Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Քաղաքական հավկուրության արդյունքը

Քաղաքական հավկուրության արդյունքը
24.07.2024 | 07:40

Մենք բոլորս պսևդոիրականության պատանդ ենք: Խաղաղություն չկա և չի լինելու: Կուզեք՝ անունը դրեք «Խաղաղության պայմանագիր», կուզեք՝ դրեք «Արժանապատիվ խաղաղություն», չկա և չի լինելու: Որքան երկար վախենաք, եթե չլինի «խաղաղության պայմանագիր», ապա կլինի «պատերազմ» շանտաժ-մանիպուլյացիայից և չթոթափեք այդ սինդրոմը, այդքան սնանկանալու ու մաշվելու ենք նույնիսկ առանց պատերազմի: Կա՞ պատերազմի վտանգ, այո՛, կա: Կա՞ դրան դիմակայելու և վերջապես դա թույլ չտալու ռեսուրս, ուժ, միտք, գործիքակազմ, այո՛, միանշանակ կա: Օգտագործվու՞մ է դա, միանշանակ՝ ոչ, որովհետև պսևդոիրականությամբ և շանտաժային մանիպուլյացիայով իշխանություն են պահում ու ապահովում հեծանիվ քշելու հնարավորությունը և ոչ մի դեպքում՝ գործ անելու պարտավորությունը:

Իրականում բազմաչարչար «Խաղաղության պայմանագիր» կոչված տարածաշրջանային աֆյորան, բացի քաղաքական «շեղող մանևր» լինելուց, ուրիշ որևէ էական քաղաքական կամ դիվանագիտական արդյունք չունի: ՀՀ իշխանություններից բացի ուրիշ որևէ ծանրակշիռ տարածաշրջանային քաղաքական ակտոր չի հավատում և ռեալ պոլիտիկի տեսանկյունից լուրջ չի ընդունում այդ պրոցեսը, լավ հասկանալով, որ այդ օրակարգը շատ հարմար պսևդոօրակարգ է՝ հղման և հենման համար, որպեսզի տարածաշրջանային ռեալ պոլիտիկի դիրքերից խաղացողները չբացեն իրենց շահերի խորացման իրական ենթատեքստերը, քանի խաղը չի հստակեցվել:

Ադրբեջանը հաճույքով խաղում է այդ խաղը, որովհետև այն թույլ է տալիս,որ իր դեմ չօգտագործվեն այն գործիքները միջազգային խաղացողների կողմից, որոնք կարող են կրել Արցախյան հիմնախնդրի փակված չլինելու հանգամանք: Իրանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, ԵՄ-ը, բոլորը այս կամ այն կերպ բարդ երևույթների քննարկման և գնահատման ժամանակ հղում են անում նույն «խաղաղության օրակարգ» գործընթացի վրա, քողարկելով «Արցախյան հիմնախնդրի» և դեռևս գոյություն ունեցող ՀՀ-ի նկատմամբ իրենց մոտեցումը, և անցնում առաջ:

Շուրջ երեք տարի է «Խաղաղության պայմանագրի» նախագիծը ցանկացած պահին ստորագրելուն պատրաստ լինելու իշխանութունների դիրքորոշումը վկայում է այն բանի մասին, որ այս բուտաֆորիկ քաղաքականության անիմաստ ընթացքին արդեն հենց իրենք այլևս չեն հավատում և վստահ են, որ Ադրբեջանը հերթականը ևս մերժելու է և ձգձգի իր իրական շահերի առավել խորացման նպատակով:

Նրանց իրական շահերը հստակ են և աներկբա՝ «քաշել հնարավորն ու անհնարը՝ առանց շտապելու և առանց հանգուցալուծման ֆիքսման»: Հակառակ պարագայում, որևէ կերպ չպետք է հնչեր «պատրաստ ենք յուրաքանչյուր պահի ստորագրել» խաղաղության օրակարգ կոչված չարաբաստիկ խնդրագիրը:

Աշխարհաքաղաքական որևէ այլ մոտեցում, բացի ՀՀ-ի հաշվին խնդրագիր ներկայացնելուց կամ այլ քաղաքականություն որդեգրելուց, այս իշխանութնունները այլևս չունեն: Չունեն ոչ կարողություն, ոչ լեգիտիմություն:

Իրականում, երբ լսում ես, թե ՀՀ իշխանությունները, երկրի պետական և ազգային շահերի ճիշտ և հետևողական ներկայացման և խորացման փոխարեն, ինչպես են կպել պսևդոպրոցեսից իրական պրոցես ստանալու տխմար քաղաքականության իրացմանը, հասկանում ես, որ Հայաստանի Երրորդ Հանրապետություն անվանումով իրավաքաղաքական միավոր այլևս չկա: Հայկական պետության այն ներկայացուցչական բուտաֆորիան, որի վկան ենք բոլորս, ինքն իր տեսակի և մեղքերի ձեռքը պատանդ է, իսկ արտաքին շահառուների ձեռքերում՝ արդեն անպիտան, բայց դեռ գործիք:

Սա է իշխանության «Խաղաղության օրակարգ» և ընդդիմության «Արժանապատիվ խաղաղություն» սին թեզերի նույնաբովանդակության վնասն ու քաղաքական հավկուրության արդյունքը: Թե բա՝ պատրաստ ենք ստորագրել, միայն ասեք: Չեն ասելու, քաշելու են ու քաշելու են, հազիվ բռնել են, ու իրենց ցուցակը մեծ է:

P.S. Սեղանը պետք է շուռ տրվի:

Բոլոր առումներով պետք է շուռ տրվի:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4759

Մեկնաբանություններ