«Լոկատոր» ընկերությունը եռաչափ մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները՝ հնարավորություն ընձեռելով վիրտուալ ճանապարհորդություն իրականացել Արցախի պատմական քաղաքներով:
«Նախագիծը հնարավորություն է տալիս այցելել Արցախ ոչ միայն սփյուռքահայերին ու օտարերկրացիներին, այլև հենց մեր հայրենակիցներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով դեռևս չեն եղել ԼՂՀ-ում: Բացի այդ, այսօր վիրտուալ դաշտում մեր հարևաններն Արցախի այլ կերպար են ներկայացնում: Սա է նաև պատճառը, որ շատ կարևոր ենք համարում մեր երկրի յուրաքանչյուր հողակտորի ճիշտ և պատկերավոր ներկայացված լինելը համացանցում»,- ասում է «Լոկատոր» ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը:
Ներկա պահին Գուգլ Մոլորակ համակարգում արդեն տեղադրված են Ստեփանակերտի և Շուշիի հիմնական շենքերը, արձանները և կանաչ գոտիները։ Ցանկացած եռաչափ մոդելի վրա սեղմելով՝ վիրտուալ ճանապարհորդը կարող է կարդալ շենքի վերաբերյալ տեղեկատվություն և, ամենակարևորը, կտեսնի շենքի գտնվելու վայրի ճիշտ անվանումը (Ստեփանակերտ անվամբ քաղաքը), այլ ոչ թե մեր հարևան երկրի կողմից լուսաբանվող կեղծ անվանումներով քաղաքները։
Ընկերությունը նախատեսում է եռաչափ մոդելավորել և համացանցում տեղակայել նաև Արցախի մշակութային հարուստ ժառանգությունը` պատմամշակութային կոթողները, վանքերն ու եկեղեցիները, արձանները և այլն: Այս պահին «Լոկատորն» իրականացրել է Գանձասարի և Ղազանչեցոց եկեղեցիների 360 պանորամիկ լուսանկարները, որոնք հասանելի են համացանցում հետևյալ հղումով:
Արցախի գեղատեսիլ հոլովակը կարող եք դիտել այս հղումով: