Ստանձնելով շարժման ղեկավարությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը ուներ երեք տարբերակ.
ա) ոտքի հանելով դժգոհ հանրությանը, միավորելով ընդդիմությանը, հաղթահարել իշխանությունների դիմակայությունը և ուժով վերցնել իշխանությունը,
բ) գնալ արժանապատիվ համագործակցության իշխանությունների հետ և շարժումը պահելով՝ հասնել համակարգային որոշակի փոփոխությունների,
գ) զրոյանալ ու արժանանալ իր իսկ հետևորդների ծաղրին /ինչպես եղել է նախորդ առաջնորդների հետ/:
Առաջին տարբերակը գրեթե անհավանական էր, հատկապես կուսակցությունների խանդը, ինչպես նաև նախորդ շարժման պարտությամբ պայմանավորված հանրային որոշակի պասիվությունը հաշվի առնելով:
Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես ինքն էլ գիտեր դա և ակնհայտ ագրեսիա չէր դրսևորում իշխանությունների հանդեպ:
Այսպիսով մնում էր մի ելք՝ երկրորդը: Այս տարբերակին կողմ էին նաև իշխանությունները: Դրա ապացույցն էր պետության երկրորդ դեմքին Ազատության հրապարակ գործուղելը, Սերժ Սարգսյանի նամակը Րաֆֆի Հովհաննիսյանին:
Իշխանությունները պատրաստ էին որոշ վերահսկողական և այլ ֆունկցիաներ տրամադրել ընդդիմությանը: Դա արվում էր, ըստ ամենայնի, ներքին լարվածությունը մեղմելու, միջազգային հանրոության առջև հանդուրժող ներկայանալու, հանրության դժգոհ հատվածի պահանջները մասամբ բավարարելու նպատակով:
Իշխանությունների այս պատրաստակամությունը շարժման որոշ ղեկավար ակտիվի կողմից ընկալվեց որպես իշխանությունների թուլության նշան, հնչեցին իշխանությունների հետ չհամագործակցելու, ինքնափլուզվող իշխանությունների ավերակների տակ չմնալու կոչեր:
Իրականության այս ոչ ճիշտ ընկալումը պատճառ դարձավ, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանի անունից Սերժ Սարգսյանին ուղարկվի առաջարկությունների մի այնպիսի փաթեթ, որը չէր ընդունվի անգամ այն կազմողների կողմից: Անգամ այս ոչ ճիշտ քայլից հետո Սերժ Սարգսյանը համաձայնություն հայտնեց երկխոսել, քննարկման հիմք ընդունելով ոչ իրատեսական այդ առաջարկները: Ընդդիմությունը թույլ տվեց երկրորդ վրիպումը՝ Սերժ Սարգսյանին բանակցելու հրավիրելով Ազատության հրապարակ:
Այս պահից սկսած երկխոսության հավանականությունը մոտեցավ զրոյին, և սկսեց գործել 3-րդ տարբերակը, որն էլ իրականություն դարձավ ապրիլի 9-ին:
Րաֆֆի Հովհաննիսյանին լավ ճանաչելով , ինչպես նաև վերջին ամսում նրա պահվածքը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ շարժման ղեկավարության կողմից թույլ տրված սխալները հենց նրա՛նց խորհրդով էին, ովքեր ապրիլի 9-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունից հետո առաջինը շտապեցին իրենց անունը հեռու պահել Րաֆֆի Հողհաննիսյանից:
ՀԳ. Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է. այստեղ գլխավորը արդար ու ազնիվ լինելը չէ, այլ դիրքային առավելությունը արդյունքի վերածել կարողանալը:
ՀԳ.2 Արդեն հրապարակայնորեն ներկայացրել եմ ստեղծված իրավիճակում Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը իր իսկ կողմից փրկելու և ռացիոնալ հուն փոխադրելու առաջարկ: