38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

MADE IN TURKEY (մաս 2-րդ)

MADE IN TURKEY (մաս 2-րդ)
25.05.2022 | 07:37

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին չորս՝ 2018-2022 թթ., տարիների պատմությունը)


ՄԻՋԱՆԿՅԱԼ
(Հակիրճ տեղեկանք-ծանոթություն փակագծերում.
ՔԵՄԱԼ ՔԸԼԸՉԴԱՐՕՂԼՈՒ: Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր (2002-ից մինչ օրս), ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ, «Արդարության ՔԱՅԼԸ» նախաձեռնության հեղինակ, դավանանքը` ալևիտ (վերջիններիս համար աղոթատեղին տունն է և ոչ մզկիթը-Փ.Մ.):
Ղեկավարել է ստվերային տնտեսության դեմ պայքարի խորհուրդը։ Դասավանդել է Անկարայի Հաջեթեփե համալսարանում, զբաղեցրել է «Türkiye İş Bankası»-ի ղեկավար խորհրդի անդամի պաշտոնը։
2016-ի ապրիլի 24-ին, երբ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը և Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ արեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քաղաքական շրջանակներն իսկական վայնասուն բարձրացրին:
ԺՀԿ առաջնորդը` Քեմալ Քըլըչդարօղլուն, հանդես եկավ հայտարարությամբ.
«1915-ի մեծ ողբերգությունը տրավմատիկ հետք է թողել թե՛ հայերի, թե՛ մուսուլմանների հիշողություններում։
1915-ի մեծ ողբերգությունից առաջացած տրավմայի հետևանքները մեղադրական-հանդիմանող քաղաքական հայտարարություններով չէ, որ պետք է վերացնել։ Այդպես հնարավոր չէ:


Թե՛ հոգևոր, թե՛ քաղաքական առաջնորդների և, ընդհանրապես, բոլորի խնդիրն է համատեղ ջանքերով գտնել անհրաժեշտ բուժման այնպիսի ուղիներ, որ անցյալի այդ ողբերգությունը նոր սերունդների միջև ոչ թե բախումների հանգեցնի, այլ ամոքի վշտերն ու բուժի վերքերը:
Համերաշխ ապագա կառուցելը նշանակում է ոչ թե մոռանալ անցյալը, այլ անկեղծորեն առերեսվել տեղի ունեցած ողբերգության հետ» (թուրք քաղաքական գործիչն այդպես էլ չի մանրամասնում, թե իր լեքսիկոնում ինչ է նշանակում «առերեսվելը»- Փ.Մ.):
Որոշ ԺՀԿ-ականներ գրեցին տարբեր սոցցանցերում.
«1915-ի ապրիլի 24-ին Ստամբուլում ձերբակալեցին հարյուրավոր հայ մտավորականների ու տարան Չանքըրը (մարզ Թուրքիայում համանուն կենտրոնով-Փ.Մ.) և Անկարա: Նրանք բոլորը, առանց բացառության, կորան անհետ։


Քանի դեռ չենք առերեսվել անցյալի հետ, վերքերը երբեք չեն բուժվի» (դարձյալ չի մեկնաբանվում` ի՞նչ ասել է` առերեսում- Փ.Մ.):
Նման հայտարարությունները Թուրքիայի իշխող` «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին ու համակիրներին «ստիպեցին» մտաբերելու հին «մեղադրանքն» ու անհրաժեշտ եզրահանգում կատարելու:


ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ.
ա) Քեմալ Քըլըչդարօղլուն դեմ է նամազին, դեմ է իսլամին, դեմ է ամեն ինչին, հետևապես նա հայ է:
բ) Այս թուրքը հաստատապես հայ է:
գ) Քըլըչդարօղլուի հայրը հայ է, իսկ մայրը՝ հրեա: Նա հայի որդի է, և մեր ժողովուրդը նրա՞ն է ձայն տալիս:
Մեկնաբանության անհրաժեշտություն, թերևս, չկա:
Վերջին հարցադրումը, հատկապես. «Նա հայի որդի է, և մեր ժողովուրդը նրա՞ն է ձայն տալիս», իսկական լակմուսի թուղթ է, որ երևակում-լուսահայտում է, թե ինչ կարելի է ակնկալել տարփողվող «հայ-թուրքական բարեկամությունից»:
Բայց հայաստանաբնակ թրքասերներին ամենևին չի հետաքրքրում ենթատեքստում արյուն, բռնություն պարունակող և բացահայտ ատելությամբ շաղախված հարցադրումը:
Նրանց շարժման մեջ դնողը «բարձր մակարդակի» կապերն են թուրքական համապատասխան կառույցների ու գործարար աշխարհի հետ:
Երջանիկ լինելու համար էլ ի՞նչ է պետք:
Մամոնայի այս ստրուկները թքած ունեն ենթատեքստերի ու փակագծերին ի պահ տրված ագրեսիայի տարբեր դրսևորումների վրա):


ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
(կամ՝ Գյումրի-Երևան դարձած «Անկարա-Ստամբուլ» քայլերթը)
2017-ի հունիսի 15-ին իր համախոհների հետ Քեմալ Քըլըչդարօղլուն ՔԱՅԼԵԼՈՎ 25 օրում հաղթահարեց Անկարայից Պոլիս ձգվող 450 կիլոմետր երկարությամբ ճանապարհը և հասնելով Ստամբուլի մատույցներ, վերջին մեկ կիլոմետրը՝ մինչև Մալթեփե շրջան, ուր հավաքվել էին 1,5 միլիոնից ավելի համակիրներ, քայլեց միայնակ:
«Մենակ հպարտի» հայացքով նայեց մարդկային ալեկոծվող հորձանքին ու բարձրացավ ամբիոն:
-Մենք,- բառերը հատ-հատ շեշտադրեց «ԻՄ ՔԱՅԼԻ» իրական հեղինակը,- բռնատիրության դարաշրջանում ենք ապրում ու մենք կջարդենք, կփշրենք վախի պատերը: Այս «քայլը»՝ մեր «քայլը», ազդարարում է նորի սկիզբը:
Գլխավոր թուրք ընդդիմադիրը, որքան էլ ավետեց «նորի սկիզբը», այնուամենայնիվ, այնքան անդաստիարակ չէր, որ, ըստ Պարոնյանի` «պոռար» Մալթեփեով մեկ, թե իշխանության գալուց հետո մրոտելու, ջնջելու է իր հայրենիքի, իրականում բռնապետական, նվաճողական, ցեղասպանությամբ հագեցած սև անցյալը, քաղաքական հակառակորդներին «փռելու» է ասֆալտին, «ծեփելու» է պատերին և ամեն ինչ սկսելու է «սեփական կետից»:
Իսկ գուցե Քըլըչդարօղլուն «սեփական կե՞տ» չուներ:
Գուցե և:


Մամոնային գերի ֆիզիկական այս աշխարհում ամեն մեկին չէ, որ ընձեռում են «իր կետն» ունենալու հրահանգը (չէ՛, սխալ չկա. տվյալ պարագայում «ընձեռում»-ը հե՛նց «հրահանգ» գոյականն է պահանջում, և ո՛չ թե` «հնարավորություն»), հատկապես, եթե լուրջ կենսագրություն, կրթություն ու անցած ճանապարհ ունես:


Հատկապես, եթե հիշողությանդ մեջ չեն դաջվել.
ա) պապիդ փոսի արտաքնոցը,
բ) սովորական հեծանիվի բացակայությունը,
գ) բանսարկության պատճառով պերմանենտ կերածդ ծեծն ու նվաստացումները:
Իմա` եթե ամբողջ կյանքով “обижник” չես:
Այլապես, թուրք ընդդիմադիրը կարող էր, չէ՞, բղավել. «Եթե ոչ ես, ապա Թուրքիան նախագահ չի ունենալու»:
Չբղավեց:


Քաղաքական լուրջ կենսագրություն ունեցող Քեմալ բեյն ի՜նչ իմանար (գուցե և գիտեր, դժվար է ասել), որ ուղիղ մեկ տարի, 2 ամիս և 15 օր անց հարևան Հայաստանում, նաև ի՛ր երկրի` Թուրքիայի, ակտիվ միջամտությամբ, խորհրդարանի թերուս մի երեսփոխան Անկարա-Ստամբուլ երթուղին ռեինկարնացիայի միջոցով կոչելու է Գյումրի-Երևան, անցնելու է արդեն «բացված արահետով» և գողանալու է (տերերի գիտությամբ ու համապատասխան «ֆա՛ս»-ով) իր «ՔԱՅԼ»-ի գաղափարը և սեփականաշնորհելու է այն:
Ավելին, «տուժածի», գողությանը հաջորդած մե՜ծ լռությունից հետո էլ, «անաղուհաց» պահվածք է դրսևորելու:
Թուրք ընդդիմադիրն այդպես էլ չիրազեկվեց, որ կողոպտիչները պատժեցին իրեն հանցագործության մասին իմանալ-չհայտնելու մեղադրանքով, ու՞… իր արձանի փոխարեն Գանդիին «տնկեցին» Երևանում:


Եթե չլինեին հայոց ցեղասպանության առնչությամբ Քըլըչդարօղլուի հայտարարությունները, նրան կապկողներն ու հաղթանակ գրանցածները, թերևս, Քեմալ բեյին էլ «կանգնեցնեին», դիցուք, «Ֆրանսիայի» հրապարակում, հատկապես որ կյանքի մի հատվածն էլ անցկացրել էր Փարիզում վերապատրաստվելով:
Իսկ ինչու՞ ո՛չ, Ռոդե՞նն էր «թավիշի հորը» նվիրել քայլելու միտքը:
Ռոդենի՞ց էին թռցրել Քեմալ բեյի լեզվով ասած` çabuk-çabuk (չաբուկ-չաբուկ), իմա` ափալ-թափալ, երկրի երկրորդ քաղաք վազելու և իրենց «քայլն անելու» գաղափարը, որ չպատվեին նրան:


Սակայն, մինչ օրս էլ անհայտ է, թե «ուտող-ուրացող»-ները Թուրքիայի PR քաղտեխնոլոգիայի զինանոցից վերցրած հզոր «զենքով» ու համապատասխան կենտրոնների աջակցությամբ (սրանք հայտնի տիկնոջ նման ո՛չ թե բարոյական աջակցություն էին ցուցաբերում, այլ ֆինանսական) իշխանությունը բռնազավթելուց հետո Ռոդենի տեղում, որպես երախտիքի, տվյալ պարագայում` «քայլ», այնուամենայնիվ, ինչու՞ չկանգնեցրին Քեմալ Քըլըչդարօղլուին նվիրված քայլողի արձանն ու «չպատվեցին» իրենց թուրք վարժապետին:
Իսկ գուցե Թուրքիայի հանդեպ սիրասուն զգացմունքներ տածող նրանց սրտերը խոցվեցի՞ն վերջինիս այն խոստովանությունից, թե.
«Այսօր Թուրքիայի դուռը թակող ոչ մի հարևան չի մնացել: Մենք բոլորին թշնամի ենք հայտարարել: Մենք դարձել ենք ահաբեկչություն արտահանող երկիր»:


Կամ`
«Թուրքիայում չկան օրենքներ, չկան արժեքներ, ամեն ինչ քանդվում է, փլուզվում: Չկա դատական համակարգ, ոչինչ չկա: Նման պետությունը կարող է վերածվել կազմակերպված հանցավոր կառույցի»։


Նաև`
«Քննադատությունը սվիններով ընդունող, ցանկացած այլընտրանք մերժող իշխանությունը երկիրը տանում է կործանման: Նման իշխանությունը դատապարտված է, պետք է հեռանա»:
Եվ ամենակարևորը`
«Էրդողանը պարտավոր է իր առողջ լինելը հաստատող բժշկական համապատասխան տեղեկանք ներկայացնել»:
Թրքապաշտ ՔՊ-ականների համար այս վերջինն իսկապես մահացու էր` բա որ հանկարծ ու հայերն էլ, Քեմալ բեյի օրինակով, «ազգային պատուհասից» պահանջեն «առողջ լինելը հաստատող բժշկական համապատասխան տեղեկանք»:
ՀՀ թրքասեր-թրքամետ-թրքամոլ գոյացությունները ո՞նց կարող էին հանդուրժել-մարսել թուրք կուսակցապետ-պատգամավորի ակնհայտ ազգադավությունը, որն իր հակապետական ելույթներով Թուրքիային փաստացի լուսանցք էր մղում:
Ո՞նց կարող էին ներել ԺՀԿ առաջնորդի նման ուրացությունը, երբ նրանց սիրտը միայն հանուն Թուրքիայի էր բաբախում, երբ նրանք միայն թուրքերին ձուլվելու և այսինչ կամ այնինչ «բեյ»-ով (զորօրինակ, Գիքոր բեյ կամ` Պողոս բեյ) մեծարվելու երազանքն էին փայփայում:


ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԵՐՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ո՞ր երկրում ծնվեց «Իմ քայլի» գաղափարը:
2. Թուրքիայի թիվ 1 ընդդիմադիրը որտեղի՞ց սկսեց իր «քայլը» և քանի՞ կիլոմետր անցավ:
3. Ո՞վ գողացավ Քեմալ բեյի մտահղացումը:
4. Քեմալ Քըլըչդարօղլուի հայ քսերոքսներն ինչու՞ զլացան «պատվել» իրենց թուրք վարժապետին ու նրա պատվին ՀՀ մայրաքաղաքում վեր չխոյացրին «նշանավոր քայլողի» արձանը:

(շարունակելի)


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Ծաղրանկարը՝ ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 26040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ