(սկիզբը` այստեղ)
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն օրերս Իրանին խորհուրդ է տվել նայել Գազայի հատվածում և Բեյրութում իսրայելական օդուժի գործողությունների արդյունքներին, եթե Թեհրանը մտադիր է նոր փորձ ձեռնարկել հարձակվելու հրեական պետության տարածքի վրա:
«Իրանցիները նույնիսկ չեն անդրադարձել Իսրայելի ՌՕՈւ հնարավորություններին. ոչ մի էսկադրիլիա չի տուժել, ոչ մի ինքնաթիռ չի վնասվել, ոչ մի անսարք թռիչքավայրէջքուղի չկա, և չկա ոչ մի խափանում մեր գործողություններում։ Նա, ով կարծում է, թե փորձելով վնասել Իսրայելին, կարելի է մեզ հետ պահել միջոցներ ձեռնարկելուց, պետք է նայի Գազայում և Բեյրութում մեր օպերատիվ ձեռքբերումներին»,- հայտարարել է Գալանտը «Նևատիմ» ավիաբազա այցելության ժամանակ, որին հարվածել են հոկտեմբերի 1- ին արձակված իրանական հրթիռները։
Նախարարն ընդգծել է, որ Իսրայելն ուժեղ է ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գործում: Այն, որ Իսրայելն ուժեղ է ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գործում, ճիշտ է, սակայն նախարարն ակնհայտորեն չափազանցրել, բացարձակացրել է Իսրայելի կարողությունները:
Կարծում ենք, հասկանալի է, որ իրանական հրթիռների հարվածներից ոչնչացված ու վնասված ինքնաթիռները նախարարը ցույց չէր տալու ու ցույց չի տվել իր այս հայտարարությունը տեսանկարահանած օպերատորին:
Ինչ վերաբերում է թռիչքավայրէջքային ուղուն, ապա եթե ինքնաթիռներից բացի, այն նույնպես վնասվել է, կարող էին նորոգած լինել մինչև հոկտեմբերի 6- ին Գալանտի այս ելույթը, հարվածին հաջորդած գրեթե մեկշաբաթյա ժամանակը բավարար էր դրա համար: Էլ չենք ասում այն մասին, որ կարող էին ցուցադրել բավական երկար թռիչքավայրէջքուղու չվնասված հատվածը:
Իսրայելի «պաշտպանության բանակ» (ՑԱՀԱԼ) կոչվածի ներկայացուցիչ Դանիել Հագարին հաստատելով հանդերձ հոկտեմբերի 1- ին Իրանի հրթիռային հարվածներն իսրայելական «Նևատիմ» և «Թել- Նոֆ» ավիաբազաներին, նույնպես հայտարարել է, թե «Նրանք չեն վնասել Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները կամ օպերատիվ համակարգերը։ Մեր մարտունակությունը մնում է անփոփոխ»:
Մինչդեռ, իրանական «Շաֆաքնա» գործակալության և այլ ԶԼՄ- ների պնդմամբ, ոչնչացվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 20 F- 35 կործանիչ- ռմբակոծիչ (ամերիկյան արտադրության, 5- րդ սերնդի): Պաշտոնական Թեհրանը նույնպես հավաստել է, որ հրթիռները խոցել են Իսրայելի ռազմական օբյեկտները: Ավելին. սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութը ցույց է տալիս Իսրայելի տարբեր շրջաններում հրթիռների հարվածների հետևանքները: Այնպես որ, գործ ունենք ընդամենը հրեական պետության ղեկավարներին բնորոշ խորամանկության ու ստի հետ:
Այս հարցում համոզվելու համար առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ փաստերին ու հանգել տրամաբանական համապատասխան հետևության: ՀԱՄԱՍ- ի կողմից Իսրայելի զանգվածային հրթիռակոծման տարին երեկ նշվել է նոր հարվածներով: «Вечерняя Москва»- ի տեղեկացմամբ , Իսրայելը հրթիռային մեծ հարձակման է ենթարկվել: Հրթիռները միաժամանակ թռչել են Գազայի հատվածից և Լիբանանից՝ արձակված համապատասխանաբար ՀԱՄԱՍ- ի և լիբանանյան «Հըզբոլահ» խմբավորման զինյալների կողմից։
Երկուշաբթի օրը օդային տագնապ է հնչել Իսրայելի մի քանի քաղաքներում։ Երկրի բանակը գրանցել է Լիբանանի կողմից 15 հրթիռի արձակում։ Հայֆա քաղաքի հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 5 մարդ։ Գազայից առնվազն հինգ հրթիռ է արձակվել իսրայելական բնակավայրերի ուղղությամբ։ Նրանցից մեկը հարվածել Է Թել Ավիվից ոչ հեռու գտնվող Հոլոն քաղաքին։ Պայթյուններ են հնչել նաև մայրաքաղաքում։
Բացի վերոնշյալից, РБК- ի փոխանցմամբ, ՀԱՄԱՍ- ից հայտնել են, որ 114 մմ տրամաչափի մի քանի «Ռաջում» հրթիռներով հարվածներ են հասցրել «Սուֆա» ռազմական օբյեկտին և Խուլիտ բնակավայրից ոչ հեռու գտնվող «Ռաֆահ» ցամաքային հսկիչ անցակետում հակառակորդի կուտակումներին, ինչպես նաև «Քերեմ- Շալոմ» ռազմական օբյեկտի օպերատիվ կենտրոնին:
Եվ հիմա դատեք ինքներդ. եթե Իսրայելի ՀՕՊ- ը երեկ չի կարողացել բավականաչափ չեզոքացնել Իրանին իրենց ռազմական հնարավորություններով անհամեմատ զիջող ՀԱՄԱՍ- ի և «Հըզբոլահ»- ի արձակած, հոկտեմբերի 1- ին Իրանի կողմից օգտագործված հրթիռներին թե՛ իրենց քանակով, թե՛ կարողություններով (տեխնիկական բնութագրերով) զիջող հրթիռները, ապա ինչպե՞ս է որսացել, ոչնչացրել իրանական ավելի քան 180 բալիստիկ հրթիռներից գրեթե բոլորը, որ դրանք չեն կարողացել վնասել Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները կամ օպերատիվ համակարգերը, իսկ չոչնչացված հրթիռներն էլ, ինչպես իսրայելական կողմն է ներկայացրել, ընդամենը նվազագույն վնաս են պատճառել: Այստեղ են ասել՝ ստի ոտքերը կարճ են…
Ինչպես հիշյալ ավիաբազայում ունեցած ելույթում հավելել է Իսրայելի պաշտպանության նախարարը, Իրանի հարձակման պատասխանը կտրվի ըստ ընտրված եղանակի, հարմար վայրում և հարմար ժամին: Ակնհայտ է, որ Իսրայելը ցանկանում է Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանը և բնակչությանը անորոշության ու տագնապի մեջ պահել՝ թող շարունակեն վախով ապրել, մինչև կհարվածենք:
Թեհրանը հայտարարել է, որ իր հարձակման թիրախը եղել է Իսրայելի բացառապես ռազմական ենթակառուցվածքը, նոր հարձակման մտադրություն չունի, իսկ թշնամու հարձակմանը ենթարկվելու դեպքում նախորդից անհամեմատ հզոր և ավերիչ պատասխան կտա: Իրանը մասնավորապես սպառնացել է ՑԱՀԱԼ- ի հարձակման դեպքում հարվածել Իսրայելի էներգետիկ ենթակառուցվածքի բոլոր օբյեկտներին:
Իրանի հրթիռային հարձակումից հետո արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին, հայտնել են, որ Իսրայելի իշխանությունները դիտարկում են Իրանի կարևոր ենթակառուցվածքներին, այդ թվում՝ միջուկային օբյեկտներին հարվածելու սցենարը:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին, «Коммерсантъ»– ի փոխանցմամբ , հայտարարել է, որ Իրանը «թշնամիներին դիմակայելու» մի քանի սցենար է պատրաստել: Նրա խոսքով՝ դրանցից մեկը ստեղծվել է Իսրայելի հետ ուղղակի առճակատման դեպքում կիրառելու համար։
Թանգսիրին «Ալ- Ալամ» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Իրանը լիովին պատրաստ է ցանկացած հանգամանքի և «տարածաշրջանում ցանկացած արտակարգ իրավիճակի»:
«Նման դեպքերից մեկը հանդիսանում է Նաթանյահուի խաղը կրակի հետ և այն բոցավառելը,- ասել է փոխծովակալը:- Մենք մշակել ենք տարբեր թրեյնինգներ նույնիսկ այս խնդրի համար»:
Թե որոշակի ի՞նչ են ենթադրում մշակված սցենարները, նա չի հստակեցրել։ Փոխծովակալը նաև չի հայտնել, թե որոշակի որ դեպքերում են այդ սցենարները գործադրվելու։
Իսրայելը Իրանի հրթիռային հարվածներին պատասխան գործողությունների շրջանակներում կարող է հարձակվել ռազմական բազաների, հետախուզական օբյեկտների կամ հրամանատարական կետերի վրա, բայց ոչ միջուկային օբյեկտների. Այս մասին, ТАСС- ի փոխանցմամբ , հայտնում է ամերիկյան «The New York Times» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Աղբյուրները նշում են, սակայն, որ Իրանի առանցքային միջուկային օբյեկտները կարող են թիրախ դառնալ առաջիկայում, եթե Թեհրանն Իսրայելի հարվածից հետո պատասխան հարվածի միջոցներ ձեռնարկի: Այնուամենայնիվ, նշում է պարբերականը, Իսրայելում և ԱՄՆ- ում ուժեղանում են կոչերը՝ օգտագործել պահը Իրանի միջուկային ծրագիրը երկար տարիներ հետ շպրտելու համար, այսինքն՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու: Կարծում ենք, հասկանալի է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածը կունենա չափազանց լուրջ հետևանքներ…
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ