերեն են բարևում: Այս իշխանության առաջին քայլերից մեկը եղավ պետականության ոչնչացումը:
Ի՞նչ է նշանակում փակել սփյուռքի նախարարությունը, երբ հայ ժողովուրդը իր պետության ներսում չորս անգամ պակաս է թվաքանակով, քան սփյուռքում: Սա ուղղակի նշանակում էր սփյուռքի հետ կապերի խզում: Եվ սփյուռքի հետ հարաբերություններ կարգավորելու համար բերում են մի տարօրինակ անձնավորության, որը ոչնչով երբևէ աչքի չի ընկել Գլենդելում թաղապետի մակարդակով իրականացրած իր գործունեության ընթացքում: Հիշում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Էրդողանի ունեցած ելույթը, որում նա ասում էր, թե սփյուռքի և Հայաստանի միջև եղած կապերը պետք է խզել, որովհետև սփյուռքն է հիմնականում ներկայացնում «մեծ ջարդերի» ենթարկվածների ժառանգներին, և հենց սփյուռքն է դրդում Հայաստանին հետևողական լինել Հայ դատի հարցերում:
-Եվ այդ սփյուռքի հանձնակատարն էլ մեր թշնամու տեսանկյունից շատ շահեկան հորդորներով ներկայացավ՝ հայտարարելով, թե Հայաստանը պիտի դառնա քրիստոնյա արաբների, հնդիկների, պակիստանցիների ու չգիտես էլ ում հայրենիքը: Ասել է թե՝ մեր երկրի պաշտոնյաները իշխանության էին եկել ամեն գնով թուրք-ադրբեջանական տանդեմին հաճոյանալու ծրագրո՞վ:
-Ես կասեի ավելին: Ես սրանց վաղուց կոչել եմ երիտհայեր: Հրեական ծագումով երիտթուրքական այդ հանցախմբի ծրագիրը բոլորիս է հայտնի: Սրանք, կամա թե ակամա, գիտակցված թե տխմարաբար, այդ ծրագրի շարունակությունն են իրականացնում: Եվ պատահական չէ, որ հիմա Էրդողանը 1915-ի ցեղասպանությունն է հիշատակում, Էնվերին է հիշատակում: Իսկ մեր հասարակությունն այնքան է կտրվել իր արմատներից, որ նույնիսկ ՈՒջան գյուղում՝ Անդրանիկի արձանի առջև, ի պաշտպանություն իրենց նորօրյա կուռքի՝ մի խումբ գյուղացիներ ի փառս նրա բողոքի ցույց են անում և ընդդիմանում վարչապետի հրաժարական պահանջող համայնքապետին: ՈՒջանն ինձ համար հատուկ նշանակություն ունեցող վայր է: Դա այն գյուղն է, որտեղ Սովետական Միության օրոք՝ 1967 թվականին, խիզախաբար դրվեց Անդրանիկի առաջին արձանը: ՈՒջանն ինձ համար ազգային գաղափարախոսության էպիկենտրոնի արժեք ունի, մինչդեռ այստեղ ևս ոմանց գաղափարազրկել են: ՈՒ՜ր ենք հասել, էս ու՜ր ենք գլորվել:
Մենք այսօր պիտի խնդիր դնենք ազգային գաղափարախոսության գոնե բանաձևն ունենալու, որի շուրջ կհամախմբվի թե՛ Հայաստանի, թե՛ համայն աշխարհի հայ մտավորականությունը: Մենք պիտի բռունցքվենք, մեր առջև կանգնած է լուրջ չարիք՝ ի դեմս վարչապետի աթոռն զբաղեցնողի և նրա թիմակիցների: Սա ինքնակամ չի հեռանա, աթոռը պահպանելու համար նույնիսկ կհասցնի քաղաքացիական բախումների: Բաժանել, մասնատել է ազգը, հեշտացրել տիրելու չարամիտ գործը:
-Այս պատերազմը բազմաթիվ արտառոց փաստեր ու երևույթներ ի հայտ բերեց. սպասու՞մ էիք նման բանի:
-Անկեղծ ասա՝ այո՛: Ի՞նչ ողորմելի տեսարան է, երբ պետության ղեկավարը եթեր է դուրս գալիս ու հայտարարում, որ մարդիկ ձեռք բերեն զրահաբաճկոններ, «կասկաներ», զինվորական կոշիկներ ու գնան կռվի դաշտ: Քուչի կռիվ չի, ա՛յ տղա: Եվ զրահաբաճկոն ոչ ոք իրավունք չունի տանը պահելու: Հանձնարարիր դուրս բերել պահեստներից ռազմական հանդերձանքն ու անհրաժեշտ զինամթերքը: Մի խոսքով, նողկալի է…
-Եվ այդուհանդերձ, հազարներով են զրահաբաճկոններ, «կասկաներ», զինվորական կոշիկ-համազգեստ և այլ անհրաժեշտ պարագաներ ուղարկել սփյուռքից, որոնց տեղը փնտրում ու ոչ մի կերպ չեն գտնում դրանք ուղարկողներն ու դրանց հասցեատերերը:
-Այսքան խոսվում է այդ թեմայով, մեկը կպատասխանի՞, թե որտեղ են մեր հայրենակիցների ուղարկած տարատեսակ օգնությունները:
-Համացանցն էլ լցված է ծանր վիրավորում ստացած և արտասահմանում բուժման կարիք ունեցող զինվորների հարազատների աղերսագին գրություններով՝ իրենց վիրավորի բուժման ծախսը հոգալու վերաբերյալ: Ես ուզում եմ հասկանալ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը հոգեդարձ լինելու հույսեր դեռ ներշնչու՞մ է, թե՞ մեր ուղարկած բոլոր գումարներն արդեն թաղել է իր գերեզմանափոսում: Եվ այս ֆոնին ծաղկում-բարգավաճում է պետական «կարկառունների» պարգևավճարների անդաստանը:
-Այլ կերպ չի էլ կարող լինել, մինչև սրանք չհեռանան, և երկրում նոր իշխանություն չձևավորվի:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ